RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 19:18:26Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին բախումներ
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
2020-08-08 17:40:22Արցախյան հիմնախնդիրը և դրա առաջացման պատմական իրողությունները(մաս III-վերջին)
2020-08-08 15:32:55Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստն ու հարակից շենքերը
2020-08-08 15:17:53Բագարանի Սուրբ Շուշանիկը(տեսանյութ)
#045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 16-12-2016



Տեղադրվել է` 2016-12-15 23:07:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 3854, Տպվել է` 289, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԻ՛ ՎԱՃԱՌՎՈՒՄ

Հ. ԱՖՅԱՆ

Տերյան-Սայաթ Նովա խաչմերուկում կանգնած փողոցային ակորդեոնահարը դադարեց նվագել «Երեւանի սիրուն աղջիկը», երբ մի գեղեցիկ տիկին` սեւ ընտիր մուշտակով ու բարձրակրունկ երկարաճիտ կոշիկներով մոտեցավ նրան: Ակորդեոնի պատյանում երեւում էին երկու մետաղադրմաներ, մեկը` տասանոց` խոշորներից, մյուսը` քսանանոց. օրվա այդ պահին դա էր վաստակել ակորդեոնահարը, որը ոչ մի պարագայում մուրացկան չէր:

- Ես մի առաջարկ ունեմ ձեզ,- ասաց գեղեցիկ կինը, - տղաս ակորդեոնի պետք է գնա, գործիք չունենք, առաջարկում եմ վաճառեք մեզ ձեր ակորդեոնը, ես լավ կվճարեմ:

Մարդը մի պահ քար կտրեց, մի քանի վայրկյան չէր կարողանում խոսել. ըստ ամենայնի որոշում էր կայացնում, ընտրություն էր կատարում: Ինչո՞ւ չվաճառել, չէ՞ որ ինքը այս ցրտին այստեղ կանգնած նվագում է հենց փողի համար, հիմա իրեն առաջարկում են փող, ավելի շատ, քան ինքը կարող է աշխատել, եթե անգամ մի ամբողջ ձմեռ այդ նույն տեղում կանգնի...

- Ես չեմ կարող ձեզ վաճառել իմ գործիքը,-հանկարծ սկսեց խոսել ակորդեոնահարը:

- Բայց ինչո՞ւ, ձեզ փող է պետք, մեզ` ակորդեոն. դուք էլ ունեք այն:

- Չեմ կարող, դա իմ ապրուստն է, իմ աշխատանքը, իմ մասնագիտությունը:

- Բայց ես հոգում եմ ձեր ապրուստը` որոշակի ժամանակով, լավ գումար եմ տալիս:

- Կներեք ինձ, տիկին, բայց ոչ.... Չեմ կարող, չեմ ուզում...

Այս մարդը հաստատ մուրացկան չէր, քանի որ այս մարդը հաստատ երաժիշտ էր: Եթե մուրացկան լիներ` կվարաներ փողի դիմաց, ինչպես բոլոր մուրացկանները, բայց քանի որ երաժիշտ է անգամ փողի դիմաց չհանձնեց իր գործիքը, ինչպես բոլոր երաժիշտները չէին հանձնի:

Տիկինը հեռացավ, երաժշտությունը շարունակվեց, ակորդեոնահարը գուցե հիշում էր, թե ինչպես էր ինքը` այդ կնոջ որդու տարիքում երաժշտական դպրոց գնում, ինչպես իր մայրն իր համար գործիք գնեց, ինչ էր նա այդ ժամանակ երազում, նա հաստատ երազանքի մեջ էր, քանի որ դրանից կտրվելու պարագայում այդպես չէր նվագի, առհասարակ չէր նվագի, ինչպես ոչ ոք չի կարող նվագել, եթե չի երազում:

Երեկոյան երաժիշտը պետք է փակի իր ակորդեոնն ու հեռանա, քայլի քաղաքում, որի փողոցներում, եթե գոնե մեկ` «Վաճառվում է» գրությամբ ցուցանակը չկա, ուրեմն այդ փողոցում շենք-շինություն չկա: Նա պետք է ավելի ամուր սեղմի իրեն իր ակորդեոնը, որը չի վաճառվում, եւ երեսուն դրամը, որը գուցե հարյուր կամ հինգ հարյուր էր դարձել օրվա վերջում, գուցե` ոչ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 16-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ