RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 22-12-2017



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2017-12-21 22:59:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 14771, Տպվել է` 4659, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽՈՀԵՐՙ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՍԵՄԻՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Օրացուցային տարին ավարտվում է. գալիս է խորհրդանշական պահը հաշվեփակի, համարատվության: Անշուշտՙ տոնական խրախճանքների մի քանի օրերից հետո, երբ որկրամոլությունից ընդարմացած մեր մարմինը փնտրում է հանգիստ, հոգինՙ խաղաղություն, բայց միտքը թափառում է անհանգիստՙ փորձելով որոշել մեկնող-մեկնած տարվա կարեւոր ձեռքբերումներն ու կորուստներըՙ մարդկային, նյութական, ընկերային, անձնական ու հասարակական: Անձնականը պահում ենք մեզ, իսկ հասարակականը դարձնում բարձրաձայն խորհրդածության թեմա:

Առայժմ եթե մի կողմ թողնենք թվերի, տոկոսների ու վիճակագրական տվյալների առատության մեջ կորսվող անձնական ճակատագրերի, անհատական վիճակների լույսն ու ստվերը եւ կենտրոնանանք պետական մեր պատասխանատուների տարին ամփոփող պնդումների վրա, ապա շեշտադրումները նրանց ընդհանրապես դրական են- խորհրդարանական գոհացուցիչ ընտրություններ, երկրում ոչ մեծ գնաճ, ներքին անվտանգության բավարար վիճակ, արտաքին վտանգների դեմ պաշտպանունակության ամրապնդում, Եվրոմիության հետ ընդլայնված եւ համապարփակ գործընկերության համաձայնագրի ստորագրում:

Անշուշտ կարելի է, բացի վերջինից, առարկել այդ պնդումներից յուրաքանչյուրին, ընդդիմադիրի թե կողմնակցի անաչառ հայացքով, մաքսիմալիստական մոտեցմամբ թե իրական օրինակներով հերքել դրանք- չբավարարվածությունը դարձել է ազգային գիծ եւ բարեկարգ երկրների հետ համեմատությունըՙ ազգային բնավորություն: Սակայն չենք կարող չընդունել, որ նշված ասպարեզներում իրո՛ք ունենք ձեռքբերումներ, կամՙ գեթ համեմատական բարելավում: Այսուհանդերձ, որքան էլ որ համոզիչ հնչեցվեն վերոհիշյալ պնդումները, դրանք դեմ են առնում մի չոր իրականության պատինՙ արտագա՛ղթ:

(Ի դեպ, անցնող տարեշրջանին եւս արտագաղթի հիմնահարցը դարձավ հրապարակային բազմաթիվ ելույթների թեմա, բայց ո՛չ խորքային քննարկումների առարկա: Իշխանություններին իրավամբ մեղադրելու արշավի տակ խոսք չեղավ մեր հասարակության մի ստվար մասի գաղթականասիրական հակվածության մասին, որը եթե երեկ պատճառաբանվում էր ջարդերով, հալածանքներով, անազատությամբ, ապա այսօր, անկախ պետականության պայմաններում, անհեթեթ է ըստ ամենայնի):

Սակայն ոչ մեկ առարկություն նոյեմբերի 21-ին Բրյուսելում ստորագրված ԵՄ-Հայաստան համաձայնագրի վերաբերյալ: Փաստորեն դրանով մեր պետությունը մտնում է մի հուն, որը հայկական քաղաքակրթությանը հարազատ, մեր ժողովրդի բնավորությանը եւ նկրտումներին համապատասխան միջազգային կամուրջ է խոստանում մեզ դարձնել Եվրոպայի ու Արեւելյան Եվրոպայի միջեւ, միաժամանակ համագործակցության նոր հնարավորություններ ստեղծում մեր իսկ տարածաշրջանում: Հետեւողական ու դիվանագիտական ճարտար աշխատանքով ձեռք բերված այդ համաձայնագիրը որոշապես բարձրացրեց Հայաստանի վարկը քաղաքական ասպարեզում, միաժամանակ մեղմակշռելով Մոսկվայի թեւարկման ծանրությունը մեր երկրի վրա: Ու բնավ պատահական չէ, որ նախագահ Ս. Սարգսյանի ժողովրդականությունը, ըստ վերջին հարցախույզներից մեկի, բարձրացավ հատկապես նոյեմբեր ամսից:

Սակայն փաստաթուղթը թուղթ է մնում առանց փաստի, եթե չի անցնում կենսագործության փուլը: Ուստի մեր ներկա ու հետագա կառավարություններին սպասում է տքնաջան աշխատանքի մի նոր շրջան, որը արդյունավոր կլինի, եթե իշխանությունները անկեղծ, թափանցիկ ու համոզիչ համագործակցեն քաղաքացիների հետ:

Մանավանդ որ առաջիկա տարին լինելու է Հայաստանի մուտքը վարչապետական ղեկավարման նոր շրջափուլ, ու թերահավատ մեր ժողովրդին համոզիչ ապացույցներ են պետք, որ Սահմանադրության փոփոխության հանրաքվեն ձեւական առաջադրանք կամ հանձնառություն չէր: Այլ խոսքով, հասարակությունը պետք է ամեն պահ զգա, որ իշխանությունները, այժմ եւ ընդմիշտ, հոգատար են իր նկատմամբ ոչ միայն նոր աշխատատեղեր ստեղծելով, այլեւ հանրօգուտ աշխատանքները դարձնելով իրենց կենսակերպը:

Մինչ այդՙ շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ ծնունդ, խաղաղություն եւ բարօրություն բոլորիս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 22-12-2017

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ