RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 15-09-2017



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2017-09-14 22:08:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 13315, Տպվել է` 1500, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇՐՋԱՆՑՎՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԸՙ ԱՐՏԱԳԱՂԹ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Առաջիկա երկուշաբթի օրը մեկնարկում է Հայաստան-Սփյուռք համաժողովը, թվով 6-րդը: Կարեւոր հարցեր են դրված եռօրյա հավաքի օրակարգի վրա, ազգային-պետական հրատապ խնդիրներ, որոնց քննություն-քննարկումը կարող է հայրենաշեն հետեւությունների հանգեցնել մեզ բոլորիս: Սակայն հարցերի հարցը մնում է բաց, բաց վերքի պես, որից հոսող արյունը չի մակարդվում, չի լերդանում. արտագա՛ղթը:

Անշուշտ բոլորիս սիրտը արյունում է այդ հարցը, մորմոքում բոլորիս հոգին, նախագահից մինչեւ կաթողիկոս ու կաթողիկոսներ, ու մինչեւ, ասենք, Հոնգ-Կոնգից եկած հայ ոսկերիչը, անգամ նրանցՙ ովքեր ինքնացուցադրական ճառեր են արտասանելու համաժողովում, ուր բոլորը աշխատելու են միմյանց գերազանցել խելացի, իմաստուն մտքերով, հայրենասիրությամբ, պետականամետությամբ, ազգասիրությամբ: Սակայն բոլորը, թերեւս քիչ բացառությամբ, արտահայտվելու են շրջանցելով գլխավոր, կարեւորագույն, ամենակենսական հարցը, եւ ոչ միայն այն պատճառով, որ պաշտոնական օրակարգում այն չկա: Ոմանք շրջանցումը կատարելու են փափկանկատորենՙ չնեղացնելու համար հանրապետության նախագահին եւ նրա անմիջական շրջապատին, ուրիշներՙ մատով վերքը առավել չարյունելու մտահոգությամբ, տակավին ուրիշներՙ վերքը դարմանելու դժվարություններից խուսափելով, ու դեռ ուրիշներՙ պատասխանատվություն չստանձնելու թուլակամությամբ: Իսկ ոմանք...

Անշուշտ կան նաեւ մտահոգվողներ, այդ երեւույթի բոլոր հետեւանքները խորապես զգացողներ, որոնք չեն խուսափում արտահայտվել այդ մասին: Սակայն նրանք, քիչ բացառությամբ, ի տարբերություն սովետական շրջանի, չեն հորդորում գնացողներին, մեկնողներին չգնալ, այլ իրենց քննադատության սլաքները բացառապես ուղղում են պետական պատասխանատուներինՙ գլխավորությամբ գործող եւ գործած նախագահների. հիշեցնելով, որպես արտագաղթի պատճառներից, երկրում տիրող բարոյահոգեբանական վիճակը, ապագայի նկատմամբ անհուսության զգացումը: Եվ արդարորեն:

Սակայն գոնե մեկ անգամ խոստովանենք. արտագաղթի իրարահաջորդ ալիքների համար պատասխանատու ենք բոլորսՙ ե՛ւ պետական ղեկավարություններ, ե՛ւ քաղաքական-հասարակական կազմակերպություններ, ե՛ւ մտավորականություն, ե՛ւ կրթամշակութային հանրույթ, ե՛ւ մամուլ: Մեղավոր է նաեւ մեր հասարակ ժողովուրդը, որին մենք սովոր ենք միշտ շողոքորթելՙ «ժողովուրդը չի սխալվում» խոսքով: Բայց երբեմն սխալվո՛ւմ է: Մեր ժողովուրդը անկախության եւ սահմանադրության բերած ոչ մի բարիքից եւ ազատությունից այնքան չօգտվեց, որքան «ազատ տեղաշարժվելու իրավունքից»: Գնում են, կամ ուզում են գնալ բոլորը- հայր, մայր, որդի, դուստր, փեսա, սկեսուր, զոքանչ ու տատիկ: Վերջերս սկսել են գնալ նաեւ ունեւորները, պաշտոնաթող զինվորականը, պաշտոնազրկված չինովնիկը: Գնալու համաճարակ է: Գնում ենՙ հաճախ նույնիսկ չիմանալով որեւէ լեզու, չունենալով որեւէ հենարան, ապավինելով «խոմ էստեղից լավ կէղնի» ինքնահուսադրիչ մտքին:

Իսկապես, տարօրինակ չե՞ք գտնում, որ ոչ ոք նրանց, հրապարակավ գոնե, չի ասումՙ «ո՞ւր եք գնում, դժգո՞հ եք երկրից, նրա կարգուսարքից, դժգո՞հ եք գյուղապետից, քաղաքապետից, մարզպետից, վարչապետից, նախագահից, պայքարեք: Խաբեցի՞ն մեկ անգամ, խաբեցվի՞ք երկու կամ երեք անգամ, այսուհետ մի՛ խաբվեք, թույլ մի՛ տվեք ձեզ խաբել: Երկիրը ժողովրդինն է, տերը դո՛ւք եք, պետությունը դո՛ւք եք: Մնացեք եւ զորացրեք ձեր անփոխարինելի հայրենիքը»: Նման ձայներ չեն լսվում: Երեւի այսպիսի լռություն էր, երբ Վասիլի իշխանն ու Պետրոս Գետադարձ կաթողիկոսը բյուզանդացիներին էին հանձնում մեր ամենաբարգավաճ քաղաքամայր Անի բերդաքաղաքի բանալիները, իսկ ժողովուրդը գաղթում էրՙ դեպի Լեհաստան, դեպի Ռումինիա, Սեւ ծովի տարբեր ափեր...

Համաժողովի պաշտոնական օրակարգի հարցերը չորսն ենՙ երկրի զարգացման, պաշտպանական քաղաքականության, արտաքին քաղաքականության եւ հայապահպանության հիմնախնդիրներին վերաբերող: Կրկնեմՙ բոլորն էլ կարեւոր են, շա՛տ կարեւոր: Բայց դրանք բոլորն էլ ածանցվում կամ, նույնիսկ, ավելորդ են դառնում ահագնացող արտագաղթի պայմաններում: Հայերից դատարկված Հայաստանի զարգացումը ո՞ւմ է պետք, ո՞ւմ պաշտպանել դատարկված երկրում, ի՞նչ արտաքին օրակարգՙ երբ չունենք ներքին ոչ մի կարգ, ի՞նչ հայապահպանություն, երբ հայությունը պահպանված չէ:

Կազմակերպիչները ինչո՞ւ են շրջանցում հարցերի հարցը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 15-09-2017

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ