RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 23-02-2018



Տեղադրվել է` 2018-02-23 20:40:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 3970, Տպվել է` 565, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐՙ ՉԼՍՎԱԾ ՀԱՐՑԸ ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Մյունխենի անվտանգության համաժողովի մասին ադրբեջանական պաշտոնական լրատվական գործակալությունը, որ գերմաներեն իր տարբերակով երբեմն նախանձելի արագ է գործում, նախընտրեց լռություն պահել, չարձագանքեցին նույնիսկ այն պարագայում, երբ Բեռլինում պաշտոնավարող իրենց դիվանագետըՙ Ադրբեջանի դեսպանության իրավական եւ ռազմական անվտանգության հարցերում մասնագիտացած առաջին քարտուղար Սադի Ջաֆարովը երկարաշունչ հարց ուղղեց Հայաստանի նախագահին: Կարծիք կա, որ խռովել են. տարիներ ի վեր այդ հարթակում ներկա են եղել, նախագահ Ալիեւը, որ ձայնի հնարավորություն ունեցած ժամանակ իրենով, տեղում հիանալու առիթից չի զրկել նաեւ իր ընտանիքի անդամներին, այժմՙ որեւէ սրահում, որեւէ բանավեճի հրավիրված չէր: 2017-ին այդ երկիրը գերմանական լրատվամիջոցների ուշադրության առանցքում հայտնվեց բազմիցսՙ տարբեր գործարքների մեջ ներգրագրավված լինելու մութ պատմությունները, մանավանդ Գերմանիայում ընտրարշավային լուսարձակի ներքո թել առ թել բացահայտվեցին: Ադրբեջանի վարկաբեկված կապիտալը, ինչպես նաեւ Ադրբեջանում կայանալիք ընտրություններն առիթ դարձան Մյունխենում ձայն չունենալու: Չգիտենքՙ արդյոք դերակատար եղե՞լ է նաեւ այն հանգամանքը, որ Ալիեւիՙ Երեւանը վերադարձնելու նախընտրական խոստումը, առանց մեկնաբանության, ելույթի հաջորդ օրն արդեն տեղ էր գտել գերմանական հեռուստատեսության 2-րդ ալիքիՙ zdf- ի լրահոսում:

Փետրվարի 16-ին իհարկե «Ազերթաջը» որոշեց Մյունխենի անվտանգության ժողովի մամուլի հաղորդագրություններիՙ իրենց հանդեպ անուշադրությունը լրացնելՙ գերմաներեն տարածելով Մամեդյարովիՙ էներգետիկ անվտանգության հարցերին նվիրված կլոր սեղանին մասնակցության ու ելույթի մասին լուրը, որին սակայն անդրադարձ չարեց գերմանական որեւէ լրատվամիջոց:

Փետրվարի 17-ին, երբ Մյունխենում ելույթ էր ունենում ՀՀ նախագահը, «Ազերթաջ»-ը գերմաներեն տարածեց Ադրբեջանի պաշտպանության նախարարության եւ Միացյալ թագավորության նույնանուն կառույցի միջեւ Լոնդոնում կնքված 2018-2019 թվականների ռազմական համագործակցության փաստաթղթի մասին հաղորդագրությունը: Ի դեպ, վերջին շաբաթվա «Ազերթաջի» գերմանագիր լրահոսն առանձնահատուկ ընդգծում է, թեՙ փետրվարի 19-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակությանը, իսկ 21-ինՙ Իրանի իր պաշտոնակցին:

Այս անգամ զարմանալի համեստ եղան հայկական լրատվամիջոցները եւ տեղական լսարանին չպատմեցին, թե մյունխենյան բեմում հայկական ազդեցիկ ներկայություն կար: Կառնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրիգորյանը , Մյունխենի կոնֆերանսի հիմնադիր եւ նախագահ, ԱՄՆ-ում, ՄԹ-ում Գերմանիայի նախկին դեսպան Վոլֆգանգ Իշինգերին հանձնեց «Նանն Լուգար» մրցանակՙ ի նշանավորում միջուկային զենքի կրճատմանն ուղղված նրա հետեւողական ջանքերի: Հաջորդը մեր հայրենակից «Վաշինգթոն փոստ» թերթի սյունակագիր Դեյվիդ Իգնեյշըսն էր, որ ի տարբերություն Վարդան Գրիգորյանի չէր կարող տեղում հետեւել նախագահ Սարգսյանի մասնակցությամբ բանավեճին, քանի որ նույն ժամանակ այլ դահլիճում վարում էր «Ջիհադիզմՙ խալիֆայությունից հետո» Jihadism After the Caliphate ազդեցիկ անձանց մասնակցությամբ բանավեճը: Բաքուն իհարկե հրաշալի գիտի, որ միջազգային հեղինակություն ունեցող Գրիգորյանն ու Իգնեյշըսը վերապրողների ժառանգներ են, նրանց այնտեղ լինելուՙ հաղթանակած լինելու մասին ինչո՞ւ հաղորդի: Իսկ մե՞նք: Անհրաժեշտաբար լռում ենք, երբ նախագահն է խոսում: Իսկ դրանի՞ց հետո: Երբ ադրբեջանցին հարց է ուղղում Հայաստանի նախագահին, օգնում է մեզ, առիթ է տալիս մեծ լսարանին ունկնդրել հայկական տեսակետները: Մենք ինչո՞ւ հապաղեցինք հարց ուղղել ԵՄ հանձնակատար Հահնին, Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետ Կոզաչեւին, թե իրենք անվտանգության ի՞նչ երաշխիքներ են տալիս Հայաստանի եւ Արցախիՙ ցեղասպանության հետեւանքների փոխհատուցմանը սպասող, կյանքի իրավունքի շարունակական ոտնահարման, դրա վերբալ կամ զենքով կրկնության պարագայում: Ինչո՞ւ լռեցինք այն ժամանակ, երբ պահը, այսպես ձեւակերպենքՙ պատահական չէր հայտնվել, գիտեինքՙ պատրաստվեինք նախօրոք:

Երեկ ԳԴՀ արտգործնախարարության խոսնակին ուղղված մեր նամակը պատասխան ստացավ: «Ալիեւիՙ Երեւանը ադրբեջանական տարածք վերադարձնելու նախընտրական խոստման վերաբերյալ ի՞նչ կարծիք ունի Մինսկի խմբի անդամ Գերմանիան» մեր ձեւակերպմանը հետեւել է այսպիսի արձագանք: «Դաշնային կառավարությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբիՙ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին»:

«Խուսափողական պատասխան» որակելու փոխարեն հաստատենքՙ խաղաղությանն այլընտրանք չկա, ինչպես նաեւ այլընտրանք չկա մեր հաղթանակին: Ընտրություններն ավարտվեն, Ադրբեջանի ղեկավարությունը միգուցե սա հասկանա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 23-02-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ