RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 16-02-2018



ԸՆԴԳԾՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2018-02-15 23:27:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 2291, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԵՐՏՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ

Մեր օրերում, երբ գնալով թափ են հավաքում խոսակցությունները եւ հրապարակվում են նախատեսվող տարաբնույթ միջոցառումների մասին մեծաքանակ ծրագրեր, բնականաբար իմ` պատմաբանիս դեպքում եւս անարձագանք չէին կարող մնալ խիստ կարեւոր ու հայերիս համար դարակազմիկ այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Հայաստանի անկախության վերակերտման, Մայիսյան հերոսամարտերի, Հայոց բանակի վերածնունդի ու դրանց ածանցյալ այլ իրողությունների 100-ամյա պանծալի հոբելյանները եւ Ղարաբաղ-Արցախյան շարժման 30-ամյա տարեդարձը:

Ահավասիկ, այսօրվանից սկսած կարճ եւ հնարավորիս մատչելի լեզվով կփորձեմ ներկայացնել մի շարք պատմական իրադարձություններ, որոնց մասին կա՛մ չի խոսվել, կա՛մ շատ քիչ է խոսվել: Իսկ խոսելու դեպքում էլ ավելի հաճախ հնչել են կողմնակալ եւ իրականությանը չհամապատասխանող որակումներ: Հետեւաբար շատ հարցեր մնացել են անպատասխան կամ ներկայացվել են ծուռ հայելու մեջ: Ուստի, օգտվելով մեր օրերում ընձեռնված ազատ արտահայտվելու եւ անաչառ դիրքերից պատմական իրողությունները ներկայացնելու հնարավորությունից, կփորձեմ ներկայացնել առավելապես «չշոշափված» թեմաներ: Այդպիսի հիմնախնդիրներից է կուսակցությունների` մասնավորապես, ժողովրդավարական (դեմոկրատական, ռամկավար) գաղափարական դաշտում եղածների գործունեությունը անկախության տարիներին եւ նրանց առնչությունները պետական կառույցների ու ժողովրդի հետ: Հայաստանի Առաջին Հանրապետության (այսուհետեւ` ՀԱՀ) ամբողջական պատմության ուսումնասիրությունը պատմաճանաչողական եւ գիտագործնական տեսակետից անչափ կարեւոր է: Իսկ հայոց պետականության կերտման ու կայացման գործում էական ներդրում ունեցած կուսակցությունների գործունեության, հարուստ ու հակասական պատմական անցյալի եւ կուտակած փորձի պատմական դասերն ու գիտական ընդհանրացումներն անհրաժեշտ են ու արդիական:

Հայաստանի առաջին հանրապետությունում կուսակցությունների գոյությունն ու գործունեությունը սերտորեն կապված էին պետական իշխանության քաղաքական համակարգի հետ: Այդ պատճառով էլ որեւէ կուսակցության գործունեությունը գնահատելիս ելակետ ենք ունեցել անկախ տվյալ պահին երկրում կառավարող քաղաքական ուժի նկատմամբ նրա վերաբերմունքից` պետականության գաղափարի պաշտպանության գործին նրա նվիրվածությունը:

Նախ` ներկայացնենք անչափ կարեւոր մի հանգամանք. հայ քաղաքական կուսակցությունների պատմությունը մեր կարծիքով ունեցել է մի քանի կարեւոր հանգրվաններ`

ա) դրանց ձեւավորման, կայացման եւ ազգային-ազատագրական պայքարին մասնակցության շրջան` 1885-1918 թթ.,

բ) հայոց պետականության վերակերտման ու կայացման, ՀԱՀ-ի քաղաքական կյանքին մասնակցության շրջան` 1918-1920 թթ.,

գ) սփյուռքյան շրջան` 1920-1990 թթ.,

դ) Հայաստանի Երրորդ Հանրապետության կամ արդի շրջան` 1991-ից հետո:

Հայրենի պատմագիտության մեջ գրեթե նույն պատկերն ունի նաեւ կուսակցությունների պատմության ուսումնասիրության գործընթացը: Այսպես`

ա) որոշ տեղաշարժեր այդ բնագավառում արձանագրվեցին դեռեւս մինչեւ ՀԱՀ-ի ստեղծմանը նախորդող, գոյության շրջանում եւ 1920-1930-ական թթ. սկզբներին:

բ) հաստատված խորհրդային համակարգն ու կոմունիստական մենատիրությունն ամբողջովին արգելեցին այդ գործընթացը` միակ բացառություն ապահովելով Կոմկուսի համար: Այս շրջանում պատմաքաղաքական իրողությունները սոցիալ-տնտեսական եւ դասակարգային պայքարի դիրքերից մեկնաբանող խորհրդային պատմագիտությունը բացառելով կուսակցությունների ապադասակարգային լինելու հնարավորությունը` «բացահայտում էր» դրանց այս կամ այն դասակարգին անխտիր պատկանելու եւ դրա շահերի նվիրյալ պաշտպանը լինելու հանգամանքը: Այնինչ, գոնե հայ իրականության մեջ, անկախ ծրագրային սեթեւեթանքներից ու տվյալ պատմական ժամանակաշրջանում մոդա դարձած տեսություններին տուրք տալուց, կուսակցությունների մեծ մասը լծված էր Հայկական հարցի լուծման գործին, իսկ դասակարգային պայքարին վերաբերում էին սոսկ որպես հեռավոր ու մշուշապատ տեսիլքի: Այնպես որ, դասակարգային հանգամանքը մեր հետագա շարադրանքում որպես ելակետային դրույթ չի դիտարկվում, առավել եւս` ՀԺԿ-ի պարագայում: Խորհրդային տարիներին որոշ թույլ տեղաշարժ նկատվեց 1950-ական թթ. երկրորդ կեսին` «խրուշչովյան հալոցքի» շրջանում, որը շատ կարճ տեւեց: Նկատենք, որ ԽՍՀՄ-ի գոյության շրջանում այդ գործընթացը պատվով եւ պատասխանատվությամբ իրականացնում էին սփյուռքի մեր գործընկերները:

գ) գործընթացը նոր թափ հավաքեց 1980-ական թթ. կեսերից եւ հատկապես նորանկախ հանրապետության տարիներին:

Պատմագիտական եւ հատկապես հուշագրական գրականության մեջ ՀԱՀ-ի եւ ռամկավարների առնչությունները լուսաբանելու որոշ հպանցիկ փորձեր եղել են: Սակայն հիմնախնդիրը որպես այդպիսին երբեւէ չի դարձել առանձին ուսումնասիրության առարկա: Սա առաջին փորձն է: Նշենք, որ ռամկավարներ ասելով նկատի ունենք նրա արեւելահայ` ի դեմս ՀՀ խորհրդարանում գործած Հայ Ժողովրդական կուսակցությանը (այսուհետեւ` ՀԺԿ) եւ արեւմտահայ` ի դեմս արտախորհրդարանական Հայ Սահմանադրական ռամկավար (այսուհետեւ`ՀՍՌԿ) եւ նրանց գաղափարակից ռամկավար եւ ազատական ուղենիշը որդեգրած մյուս քաղաքական ուժերին, որոնց համախմբման արդյունքում 1921 թ. հիմնադրվեց Ռամկավար ազատական կուսակցությունը: Ավելացնենք նաեւ, որ ՀԱՀ-ի գոյության երկուսուկես տարիների ընթացքում ավելի ակտիվ գործունեություն եւ երկրի քաղաքական կյանքին բուռն մասնակցություն ունեցավ ՀԺԿ-ն: Այդ մասին կխոսենք մեր հաջորդ զրույցի ընթացքում:

12.02.2018

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 16-02-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ