RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 16-12-2016



Տեղադրվել է` 2016-12-15 23:07:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 4736, Տպվել է` 391, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՅՍ ԵՐՋԱՆԻԿ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ...»

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Ինչի՞ «մայրաքաղաք» է այսօր Գյումրին

Եթե խորհրդային Լենինականը երբեմն կեսկատակ կոչում էին հայրաքաղաք ու նա իր նկարագրով արժանի էր նաեւ այդպես կոչվելու, ապա անկախության տարիների Գյումրին տարբեր առիթներով, - բնականաբարՙ ոչ պաշտոնապես ,- սկսեցին կոչել նաեւ Հայաստանի այս կամ այն առումով մայրաքաղաք: Նրա դիրքն ու երկրի համար ունեցած իրական նշանակությունը հաշվի առնելով, երեւի Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգի օրինակով, ասացին Հյուսիսային մայրաքաղաք: Մշակութային ներուժի ու ավանդույթների առումով կոչեցին Մշակութային մայրաքաղաք: Երեւի մի երկու տասնամյակ առաջ երեւանցի լրագրող մի գործընկերս «Ազգում» իր ընդարձակ հրապարակումը վերնագրել էր «Աղետի գոտու լքված մայրաքաղաքը»: Իսկ այս դեկտեմբերի 7-ին երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու եկած նոր վարչապետ Կարեն Կարապետյանը, կարծեմ ոչ առաջինը լինելով, մարզի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նկատել է, թե Գյումրին լավ շանս ունի դառնալու Հայաստանի զբոսաշրջության մայրաքաղաքը: Եվ այլն: Խոսք էՙ ասել, անցել են:

Իրականում ինչի՞ կենտրոն կարող է այսօր համարվել Հայաստանի երկրորդ մեծ բնակավայր Գյումրին իրեն պատուհասած բնական աղետից 28 եւ մեր երկրի անկախության հռչակումից 25 տարի հետո: Այս առումով ծանր խորհրդածության առիթ տվեց օրերս քաղաքի կենտրոնում առաջացած մի տեսարան...

Դեկտեմբերի 11-ին, երկրաշարժի զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելու եւ ԲՀԿ ակտիվի հետ հանդիպելու համար Գյումրի էր եկել Գագիկ Ծառուկյանը: Թե նրա այցի լուրը ինչպես էր նախապես տարածվելՙ չենք կարող ասել, բայց նորոգվող Ամենափրկիչ եկեղեցուն եւ հուշարձանին հարող տարածքում աննկարագրելի իրարանցում ու հրմշտոց էր սկսվել: Այստեղ էին հավաքվել ես կասեմ հարյուրավոր, դուք հասկացեք հազարավոր մարդիկ, հիմնականումՙ սոցիալապես անապահով, տարեց քաղաքացիներ, մի մասըՙ անգամ ձեռնափայտերով, սառցակալած փողոցներում դժվարությամբ շարժվող, շատերի ձեռքերինՙ ծրարներով նամակներ: Ամեն մեկն աշխատում էր ընդհանուր իրարանցման մեջ մի կերպ մոտենալ մեծահարուստ Գագիկ Ծառուկյանին, նրան իր հոգսը ներկայացնելՙ ֆինանսական ու նյութական օգնություն հայցելով... Ծառուկյանին անվերջ շրջապատում էին, փակում ճանապարհը, չէին թողնում տեղաշարժվել: Իսկ երբ նա շարժվեց դեպի քաղաքի կենտրոնական հրապարակի մյուս կողմում գտնվող Յոթվերք եկեղեցիՙ մոմեր վառելու, մարդկանց բազմությունը տենդագին մղվեց նրա հետեւից... Երբեմնի հպարտ Գյումրին այդ պահերին ասես մի կուչ եկած մարմին դարձել, ձեռքը մեկնել էր տարրական օգնություն, աջակցություն ստանալու...

Հյուրն այցելեց քաղաքի ավտոկայանի թաղամասի տնակներ, եղավ «Շիրակ կենտրոնում» ու գումար տրամադրեց սոցիալական ծրագրերի համար, բնակարանով աջակցության խոստում տվեց ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողի ընտանիքին, խոստացավ արձագանքել զոհվածների գերեզմանների հետ կապված խնդիրներին եւ այլն, անապահով մարդկանց հորդորեց մոտենալ իր ներկայացուցչինՙ օգնություն ստանալու: Բաներ, որոնց մեծ մասը թերեւս պետք էր ակնկալել պետությունից, պետական իշխանությունից: Մինչդեռ ակնհայտ է, որ հենց մեր այս բոլոր տարիների պետական իշխանությունն է, ՀՀՇ-ից մինչեւ ՀՀԿ, մարդկանց զանգվածաբար հասցրել այս աստիճան թշվառության: Նման վիճակը գուցե մասամբ կարելի լիներ պատճառաբանել երկրի այս բոլոր տարիների դժվարություններով, եթե այսքան ցցուն հակասության մեջ չլինեին իշխանավորների պերճանքն ու ժողովրդի թշվառությունը:

Գյումրին թշվառ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 16-12-2016

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ