RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016



Շիրակ

Տեղադրվել է` 2016-12-22 22:37:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 2861, Տպվել է` 67, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՅՈՒՄՐՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ ՎԱՌՎԵՑԻՆ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Դեկտեմբերի 20-ի երեկոյան վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը։ Դրանով այստեղ տրվեց նաեւ ամանորյա միջոցառումների մեկնարկը։ Չնայած սաստիկ սառնամանիքին, քաղաքի կենտրոնական հրապարակը մարդաշատ էր, շատերն այստեղ էին եկել երեխաների հետ։ Նրանց ողջունեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը։ Հենց երեխաների հետ էլ քաղաքապետ Սամվել Բալասանյանը վառեց լույսերը, ապա տեղի ունեցավ տոնական հրավառություն։

Քաղաքի 28 մետրանոց գլխավոր եղեւնու մետաղական կառույցի հավաքման ու ապամոնտաժման նպատակով համայնքային բյուջեից տրամադրվել է 500 հազար դրամ։ Նրա ձեւավորման համար սոճու մոտավորապես 1000 ճյուղ օրինական կարգով անվճար բերվել է Լոռու անտառներից։ Ընդհանուր առմամբ քաղաքային ամանորյա տոնական միջոցառումներին հատկացվել է 5,5 մլն դրամ, քաղաքապետը նշել է, որ ավելորդ ծախսեր, «տաշի-տուշիներ» չեն անելու։

Վարդանանց հրապարակում, որտեղ գլխավոր տոնածառն է, տոնական հրավառություն կկազմակերպվի նաեւ Ամանորի գիշերը։

Ախուրյանի 100 անօթեւան ընտանիքներ ստացան բնակարանի բանալիներ

Գյումրուն մերձակա Ախուրյանի նախկին շրջկենտրոնում երկրաշարժից անօթեւան 100 ընտանիքներ կարող են Ամանորը դիմավորել նոր բնակարաններում։ Դրանց բանալիներն այս ընտանիքներին հանձնվեցին դեկտեմբերի 20-ին, նրանց այս առթիվ շնորհավորեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը։

Պետության տրամադրած 798 մլն դրամի շրջանակներում Ախուրյանում կառուցվել է 3 բազմաբնակարան շենքՙ ընդհանուրը 104 բնակարանով։ Նորակառույցները ջերմամեկուսացված են, ջեռուցման համակարգերով, բնակարաններում տեղադրված են գազօջախներ։ Մարզպետը բնակիչներին հավաստիացրել է, որ շինարարական թերությունների հայտնաբերման դեպքում դրանք ենթակա են շինարարի կողմից վերացման, իրենք էլ այդ հարցում հետեւողական կլինեն։ Հովսեփ Սիմոնյանը նշել է, որ Ախուրյանում հանձնված այս բնակարաններով եւ 36 ընտանիքների տրամադրված բնակարանների գնման վկայագրերով այստեղ անօթեւանության խնդիրն այլեւս լուծվում է։

Մարզի 19 այլ գյուղական համայնքներում դեռեւս մնում են 171 անօթեւան ընտանիքներ։

Ամանորի գիշերըՙ միայնակ տարեցների հետ

Գյումրու «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության անդամներն ու կամավորներն այս սառնաշունչ օրերին առավոտից երեկո զբաղված են քայքայված տնակներում պատսպարված ծայրահեղ անապահով հարյուրավոր ընտանիքների ձմռան վառելափայտ հասցնելու գործով, որը ոչ առաջին տարին իրականացվում է աջակից հովանավորների տրամադրած միջոցների շնորհիվ։ Նույն ճանապարհով կենտրոնի իրականանացրած բարեգործական ձեռնարկների թվում են նման տասնյակ ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը, նրանց հատկացվող տարատեսակ այլ օգնությունը։

Այս օրերին «Շիրակ կենտրոնը» հանդես է եկել մի նոր շնորհակալ նախաձեռնությամբ։ Ամանորի գիշերը կենտրոնն իր տոնական հարկի տակ կհյուրընկալի միայնակ տարեցներին։ Ինչպես նշվում է այս կապակցությամբ տարածված հաղորդագրությունում, 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից այսքան տարի անց էլ շուրջ երեք հազար ընտանիք, այդ թվում տասնյակ միայնակ տարեցներ, շարունակում են բնակվել Գյումրու խարխուլ վագոն-տնակներում եւ անձրեւներից ու ձյան հալոցքներից անպաշտպան, կիսաքանդ ու վթարային շենք-շինություններում։ Նրանցից շատերի ապրուստի հիմնական միջոցը կենսաթոշակն է, որը նույնիսկ կոմունալ ծախսերի վճարումները կատարելուն չի բավարարում, թերսնվածությունը դարձել է սովորական երեւույթ։ Տարիների ընթացքում տնակային ավանների նոսրացման պայմաններում շատ միայնակ տարեցներ այսօր ապրում են մեկուսացած կյանքով, ծանր ու անօգնական վիճակում։ Նրանք հոգեբանական ծանր վիճակում են հայտնվում հատկապես տոնական օրերին

Կենտրոնը տնակային ավաններում բնակվող միայնակ տարեցների համար Նոր տարվա գիշերը կազմակերպում է «Ամանորը դիմավորենք միասին» խորագրով երեկույթ։ Այն սկսվելու է դեկտեմբերի 31-ի երեկոյան եւ տեւելու է մինչեւ հունվարի 1-ի լուսաբացը, ինչպես ասվում էՙ «ճոխ սեղանների շուրջ, «Շիրակ կենտրոնի» հեքիաթային զարդարված սրահում»։ Հրավիրված 70 միայնակ տարեցներին այնտեղ կուղեկցեն կամավորները։ Կլինեն հյուրասիրություն, շնորհավորանք, միասին երգ, պար, Ձմեռ պապն ու Ձյունանուշը Իսկ առավոտյան տարեցները կուղեկցվեն անմխիթար վիճակում գտնվող իրենց կացարանները։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ