RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ: Մայիսի 28-ի տոնի առիթով արձակուրդի մեջ գտնվելու պատճառով «Տիգրան Մեծ» տպագրատունը հինգշաբթի օրը չաշխատեց։ Հետեւաբար թերթի հերթական համարը բացառաբար լույս կտեսնի շաբաթ առավոտյան։ Ընթերցողներին սպասում է բովանդակալից համար, որտեղ հաճելի ընթերցանության համար իրենց նյութերը կառաջարկեն Երվանդ Ազատյանը, Անահիտ Հովսեփյանը, Նաիր Յանը, Արեւիկ Քեշիշյանը, Հակոբ Ծուլիկյանը, Արծվի Բախչինյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, Մանուկ Արամյանը, Ռաֆիկ Հովհաննիսյանը, Հակոբ Միքայելյանը, Գեւորգ Գյուլումյանը, Հակոբ Ավետիքյանը եւ ուրիշներ՝ գլխավորությամբ Սուքիաս Թորոսյան-Toto-ի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017



Տեղադրվել է` 2017-11-16 23:10:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 7455, Տպվել է` 92, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԵՆՏԱԳՈՆԻ ԱՊՐՈՂ ԼԵԳԵՆԴՙ 95 ԱՄՅԱ ՍԱՐԳԻՍ ԹԱԹԻԿՅԱՆԸ ԴԵՌ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

«Այն ժամանակ է սկսվում կյանքի հետընթացը, Երբ դու վաղ արթնանալու որեւէ պատճառ չունես: Եվ եթե սիրում ես այն ինչ անում ես եւ զգում գործիդ թողած արժեքը, ապա դա աշխատանք չէ այլեւս, այլՙ երկնային պարգեւ»: 95 ամյա մեր հայրենակից Սարգիս Թաթիկյանին այս փիլիսոփայությունն է օգնել ծերության դեմ պայքարում: Նա սահմանել է մարդկային կարողությունների նոր նշագիծ ԱՄՆ զինված ուժերում իր 75 տարիների պետաշխատողի շարունակվող գործունեությամբ:

ԱՄՆ ռազմածովային ուժերի վետերանը կենսաթոշակի պետք է անցներ դեռ 1973-ի հոկտեմբերին, վաստակած հանգստի բազմոցը սակայն իր եռանդի հետ անհամատեղելի գտնվեց մի ամբողջ 44 տարի եւս: ԱՄՆ ռազմածովային ուժերի համակարգի հրամանատարության (NAVSEA) պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ սեպտեմբերին 26-ին կայացել է Սարգիս Թաթիկյանի մեծարման արարողությունը, նվիրված այդ համակարգում նրա պետական ծառայության 75 ամյա վաստակին, ինչն աննախադեպ է Պենտագոնի պատմության մեջ: Այս յուրօրինակ հոբելյանի առիթով Սարգիս Թաթիկյանին շնորհակալական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սենատոր Ջոն Մաքքեյնը (Ռ - Արիզ.), ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ջեյմս Մաթիսը եւ ռազմածովային ուժերի հրամանատար Ռիչարդ Սփենսերը:

Վաշինգտոնում կայացած միջոցառմանը NAVSEA- ի հրամանատար, փոխգնդապետՙ Թոմաս Մուրը, ամերիկյան նավատորմում Թաթիկյանի ավանդի մասին խոսելիս նշել է, որ երբ ինքը նավատորմ էր մտնում որպես թիկնապահ, Թաթիկյանն արդեն ուներ 39 տարվա դաշնային ծառայության ստաժ (federal/government service):

ԱՄՆ նավատորմում քաղաշխատողի իր կարիերան Ս. Թաթիկյանը սկսել է 1942թ. հուլիսին, որպես Ֆիլադելֆիա եւ Նյու Ջերսի նահանգների ռազմածովային նավատորմի կրտսեր ռադիոտեսուչ: 1943 թ. մարտին թողնելով այդ պաշտոնը մտել է ակտիվ նավատորմ, որպես ծառայող նավաստի: 1946 թ.-ին Թաթիկյանը կրկին վերադարձել է քաղաքացիական ծառայություն (civil service), աշխատելով ռազմածովային ուժերի առաջին սերնդի ղեկավարվող հրթիռային համակարգերի վրա, ապա ստանձնել դաշնային բյուրոյի փոքր բիզնեսի վերլուծաբանի պաշտոնը: Կազմակերպել է փոքր բիզնեսի ցուցահանդեսներ, շրջագայելով ափից-ափ, այցելելով ամերիկյան բոլոր նահանգների մայրաքաղաքները: Իր կազմակերպչական ջանքերի համար Սարգիս Թաթիկյանն արժանացել է Կոնգրեսական ճանաչման (Congressional recognition): 1979 թ.-ից մինչ օրս նա աշխատում է Պենտագոնի ռազմածովային ուժերի փոքր բիզնեսի ծրագրերի գրասենյակում, որպես գործակից տնօրեն:

Ծնողները Հայոց ցեղասպանությունից փրկված առաջին ներգաղթյաների թվում Մ. Նահանգներ են եկել 1920 ական թվականներին: Հայրըՙ Հարություն Թաթիկյանը, Խարբերդի նահանգի Արաբկիր քաղաքից էր, մայրըՙ Արեւմտյան Հայաստանի Գեյվե բնակավայրից: Ծնվել է Ֆիլադելֆիայում 1922 թ.-ին: Մինչեւ հինգ տարեկանը անգլերեն չի խոսել, մայրը պարտադրել է իրեն միայն հայերենը:

Պրն Թաթիկյանի հետ իմ զրույցում հարցրեցի նաեւ իր երկարակեցության գաղտնիքի մասին: Ասաց, մի զավեշտական դեպք պատմեմ. «Մի անգամ չինացիների մի խումբ այցելեց իմ գրասենյակ, նրանցից մեկը նայելով ինձ ասաց, - Օ՜յ, Ինչ մեծ ականջներ ունի: Ուղեկցողը կաս-կարմիր կտրած հանդիմանեց չինացուն:- Դա հաճոյախոսություն է,- ասաց չինացին,- Բուդդայի ականջների նման են, իսկ նա եղել է առողջ ու երկարակյաց»:

Սարգիս Թաթիկյանը երբեք Հայաստանում չի եղել: Իր տեւական աշխատանքային գործունեության ընթացքում ընդամենը մեկ օր է արձակուրդ գնացել: Կուտակված ահռելի քանակությամբ արձակուրդային ժամերը (annual leave) նվիրաբերել է քաղցկեղով հիվանդ իր գործընկերներին: Ցավոք, նրա մասին քիչ գիտեն Ամերիկայի հայկական համայնքում: Նրա նկատմամբ պատշաճ ճանաչումն ու հարգը զարմանալիորեն շրջանցվել է Վաշինգտոնում գործող հայկական եկեղեցու, ամերիկահայ ազդեցիկ այլ կազմակերպություների կողմից: Նա ծանոթ անուն չէ նաեւ Հայաստանում: Անկասկած, նրա ռազմական փորձն ու գիտելիքներն այսօր շատ տեղին կլիներ օգտագործել հայոց բանակաշինության մեջ: Շտապենք, փութանք շտկել այս մեծ թերացումը մեր լեգենդար հայրենակցի նկատմամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ