RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 22-12-2017



Տեղադրվել է` 2017-12-21 22:59:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 14850, Տպվել է` 4769, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՆՐԱՅԻՆԻՆ ՈՒ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆՈՐ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Անցյալ հինգշաբթիՙ դեկտեմբերի 14-ին, Հանրային ռադիոն, այնուհետՙ հեռուստատեսությունը հաղորդեցին, թե հավկիթի հայաստանյան գնաճը պայմանավորված է այլ երկրներում, հատուկ շեշտադրելովՙ Գերմանիայում դրա աննախադեպ թանկացմամբ: Նույն պահին չսուրացի մոտակա խանութՙ այսպես ասածՙ մասնագիտական պարտքս կատարելուՙ ստուգելու եւ հաղորդելուՙ ճի՞շտ է, թե՞ սխալ, քանի որ «Ազգ»-ում կիսատ հոդվածիս փեշերին էի դեռ բառեր կարում, ու 3 ժամյա մեր տարբերությամբ, թերթի տպարան գնալուն չէի հասցնելու:

Եվրոպական քաղաքականության առօրյա բառարանից օգտվեմ. սիրում են ասելՙ Եվրոպան տարբեր արագությունների երկրների միասնություն է, ներսումս մի գոռոզ միտք օդ հավաքեցՙ մերոնք բրյուսելյան պայմանագիրը կնքելուց հետո ժամային գոտիներով չմերձեցած, լրատվության մեջ, աչքից հեռու, ուրիշ արագություն են ձեռք բերել: Բայց մասնագիտական իմ ուրախության համերաշխությունը հաշտ չէր սպառողի իմ շահին: Կարգին տակնուվրա էիՙ թանկացնում են ու գերմանացի սպառողից թաքցնու՞մ: Ամեն լուսաբացին զարթուցիչ դարձած գերմանական ռադիոն, ոչ էլ հեռուստատեսությունը, որ աշխատանքային լրացուցիչ գործիքներս են, դրա մասին, տես է, դավադիր համաձայնությամբ չեն էլ ծանուցում, ոչ էլ առցանց լրատվամիջոցներն են ազդարարում, իսկ հայրենի երկրիս արագ մունետիկը բացահայտում է:

Նույն օրը երեկոյան մի քանի սուպերմարկետ գնացի: Աննախադեպ թանկացում անշուշտ չկար, թանկացում էլ չկար. տրամաբանակա՞ն է Գերմանիայի նման երկրի համար իրենց ամենագլխավոր, տոների տոնիՙ Ծննդյան նախօրեին թանկացնել հավկիթը, կարագը, ալյուրն ու շաքարավազը, երբ տոնական շաբաթներին ընդառաջ մեծ ու փոքր շարունակում են ազգային ավանդույթըՙ թխելը: Նա, ով այս շրջանում հյուր է եղել Գերմանիայում, ծանոթ է գերմանական կենցաղին, կարող է վկայել, որ այսքան տարատեսակ, անուշաբույր խմորեղեններ տարվա ոչ մի տոն չունի: Ծննդյան գիշերվան սպասելուն նախորդող Ադվենտի կամ հայերեն ասածՙ Հիսնակի 4 շաբաթներին անպայման խոհանոցի փուռը բուրում է, փոքրիկ թխվածքաբլիթների առատության մեջ նաեւ Հիսուսի բարուրն են թխում, ու նվիրում, բաշխում, բաժանում: Ճիշտ է, սեպտեմբերյան ընտրություններից հետո Գերմանիան կառավարություն դեռ չի կարողանում ձեւավորել, եւ ում հարցնես, կդժգոհիՙ առավել շեշտելով, թե Եվրոպայում իրենց դերակատարման ուժն է պակասում, բայցՙ ներողամտության շրջան էՙ Ծննդյան գալիք տոնը սեր սփռելու, ընտանեկան ջերմությունը վերագնահատելու, արժեքները վերադասակարգելու լավագույն առիթն է: Մի խոստովանություն անեմՙ Գերմանիայում հասկացա, որ առեւտրականները խելացի մարդիկ են: Առեւտրային շահն է պահանջում, որ սպառողի հոգեբանությունը շատ լավ ուսումնասիրեն, ինչը վարպետորեն արվում է այս երկրում, եւ գները տոնական օրերի նախօրյակին ոչ թե բարձրանում, այլ նույնիսկՙ իջնում են: Հավկիթի չեղչ չեմ տեսել դեռ, բայց կարագի գինն արդեն շաբաթներ առաջ լավ էլ գնանկում է արձանագրել. ամենասովորական գերմանական կարագի 250 գրամը սուպերմարկետում 1,59 եվրո է, նախկին 1, 99- ի փոխարեն:

Իսկ հավկիթը կամ ձուն թանկանալու է, ինչպես օրեր առաջ հաղորդեցին գերմանացի իմ գործընկերները, բայցՙ հունվարից հետո, երկար- բարակ պատճառաբանություն կա անշուշտ այդ թանկացման լրատվական ձեւակերպման կարճ պարբերություններում, բայց դրան, եթե հարկ լինի , կանդրադառնանք ավելի ուշ: Հանրայինի մեր գործընկերները կամ ավելի ճիշտ նրանց այդ լուրը տրամադրող նախարարությունը, գործակալությունը, լավ էլ կարդարանանՙ հենց սա էինք ասում, պարզապես մի քանի շաբաթ առաջ էինք ընկելՙ նոր արագությունների երկիր ենք:

Ամանորին, Ծննդյան տոներին ընդառաջ շատ կուզենայի, որ գոնե Հանրայինի լրատվական խմբագրությունների մեր գործընկերները յուրաքանչյուր լուր ստուգեն, նոր հաղորդեն: Արագությունների, տեղեկատվական գերձայնային մեր դարում նրանք, սահմանափակ աշխատակազմ ունենալով, ամեն տեղ չեն կարող հասնել, բնական է: Անբնական է սակայն, որ չեն սովորում կիրառել այլոցՙ մանավանդ Գերմանիայի փորձը: Իրենց եթերը գունեղ, հարուստ դարձնելՙ այլ խմբագրությունների աշխատակիցների ուժերն օգտագործելովՙ հաղորդելով ստույգ, ճշգրիտ տեղեկատվությունՙ չմոլորեցնելով իրենց տիրոջն ու ծառայինՙ հայաստանյան հանրությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 22-12-2017

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ