RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ: Մայիսի 28-ի տոնի առիթով արձակուրդի մեջ գտնվելու պատճառով «Տիգրան Մեծ» տպագրատունը հինգշաբթի օրը չաշխատեց։ Հետեւաբար թերթի հերթական համարը բացառաբար լույս կտեսնի շաբաթ առավոտյան։ Ընթերցողներին սպասում է բովանդակալից համար, որտեղ հաճելի ընթերցանության համար իրենց նյութերը կառաջարկեն Երվանդ Ազատյանը, Անահիտ Հովսեփյանը, Նաիր Յանը, Արեւիկ Քեշիշյանը, Հակոբ Ծուլիկյանը, Արծվի Բախչինյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, Մանուկ Արամյանը, Ռաֆիկ Հովհաննիսյանը, Հակոբ Միքայելյանը, Գեւորգ Գյուլումյանը, Հակոբ Ավետիքյանը եւ ուրիշներ՝ գլխավորությամբ Սուքիաս Թորոսյան-Toto-ի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 22-12-2017



Ճանաչենք մեր հայրենակիցներին

Տեղադրվել է` 2017-12-21 22:59:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 6396, Տպվել է` 358, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՈԴԻՍԱԿԱՆ

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, The Insider-AGBU

Ռայմոնդ Էլյինի որոնումներըՙ բացահայտելու արեւային համակարգի գաղտնիքները

Մարդկային հնարագիտության զարմանալի երեւույթներից է ամուր կառչած լինելով երկրին, մտավոր թռիչքներով խոյանալ վերեւՙ բացահայտելու արեւային համակարգի գաղտնիքները: Փասադենայի «Կալտեկում տեղակայված (Կալիֆոռնիա) ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժիչների լաբորատորիայի աշխատակից, օդային տարածության առաջատար ճարտարագետ Ռայմոնդ Էլյինն (Raymond Ellyin) իր կյանքը նվիրել է տիեզերքի անօդաչու սարքերի ուսումնասիրության գործին: Ռոբոտավար սարքերի գլխավոր կենտրոնը կառուցել է եւ այժմ բանեցնում է 19 տիեզերանավեր եւ 10 տիեզերական սարքավորումներ, որոնք կատարում են միջմոլորակային եւ երկիր-տիեզերք հետազոտական առաքելություններ:

Էլյինը ՆԱՍԱ-ի Mars Science Laboratory-ի (որն առավել ճանաչված է որպես «Curiosity Rover» կամ «Հետաքրքրասեր թափառաշրջիկը») կառուցման աշխատանքային խմբի մաս է կազմել: Այդ բարդ եւ նուրբ մանեւրելու հնարավորություն ունեցող սարքը 2012-ին հաջողությամբ վայրէջք կատարեց Մարսի վրա: «Երբեք չեմ մոռանա սենյակում բռնկված ոգեւորությունը: Այնչափ հպարտ էինք զգում մեր տարիների աշխատանքի արդյունքը տեսնելով», հիշում է Ռայմոնդը, որն արժանացել է ՆԱՍԱ-ի «Ձեռքբերումների մրցանակին»: Ներկայիս իր թիմի անդամների հետ նա մշակում է միաժամանակ երեք խիզախ թիռչքային ծրագրեր, որոնցից յուրաքանչյուրը մանրակրկիտ նախապատրաստական աշխատանք է պահանջում: Դրանցից մեկը նախատեսում է Երկրից 390 միլիոն մղոն հեռավորության վրա գտնվող, Յուպիտերի (Լուսնթագ) շուրջը պտտվող «սառցե լուսնի» կամ «Եվրոպա»-ի վրա ռոբոտավար տիեզերանավ ուղարկել: Ենթադրվում է, որ հսկայական քանակությամբ ջուր կա այնտեղ, հետեւաբար եւ արտաերկրային կյանք:

Որպես «Մոլորակային պաշտպանության համակարգերի» մենեջեր, Էլյինի պարտականությունն է նաեւ հետեւել, որ ուղարկված սարքերն իրենց առաքելությունը կատարելու ընթացքում չվնասեն հետազոտվող տարածքը, ռադիոակտիվ նյութերով չթունավորեն մթնոլորտը:

Էլյինը իրանահայ է: Մ. Նահանգներ է տեղափոխվել 1980-ականներին: Հայրըՙ Վիկտորը հրաշալի ծրագրավորող եւ հմուտ մաթեմատիկոս է, իսկ մայրըՙ Հրաչուհինՙ կենսաբան: «Նրանք միշտ խրախուսել են ինձ եւ օգնել մրցունակ անձնավորություն դառնալ: Հաջողությունը ինքնաբերաբար չի տրվում մարդկանց: Դու պետք է ջանասիրաբար աշխատես հաջողության հասնելու համար: Դժվարություններ ունեցել եմ, բայց գիտակցել եմ, որ ձախողումները մշտական բնույթ չեն կարող կրել: Հաստատակամությունն ու համառորեն աշխատանքը շարունակելը ի վերջո իրենց դրական արդյունքը տալիս են: Քեզ տրված հնարավորություններից չօգտվելը ներելի չէ», նշում է նա, ՀԲԸՄիության «The Insider» պարբերականին տված հարցազրույցում եւ ավելացնում, որ շաբաթը երեք անգամ գնում է ՀԲԸՄ-ի Կալիֆոռնիայի Մանուկյան-Տեմիրճյան դպրոցը, որտեղ բարձրագույն ֆիզիկա է դասավանդում երիտասարդ հայորդիներին: Նա այնտեղ է ստացել իր հայեցի կրթությունը եւ երախտագիտությամբ է հիշում իր դասատու Գեւորգ Հակոբյանին, ով գիտության աշխարհի հրաշալիքներին է ծանոթացրել իրեն:

«Ուրախ եմ, որ իմ գիտելիքները հաջորդ սերունդին փոխանցելու առիթ է ստեղծվել: Մենք պարտավոր ենք գիտելիքներով ավելի զինված ներկայանալ աշխարհին, որպեսզի կարողանանք ազդեցիկ լինել», համոզված է նա: Դոկտորականը պաշտպանել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանում (UCLA): Նրա եզակի կարողությունները մեծապես գնահատված են ոչ միայն ՆԱՍԱ-ում, այլեւ Պենտագոնի եւ առեւտրային հանրահայտ ընկերությունների (Շեվրոն, Կրայզլեր, եւայլն) կողմից:

«Հայ լինելը պարտավորեցնում է ինձ, ստիպում լարել իմ ուժերը եւ լավագույնս դրսեւորել ինձ: Բավական չէ ասել, որ հպարտ ես հայ լինելու համար: Կարեւորը ինքդ քեզ հարցնելն է, թե ինչո՞ւ ես հպարտ, այսինքն ի՞նչ ես արել մասնավորապես Հայ դատի եւ ընդհանրապես մարդկության համար, որ հպարտ լինելու իրավունք է տալիս քեզ», հորդորում է նա իր ուսանողներին, խորհուրդ տալով երբեք սպիտակ դրոշ չպարզել եւ չհանձնվել, այլ սխալներից դասեր քաղել եւ առաջ շարժվել նույն սխալը չկրկնելու վճռակամությամբ: Նա նաեւ հորդորում է ուսանողներին երախտամոռ չլինել, այլ որոշակի տեղ հասնելուց հետո հասարակությանը վերադարձնել այնքան, որքան ներում են իրենց հնարավորությունները:

Նկար 2. «Մարս 2020 ռովերը» որի վրա աշխատում է Ռայմոնդի թիմը

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 22-12-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ