RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 23-02-2018



Տեղադրվել է` 2018-02-23 20:40:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 3689, Տպվել է` 560, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԱՄՍԻՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հունվար ամսվա նախնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները ինչ-որ տեղ անսպասելի կարելի է համարել: Տնտեսական ակտիվության աճը կազմեց 10,2 տոկոս նախորդՙ 2017-ի հունվարի նկատմամբ, այն դեպքում, երբ նախորդ հունվարին էլ 6,5 տոկոս աճ էր գրանցվել 2016-ի հունվարի նկատմամբ: Իհարկե, առաջին ամսվա տվյալներով վաղ է ասել, թե տարին ինչ ընթացք կունենա, առավել եւս նախորդ տարվա համեմատաբար բարձր տնտեսական աճի ֆոնին, բայց եւ նման աճը կարելի է խոստումնալից համարել:

Ինչ վերաբերում է ըստ տնտեսության ճյուղերի աճի կառուցվածքին, ապա այստեղ կան ե՛ւ դրական, ե՛ւ ոչ այնքան դրական պահեր: Միանշանակ դրական է, որ արդյունաբերությունն է շարունակում երկնիշ աճ արձանագրելՙ այս անգամ այն կազմել է 13,9 տոկոս, հաջորդը, որ շինարարությունն է, առաջին անգամ դուրս է եկել աճի ցուցանիշի, այն էլ երկնիշ աճիՙ 19,7 տոկոս, բայց այն, որ առեւտրի աճը գումարային առումով ամենամեծն է եղել, իսկ տոկոսայինով կազմել 17,3 տոկոս, առանձնապես ոգեւորության տեղիք չի տալիս, չխոսելով արդեն այն մասին, որ գյուղատնտեսությունում թեկուզ փոքր, բայց անկում է արձանագրվելՙ 0,4 տոկոս: Վերջինիս կացությունը, չնայած պետական աջակցության ձեռնարկվող քայլերին, դեռեւս մեծապես կախված է եղանակային բարենապաստ կամ անբարենպաստ պայմաններից: Այս առումով անհնար է ասել, թե տարին այս ճյուղի համար ինչպիսին կլինի: Բարձր աճ է արձանագրվել նաեւ ծառայություններին ոլորտումՙ 15,2 տոկոս, որում իր նշանակալի դերն ունի նաեւ զբոսաշրջության եւ նրան հարող ծառայությունների ոլորտում արձանագրվող դրական միտումը:

Արտաքին առեւտրի ծավալները հունվարին հսկայական աճ են ունեցելՙ 47 տոկոսով եւ կազմել մոտ 504 մլն դոլար: Վերոնշյալից արտահանումը կազմել է 176,7 մլն դոլարՙ աճելով 45,2 տոկոսով: Ներմուծման աճն ավելի մեծ է եղելՙ 48,9 տոկոսՙ գումարային առումով կազմելով 327,5 մլն դոլար: Հարկ է նշել, որ հունվարին պղնձի գները գտնվել են բավականին բարձր մակարդակիՙ 1 տոննայի դիմաց 7000 դոլարից բարձր նիշի վրա, ինչը նկատելիորեն ազդել է արտահանման այս ցուցանիշի վրա: Միաժամանակ, պատրաստի արտադրանքի արտադրության եւ արտահանման ծավալները եւս շարունակում են կայուն աճ արձանագրել:

Այս տարվա առաջին ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշների մեջ կարեւոր տեղաշարժ կա միջին աշխատավարձի ցուցանիշներում: Այն մոտեցել է 200 հազար դրամին: Մասնավորապես, միջին ամսական աշխատավարձը հունվարին աճել է 10,2 տոկոսով եւ կազմել ավելի քան 198 հազար դրամ: Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է մոտ 162 հազար դրամՙ աճելով 7,1 տոկոսով, իսկ մասնավոր հատվածումՙ 241 հազար դրամՙ աճելով 11,3 տոկոսով:(*)

Տարեկան զարգացումների մասին խոսելով, նախ պետք է նշել, որ հունվար ամիսը ամենապասիվն է առեւտրի, գյուղատնտեսության, շինարարության եւ որոշ չափով նաեւ ծառայությունների համար, արդյունաբերության վրա այդ ազդեցությունն ամենասակավն է: Հետեւաբար, ցանկալի է, որ արդյունաբերությունում միտումը պահպանվի եւ արագանա, գյուղատնտեսությունում դրական գործընթաց սկսվի, իսկ մյուս ճյուղերում գոնե ներկա տեմպը չթուլանա: Ամեն դեպքում, անցած տարվա նկատմամբ բարձր տնտեսական աճ ապահովելը այս տարի բավականին դժվար է թվում:

*) Անշուշտ, որպես պետական ու մասնավոր հատվածների միջին աշխատավարձ ներկայացվող վերոհիշյալ թվերը ֆիկցիա են: Մեզնից յուրաքանչյուրը գիտի կամ կարող է իմանալ, որ իր շրջապատում քանի՞սը կան նման աշխատավարձ ստացող: Ենթադրում ենք, որ այդ թվերն ստացվել են խոշոր թվերի կիրառմամբ: Այսինքն, օրինակ, հաշվել են պետական հատվածի աշխատողների համար պետբյուջեից դուրս գրվող ընդհանուր գումարը եւ այն բաժանել նույն հատվածի աշխատողների ընդհանուր թվով եւ ստացել ռեալ իրականությանը չհամապատասխանող պատկեր, ավելի շուտ թոզՙ ազգաբնակչության առնվազն 90 տոկոսի աչքերին: Խմբ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 23-02-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ