RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 16-02-2018



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2018-02-15 23:27:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2544, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԿՅԱՆՔԻ Է ԿՈՉԵԼ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐՈՎ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԹՎԱՑՈՂ ՄՏԱՀՂԱՑՈՒՄԸ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Հրաչյա Պողոսյան. հարգանքի եւ մեծագույն գնահատանքի արժանի անուն: Նա այսօր հայտնի է Հայաստանում, Ռուսաստանում եւ աշխարհի բազմաթիվ անկյուններում եւ նրա անունն առաջին հերթին առնչվում է չափազանց աստվածահաճո եւ դրվատելի մի առաքելությանՙ բարեգործության հետ:

Նա արդեն երկար տարիներ հայտնի է իր բարեգործական նշանակալի գործունեությամբ: Բարեգործությունը Հրաչյա Պողոսյանի համար ոչ թե ցուցամոլություն է, այլՙ հավատամք, քրիստոնեական կենցաղավարության ու բարեպաշտության դրսեւորում, եւ այս առաքինի ու պատվախնդիր հայը Աստծո պարգեւած յուրաքանչյուր օրն ապրում է առաջ նայելով, մարդկանց օգտակար լինելու մեծ ցանկությամբ, քանզի գիտակցում էՙ երջանկությունը հարուստ լինելու եւ շատ ունենալու մեջ չէ, այլ` աշխարհին, քո շրջապատի մարդկանց եւ պատմությանը շատ տալու: Եվ ահա Հրաչյա Պողոսյան մարդու եւ բարեգործի հերթական ձեռնարկը կրկին պսակվեց հաղթանակով: Եվ միայն ինքը, նրա սրաթռիչ միտքը կարող էր կյանքի կոչել տասնամյակներով անհասանելի թվացող մտահղացումն ու ապահովել դրա փայլուն կատարումը:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին հերոսական էջեր շատ են գրվել եւ դրանցից մեկն իրավամբ Լենինգրադ քաղաքի շրջափակման ժամանակահատվածում քաղաքի բնակչության խիզախումն էրՙ կյանքի, առողջության եւ անասելի զրկանքների գնով դիմանալ պաշարմանը, դիմադրել եւ Պետրոս Մեծ կայսեր կառուցած քաղաքը չհանձնել թշնամուն: Քաղաքի շրջափակումը տեւել է 872 օրՙ 1941 թվականի սեպտեմբերի 8-ից մինչեւ 1944 թ. հունվարի 27-ը:

Եվ ահա վերջերսՙ հունվարի 26-ին, Լենինգրադի շրջափակման ավարտի օրվանից 74 տարի անց, Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցավ մի պատմական միջոցառում, որին լենինգրադցիները երկար էին սպասել:

Այդ օրը այստեղ մեծ շուքով եւ հանդիսությամբ բացվեց «Մեր քաղաքը պաշտպանող լենինգրադցիների քաջությունը» խորագիրը կրողՙ վեհություն ու խիզախություն ներշնչող բրոնզաձույլ հուշարձանը, որի կառուցումը նախաձեռնել եւ ֆինանսավորել է հայազգի բարերար եւ հասարակական գործիչ, ԱՊՀ Միջկառավարական ասամբելայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական Հրաչյա Պողոսյանը:

Արարողությանը մասնակցել են Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, ռազմական, հասարակական-քաղաքական եւ մշակույթի գործիչներ, հոգեւորականներ, բազմաթիվ հյուրեր, ինչպես եւ հազարավոր լենինգրադցիներ, որոնց համար թանկ ու նվիրական է հայրենի քաղաքը, նրա հերոսական պատմությունը, հայրենակիցների քաջությունն ու մաքառումը:

Հուշարձանի բացման պատիվը վերապահվել է Էդուարդ Շարմազանովին, Վյաչեսլավ Մակարովին, Գեորգի Պոլտավչենկոյին եւ Հրաչյա Պողոսյանին:

Միջոցառմանն իր օրհնությունն ու բարեմաղթանքի խոսքն էր հղել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում նշեց, որ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ պայքարը մեր ժողովուրդների համատեղ հաղթանակն է: Պատերազմի առաջին օրերից հազարավոր հայեր մեկնեցին ռազմաճակատՙ պաշտպանելու մարդկությանը ֆաշիստական բռնազավթումից: Լենինգրադի հերոսական պաշտպանությունը Հայրենական մեծ պատերազմի ամենանշանակալի իրադարձություններից մեկն է: Այստեղ իրենց մահկանացուն են կնքել շուրջ քսան հազար հայորդիներ: Անվիճարկելի է հայ ժողովրդի նշանակալի դերը Լենինգրադի պաշտպանության գործում: Պաշտպանելով Լենինգրադըՙ նրանք պաշտպանում էին նաեւ Հայաստանը ֆաշիզմից: Շրջափակման մեջ գտնվող քաղաքի եւ ռազմաճակատի պարենի ապահովումը ղեկավարում էր Անաստաս Միկոյանը, Բալթիկ ծովում Լենինգրադը պաշտպանում էր ծովակալ Իսակովը, աշխարհահռչակ արեւելագետ Հովսեփ Օրբելին կազմակերպում էր Էրմիտաժի թանգարանային նմուշների տարհանումը, իսկ Լենինգրադի երկինքը պաշտպանում էր Նելսոն Ստեփանյանը:

Բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանն իր ջերմ ու սրտառուչ խոսքում նշեց, որ յուրաքանչյուր գործի ինքը ձեռնամուխ է լինում սրտի թելադրանքով, խղճի եւ պատասխանատվության մեծ զգացումով եւ արդեն իրականություն դարձած ներկա ձեռնարկումն իր համեստ ներդրումն էր հերոսական Լենինգրադի նույնքան հերոսական անցյալին ու մարդկանց:

- Ամենեւին էլ պարտադիր չէ ծնվել Սանկտ Պետերբուրգում, որպեսզի սիրել այն ամբողջ սրտով,- ասաց Հրաչյա Պողոսյանը,- ես անչափ ուրախ եմ այս հնամյա քաղաքի պատմությանն առնչվելու համար եւ կրկնակի երջանիկ, որովհետեւ արդեն մի քանի անգամ հնարավորություն եմ ունեցել իմ ներդրումն ունենալ քաղաքի պատմության տարեգրությունումՙ կյանքի կոչելով հուշարձաններ, ֆիլմեր եւ գրքեր: Եվ այս ամենը վետերանների եւ Լենինգրադի բնակիչների աջակցության շնորհիվ: Ինչ վերաբերում է այս հուշակոթողին, ապա ասեմ, որ Լենինգրադի ճակատամարտում թշնամու դեմ կռվում էին նաեւ հայ ժողովրդի հազարավոր զավակներ եւ այս հուշարձանով մենք եւս մեկ անգամ մեր վճռական ու ժխտողական վերաբերմունքն ենք արտահայտում ֆաշիզմի եւ ամենայն չարի նկատմամբ: Լենինգրադի պաշտպանությունը մեր ժողովուրդների միասնական հաղթանակն է, եւ մենք իրավունք չունենք մոռացության մատնելու այդ հերոսական սխրանքը:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցողներն անվերապահորեն ընդգծում էին բարերար Հրաչյա Պողոսյանի մեծ հարգանքն ու նվիրումը Սանկ Պետերբուրգին, նրա պատմությանը եւ մարդկանց:

Սանկտ Պետերբուրգի «Շրջափակված Լենինգրադի բնակիչներ» հասարակական կազմակերպության նախագահ Ելենա Տիխոմիրովան իր խոսքում նշեց, որ քաղաքի խիզախ բնակիչների սխրանքն արտացոլող հուշակոթող կանգնեցնելու գաղափարը մի քանի տասնամյակների պատմություն ունի եւ այն ինչ-ինչ պատճառներով միշտ հետաձգվում էր: Եվ միայն իրենց կազմակերպության պատվավոր անդամ Հրաչյա Պողոսյանի աջակցության շնորհիվ մտահղացումը կյանքի կոչվեց եւ հիանալի հուշակոթողը վերջապես իր տեղը գտավ հերոսական քաղաքում:

Վեհորեն հառնող հուշարձանի պատվանդանը քիչ անց ողողվում է անթիվ եւ անհամար ծաղիկներով եւ ծաղկեփնջերով. ծաղկեփնջերՙ եկեղեցու, հյուպատոսարանի, ազգային ասամբլեայի, Հրաչյա Պողոսյան բարեգործական հիմնադրամի կողմից...

Միջոցառման ընթացքում մի շարք պետական եւ հասարակական կազմակերպությունների կողմից բարերար Հրաչյա Պողոսյանն արժանացավ բազմաթիվ պարգեւների ու մեդալների:

- Ես բազմիցս լսել եմ պաշարված Լենինգրադի պատմությունը,- մեր զրույցում նշեց նշեց Հրաչյա Պողոսյանը:- Լենինգրադցիները մահանում էին, բայց չէին հանձնվում: Նրանց 40 տոկոսը կանայք էին, որ փոխարինում էին իրենց ամուսիններին, եղբայրներին, հայրերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 16-02-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ