RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 16-03-2018



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2018-03-19 17:42:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2086, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ս. ԲԵՆՈՆԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ Է ԲԱՑՈՒՄ

Պ.Ք.

ԱՄՆ-ը վախենում է Թուրքիա-Իրան-Չինաստան դաշինքից

Սպիտակ տան նախկին գլխավոր ստրատեգ եւ Breitbart News-ի տնօրենների խորհրդի նախագահ Սթիվեն Բենոնը իտալական La Stampa թերթին տված հարցազրույցում Վաշինգտոնին առաջարկել է Մոսկվան դիտարկել որպես ԱՄՆ-ի բնական դաշնակից Չինաստանի, Թուրքիայի եւ Իրանի դեմ մղվող պայքարում: «Սառը պատերազմի ժամանակ ես ռուսների դեմ մարտնչել եմ որպես սուզանավի սպա, իսկ հետո Պենտագոնում աշխատել եմ նրանց զինաթափման նպատակով: Ես նրանց ճանաչում եմ եւ գիտեմ, որ մտադիր չեն կռվել մեր դեմ, քանի դեռ մեր բնական դաշնակիցներն են: Ղրիմի համար չարժե մտահոգվել, քանի որ իսկական թշնամիները Պեկինում են, Թեհրանում եւ Անկարայում», ասել է Բենոնը:

Նա պարզաբանել է, որ ինքը չինական, իրանական եւ թյուրքական քաղաքակրթությունները խորթ է համարում ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Ռուսաստանին, որոնց, իր կարծիքով, միավորում է ճշմարիտ հուդայական-քրիստոնեական մշակույթը: Սակայն, քիչ ավելի վաղ, GQ հանդեսին տված հարցազրույցում Սթիվեն Բենոնը փոքր-ինչ տարբեր գնահատականներ էր տվել: Ներկա պահին ստեղծվում է մի իրավիճակ, որը ինչ-որ չափով հիշեցնում է 1930-ականների իրադրությունը: «Դուք շուտով կտեսնեք, թե ինչպես է հետզհետե ուժեղանում Չինաստանի, Իրանի եւ Թուրքիայի համախմբվածությունը: Վերջին հաշվով մենք պետք է դադարեցնենք սառը պատերազմը, այնպես չէ՞: Թուրքիան պետք է լինի մեր դաշնակիցը»:

Բենոնը արտասովոր եւ ոչ միանշանակ անձնավորություն է: Անցյալ տարվա օգոստոսին նա ԱՄՆ նախագահի վարչակազմից հեռացվեց այն պատճառաբանությամբ, որ նրան դասել էին այլընտրական աջերի թվին: Բացի դրանից, հաղորդվեց, որ նախագահ Դոնալդ Թրամփը նրան կասկածում է Սպիտակ տնից տեղեկատվության արտահոսքին մեղսակից լինելու մեջ: Սրա արդյունքում Սպիտակ տան նախկին գլխավոր ստրատեգը չի խորշի նախագահ Թրամփին հասցեագրված կտրուկ արտահայտություններից, որոնց մի մասը ներառված է Մայքլ Վուլֆի աղմկահարույց «Կրակ եւ մոլեգնություն» գրքում, որը մերկացնում է ԱՄՆ նախագահի թիմին:

Վերջին շաբաթներին ԱՄՆ Սենատի ստորին պալատի հետախուզության հանձնախումբը Բենոնի հետ վեճեր է ծավալել Թրամփի պաշտոնակալությանը նախորդած եւ դրան հաջորդած իրադարձությունների մեջ նրա խաղացած դերի շուրջ: Ընդսմին, ինչպես նշում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, Սպիտակ տունը չօգտվեց Բենոնի ցուցմունքների նկատմամբ խորհրդապահության բացառիկ իրավունքից, թեեւ սահմանափակեց նրան տրվելիք հարցերի շրջանակը: Ներկայումս Բենոնը դրսեւորում է նկատելի քաղաքական ակտիվությունՙ հանդես գալով զանազան իրարամերժ քաղաքական հայտարարություններով: Նրան կարծես թե լսում են եւ խոսքերը հրապարակում են արեւմտյան տարբեր հրատարակություններՙ ասես ակնարկելով, որ Սթիվ Բենոնի գաղափարները պտտվում են ամերիկյան քաղաքական իստեբլիշմենթի շրջանակներում:

Եթե համեմատենք La Stampa-ին եւ GQ-ին նրա տված երկու հարցազրույցները, որոնցում նա խոսում է Չինաստանի, Իրանի եւ Թուրքիայի դաշինքի մասին, ապա կտեսնենք, որ առաջին դեպքում նա առաջարկում է Մոսկվան դիտարկել որպես Վաշինգտոնի բնական դաշնակից, իսկ երկրորդ դեպքում դաշնակից է համարում ՆԱՏՕ-ի գծով գործընկեր, իսկ այժմ «թշնամացած» Անկարային, որին առաջարկում է վերադարձնել դաշինք: Այսպիսով Բենոնը հասկացնում է, որ իրադարձությունների որոշակի ընթացքի դեպքում Ռուսաստան-Թուրքիա դաշինքը Արեւմուտքում չի համարվի թշնամական: Առանձնահատուկ գոտու մեջ են ընդգրկվում Իրանն ու Չինաստանը, որոնց հետ Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունները անհեռանկարային են համարվում աշխարհաքաղաքական տեսակետից:

Հետաքրքրական է, որ վերջերս Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի օգնականըՙ գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին առաջարկեց ստեղծել կոալիցիա Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի, Պակիստանի ու Իրաքի մասնակցությամբՙ «Իսլամական պետության» դեմ պայքարող ամերիկյան կոալիցիային հակազդելու համար: Ի դեպ, Թուրքիան եւս մտնում է ամերիկյան այդ կոալիցիայի մեջ:

Գոյություն ունի նաեւ Ռուսաստանում ՉԺՀ դեսպանության ռազմական կցորդ գեներալ-մայոր Կույ Յանվեյի հայտարարությունը. «ԱՄՆ-ը արեւմտյան դաշնակիցների հետ եվրոպական մասում զսպում է Ռուսաստաին, իսկ ասիական մասումՙ Չինաստանին: Պենտագոնի նոր ռազմավարության մեջ Չինաստանն ու Ռուսաստանը դիտարկվում են որպես ԱՄՆ-ին սպառնացող վտանգներ: Մոսկվան եւ Պեկինը պետք է համատեղ հակազդեն գլոբալ սպառնալիքներին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների մարտահրավերներին, որպեսզի ապահովեն ոչ միայն իրենց տարածաշրջանների, այլեւ համայն աշխարհի անվտանգությունը»:

Ինչպես տեսնում ենք, Բենոնը միայնակ չէ ռազմավարական նոր միություններ ու դաշինքներ կազմելու ձգտման մեջ: Իսկ ի՞նչ ունենք այժմ Մերձավոր Արեւելքում: Գործում է «Իսլամական պետության» դեմ պայքարող ամերիկյան կոալիցիան, Սիրիայի ուղղությամբ Աստանայի սկզբունքների հիման վրա ձեւավորված է Մոսկվա-Թեհրան-Անկարա դաշինքը: Նկատելի են հակաիրանական կոալիցիա ձեւավորելու Սաուդյան Արաբիայի ջանքերը: Ի հայտ են եկել Քաթարի նկատմամբ թուրք-իրանական դաշինք, ինչպես նաեւ ամերիկա-քրդական դաշինք Սիրիայում եւ Իրաքում: Վերջապես, Թեհրանի շուրջը դաշն են կազմել Թուրքիան, Իրաքը, լիբանանյան «Հզբոլլահը» եւ եմենյան հուտիտները:

Մերձավոր Արեւելքում Իրանը փաստորեն միակ երկիրն է, որը լրջորեն սպառնում է տարածաշրջանում ԱՄՆ-ի գերիշխանությանը: Իրանին ԱՄՆ-ի հասցեագրած մեղադրանքները բազմաթիվ են եւ ներառում են «միջազգային ահաբեկչության հովանավորումը, մարդու իրավունքների խախտումները», ԱՄՆ-ին եւ նրա մերձավորարեւելյան դաշնակիցներին սպառալիքներ ուղղելու հակումը, Աֆղանստանում, Իրաքում եւ Սիրիայում հակաամերիկյան խռովարարների պաշտպանությունը, միջուկային զենքի ստեղծումը եւ այլն: Այդ դաշինքները ձեռք են բերում հիմնականում մարտավարական բնութագրեր եւ զանազան պատճառներով կարող են փոփոխվել: Դաշինքների անդամներից յուրաքանչյուրը փորձում է պաշտպանել սեփական շահերը եւ դիվանագիտորեն մանեւրել: Սակայն գոյություն չունի երկկողմ պայմանագրով վավերացված ընդհանուր առանցք, ինչը բարդություններ է ստեղծում Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ազդեցությունը թուլացնելու գործում:

Այս ուղղությամբ միակ հուսադրող քայլը ռուսական օդատիեզերական ուժերի հայտնվելն է Սիրիայում: Ինչպես Արեւմուտքում, այնպես էլ տարածաշրջանում դա ընկալվում է որպես Մոսկվայի վերադարձ: Սակայն այնտեղ չկա բլոկների դիմակայություն, իսկ մարտավարական դաշինքների մեջ մտնող երկրների խմբերը առաջվա պես ազդեցիկ չեն, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Ինչ վերաբերում է Պեկինին, նա ձեռնպահ է մնում տարածաշրջանում ակտիվ քաղաքականություն վարելուց եւ նախընտրում է «մեղմ ուժի» քաղաքականություն վարել զանազան նախագծերում ներդրումներ կատարելու միջոցով: Իսկ նրա «Մեկ գոտի, մեկ ուղի» նախագիծը Մերձավոր Արեւելքի համար դեռ հեռավոր ապագա էՙ չխոսելով արդեն այնտեղ չինական բլոկի ստեղծման մասին:

Ահա թե ինչու ֆրանսիացի հայտնի փորձագետ Ֆլորան Պարմանտյեն պնդում է, որ այսօր Մերձավոր Արեւելքում ընդունված է ոչ թե բլոկների, այլ բազմաթիվ դաշինքների տրամաբանությունը, որոնց ուրվագծերը հաճախ դժվար են ընկալվում: Արեւմուտքը Իրանին հայտարարել է «վտարակ», իսկ Թուրքիան երբեմնի հուսալի ընկերոջից վերածվել է հակառակորդի, որը, սակայն պահպանում է ԱՄՆ-ի դաշնակցի կարգավիճակը, թեեւ առանձնակի վստահություն չի ներշնչում նոր գործընկերներ Ռուսաստանին եւ Իրանին: Իհարկե, ամերիկացիները փորձում են թույլ չտալ Ռուսաստան-Չինաստան ռազմաքաղաքական բլոկի ստեղծում եւ ջանում են չկորցնել Թուրքիան: Բայց նրանք ի՞նչ կարող են անել դրա համար:

Ինչպես նշվում է Stratfor-ի կանխատեսման մեջ, Ռուսաստանն ու Չինաստանը ակտիվորեն կհամագործակցեն բոլոր հարցերում, ներառյալ անվտանգությունը, ինչը նրանց թույլ կտա զերծ մնալ ԱՄՆ-ի ճնշումից եւ մարտահրավեր նետել ամբողջ աշխարհում տարբեր սցենարներով Վաշինգտոնի ռազմավարական դիրքերին, ներառյալ Մերձավոր Արեւելքը, որտեղ հնարավոր է Ռուսաստան-Իրան-Չինաստան դաշինք, թեեւ ըստ Stratfor-ի նման դաշինքը կարող է ունենալ հստակ սահմաններՙ նկատի ունենալով Ռուսաստանի եւ Իրանի շահերի տարբերությունը Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում:

Ինչ վերաբերում է Թուրքիային, նա կբախվի իր այսպես կոչված բազմավեկտոր քաղաքականության բարդություններին, կփորձի օգտվել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հակասություններից, որպեսզի իրականացնի իր վաղեմի, դեռ պահպանվող աշխարհաքաղաքական նկրտումներըՙ Ռուսաստանին դրդելով դաշինք կնքել տարածաշրջանում իր մրցակիցների դեմ: Նոր աշխարհաքաղաքական լուծումներ է փնտրում նաեւ ԱՄՆ-ը: Սթիվեն Բենոնի հարցազրույցը դրա վկայությունն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 16-03-2018

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ