RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 23-02-2018



ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿ

Տեղադրվել է` 2018-02-23 20:40:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 3527, Տպվել է` 442, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ

Հայաստանի Առաջին Հանրապետության գոյության ողջ ընթացքում` 1918-1920 թթ., ՀՅԴ-ից հետո երկրորդ ամենահզոր քաղաքական ուժը հանդիսացող Հայ Ժողովրդական Կուսակցության գաղափարական արմատները սնվում էին ռուսական 1905-1907 թթ. հեղափոխության ծնունդ Կադետների` Սահմանադրական-ռամկավարներ (Конституционные Демократы-սկզբնատառերի անուններով` КаДет) եւ «Մշակ» թերթի շուրջը համախմբված լիբերալ (ազատական) մտավորականության անդաստաններում: «Հայ ազգային ռամկավար հոսանքի գործի շարունակող մտավորականություն» («Ժողովուրդ», 17. IX. 1919) ինքնանվանվող կուսակցությունը հիմնադրվեց 1917 թ. ապրիլի 11-ին արեւելահայ կյանքի կենտրոն Թիֆլիսում:

Ռուսաստանի միասնության եւ անբաժանելիության ջատագով Կադետները փոքր ազգություններին ընդհանուր քաղաքական ազատությունների հետ միասին խոստանում էին ազգային-մշակութային ինքնավարություն, սակայն երկրորդական նշանակություն էին տալիս ազգային հարցին: Դա էր պատճառը, որ մշակականները (ընդունելով հանդերձ կադետների ծրագիրը) ձգտում էին ստեղծել ազգային պահանջները բավարարող ինքնուրույն կուսակցություն: Այդ գործիչները դեռեւս 1905թ. կովկասյան բարձրագույն իշխանությանը ներկայացրել էին նմանատիպ կուսակցության ստեղծման ծրագիր, որը, սակայն, մերժվել էր 1906 թ:

Ռուսաստանում փետրվարյան հեղափոխությունից հետո «Մշակի» խմբագիր Համբարձում Առաքելյանի նախաձեռնությամբ 1917թ. մարտի 16-ինՙ Թիֆլիսում հրավիրվեց խորհրդակցական ժողով, որը կուսակցություն հիմնելու նպատակով ընտրեց նախաձեռնող խումբ, կուսակցության ժամանակավոր կենտրոնական վարչություն (ԺԿՎ) եւ նախագահություն: Կուսակցության ԺԿՎ նախագահ ընտրվեց Լեւոն Ղուլյանը, փոխնախագահներՙ Համբարձում Առաքելյանը, Կարապետ Ստեփանյանը, Հովհաննես Փիրալյանը (ՀԱԱ, ֆ. 9033, ց.7, գ.11, թ. 1-2): Ժողովը ԺԿՎ-ին հանձնարարեց մշակել կուսակցության ծրագիր եւ կանոնադրություն, հիմնել մամուլի օրգաններ, գավառներում բացել մասնաճյուղեր: Նախաձեռնող այդ խումբն ապրիլի 7-ին հրապարակեց հռչակագիր, որը փաստորեն ուներ ծրագրային բովանդակություն (ՀԱԱ, ֆ. 4033, ց. 7, գ. 11, թ. 1-2, «Մշակ», 7. IV.1917):

Ազգային Հարցում ՀԺԿ-ն պաշտպանում էր ռուսական համապետականության շրջանակներում քաղաքական-տարածքային ինքնավարության եւ տեղական ինքնակառավարման մասին պահանջը: Ժողովրդականները հատուկ ընդգծում էին Հայկական հարցի կարեւորությունը: Ընդ որում, նրանք Հայկական հարցում դրսեւորում էին տարբերակված մոտեցում: Առհասարակ, Հայկական հարցը նրանք դիտում էին որպես միջազգային հարց, որը կարող էր լուծում ստանալ միջազգային որեւէ վեհաժողովում (ՀԱԱ, ֆ. 292, ց. 1, գ. 5, թ. 2, «Ժողովուրդ», 29. IX. 1918, Հրանտ Գանգրունի, Հայաստան 1918 եւ հայ քաղաքական միտքը, Պեյրութ, 1984, էջ 228): Տաճկահայ խնդրում նրանք, ընդառաջ գնալով արեւմտահայերի ցանկությանը, պահանջում էին վերջիններիս ազատագրումը թուրքական դարավոր տիրապետությունից եւ ազգային-մշակութային անկախ զարգացում, իսկ արեւելահայ նահանգների ու գավառների համար նախատեսում էին տարածքային եւ ազգային-մշակութային ինքնավարություն` տեղական հարցերի վերաբերյալ օրենսդրական մարմնով: Հայկական ինքնավարության սահմաններում գործավարության պաշտոնական լեզուն համարվելու էր հայերենը, հարգվելու էին ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային իրավունքները եւ այլն (ՀԱԱ, ֆ. 292, ց. 1, գ. 5, թ. 2, «Ժողովուրդ», 22. VIII.1918):

Կուսակցությունը պահանջում էր վերականգնել հայոց անկախ եկեղեցու բոլոր իրավունքները, պահպանել եկեղեցական կալվածքները, գումարել հոգեւորականներից կազմված ազգային-եկեղեցական ժողով: Հայոց եկեղեցու կալվածքները, որոնց եկամուտով էին պահվում հայոց հոգեւոր եւ մշակութային հաստատությունները, կազմելու էին համազգային անկապտելի սեփականություն: Որոշվում է նաեւ, որ ՀԺԿ-ն պետական հարցերում հարելու էր կադետական կուսակցությանը, սակայն ազգային եւ եկեղեցական հարցերում ունենալու էր առանձին ծրագիր. «Անդրկովկասի հայաբնակ վայրերում, հայերը պետք է ստանան տերիտորիալ-ազգային ինքնավարություն տեղական հարցերի վերաբերյալ օրենսդրական մարմնով» (ՀԱԱ, ֆ. 4033, ց. 7, գ. 11, թ. 1-2, նաեւ «Մշակ», 13. IV.1917): Ակներեւ է, գրում է Վ. Մելիքյանը, որ ՀԺԿ-ն Հայկական հարցը նույնացնում էր Արեւմտյան Հայաստանի ազատագրման հետ, իսկ Արեւելյան Հայաստանի ներկա վիճակը համարում էր ազգային հարց` դրանով շեշտելով արեւմտահայության ազատագրման հարցի միջազգային բնույթը (Մելիքյան Վ., 1917 փետրվարյան հեղափոխությունը եւ Հայաստանը, Ե. 1997, էջ 185):

Դավիթ Անանունի բնորոշմամբ «ազգային կյանքով հետաքրքրվող ձեռնարկատերերի ու մտավորականների» (Անանուն Դ., Արեւելահայերի հասարակական զարգացումը, հ.3, (1901-1920), Վենետիկ, 1926, էջ 206), իսկ Համո Ստեփանյանի ասելով` համազգային եւ ապադասակարգային (Ստեփանյան Հ., Հայ ժողովրդական կուսակցությունը Համազգային եւ ապադասակարգային է, Ալեքսանդրապոլ, 1919, էջ 3) Հայ ժողովրդական կուսակցությունն այսպիսով հիմնադրվեց 1917թ. ապրիլի 11-ին Թիֆլիսում:

1917թ. սեպտեմբերի 24-28-ին տեղի ունեցավ ՀԺԿ-ի առաջին համագումարը: Ժողովրդականների կարծիքով իրենք «էվոլյուցիոն կուսակցություն են» (ՀԱԱ, ֆ. 4033, ց. 7, գ. 11, թ. 1-2, նաեւ «Մշակ», 13. IV.1917) եւ «մյուս կուսակցություններից տարբերվում են նրանով, որ հոգ են տանելու բոլոր քաղաքացիների մասին եւ ոչ թե մի որեւէ դասակարգի» («Մշակ», 14 հունիսի 1917): Ընտրվեց 23 անդամից բաղկացած Կենտրոնական կոմիտե եւ Կենտրոնական բյուրո: Կենտրոնական բյուրոյի նախագահ ընտրվեց 4-րդ պետական դումայի եւ Անդրկովկասյան հատուկ կոմիտեի անդամ Միքայել Պապաջանյանը: Փոխնախագահներ ընտրվեցին Հ.Առաքելյանը, Ի.Ամիրյանը եւ Կ.Ստեփանյանը, քարտուղարներ` Ս. Մալխասյանցը եւ Լ.Դանիելյանը: (նշանավոր գործիչներ էին` իրաւաբան Սամսոն Հարությունյան, Քրիստափոր Վերմիշյան, Վ. Արծրունի, Լ.Ղուլյան, Գ.Մելիք-Ղարագյոզան, Արշալույս Մխիթարյան, պետդումայի անդամներ Հարություն Այվազյան, Լեո, Գրիգոր Ղափանցյան, Ստեփան. Մալխասյան, Հովսեփ Աթաբեկյանց, տնտեսագետ Մինաս Բերբերյան, իրավագետ, տնտեսագետ, «Ժողովրդի Ձայն»-ի խմբագիր Տիգրան Հախումյան, Տիգրան Նազարյան, Քրիստափոր Վերմիշյան, Արտաշես Էնֆիաջյան): Ժողովրդականները հայտարարում էին, որ իրենք հեղափոխականներ չեն, ընդունում եւ պաշտպանում են այն տեսակետը, որ բոլոր ազգերը, ինչպես եւ հայ ժողովուրդը պիտի առաջադիմեն ու զարգանան խաղաղ, «կուլտուրական համառ աշխատանքի ճանապարհով» եւ ոչ արյունահեղության եւ բռնությունների միջոցով (ՀԱԱ, ֆ. 4033, ց. 7, գ. 6, թ. 1: Տե՛ս նաեւ «Ծրագիր ՀԺԿ», Թիֆլիս, 1917): Նրանք նաեւ հայտարարում էին, որ իրենց համար գլխավորը ոչ թե դասակարգային, այլ ազգային, պետական շահն է եւ որ իրենց կուսակցությունը ազգային եւ ապադասակարգային է:

Գոյության տարիների ընթացքում ՀԺԿ-ն հիմնեց մասնաճյուղեր Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Հյուսիսային Կովկասում, Իրանում եւ այլուր: Արդեն ՀԺԿ առաջին համագումարի հաշվետվության մեջ ներկայացված էր, որ հինգ ամսվա ընթացքում հիմնվել էր կուսակցության 32 ճյուղ եւ 10 ենթաճյուղ («Մշակ», 26. IX. 1917), իսկ մինչեւ 1920թ. վերջըՙ 50-ից ավելի ճյուղեր ("Непролетарские партии и организации национальных районов России в Октябрьской революции и гражданской войне", М., 1984, ր. 101): Կուսակցությունը հրատարակել է «Ժողովուրդ», «Ժողովրդի ձայն» (Երեւան), «Ժողովրդական թերթ» (Աշխաբադ), «Երկիր» (Բաքու), «Նոր կեանք» (Ալեքսանդրապոլ), ինչպես նաեւ կանանց, ուսանողական, աշակերտական ֆրակցիաների «Քայլեր» եւ «Նոր ուղի» թերթերը: Դրանցում կուսակցությունը դրսեւորում էր իշխանություններին ընդդիմադիր իր կեցվածքը, ջատագովում Կովկասում ապաստանած մեծաքանակ գաղթականությանն օգնելու, վերաբնակեցումը կազմակերպելու գործառույթները եւ այլն:

Մտավորականության քաղաքական ու տնտեսական շահերի պաշտպան («Ծրագիր ՀԺԿ», Երեւան, 1919) ՀԺԿ-ն ողջունեց «մեծ եւ անարյուն ու բոլոր ժողովուրդներին ազատությունե բերած (ՀԱԱ, ֆ. 4033, ց. 5, գ. 310, թ. 6) փետրվարյան հեղափոխությունն ու աջակցություն հայտնեց «միակ օրինավոր իշխանություն» Ժամանակավոր կառավարությանը. «ՀԺԿ Ժամանակավոր կառավարությանը համարում է պետական դումայից ընտրված ու ճանաչված միակ օրինավոր իշխանություն: ... Կարեւոր է համարում, որ մինչեւ սահմանադիր ժողովի գումարումը չդրվեն ազգային, կրոնական եւ տնտեսական պահանջներ, որոնք առաջ բերեն երկպառակություններ Ռուսաստանի զանազան ազգերի ու դասակարգերի մեջ...» («Մշակ», 7. IV. 1917): «Ապադասակարգային եւ չափաւոր ուղեգիծ մը որդեգրած» (Վարդիվառյան Հ., Մեծ երազի ճամբուն ուղեւորները, Ա հ., Նիւ Ճըրզի, 2015, 332), «դասակարգային կռիվը ազգային ոգին թուլացնող» համարող ՀԺԿ-ն սկզբում դեմ էր Ռուսաստանից անջատմանն ու ազգային հանրապետությունների ստեղծմանը եւ կոչ էր անում «կռվել պետությունը քայքայող բոլշեւիզմի դեմ» («Մշակ», 3. X. 1917): ՀԺԿ-ն հայտարարեց, որ «դեմ է խորհրդային կարգերին ու Խորհրդային Ռուսաստանին» (ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 5, թ. 31): Սակայն հետագայում կողմնորոշվեց դեպի Եվրոպա եւ շեշտեց. «Մեզ` հայերիս համար, Արեւմուտքից է ծագում գարնան ջերմ ու պայծառ արեգակը» («Ժողովուրդ», 14. III. 1919): Իսկ ընդհանուր առմամբ քաղաքական կողմնորոշման հարցում, ինչպես իրավացիորեն նշում է պատմաբան Արարատ Հակոբյանը, «ըստ քաղաքական հանգամանքների ու իրադրության, ունեցել է փոփոխական, ավելի ազատ ու շրջահայաց դիրքորոշում (Հակոբյան Ա., ՀԺԿ-ի գաղափարախոսությունը, ծրագիրը եւ մարտավարությունը, ԼՀԳ, թիվ 2, 2002, էջ 109): «Մեզ Համար,-կարդում ենք «Ժողովուրդ» թերթի մի խմբագրականում,-այս կամ այն օրիենտացիան միայն միջոց է Հայ ժողովրդի իդեալները իրականացնելու գործում, եւ մի որեւէ ուրիշ երկիր կամ ժողովուրդ չի կարող լինել մեզ համար իդեալ» («Ժողովուրդ», 15.IX. 1918): Ժողովրդականները հանգում էին այն հետեւությանը, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը պետք է ունենան միայն մեկ` հայկական կողմնորոշում:

ՀԺԿ-ն ընդունում էր նախագահական (պրեզիդենտական) կառավարման ձեւը: Միեւնույն ժամանակ նախապատվությունը տալիս էր ժողովրդական ներկայացուցչական համակարգին` խորհրդարանին: «Ոչ մի որոշում, կարգադրություն, հրաման,-արձանագրված էր նրանց ծրագրում,-ինչ անուն էլ կրի եւ ումից էլ բխի, չի կարող օրենքի ուժ ստանալ, եթե հիմնված չէ պառլամենտի որոշման վրա» («ժողովուրդ», 29.IX.1918:)

Պատմագիտական գրականության մեջ հաճախ ՀԺԿ-ին դասել են բուրժուական, ունեւորների շահերի պաշտպանող կուսակցությունների շարքին: Իրականությունն այն է, որ հեղափոխական, սոցիալիստական գաղափարները խորթ էին ՀԺԿ-ին (ՀԱԱ, ֆ. 4043, Պ. 7, ղ. 12, թ. 1): Բոլոր ազատական (լիբերալ) կուսակցությունների նման ՀԺԿ-ն էլ էր ապադասակարգային: Բայց քանի որ ընդունում էր մասնավոր սեփականության իրավունքը եւ կողմնակից էր շուկայական տնտեսությանը, ինքնաբերաբար որակվել է որպես բուրժուական կուսակցություն: Իրականում, ազգային դիմագիծ ունեցող (նրանց կանոնադրությամբ կուսակցության անդամ կարող էին լինել միայն հայերը («Кавказское слово», 11. VI. 1918) ՀԺԿ-ն հասարակության բոլոր շերտերի շահերի ու իրավունքների պաշտպանության, ոչ հեղափոխական գործելակերպի, խաղաղ բարեշրջման, ամուր խորհրդարանական, իրավական, ժողովրդավարական պետության կողմնակից կուսակցություն էր: Կուսակցության շարքերում կային մտավորականներ, ծառայողներ, գյուղացիներ, արհեստավորներ, հոգեւորականներ եւ սոցիալական ամենատարբեր խավերի ներկայացուցիչներ: ՀԺԿ-ն չէր ճանաչում որեւէ դասակարգային առանձնաշնորհ եւ ընդունում էր ազգային շահերի գերակայությունը դասակարգայինի նկատմամբ եւ կողմնակից էր հասարակության աստիճանական բարեշրջումների միջոցով վերափոխմանը:

20.02.2018

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 23-02-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ