RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017



Տեղադրվել է` 2017-12-15 11:18:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 6964, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԻՄԱ ԷԼ ՏՈԼՄԱՅԱՑԱՎ

ՆԱԻՐ ՅԱՆ

Ամեն տարեվերջի մեր մշակութային ինքնասիրությունն ու արժանապատվությունը սրվում է: Տարվա տանուլ տվածն ու ձեռք բերածն ենք ուզում ի մի բերել, կամ դրսից գրգռող ազդակներն են ակտիվանում. գուցե երկուսը միասին, բայց փորձում ենք հասկանալՙ լավ, ինչպե՞ս է լինում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն միշտ անարդարացի է վարվում մեզ հետ: Հիմա էլ տոլման է հռչակել ադրբեջանական կերակուր. հարիսայի համար պայքարել չկարողացանք: Սրտներիցս արյուն է կաթում հարիսայի համար, հիմա էլՙ տոլման: Ամեն տարի տոլմայի, խորովածի փառատոն ենք անում, տոլմայի բույրն ու խորովածի ծուխը հասցնում մինչեւ հարեւան երկրներ, բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեր ջանքերն ու խոհանոցային դարավոր ավանդույթները չի գնահատում:

Կուրծք ենք ծեծում, մեկս մյուսին մեղադրում, անհետեւողականության ու անտարբերության համար իշխանություններին քննադատումՙ ա՜խ, մեր հայկական տոլմա, ո՞նց աչքներս բաց-բաց հռչակվեցիր ադրբեջանական: Դեռ ինչքա՞ն պետք է այսպես հիվանդագին ընդունենք, որ մեր հարեւանների հետ մենք խոհանոց, պատմություն ու մշակույթ ենք կիսել, ընդօրինակել միմյանց կենցաղն ու ավանդույթները: Իհարկե, կան մշակութային առանձնահատկություններ, արժեքներ, որ ստեղծվել են միայն այս կամ այն ժողովրդի կողմից, բայց կան նաեւ ընդհանրություններ, ինչո՞ւ չենք ուզում ընդունել դա: Տոլմայի տարատեսակներ կան, որ հայտնի են ոչ միայն մեր տարածաշրջանի, այլեւ Մերձավոր ու Հեռավոր Արեւելքի երկրներում: Հիմա թե ով ում է ընդօրինակել , դժվար է պարզաբանել, բացի այդՙ կերակուրների ազգային պատկանելությունը որոշելն ազգային արժանապատվության հարց չէ, ուտելիքից շատ ավելի կարեւոր, ռազմավարական նշանակության հարցեր կան, որոնց վրա աչք ենք փակում: Հիմա ի՞նչ. տոլման կնեղանա՞, թե հայկական խոհանոցի անդավաճան երկրպագուների ձեռքից չեմ պրծնի, եթե ասեմՙ հերն էլ անիծած. թող ՅՈՒՆԵՍԿՕՆ-էլ, ՄԱԿ-ն էլ, տո հենց Եվրոխորհուրդն էլ ադրբեջանական համարեն թե՛ տոլման, թե՛ հարիսան, թե՛ խորովածն ու բաստուրման: Ուտելիքը, որկոր լցնող զանգվա՞ծը պետք է որոշի մեր քաղաքակրթության, մշակույթի, ինքնության ակունքները խորն են, թե՞ ծանծաղ: Տոլմայից, հարիսայից հազար անգամ կարեւոր է մեր ներսի վերաբերմունքը մեր մշակույթին ու ինքնությանը: Քանի դեռ պետական, հասարակական ընդգծված մոտեցում չկա մեր արժեքների նկատմամբ, օտարը երբեք չի գնահատելու այդ արժեքները: Քաղաքացիական հսկա գերեզմանոցը ներթափանցել է Սանահինի վանական համալիրի պահպանման տարածք, մեր եկեղեցիների ու վանքերի հենց բակերում մենքՙ հայերս, ոչ թե ադրբեջանցիք կամ թուրքերը, պլաստիկե շիշ ու կերակրի մնացորդ ենք թափում, սրբավայրի պատերին փորագրում մեր, ոչ թե ադրբեջանցիքի կամ թուրքերի անունը, ծննդյան օր-թվականը, հետն էլ թեւավոր խոսքերՙ «մոր անեծքը սրբություն ա»: Երբ Ջուղայի խաչքարերն ադրբեջանական բանակը ոչնչացրեց, մենք բողոքի թեթեւ ա՜խ հղեցինք միջազգային ատյաններին, այն էլՙ ուշացած: Մենք մեր խաչքարերը եվրոպական կառույցների ցուցահանդեսներին ներկայացնելիս ռիսկ չենք անում խաչքարի տակ գրել, որ այն Արեւմտյան Հայաստանից է ու վաղուց ոչնչացվել է, սա նրա լոկ լուսանկարն է: Ռիսկ չենք անում, որովհետեւ թուրք-ադրբեջանական միասնական ճակատն այդպես է պահանջում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի թաքցնում, որ ինքն ամենաքաղաքականացված միջազգային կառույցն է, իսկ մենք ամեն անգամ ապշում, վիրավորվում ենք, որ ադրբեջանական խավիարն էլի իր գործն արել է, իսկ արդարության, պատմական ճշմարտության որդեգիր մեր պետությունն էլի կոնֆետից զրկված երեխայի պես մնացել է կախշուրթ, կախգլուխ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն տարբեր երկրների մեջ կռիվ գցելու համար խելքն իրենը չի. մի՞թե չենք հասկանում: Շարունակում ենք լուրջ ընդունել այդ կառույցն ու նրա վարած քաղաքականությունը, շարունակում ենք նրա ցանկերում փնտրել մեզ համար վիրավորական անուններ: Թողեք անիմաստ, անպտուղ խոսքերն ու գործերը: Իրականում այնքան կարեւոր անելիքներ ունենք: Ստեղծենք ազգային ու համաշխարհային բարձրորակ կինո, թատրոն, երաժշտություն, գեղանկարչություն, ստեղծենք ինքնաբավ երկիր, ունենանք իր ապրածից ու զգացածից գոհ ժողովուրդ. թքա՛ծ, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն վաղը սուջուխն ու բաստուրման էլ չի հռչակելու ադրբեջանական: Համ էլ ինչո՞ւ, ի՞նչ հիմքերով ենք նեղանում ՅՈՒՆԵՍԿՕ-ից. աղքատները միեւնույն է միս չեն կարող առնել, որ մի հատ էլ տոլմա եփեն: Մի կերակուր, որ գործածվում ու ակտուալ է միայն հարուստենրի խոհանոցում եւ ոչ թե հանրության լայն զանգվածների սեղաններին, ինչո՞ւ ենք նեղանում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի հռչակել հայկական: Մեր երկրի տնտեսական քաղաքականությունը ստիպել է, որ ժողովուրդը տոլմայից հրաժարվի: Քանի որ տոլման մսային կերակուր է, իսկ մեր իշխանական կուսակցության ներկայացուցիչները միսը տրամաբանորեն հանել են աղքատների, ասել է թե մեր հասարակության լայն զանգվածների կերակրացանկից, ուրմեն տոլմայի մասին տեսական պատկերացումներն ու գենետիկ հիշողությունները մեզ պետք չեն: Պետք չի նաեւ, որ այն հայտնվի ՅՈԻՆԵՍԿՕ-ի ցանկումՙ որպես հայկական ավանդական կերակուր: Աշխատենք գոնե մեկ-մեկ տոլման հայտնվի մեր առօրյա կերակրացանկում, ոչ թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի խավիարացանկում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ