RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 16-02-2018



Տեղադրվել է` 2018-02-15 23:27:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 3870, Տպվել է` 529, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԶ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ, ԵՎ ԴԱ ԼԱՎ Է

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Փետրվարի 8-ից Հանրապետության ողջ տարածքում կիրառվում են նաեւ շարժական արագաչափեր: Ինչպես բացատրել է ոստիկանությունը, եթե տեղադրված արագաչափերի տեղն արդեն գիտեին վարորդները ու դրանց մոտենալիսՙ դանդաղեցնում էին երթեւեկությունը, ապա հիմա, երբ ճանապարհներին հայտնվել են շարժականները, դրանց տեղը որեւէ մեկը չգիտի, ինչը նշանակում է, որ վարորդները պետք է չգերազանցեն արագությունը, անգամ եթե արագաչափ չկա տեղանքում:

Այս հարցի շուրջ շատ վարորդների անհանգստությունն ու բողոքը տեղին է այն մասով, որ պետավտոտեսչությունը իր հնարավորություններով ու սարքերով պետք է ոչ թե հայտնաբերի ու պատժի կարգազանց վարորդներին, այլ պետք է կանխարգելի հնարավոր խախտումները, մինչդեռ, ըստ շատ վարորդների, շարժական արագաչափերով ոստիկանությունը նպատակ ունի միայն պատժելու մեխանիզմը կատարելագործել: Մի՞թե, լավ պատկերացրեք. դուք ձեր մեքենայով գնում եք Երեւանից Իջեւանՙ խոզի միս ուտելու: Բնականաբար մի քիչ շտապում եք: Բայց հիշելով, որ ճանապարհի ամեն մի հատվածում ձեզ կարող է նկարահանել արագաչափ սարքը, որը դուք չես տեսնում, ստիպված զսպում եք ե՛ւ մեքենայի արագությունը, ե՛ւ ձեր ախորժակը: Ստացվում է, որ շարժական արագաչափերը եւս խախտումները կանխում են եւ ուրեմն ո՞րն է դրանցից բողոքելու իմաստը: Ավելի լավ չէ՞ ուղղակի մեքենան վարել սահմանված արագությամբ: Տպավորությունն այնպիսին է, որ մեր վարորդներից ոմանք ճանապարհներին տեղ են ման գալիս, որ խախտում անեն, ու քանի որ նրանց այլեւս չեն ասում, թե որտե՞ղ է արագաչափը (բացի տեղադրվածներից), նրանք բողոքում են խախտում անելու իրենց իրավունքը ոտնահարված համարելով:

Բայց այս պատմությունը մի աբսուրդ էլ ունի: Հանկարծ ու պարզվի, որ ոչ մի շարժական արագաչափ էլ չկա: Ոստիկանությունը դա հորինել է, որպեսզի վարորդներն ամենուր պահպանեն զգոնությունը, չգերազանցեն արագությունըՙ կարծելով, որ կարող են նկարվել ու տուգանվել: Դե մոտավորապես այն տրամաբանությամբ, երբ ծնողները երեխաներին մանկապարտեզ են տանում ու ասում, որ հեռադիտակով նայելու են, թե արդյոք խելո՞ք են պահելու իրենց: Եթե նույնիսկ այսպես է, ապա միեւնույն էՙ ոստիկանության այս նորարարության մեջ որեւէ հակաօրինակ, հակասահմանադրական բան չկա, հակառակ պարագայում, երբ Քրիստոսը երկրորդ անգամ գա Երկիր, ու մինչ սկսի Մեծ դատաստանը, մենք պետք է նախ դատենք նրան ու Հորըՙ նրանց մեղադրելով մեզ գաղտնի հետեւելու համար: Բայց քանի որ մեր ոստիկանությունը հազիվ թե նման բան մտածած լինի, կնշանակի ճանապարհներին իրոք կան շարժական արագաչափեր, որոնցից պետք չէ զգուշանալ, պետք է պարզապես չշտապել, անգամ Իջեւան, նույնիսկ խոզի միս ուտելու: Ի դեպ, բացի սրանից էլ ինչո՞ւ ենք շտապում, գնում ենք Իլհամ Ալիեւի ակա՞նջը կտրենք, քանի դեռ ոչ մեկը չի կտրել, թե՞ մեր երկրի տնտեսությունն ենք մեր Մերսեդեսներով առաջ տանում, ո՞ւր ենք շտապում, մանավանդ որ երբ մեզ հարցնում ենՙ ինչպե՞ս եք, սովորաբար պատասխանում ենքՙ կամաց-կամաց:

Հենց կամաց-կամաց էլ կսովորենք արագությունը չգերազանցել, հետո ուրիշ բաներ կսովորենք, ապա կսովորենք արագ-արագ սովորելՙ քշել չէ, ապրե՛լ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 16-02-2018

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ