RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017



ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Տեղադրվել է` 2017-12-15 11:18:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 7018, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Հարցազրույց Մ. Նահանգների ռազմածովային ուժերի նախկին նախարար, ծովակալ Պոլ Իգնեյշսի հետ

Իննսունվեց տարեկանում Պոլ Իգնեյշսը (Իգնատիոսյան) աչքի ընկնող ակտիվությամբ պապիկ է, որի հիշողությունը նույնքան փայլուն է, որքան իր անցած աստեղային կարիերան: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան նավատորմի լիազորված լեյտենանտը ութ տարի աշխատել է նախագահներ Ջոն Ֆ. Քենեդիի եւ Լինդոն Բ. Ջոնսոնի վարչակազմերում նախ որպես պաշտպանության փոխնախարար (սարքավորումների եւ մատակարարման գծով), ապա ռազմածովային ուժերի նախարար (1967-ին): Արժանացել է բանակի «Քաղաքացիական ակնառու ծառայությունների», ռազմածովային ուժերի «Հասարակական ակնառու ծառայությունների», ինչպես նաեւ պաշտպանության նախարարության «Հասարակական ակնառու ծառայությունների» մրցանակներին:


Ծնվել է 1920-ի նոյեմբերի 11-ին Գլենդեյլում, Կալիֆոռնիա: Զավակն է Ամերիկա գաղթած Հովսեփ (Ջոզեֆ) եւ Էլիզա (ծնյալ Ժամկոչյան) Իգնատիոսյանների: Բակալավրի գիտական աստիճան է ստացել Հարավային Կալիֆոռնիա համալսարանից, իսկ մագիստրոսի աստիճանըՙ Բոստոնի Հարվարդ բիզնես կրթօջախից, որտեղ հետագայում հիմնել է «Հարբրիջ հաուս» գործարարական խորհրդատվության եւ հետազոտությունների կենտրոնը:

Վերոնշյալ կառավարական ծառայություններից հետո, Իգնեյշսը դարձել է «The Washington Post» պարբերականի նախագահըՙ երկու տարի, եւ ավիատրանսպորտային ասոցիացիայի նախագահըՙ 15 տարի: Ջորջ Մարշալ հաստատության հոգաբարձու է, ինչպես նաեւ ֆեդերալ քաղաքային խորհրդի եւ արտգործնախարարության վաշինգտոնյան ինստիտուտի անդամ: Հեղինակ է երկու գրքերիՙ «Դիրքերում: Կյանքս ռազմածովային նավատորմում, կառավարությունում եւ բիզնեսում» (On Board: My Life in the Navy, Government, and Business) եւ «Այժմ ես մասամբ գիտեմ: Մեծանալ-հասունանալու պատմվածքներ» (Now I know in Part: Stories of My Growing Up): Այս երկրորդ գրքում նա իր հիշողություններն է պատմում իր ընտանիքի անցյալի, Գլենդեյլում իր մանկության, պատանեկության տարիների եւ ապա ռազմածովային ուժերում իր ծառայությունների մասին:

Ներկայիս Պոլը իր կնոջՙ Նենսիի հետ ապրում է Վաշինգտոնում: Ժամանակն անցկացնում է անդամակցելով հաշմանդամություն ունեցող երիտասարդներին օժանդակող բարեգործական կազմակերպությունների վարչական մարմիններին: Չորս զավակներից Դեյվիդը գրող է եւ «Վաշինգտոն փոստի» խմբագրի տեղակալ, Էյդինՙ գլխավոր խմբագիրն է «Harvard Business Review» պարբերականի, Սարանՙ Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների «NAASR» ազգային ասոցիացիայի գործադիր տնօրենն է, իսկ Էյմինՙ Նյու Հեմպշիրում Քերոլ Քաունթիի Գերագույն դատարանի դատավոր: Ունի 9 թոռ եւ 2 ծոռ:

Պոլ Իգնեյշսի հետ հարցազրույց է վարել AGBU հանդեսի աշխատակից Դենիել Հալտոնը:


- 2017 թվի ապրիլի 8-ին հասարակական ծառայությունների ձեր աչքի ընկնող գործունեությունը նշանավորվեց հատուկ պաշտոնական արարողությամբ: Ռազմածովային ուժերի հրամանատարությունը ձեզ վստահեց նավատորմի նորագույն ուղղորդիչ հրթիռներ կրող կործանիչ-ականակիր նավը ձեր անունով մկրտելու պաշտոնը: Նման գնահատանքի արժանանալն ի՞նչ նշանակություն ունեցավ ձեզ համար:

- Ինձ համար զարմանալի էր լսել, որ իմ անունով են կոչելու ականակիրը: Դժվար է մկրտության այդ երկու օրերի զգացմունքներս արտահայտել բառերով: Կինս, զավակներս եւ մեր ընկերներից շատերը ներկա գտնվեցին արարողությանը: Ցնցված էի նման պատվի արժանանալու առիթով: Խորապես երախտապարտ եմ ռազմածովային նավատորմի հրամանատարությանը: Պատերազմի ժամանակ նավատորմում ծառայելը հասունանալու եւ պատասխանատվություն ստանձնելու առումով շատ կարեւոր շրջան էր ինձ համար: Արարողության ժամանակ ավանդական շամպայնի շիշը կինսՙ Նենսին ջարդեց նավի առաջամասին խփելով: Հուզիչ էր տեսարանը:

- Դուք պաշտպանության փոխնախարար եւ ապա ռազմածովային ուժերի նախարար եք եղել ամերիկյան պատմության խիստ հակասական եւ կրիտիկական մի ժամանակահատվածում: Հետադարձ հայացք գցելով, ի՞նչն եք հիշում ամենաշատը:

- Այո, այդ հակասությունը վիետնամական պատերազմի առիթով էր: Տանը խիստ լարված մթնոլորտ էր: Կինս, երեխաներս մտածում էին, որ պատերազմը վատ գաղափար է: Զավակներս ցանկանում էին իմանալ, թե ինչպես իրենց լավ հայրիկը կարող է ներքաշված լիներ վատ պատերազմի մեջ: Նրանց կարծիքով Մ. Նահանգները սխալ քաղաքականություն էր վարում: Ես համամիտ չէի նրանց հետ, բայց հպարտ եմ, որ զավակներս ինքնուրույն մտածելակերպ էին դրսեւորել այդ ժամանակ: Մեր որոշ ընկերների հետ հարաբերությունները տուժեցին, բայց մենք վերապրեցինք այդ շրջանը:

Հիշողությանս մեջ տպավորվել է Սան Դիեգոյում արտասանած իմ ճառը, որպես ռազմածովային նախարարի: Հանդիսատեսների շարքերում էր Երկրորդ համաշխարհայինի ժամանակ «USS Manila Bay» ավիակիր նավի (որի վրա ծառայում էի որպես լեյտենանտ) նախկին հրամանատարը: Ես խնդրեցի նրան կանգնել եւ ներկաներին պատմեցի հրամանատար Տիցհիու Լիի սխրանքի մասին, նրա խիզախության եւ ճիշտ կողմնորոշման մասին: Երկու «կամիկաձե» օդաչուների կողմից նավը հարձակման էր ենթարկվել, եւ նա կարողացել էր փրկել նավն ու անձնակազմը հնարավոր պայթյունից: Դա ինձ համար մեծ փորձառություն էր, որը ես հավերժ կպահպանեմ հիշողությանս մեջ:

- «Այժմ ես մասամբ գիտեմ» հուշագրքում դուք գրանցել եք Ձեր հայկական ընտանիքի պատմությունը: Ինչքանո՞վ էր կարեւոր Ձեզ համար խորամուխ լինել ձեր հայկական անցյալի ժառանգության մեջ:

- Ես բարձր եմ գնահատում իմ հայկական ինքնությունն ու անցյալը: Սովորական ամերիկյան մի քաղաքում մեծանալով, ես ամերիկացի երիտասարդների մթնոլորտում եմ եղել, խոսել եմ անգլերեն տանը, հաճախել հանրային դպրոց ինչպես ուրիշները: Իմ շրջապատում միակ հայերն իմ քույրն ու եղբայրն են եղել: Բայց հայրս ե՛ւ ամերիկյան գործարար, ե՛ւ հայկական համայնքի շրջանակներում հարգված անձնավորություն է եղել, եւ բախտավոր եմ, որ ծանոթացել եմ նրա ընկերներից շատերի, ինչպես օրինակ Վիլյամ Սարոյանի եւ նրա հորեղբայր Արամի հետ: Մկրտվել եմ Լոս Անջելեսի հայկական եկեղեցում: Վայելել եմ մեծ հորս մեծ ընտանիքի անդամների մտերմությունը: Հրաշալի ժամանակներ անցկացրել նրանց հետ տարբեր առիթներով: Բարեբախտություն եմ համարում ունենալ նման հայկական ժառանգություն: Բարձր եմ գնահատում այն:

- Դուք Ձեր հայկական ժառանգությամբ հետաքրքրվել եք բավականին ուշ: Ինչո՞ւ:

- Երբ երիտասարդ ես, ավելի շատ հետաքրքրվում ես քո անձնական, քան քո ծնողների խնդիրներով: Երեւի չեմ ցանկացել տարբերվել իմ հասակակիցներից: Այո, բավականին ուշ եմ անդրադարձել իմ անցյալի ժառանգությանը: Ուշ տարիքում եմ սկսել կարդալ եւ ուսումնասիրել հայոց պատմությունը: Երեւի ավելի շատ ժամանակ եմ ունեցել դրա համար: Հիմա տարբեր աչքով եմ նայում իմ ժառանգությանը, եւ հավատացած եմ, որ այդ ժառանգության պատճառով ես առավել հետաքրքրական անձնավորություն եմ դարձել ինչպես ինքս ինձ, այնպես էլ ուրիշների համար:

Հուշերիս հատորը գրելուց բացի ես կյանքիս կարեւորագույն ուղեւորությունը կատարեցի 2006-ին իմ երկու զավակների հետ այցելելով պատմական Հայաստան եւ ներկայի Հայաստանի Հանրապետություն: Մենք եղանք ընտանիքիս պապենական տանը Խարբերդումՙ արեւելյան Թուրքիայում: Հրաշալի փորձառություն էրՙ խառը զգացմունքներով հագեցած, որոնց մեջ անշուշտ նաեւ տխուրը, տեսնելով թե ինչպես են եկեղեցիները, դպրոցներն ու մյուս շինությունները ավերակ դարձել: Կարելի էր պատկերացնել, թե ինչ գեղեցիկ վայր էր եղել այնտեղ ժամանակին վեհապանծ լեռներով եւ կանաչապատ հովիտներով:

Վերջերս էլ գլխավոր բանախոսն էի Վաշինգտոնում Ցեղասպանության հարյուրամյակի առթիվ կազմակերպված հանդիսությանը, որտեղ նշեցի, որ անհրաժեշտ է առաջ նայել եւ հաշտության եզրեր որոնել, որպեսզի կարողանանք վերանորոգել մեր հայկական եկեղեցիներն ու հուշակոթողները:

- Դուք նաեւ նշանակալի կապեր ունեք ՀԲԸՄիության հետ, այնպես չէ՞:

- Այո, պապսՙ Ավետիս Ժամկոչյանը, Մանչեստրում (Անգլիա) ՀԲԸՄ-ի առաջին մասնաճյուղի հիմնադիրն է եղել, 1906-ին Կահիրեում հիմնադրվելուց մեկ տարի անց: Պապս Ակնում էր ծնվել, Խարբերդի մոտ եւ սովորել Եփրատ քոլեջում: Ազատությունը գովերգող ոտանավորներ գրելու հետեւանքում խնդիրներ էր ունեցել օսմանյան իշխանությունների հետ եւ 1892-ին թողնելով Ակնը հաստատվել էր Մանչեստրում: Որպես գանձապահ աշխատել էր այդ մասնաճյուղում 4-5 շատ հայտնի այլ մարդկանց ընկերակցությամբ: Բայց Մանչեստրի կլիման չհավանելով եւ մի անգամ Կալիֆոռնիա այցելելուց հետո 1911-ին վերջնականապես հաստատվում է Գլենդեյլում, նախքան անշուշտ հայկական հզոր համայնքի ձեւավորումն այնտեղ: Այժմ Գլենդեյլը դարձել է արեւմտյան Երեւան:

- Թոշակի անցնելուց հետո դուք բազմաբեղուն կյանք եք շարունակում վարել տարբեր հաստատությունների վարչության անդամ դառնալով եւ ակտիվ մասնակցություն ունենալով բարեգործական նախաձեռնությունների իրականացման գործում: Ինչո՞ւ է Ձեզ համար կարեւոր փոխհատուցելը, վերադարձնելը, կամ երախտապարտ լինելու զգացումը:

- Նախ, անձնապես ես շատ եմ օգտվել այստեղ ամերիկացիների համար ընձեռված ամենալայն եւ հրաշալի հնարավորություններից, եւ հետո, ճիշտ է Վաշինգտոնում առատություն եւ ճոխություն կա, բայց կա նաեւ թշվառություն եւ աղքատություն: Ես երկու անգամ նախագահել եմ Վաշինգտոնի թենիսի եւ կրթության հաստատությունը (Washington Tennis and Education Foundation), որ հաջողությամբ նպաստներ տրամադրելով օգնում է ցածր եկամուտ ունեցող աֆրոամերիկացիներին շարունակելու իրենց ուսումը ավագ դպրոցներում եւ քոլեջներում: Ղեկավարել եմ նաեւ Սբ. Էլբանի Հասարակական ծառայությունների ֆակուլտետի (St. Alban՛s School of Public Service) գործունեությունըՙ խրախուսելով երիտասարդներին հաշվի առնել կառավարությունում կարիերա ստեղծելու հանգամանքը: Գտնում եմ, որ աշխարհում լավը սերմանելուն նվիրված մարդկանց հետ աշխատելը խիստ դրական երեւույթ է, վարձահատույց լինելըՙ խրախուսելի: Հավատացած եմ, որ բոլորս պետք է ակտիվ լինենք հասարակության մեջ եւ նպաստենք այդ հասարակության համընդհանուր բարեկեցությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ