RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 16-12-2016



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2016-12-15 23:07:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 3048, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ-ԱԶԵՐԱԿԱՆ ՄԵԴԻԱ ՊԱՏԵՐԱԶՄ ԹՐԱՄՓԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության օրվան մեկ ամիս ժամանակ է մնացել: Մ. Նահանգներում Թրամփով պայմանավորված շփոթված, շիկացած մթնոլորտ է: Այս վիճակը Նոստրադամուսի համախտանիշ է առաջացրել նրա արտաքին քաղաքականության «թրենթ»-ները գուշակողների մոտ: Միջազգային քաղաքական միտքը, «գլուխկոտրուկ կուբիկի» նման շուռ ու մուռ է տալիս նրա կենսագրականը, հասկանալու անկանխատեսելի իր անձի նախապատվությունները, կամ գոնե պարզելու, թե ինչպիսի առաջադիմություն է ունեցել նա դպրոցում «Աշխարհագրություն» առարկայից:

Ոմանց էլ խիստ մտահոգում է կազմավորվող ապագա ԱՄՆ վարչակազմի հավանական թեկնածուների սննդակարգը. արդյո՞ք այն իր մեջ ընդգրկում է խավյար, կամ վառելիքի ո՞ր միջոցին են նախապատվություն տալիս, նավթի՞ն, թե՞ դրա այլընտրանքային տեսակին:

Ազերի «խեբերլեր»-ն իր տարերքի մեջ է: Այս օրերին մեկը մյուսի հետեւից հակահայկական հոդվածներ են հայտնվում ամերիկյան կայքերում, ուր ներկայացված ապատեղեկատվությունը քամահրանք է առաջացնում նույնիսկ անկողմնակալ ընթերցողի մոտ: «Ամերիկան Սփեքթեյթըր» (The American Spectator) պարբերականը առցանց դեկտեմբերի 8-ին տեղադրել է թուրք-ազերի հայտնի լոբբիստ Ալեքսանդր Մուրինսոնի «Հայկական նոսրացած լոբբին նախագահ Թրամփի հետ հարաբերություններում» հոդվածը, ուր հեղինակը բավականությամբ նշում է, որ կայացած ընտրություններում հայամետ հանրապետականներից շատերը չեն ընտրվել, որ հայկական համայնքը հակա-թրամփական ակտիվ գործունեություն է ծավալել նախընտրական շրջանում, ուր իրենց դերն են ունեցել Շերը, Քարդաշյանը, Ջորջ եւ Ամալ Քլունիները, գովաբանում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ թիվ մեկ դաշնակից Թուրքիային եւ այսօր այնտեղ ընթացող «դեմոկրատական» պրոցեսները: Սա բնավ էլ պնակալեզ այս անձի հակահայկական միակ առցանց անհեթեթությունը չէ:

Հաջորդ օրը, դեկտեմբերի 9-ին, «Յուրազիան Ռեւյու» (Eurasian Review) վաշինգտոնյան ամսագիրը տեղադրել էր հեղինակ Նիլ Ամիրայի հակահայկականՙ «Լեռնային Ղարաբաղ: 25 տարի անց, ո՞ւր ենք մենք ընթանում» վերնագրով հոդվածը: Ինդոնեզիացի լրագրողը նոյեմբերին մասնակցել է Բաքվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված միջազգային կոնֆերանսին, որից ստացած տպավորությունը վերածվել է հետեւյալ մտազեղմանըՙ «2016-ի ապրիլին Հայաստանի սադրանքը պատճառ դարձավ հայ-ադրբեջանական հակամարտության աննախադեպ սրման, ինչը կարող էր վերածվել մեծ պատերազմի եւ Ադրբեջանի տարածքի ամբողջական վերականգնմանը, սակայն դա չարվեց, քանզի կդառնար մեծ արյունահեղության պատճառ»: Ի թիվս այլ ազերամետ հաճոյությունների, նա նշում է, որ կոնֆերանսում հանդիպել է Վահե Ավետյանին, ով հայ է եւ եկել է խոնարհվելու Խոջալուի զոհերի հուշարձանին: Իրեն մարդու իրավունքների պաշտպան ներկայացնող այս հոդվածագիրը ոչ մի բառ չի ցանկացել ասել Ղարաբաղում ապրող ժողովրդի բռնապետությունից ազատ ապրելու իրավունքի մասին:

Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության ռուսական ծառայության ղեկավար Էլմիրա Թարիվերդիեւան իր հոդվածում ամբողջովին խեղաթյուրել է հայ հայտնի հրապարակախոս, վերլուծաբան Հարութ Սասունյանի հոդվածը «Փենս-Սարգսյան» հեռախոսազրույցի մասին, գլխիվայր շրջելով Սասունյանի հոդվածում առկա իրական փաստերը:

Դեկտեմբերի 14-ին ազերի պաշտոնական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը առցանց տեղադրել էր գերմանական «Յուրոպիան» (The European) ամսագրում հրատարակված Լիոնել Զեթթերի հոդվածը, վերնագրվածՙ «Լեռնային Ղարաբաղը կրոնական պատերազմ չէ, այլ ակնհայտ օկուպացված տարածք»: Զազրելի զրպարտանքների շարադրանքն հասկանալի է արդեն վերնագրից, փորձեմ խնայել «Ազգ»-ի առանց այն էլ սուղ տարածքը վերոհիշյալի մասին մանրամասնելուց:

Համացանցը վաղուց վերածվել է այս կարգի ծախու հեղինակների նյութերով լեցուն աղբանոցի եւ գործնականում անհնար է բացահայտել բոլոր հակահայկական հրապարակումներն ու հակազդել դրանց: Չնայած արվում է այդ առումով առավելագույնը: Այսպես, Ջեյսոն Կաթցի «Ամերիկան Թինքեր»-ում (American Thinker) գրած հակահայկական հերյուրանքների պատասխանը չուշացավ (այդ մասին «Ազգ»-ը ծանուցել էր Գերմանիայում իր թղթակցի փոխանցմամբ): Նույն կայքը տեղադրեց դասախոս Դավիթ Դավթյանի ջախջախիչ հոդվածը, ավելինՙ դեկտեմբերի 7-ին «Նյու Յորք Թայմս»-ում լույս տեսավ գրող Քրիս Բոհջալյանի «Իմ հպարտ ուխտագնացությունը դեպի հայրենիք» փայլուն հոդվածը, ինչը ոչնչացնող պատասխան եղավ բոլոր կաշառված մուրինսոնների համար:

Վերը նշվածը լավագույնս հավաստում է «Ազգ»-ի նախորդ համարում պն. Հ. Ավետիքյանի խմբագրականում արտահայտված միտքն այն մասին, որ միջազգային լրատվամիջոցների հետ լուրջ եւ հետեւողական աշխատանք է պետք տանել: Միայն կավելացնեի, որ պետք է մեր տարածաշրջան հրավիրել ոչ միայն միջազգային լրատվամիջոցներում աշխատող հայերին, այլեւՙ օտարազգի ազդեցիկ լրագրողներին, ներառյալ ադրբեջանամետ եւ հակահայկական քաղաքականություն վարողՙ Իսրայելի, Պակիստանի, Պերուի, նաեւՙ Բելառուսի ԶԼՄ-ներին: Անհրաժեշտություն կա ստեղծելու թուրք-ադրբեջանական հակահայկական քարոզչությանը հակազդող պետական լուրջ մարմին: Մեդիա պատերազմում մենք շատ ենք զիջում մեր հակառակորդին, ինչն իր խորքում հետեւանք է անատամ եւ պաշտպանողական դիրքերում եղող Հայաստանի վարած արտաքին քաղաքականության:

Երկու օր առաջ Ադրբեջանի դեսպանատունը, որպեսզի հայտնվի Թրամփի կողմնակիցների ուշադրության ծիրում, ստանձնել էր Վաշինգտոնի «Թրամփ» նորաբաց հյուրանոցում հրեական «Հանուկա» տոնակատարության կից-հովանավորչությունը: Հրեական շատ կազմակերպություններ բոյկոտեցին այն, ոմանքՙ Թրամփի, ոմանքՙ մահմեդական Ադրբեջանի պատճառով:

Իսկ ինչո՞ւ մենք, որպես աշխարհի հնագույն քրիստոնյա ազգ, չենք հովանավորում Սուրբ Ծննդյան տոնը հենց նույն «Թրամփ Թաուեր»-ում: Գուցե դեռ ուշ չէ:

Առայժմ դեպի Թրամփ ճանապարհի առաջին հայտնի հայամետ մարդը Քիմ Քարդաշյանի ամուսինՙ Քեյնի Ուեսթն է, ով օրերս հանդիպեց նորընտիր ԱՄՆ նախագահին: Ըստ Քեյնիի, բազմամշակութային հասարակության թեմայի շուրջ է եղել զրույցը, որից հետո, լավ տրամադրությամբ նրանք միասին կանգնեցին ամերիկյան լրատվամիջոցների առջեւ, առաջացնելով համընդհանուր շոկ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 16-12-2016

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ