RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 23-02-2018



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2018-02-23 20:40:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 2202, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԻ ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻ ՉԵԽԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ. ՆՈՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՇԵՄԻՆ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Իսկական կինոստեղծագործությունը չի սահմանափակվում միայն կապույտ էկրանին երեւացող պատկերներով, այլեւ հիմնվում է հեղինակի ընդունակության վրաՙ տեսական վերլուծության եւ տեքստի միջոցով ներկայացնելու իր յուրօրինակ հայացքը, որը նա ձեռք է բերել ֆիլմ ստեղծելու իր փորձառությամբ: Այս գնահատականն են տվել ինը չեխաբնակ կինոգործիչներՙ դասախոսներ, ուսանողներ, ներկա եւ ապագա կինոռեժիսորներ համաշխարհային կինոյի մեծանուն վարպետ Արտավազդ Փելեշյանի արվեստինՙ Պրահայում հրատարակվելով «Արտավազդ Փելեշյանի դիստանցիոն մոնտաժը» չեխերեն գիրքը:

Պրահայի Երաժշտական արվեստների ակադեմիայի հրատարակությունը իրականացվել է դասախոս, ռեժիսոր Մարտին Չիհակի գլխավորությամբ (հեղինակների թվում ենՙ Անդրան Աբրահամյանը , Դարյա Չեռնյակը , Ալեքսանդր Կաշչեեւը , Յակուբ Կուդլաչը , Անդրեա Սլովակովան , Իլյա Տոմաշեւիչը , Օնդրեյ Վավրեչկան ):

Այս խումբը հոդվածները գրել է ոչ միայն դիտելով փելեշյանական ֆիլմերը, կարդալով նրա աշխատությունները, այլեւ հիմնվելով 2015 թվականի հոկտեմբերին Պրահայում եւ Յիհլավայում Արտավազդ Փելեշյանի հետ կազմակերպված հանդիպումների ու վարպետության դասերի ընթացքում հնչած մեկնաբանությունների վրա, երբ յուրաքանչյուր ոք հնարավորություն ուներ վարպետի շուրթերից լսելու իրեն հուզող հարցերի պատասխանները:

Դա է նաեւ պատճառը, որ հեղինակներից յուրաքանչյուրը փելեշյանական կինոարվեստին մոտեցել է իր սեփական ընկալումներով, տվել իր գնահատականը, իր մեկնաբանությունը: Նրանք դիստանցիոն (տարածական) մոնտաժի գաղափարը փորձել են ցույց տալ «Մենք» եւ «Տարվա եղանակները» ֆիլմերի օրինակներով:

Գրքում չեխերենով տպագրվել է նաեւ Արտավազդ Փելեշյանի «Դիստանցիոն մոնտաժ կամ դիստանցիայի թեորիան» հոդվածը, որն առաջին անգամ տպագրվել էր 1974 թվականինՙ Յան Բերնարդի չեխերեն թարգմանությամբ:

Փելեշյանը իրապես հարստացրեց մոնտաժի գաղափարն իր տեսությամբ: Եվ ինչպես գրքում նշում է առաջին հոդվածագիրը, չեխահայ կինոռեժիսոր Անդրան Աբրահամյանըՙ «Սկզբում ֆիլմերն էին ավելի խելոք, քան դրանց հեղինակը, իսկ վերջում հեղինակն իր ֆիլմերից ավելի խելոք դարձավ»: Մեկ այլ հեղինակՙ Իլյա Տոմաշեւիչը Փելեշյանի մոնտաժի սկզբունքը համեմատում է բասկետբոլ խաղի կանոնների հետ: «Տեսնել ֆիլմը» հոդվածում Յակուբ Կուդլաչը անդրադառնում է Փելեշյանի ֆիլմերի երաժշտական լեզվին, համարելով, որ դիստանցիոն մոնտաժը դա երաժշտական ձեւի ներդրումն է կինոլեզվի մեջ:

Գիրքը լեցուն է նաեւ տարբեր գրաֆիկական սխեմաներով, լուսանկարներով ու ֆիլմերից արտատպված պատկերներով: Այն իրոք շատ հետաքրքրական գիտական աշխատանք է կինոմոնտաժի եւ Փելեշյանի տեսության մասին, որ կարելի է թարգմանել նաեւ հայերենՙ հայ ուսանողության համար: Հատկապես, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայերենով նման գրականություն չկա:

2016-2017 թվականները նշանավորվեցին նաեւ Արտավազդ Փելեշյանի երկու այլ մենագրություններով, մեկը «Դրոշմման ժամանակը» ռուսերեն երկհատորյակը, որում տեղ գտան մեծ արվեստագետի հոդվածները, մամուլի ասուլիսների, վարպետության դասերի ու ստեղծագործական հանդիպումների մասին հոդվածները, կինոյի ու չիրականացված նախագծերի մասին ակնարկները:

Ըստ էության այս երկու հատորներում ամբողջացվել է Փելեշյանի կինորավեստի մասին մինչեւ հիմա հրապարակված հոդվածները, մեկնաբանություններն ու զրույցները: Բոլորին է հայտնի, որ Փելեշյանը հարցազրույցներ չի տալիս , նույնիսկ ամենամտերիմ մարդկանց: Բայց դրա փոխարեն կարող է ժամերով զրուցել եւ պատմել կինոյի մասին իր պատկերացումների ու համոզմունքների մասին, պատասխանել ամենասուր հարցերին: Երկրորդ գրքում հրապարակվել է նաեւ նրա «Ողջամիտ մարդ» (HOMO SAPIENS) կինոսցենարը, որ գրվել է դեռեւս 1979 թվականին, եւ որը մինչեւ օրս նա չի կարողացել նկարահանել ֆինանսների բացակայության պատճառով:

Փելեշյան մտածողի վերջին տարիների ստեղծագործական մտքի արգասիքը դարձավ նրա «Իմ տիեզերքը եւ դաշտի միասնական տեսությունը» տեսական մենագրությունը, որը մեր կարծիքով նրա կյանքի լավագույն գործն է, կարելի է ասել դարակազմիկ ստեղծագործություն, որին ցավոք մեր գրաքննադատությունը գրեթե չանդրադարձավ:

Փելեշյան մտածող-կինոգործիչն այս գրքում հանգում է մեծ ընդհանրացումների, համարելով, որ տիեզերքը ոչ թե իբրեւ մեկ մաս պետք է դիտարկելՙ մեկ պտտման կենտրոնով, այլ իրականում այն կազմված է երկու տարբեր մասերից եւ ունի պտտման երկու կենտրոն: Տիեզերքը կազմավորվել է միանգամից երկու տարբեր կետերում, որոնք միմյանցից բավականին հեռու են:

Այս գիրքը ընթերցողին խորհելու շատ առիթներ է տալիս կյանքի ու աշխարհի կառուցվածքի, մարդկային հարաբերությունների ու տիեզերքի մասին:

Ինչպես Փելեշյանն է ընդհանրացնում. «Ողջ Տիեզերքը կազմված է տեսանելի եւ անտեսանելի գերհասարակ մասնիկներից: Հետեւաբար, Տիեզերքը բացարձակ է: Նրանում ժամանակը ծնել է տարածությունը: Տարածությունը ծնել է գրավիտացիան (ձգողականությունը): Իսկ գրավիտացիան ծնել է աստղերը, մոլորակները եւ այլ նյութական մարմիններ: Ահա ինչպիսին է Իմ Տիեզերքը»: Նա չի թաքցնում, որ իր բոլոր եզրահանգումներին հասել է կինոլեզվի միջոցով:

Այսօր, երբ վարպետը բոլորում է իր 80-ամյակը, նա դեռ լի է ավյունով ու ստեղծագործական նոր ծրագրերով: Պատրաստվում է հրատարակել հուշերի գիրքն ու Երվանդ Քոչարի մասին ֆիլմ նկարահանել: Մաղթում ենք նրան առողջություն եւ ձեռնարկած բոլոր ծրագրերի իրականցում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 23-02-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ