RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 16-02-2018



ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Տեղադրվել է` 2018-02-15 23:27:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 3919, Տպվել է` 538, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ՇԱՐԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ ԳՐԵԹԵ ՄՈՌԱՑՎԱԾ Է»

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ղարաբաղյան շարժումը 30 տարեկան է

Սկիզբը` նախորդ համարում եւ վերջ

- Այնուամենայնիվ` գանք մեր օրեր, ասենք` նախագահի թեկնածու առաջադրելու կերպին: Ընտրությունների ինստիտուտ ունենք, խորհրդարանական կառավարման համակարգ ենք որդեգրել, բայց, միեւնույն է, մի նեղ շրջանակ մեկ էլ անսպասելի բերում է մի մարդու (անկախ նրանից, որ Արմեն Սարգսյանն, իրոք, դրական կերպար է), նույն կերպ մի քսան տարի առաջ Ռոբերտ Քոչարյանին էին բերում, իսկ ընտրական համակարգերը մնում են գեղեցիկ դիզայն միայն, չաշխատող ձեւավորում: Ընդ որում` դա բոլոր ներկայացուցչական մակարդակներում է էդպես, երբ թղթերի վրա գրված սիրուն կանոններից եւ ներկայացուցչական անվանվող գեղեցիկ փաթեթավորումից անկախ, ամեն ինչ որոշվում է նեղ շրջանակի միջոցով, անգամ իբր անկախ կառույց ժուռնալիստների միությունում վերեւից են մարդ նշանակում եւ իբր ընտրության տեսք հաղորդում կատարվողին: Այսինքն` չնայած խորհրդարանական կարգ ասվածին, որն իբր հանրության ավելի լայն մասնակցություն է ենթադրում գործընթացներին, էլի մեկ-երկու մարդու նեղ շրջանակն է անսպասելի կերպով ու փաստացի անձեր նշանակում այս կամ այն պաշտոնին:

- Երկու տարբեր հարց եք բարձրացնում` իրար միահյուսած: Առաջինը ընտրությունների գաղափարը Հայաստանում աշխատում է, թե՞ ոչ: Ասացի` 1996 եւ դրան նախորդած թվերին այնպիսի հարվածներ ստացավ ընտրությունների գաղափարը, որ մինչեւ հիմա ուշքի չի գալիս: Եւ դա շարունակություն ունեցավ: Չնայած` պետք է ասեմ, որ այս ընտրություններին երեկ բլոկից երկուսը մաքրվեցին: Քվեատուփերի մեջ լրացուցիչ քվեաթերթիկ գցելը ոնց որ թե այս անգամ չկար, ձայները հաշվելու գործընթացը, որ առաջ կեղծիքների բուն էր, դա էլ էր մաքուր, բայց մնացել էր փող բաժանելը: Այս վերջինի առումով պետք է ջանալ, որ ապագայում անպայման փոխվի ընտրությունների ռեյտինգային բաղադրիչը, որ դա էլ վերանա: Ինչ վերաբերում է նշանակումներին` աշխարհի բոլոր երկրներում այն կուսակցույունը, որը հաղթում է (մի կողմ թողնենք, թե ոնց է հաղթում), պառլամենտում ունենում է մեծամասնություն, նշանակում է վարչապետ, եւ եթե պառլամենտն է ընտրում երկրի նախագահին խորհրդարանական հանրապետություններում , իշխող կուսակցությունն այդտեղ նույնպես ունենում է առավելություններ: Իսկ եթե մի կուսակցություն առավելություն ունի` դա օգտագործում է:

- Բայց կուսակցության ներսում թեկնածուի մասին մինչեւ վերջ էլ չգիտեին, անգամ մամուլի արտահոսքերից էին իմացել` մինչեւ պաշտոնապես նրա մասին քննարկումներ սկսելը..

- Սեւ արկղը, թե Հանրապետական կուսակցության ներսում որոշումները ոնց են ընդունվում` մեր գործը չի: Իրենց կուսակցությունն է` մեծամասնություն է, իրենք են որոշում: Բա ոնց լիներ: Կարող էր օրենք լինել, որ նախագահին ընտրում է ոչ թե պառլամենտը, այլ խորհրդարան` գումարած մի ինչ-որ մարմին: Տարբեր մոդելներ կան: Մեր դեպքում էլ հիմա նախագահի ընտրության ժամանակ քվեարկության մեծ շեմ է պետք, որը առաջարկող մեծամասնությունը միայնակ չի կարող ապահովել: Խորհրդարանական հանրապետությունը ինձ համար միշտ ընդունելի մոդել է եղել: Երբ ես վարչապետ էի, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը Գերագույն խորհրդի նախագահ` մենք խորհրդարանական հանրապետություն էինք, բայց կառավարման համակարգի մեջ թերություններ կային, որ հանգեցնում էին իմ ու Տեր-Պետրոսյանի միջեւ հակասությունների` եւ ուրեմն պետք էր ընտրել` կա՛մ նախագահականի, կա՛մ խորհրդարանական համակարգի պետք էր անցնել: Այն ժամանակ ժամանակավորապես նախագահական համակարգի անցանք, որ անցումն ապահովենք: Բայց խորհրդարանական կարգը համապատասխանում է իմ ունեցած պատկերացումներին երկրի կառավարման առումով, դե հիմա ա՛յդ է գործելու:

Մի խոսքով` նախագահի թեկնածությունն առաջադրված է, ճանաչում եմ նրան, թեեւ շատ մտերիմ չեմ, դրական եմ տեսնում, բայց ինչ կլինի հետո` դա կյանքը ցույց կտա:

- Վարչապետի թեկնածու, միաժամանակ, մեծամասնությունը կարծես տեսնում է Սերժ Սարգսյանին...

- Մեծամասնությունը դեռ ոչ մի բան չի ասել: Ինչի մենք ենթադրություններ անենք, մնացել է մի ամիս` կիմանանք, ինչ մի պրոբլեմ է, որ սարքել եք անընդհատՙ Կիկոսի պատմությունը: Հայերով անընդհատ ենթադրություններ ենք անում, հետո քննարկում:

- Սակայն ի՞նչ իմաստ ունի պահել ինտրիգը, երբ խորհրդարանական կարգով իշխող մեծամասնությունը հենց սկզբնապես պետք է չթաքցնի իր վարչապետացուին:

- Ես կարծում եմ` բնական է ինտրիգը պահելը, օրենքին էլ չի հակասում: Վերջիվերջո պիտի ամեն ինչին մոտենանք ոչ թե գեղական ձեւով, այլ օրենքներով: Ուզում ենք, չէ՞, որ օրենքները կատարվեն, հենց օրենքը կատարում են` սկսում ենք քննադատել: Պրագմատիկ տեսանկյունից կառավարման աշխատանքների վրա ուժեղ կազդեր, եթե շատ շուտ որոշվեր, որ վարչապետը չի մնում: Բայց մեր պրոբլեմները դրանք չեն ախր:

- Դե գանք պրոբլեմներին...

- Առաջինը` երկրի ներսում խարխլված վստահությունն ապագայի նկատմամբ: Վերջիվերջո մենք պետք է խոսենք պաշտպանության, տնտեսության, կրթության եւ գիտության զարգացման մասին: Դա հնարավոր է այն երկրում լուծել, որտեղ մարդիկ հանդարտ են, երկրում հավասարակշռված վիճակ է, եւ վստահություն կա ապագայի նկատմամբ: Դա խարխլվել է: Դա 1996 թվի նախագահական ընտրությունների՞ն է խարխլվել, հինգ տարի առա՞ջ է խարխլվել, տասն տարի առա՞ջ է խարխլվել` չգիտեմ, բայց դա զգացվում է: Թերություն է վստահության պակասը երկրի ներսում: Միգուցե նոր նախագահի միջոցով հնարավոր կլինի վստահությունն ավելի մեծացնել` համենայնդեպս իր ֆունկցիան պիտի լինի հենց դա` վստահությունը հնարավորինս մեծացնելը: Կարեւորագույն հարցերը, որ պետք է լուծել, իհարկե, կրթությունը, գիտության, տնտեսության զարգացումն է, հատկապես գյուղատնտեսության` ոչ թե որպես ապրանք արտադրելու տեսանկյունից, այլ նաեւ գյուղերը պահելու` որպես մեր անվտանգության բաղադրիչ: Ես հատուկ չեմ խոսում անվտանգության եւ Ղարաբաղի հարցի մասին, որովհետեւ այդ հարցում բոլորը մոտավորապես նույն մոտեցումով են ջանում:

Շատ մեծ նշանակություն ունի համաշխարհային համահայկական կառույցների ստեղծումը, որովհետեւ հայերի մեծ մասը գտնվում է դրսում: Մի նոր ժամանակաշրջան է սկսվել, որը հնարավորություն է տալիս, որ սփռված ժողովուրդները, դա միայն հայերին չի վերաբերում, միասնական մասնակցեն երկրի ամրապնդման, ազգային մրցակցության մեջ եւ բազմաթիվ այլ հարցերում: Այս ուղղությամբ պետք է լուրջ աշխատել, այս կարգի խնդիրները պետք է լուծել:

Երկրի ներսում անելիքի առումով` մենք միշտ խոսում ենք արդարության մասին, ու ժողովուրդը, բնական է, արդարության է սպասում: Բայց ինձ ավելի հուզում է օրինականությունը: Արդարության հիմքի վրա պիտի ընդունվեն օրենքներ, հետո այդ օրենքները պիտի կատարվեն: Օրենքների կատարումն ավելի եմ կարեւորում, քան թե աբստրակտ խոսակցություններն արդարության մասին: Ես չէի ասի, որ բոլոր օրենքները կատարվում են, բայց, այնուամենայնիվ, այդ տեսակետից ես տեսնում եմ փոփոխություն` օրենքները կատարելու ուղղությամբ: Մենք, ինչպես մոռանում ենք շարժումը, այնպես էլ մեկ-մեկ մոռանում ենք, թե ինչ «բեզպրեդելներով» ենք անցել կառավարման համակարգերում, երբ ամեն մեկն ինչ ուզեր` կարող էր անել առանց օրենքների հետ հաշվի նստելու: Հիմա օրենքներն ավելի շատ ու հստակորեն են կատարվում` մի քանի պատճառով. նախ ժողովուրդն է հասունացել եւ մտածում է օրենքի կատեգորիաներով, մանավանդ երիտասարդություն ունենք, որն աշխարհի հետ առնչվում է: Երկրորդ` որքան մենք խորանում ենք արեւմուտքի, Եվրոմիության հետ մեր համագործակցության մեջ` այնքան իրենց մոդելներն ազդեցություն են ունենում, եւ օրենքների կատարման վերահսկողությունը մեծանում է, ու դա շատ օգտակար է մեզ համար: Երրորդն էլ` կախված է անձերից, ովքեր իշխանության մեջ են:

- Գոհ եք, հա՞, նշանակումներից, պրոֆեսիոնալ կադրերի ընտրությունից կամ ներուժի օգտագործման մակարդակից:

- Գիտեք ինչ` ես տեսնում էի մարդկանց, որոնցից որ պետք էր ազատվել: Ես տեսնում եմ, որ այդ մարդիկ կամաց-կամաց համակարգից դուրս են գալիս: Ինչ վերաբերում է մյուս կադրերին` ամեն մարդ իր կարծիքն ունի: Երկրում որ մարդկանց հարցնեք, թե նախարարներին արժե՞ փոխել-ուրիշներին նշանակել, կասեն` այո, ու կսկսեն թեկանծություններ առաջադրել: Օրենքով առաջադրողը Հանրապետական կուսակցությունն է. մի բան կարող եմ ասել, որ տարեցտարի ավելի կիրթ, զարգացած մարդկանց թիվը կառավարությունում մեծանում է:

- Իսկ ինչո՞ւ է կրթված մարդկանց մեծ թիվ արտագաղթողների մեջ:

- Արտագաղթի մեջ գլխավոր գործոնը սոցիալական հարցն է` չեն կարողանում դիմանալ-գնում են, դա արդարացված է: Մի հատվածի մեջ կորած է վստահությունն ապագայի նկատմամբ, ու դա էլ բերում է նրան, որ երկիրը նրանց համար հայրենիք չի լինում: Մի մասն էլ ուղղակի իրենց երեխաներին բանակից փախցնելու համար է գնում, մի ուրիշ մաս Հայաստանում թալանում է, հետո այդ գումարներով փախչում-գնում: Հայրենասիրության պակասը Հայաստանում շատ մեծ է: Փողոցում նայեք` խանութների վրա ինչ լեզվով է գրած: Աշխարհի բոլոր երկրներում իրենց լեզվով գրում են, գումարած ասենք` անգլերեն: Մեր մոտ նույնիսկ դա է խախտված: Այսինքն միայն իշխանությունների մեղքը չի: Հասարակությունն ինքը առողջ վիճակում չի: Մի հատ հետազոտություն արեք` գնացեք Լոս Անջելես տեսեք` երջանի՞կ են գնացածները, թե ոչ:

Ես ունեմ երեք աղջիկ, երեքն էլ ամուսնացած են, երեքի ֆինանսատնտեսական վիճակն էլ բավականին ծանր է, բայց մեր ընտանիքում երբեք միտք չի առաջացել, որ երեխաներից մեկնումեկը թողնի-գնա արտերկիր: Այնքան են կապված այս հողի-ջրի հետ, որ նույնիսկ ծանր վիճակում, երբ փող չի լինում, այդպիսի միտք չի առաջանում:

- Գնացողների զգալի մասի մոտ, մի կասկածեք, հայրենիքի զգացողությունը բացակա չէ:

- Հայրենասիրության տարբեր դրսեւորումներ կան` մի մասի մոտ բաժակաճառի հայրենասիրություն, կան այնպիսիք, որ դրսում իրենց գործով են զբաղված, բայց պատերազմ որ լինում է` գալիս-մասնակցում են, եւ այլն: Նայեք` Իսպանիայում կամ Հունաստանում` շատ ծանր տնտեսական պայմաններ են, երիտասարդների երեսուն-հիսուն տոկոսն աշխատանք չունի` թողնում- գնում ե՞ն: Հա, մի հինգ տոկոս գնում են, բայց ոչ երեսուն-հիսուն տոկոսը: Ես գտնում եմ, որ եթե հասարակությունը ամեն ինչը գցի իշխանության վրա (երբեմն` արդարացիորեն), ապա ոչ մի հարցի լուծման չի հասնի: Մտավորականությամբ, լրագրողներով, ողջ հասարակությամբ պիտի զբաղվել, պիտի ասել` իշխանությունն այս ու այսպես է անում, բայց պետք է անել այսպես: Գնացողների կեսի շարժառիթները գտնում եմ ոչ արդարացված:

- Ղարաբաղյան հարցն այս պահին կարծես նոր հանգրվանում է` նոր նրբերանգներ են հայտնվել գործընթացում: Եթե հետ նայենք` ինչն ենք ճիշտ արել, ինչը` ոչ այնքան այս երեսուն տարում մի հարցում, որի համար դուք պայքարի ելաք:

- Աշխարհում իրավիճակն անընդհատ փոխվում է: Կա մի սպառնալիք` դա կա եւ հիմա, եւ կար հինգ տարի առաջ, եւ ավելի վաղ, որ Ադրբեջանը պատերազմ սկսի: Այդ սպառնալիքը երբեք չի անհետանում, որովհետեւ քաղաքական բանակցությունների միջոցով այդ երկիրը չի կարող հասնել իր նպատակին` Արցախը վերադարձնելու Ադրբեջանի կազմի մեջ, դա բացառվում է: Դա չի կարող լինել, ոչ Նահանգների, ոչ Ռուսաստանի եւ ոչ էլ մի այլ երկրի ճնշումով: Նույնիսկ եթե Հայաստանի Հանրապետությունն էլ ուզենա` Արցախը չի մտնի Ադրբեջանի կազմի մեջ: Քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը հենց դա է ուզում, իրեն մնում է պատերազմը: Այնպես որ` մենք մշտապես կանգնած ենք պատերազմի սպառնալիքի շեմին: Հայաստանի իշխանությունների առաքելությունն այն պիտի լինի, որ անընդհատ հետաձգեն, մաշեցնեն այդ վիճակը:

- Ալիեւի արտահերթ առաջադրումը միգուցե կապ ունի խնդրի հետ` Ադրբեջանից հայտարարություն հնչեց, թե ղարաբաղյան բանակցությունները կշարունակվեն Հայաստանի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի ընտրությունից հետո:

- Դժվարանում եմ մեկնաբանել` ինչո՞ւ է ուզում շուտ առաջադրվել Ալիեւը, միգուցե ժամանակ է շահում, միգուցե կապված էլ լինի Արցախի հարցի հետ, ամեն ինչ էլ փոխկապակցված է: Արցախի հարցում մեծ նորություններ հիմա չկան, կան նորություններ համաշխարհային քաղաքականության մեջ, որոնք այսպես, թե այնպես ազդեցություն ունեն Արցախի հարցի վրա, բայց առաջիկայում փոփոխություն հարցի մեջ ես չեմ տեսնում:

- Ո՞ր շեշտադրումով պետք է ամփոփենք մեր զրույցը:

- Ես մեր ժողովրդին կցանկանամ, որ լինի մի քիչ վճռականՙ լինի իր կարիքներն իշխանությունների առաջ ներկայացնելիս, երկրին այնքան նվիրված լինի, որ նույնիսկ ծանր պայմաններում չթողնի-հեռանա եւ հավատա, որ այս երկիրը հնարավոր է դարձնել զարգացած, բարգավաճող:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 16-02-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ