RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 23-03-2018



ՇՈՒԿԱ

Տեղադրվել է` 2018-03-22 23:26:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 3241, Տպվել է` 411, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՀ ՏՆՏԵՍԱԴԱՇՏ. ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ, ԵՐԵՔ ՔԱՅԼ ՀԵՏ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Տարօրինակից մինչեւ արտառոց կարելի է դիտարկել այն վիճակը, որում գտնվում է նորանկախ Հայաստանի տնտեսությունը: Թեեւ օր չի լինի, որ երկրի բարձրագույն ղեկավարությունից մեկը կամ անգամ մի քանիսը չխոսեն ու չնշեն այս ու այն ոլորտներում որոշակիից մինչեւ զգալի հաջողությունների մասին, այսուհանդերձ իրողությունն այն է, որ ՀՀ համախառն ներքին արդյունքը վերջին 10-ամյակում գրեթե անփոփոխ 10 մլրդ դոլարի մերձակայքում է: Թե ինչ է իրենից ներկայացնում այս ցուցանիշը նշենք, որ ըստ ԱՄՆ-ում 1868 թվականից լույս տեսնող «Համաշխարհային փաստեր. 2018» տեղեկատուի, 3 մլն բնակչություն ունեցող երբեմնի սոցիալիստական Ալբանիայի ՀՆԱ-ն վաղուց անցել է 35 մլրդ դոլարը, 2,8 մլն բնակչությամբ Լիտվայի ցուցանիշը մոտենում է 90 մլրդ դոլարի, իսկ ՀՀ տարածքն ունեցող 11,5 մլն բնակչությամբ Բելգիայում հիշատակվող ցուցանիշը վաղուց հատել է 500 մլրդ դոլարի սահմանագիծը: «Դե մենք» ասողների համար նշեմ, որ 10 տարի առաջ վերջինիս ցուցանիշն ընդամենը 340 մլրդ դոլար էր, բնակչությունն էլ 10,4 մլն մարդ: Հատկապես նրանց համար, որոնք փորձելու են փաստել, թե բնակչության աճը հիմնականում արձանագրվել է ներգաղթողների արդյունքում, նշեմ որ վերջին 10-ամյակում 1000 բնակչի հաշվով ծնունդները 10-ից դարձել են 11:

Թեեւ հիշատակված բոլոր թվերն էլ մեզ համար արտառոց են, փորձեցի տեղեկատուից մեր համար մխիթարական որեւէ երկրի վիճակագրություն գտնել. ավաղ, ոչինչ չստացվեց, քանզի անգամ 400 հազար բնակչություն ունեցող Մալթայի ՀՆԱ-ն վաղուց գերազանցել է 16 մլրդ դոլարը, վերջին 10-ամյակում գրեթե կրկնապատկվել: Այնպես որ ՀՀ տնտեսական կայացման պատասխանատուների այն կողմնորոշումներըՙ ասենք գերզարգացած Իսրայելի օրինակով առաջնորդվել, թե՞ Սինգապուրի, հարկ է վերանայել եւ խնդիր դիտարկել նախ Ալբանիայի ցուցանիշին հասնելու ուղղությամբ ջանքեր գործադրելը, նոր միայն երազների տրվել: Երազելը մեզանում հաստատապես կառավարման որորտում նախընտրելի աշխատաձեւ է համարվում: ՀՀ շարքային քաղաքացիս, իր տասնյակ հարեւանների ու հարազատների, հարյուրավոր ծանոթ-բարեկամների օրինակով հարցնում ու տարակուսում է, թե ինչու մեզանում անզոր ու անկարող ենք այնպիսի հարցերում, որոնց լուծումները պարզապես նվազագույնից էլ պակաս ջանք ու փորձ են պահանջում: Ասվածն ապացուցելու կամ հիմնավորելու համար տնտեսագիտա-տնտեսվարական մեծ ունակություններ չեն պահանջվում, այլ ընդամենը ոչ վաղ անցյալի իրավիճակի փաստագրում: Հենց թեկուզ Երեւանում միմյանց հարեւանությամբ գտնվող ավտոգործարանի եւ էլեկտրալամպերի արդյունաբերական հզորությունների մերօրյա տեսակետից վիճակի գնահատում: Ավտոմեքենան հեռավոր ապագայի խնդիր համարելով դիտարկենք շատ ավելի պարզ ու հասարակ արտադրանքի թողարկումը, որպիսին է ակնարկված էլեկտրական լամպերի արտադրությունը: Մեզնից յուրաքանչյուրը գիտի, որ արդյունաբերական այս սարքն անգամ 1 տասնյակի հասնող մասերից չի կազմված, ժամանակին այն 10-յակ միլիոնանոց քանակներով արտադրել ու արտահանել ենք, հզորությունները գնալով մեծացրել: Նախորդ դարի 90-ականների պարապուրդից հետո 2000-ականների սկզբին գործարանը վերագործարկելու ծրագիր առաջարկվեց, փորձառու կառավարիչ ընտրվեց, հայկական էլեկտրալամպերի արտադրությունը վերականգնվեց: Լրագրողների համար ցուցադրական շրջայց կազմակերպվեց, որից օգտվեց նաեւ տողերիս հեղինակը: Արտադրության առաջին իսկ օղակից պարզ դարձավ, որ վերագործարկումն ապագա չունի, քանզի խնդիր էր հռչակվել ընդամենը կանխել արտադրության վերջնական փլուզումը, այլ ոչՙ ոլորտի նորացումը, դրան երկրորդ շունչ հաղորդելը: Գաղտնիք չէր, որ զարգացած երկրներում ժամանակակից էլեկլամպերն այլ չափորոշիչներով են գնահատվում, դրանք նվազագույնը 5-10 վտ հզորություն են վերցնում, փոխարենը 60-100վտ լուսավորություն ապահովում: Անշուշտ լավատեսական տարբերակում այս ուղղությամբ էր պետք առաջնորդվել, երբ մեզանում անկարող գտնվեցինք անգամ 100 դրամով վաճառվող էլլամպեր արտադրելու հարցում, որոնց տարբեր տեսականիներ ՀՀ ներմուծվում են մերձակա երկրներից, թող որ նվազագույն աշխատավարձով աշխատատեղեր ապահովում այդ երկրներում: Պարզ է, որ գերժամանակակից էլեկտրական լամպերը բարձր գին ունեն, դրանք հասու չեն ՀՀ բնակչության բացարձակ մեծամասնությանը, բայց փաստ է նաեւ, որ այդպիսիք ներկրվում ու վաճառվում են մեր առեւտրային ցանցում: Գնողունակ հատվածը ձեռք է բերում դրանք, դրանց օգնությամբ նպաստում անձնական էլեկտրաէներգետիկ հաշվեկշռի խնայողության: 1 ընտանիքի կողմից 1 կվտժամի խնայողությունը 1000 ընտանիքի պարագայում 1 մեգավատ խնայողության է հանգեցնում, ասել է թե վերանում է այդ հզորության կառուցման ֆինանսական միջոցների փնտրտուքի անհրաժեշտությունը:

Թերեւս այս ճանապարհով են նաեւ իրենց խնդիրները լուծում Գերմանիայում. 17 ատոմային ռեակտորների զգալի մասը փակվել է, իսկ երկրի տնտեսությունը անվերջ զարգանում է: Մեզանում շատ հաճախ այլ պատկեր է ներկայացվում. փակեցինք Մեծամորի աէկ-ը, կհայտնվենք 90-ականների վիճակում, իսկ թե ինչու այն չի արձանագրվում, երբ ատոմակայանը ամբողջ 90 օր վերալիցքավորման նպատակով դադարեցնում է աշխատանքը, ոչ մի հիմնավոր բացատրություն չկա:

Սա իմիջիայլոց չենք հիշում, այլ փաստում, որ տնտեսության կայացումը շատ ավելի խորքային խնդիրներով է պայմանավորված, որը մեզանում փոխարինվում է առօրեական հարցերը որպես հեռահար ծրագրեր ներկայացնելու ցանկությամբ: Այս գնահատականը կազմավորվել է համաշխարհային գործընթացներին թող որ սիրողական մակարդակով հետեւելու եւ ուսումնասիրելու արդյունքում, որտեղ տեղ չունի մեզանում չարչրկված համակարգային փոփոխություններ մոտեցում-գործելաոճը: Զարգացող Չինաստանում օրինակ, որտեղ առերեւույթ համակարգային փոփոխություններ չեն արձանագրվել, այլ լավագույնս է ներդրվում հանաշխարհային փորձը, նախորդ տասնայակում 1 կվտժամին բաժին էր ընկնում 4 դոլարի արտադրանք, հիմա այն 4,5 դոլար է, երբ ՀՀ ցուցանիշն անփոփոխ 1,5 դոլար է: Այսօրինակ վիճակագրությունը հիմնավորապես մտահոգիչ է, այն մեզանում հաճախ հիշեցվող 1 քայլ առաջի պարագայում, եթե այն իրոք կա, նաեւ 3 քայլ նահանջ է ենթադրում:

Ուրիշ ի՞նչ գնահատական տալ, երբ տարիներ առաջ կառավարությունը նշում էր Վանաձորի «Քիմպրոմ»-ում, «Էլեկտրոն» գործարանում երկրին անչափ անհրաժեշտ պարարտանյութերի, գյուղտեխնիկայի արտադրության մասին, որոնք մինչ օրս ներկրվում են Վրաստանից ու Բելոռուսից: ՏՏ ոլորտում ինչ-որ աստիճանի կայացման կողքին ոչ մի խոսք չկա կենցաղային ոչ բարդ էլեկտրասարքերի երբեմնի արտադրության վերականգնման ուղղությամբ, որպիսիք ներմուծվում են, այլոց տնտեսությունները զարգացնում: Այսօրինակ գործընթացների արդյունքում է, որ ՀՀ ԱՎԾ-ի տվյալներով ՀՀ տնտեսությունում զգալի աճ կա, իսկ մեր մարդիկ այն չզգալով արտագաղթի ճամփան են ընտրում: Այնպես ու հերթական հարցըՙ թե ինչքանով մեր տնտեսության կայացմանը կնպաստի ՀՀ նորացվող կառավարության կազմը, իր 17 նախարարներով եւ 3 փոխվարչապետերով, հնչում է ինքնաբերաբար: Նշեմ, որ վերջին 10 ամյակում Ավստրիա պարբերաբար այցելող ՀՀ քաղաքացիս տեղյակ է, որ գերզարգացած այս երկրում նախարարություններն ընդամենը 12-ն են, չկա եւ ոչ մի փոխվարչապետ: Բայց դա չի խանգարել Ավստրիայի կառավարիչներին երկրի ՀՆԱ-ն 284 մլրդ դոլարից հասցնել 417 մլրդ դոլարի, բնակչությունը 8,2 մլն-ից 8,8 մլն-ի, 1 բնակչի հաշվով ՀՆԱ-ն 34,6 հազար դոլարից 48 հազար դոլարի:

Մտորելու շատ բան ունի հայաստանցին: Մեզ աշխատասեր մարդկանց հանրություն ներկայացնելու պարագայում պարզ չէ, թե ինչու ենք այսչափ անզորի ու անօգնականի վիճակում հայտնվել, երկիրը չգիտես ինչու, տեղից վեր կացողը փոքր է հռչակում, անգամ 3 մլն-ի պարենային ապահովությունն ու անվտանգությունը անհնարին ու անիրատեսական համարում, երբ հողային, ջրային ու ջերմային կարողունակություններով մի քանի անգամ գերազանցում ենք կայացած ու բարգավաճող երկրների մեծ մասին: Պարենային հարցով պարզից էլ պարզագույն մի օրինակ նշեմ: Երկիր մոլորակի չորս կողմերում հաճույքով է սպառվում խոզի միսը, որի արտադրության ծավալներն աննախադեպ աճում են, միայն ոչ Հայաստանում, որտեղ հիմնականում գներն են աճում: 2000 թվականին խոզի մսի համաշխարհային արտադրությունը կազմել է 86 մլն տոննա, որտեղ Չինաստանի բաժինը 35 մլն տոննա է, Գերմանիայինը 4 մլն տոննա, Դանիայինը 1,6 մլն տոննա, Ավստրիայինը 500 հազար տոննա, ՀՀ-ինը 6 հազար տոննա, 1 բնակչի հաշվովՙ համապատասխանաբար 27 կգ, 50 կգ, 300 կգ, 65 կգ եւ 2 կգ: 2014-ին համաշխարհային արտադրությունը հասել է 115 մլն տոննայի, որտեղ Չինաստանի բաժինն արդեն 55 մլն տոննա է, Գերմանիայինը 5,5 մլն տոննա, հաջորդ երկուսի բարձր ցուցանիշների պատճառով էական աճ չի արձանագրվել, ՀՀ-ում այն կազմել է 8 հազար տոննա, 1 բնակչի հաշվով համապատասխանաբար արձանագրվել է 43 կգ, 70 կգ, 300 կգ, 70 կգ եւ 2,5 կգ: ՀՀ բնակչության խոզի մսի սպառումը հիմնականում ապահովվել է աշխարհի տարբեր մասերից խոր սառեցված վիճակում ներկրվող մսի տեսքով, որը տեղականի համեմատ այսօր էլ վաճառվում է էապես ցածր գնով, նաեւ հումք ծառայում երկրում արտադրվող ողջ երշիկեղենի ու համապատասխան մսատեսակների համար: Անհասկանալի ու անբացատրելի է այս պայմաններում հայ մսարտադրողներին գործընթացից դուրս թողնելը, երբ ամեն օր է խոսվում հայ գյուղաբնակների հանդեպ ցուցաբերվող պետական քաղաքականությունից, գյուղացու հոգսերը թեթեւացնելուց, նրան աղքատության ճիրաններից ազատելուց, մի խոսքովՙ թեւ ու թիկունք լինելուց:

Ասվածի հանդեպ վստահության որոշակի բացակայությունը նկատի ունենալով, ՀՀ շարքային քաղաքացիս հաճախ է գրավոր հարցումներով անհանգստացնում երկրի պատասխանատու կառույցներին, որոնցից խոզի մսի արտադրության հետ կապված ՀՀ գյուղնախարարության 2013-ի պատասխաններից մեկը ներկայացնում եմ ընթերցողներին: «Առաջիկա 1-2 տարիներին հանրապետությունում խոզի մսի արտադրության ծավալները 80-100 հազար, հետագայում 150-180 հազար տոննայի հասցնելու կապակցությամբ հայտնում ենք, որ խոզի մսի արտադրության նման ծավալներ ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան գլխաքանակ եւ անհրաժեշտ քանակի խտացրած կերեր, որի հնարավորությունն այսօր հանրապետությունը չունի»: Նկատենք. ոլորտում տիրող վիճակի հանդեպ մտահոգության ոչ մի նշան, որի փոխարեն հայաստանաբնակներիս պարտադրում են սպառել այլոց արտադրած, քիմիական ինչ-ինչ միջոցներով խոր սառեցրած խոզի միս: Պատասխանից անցել է ամբողջ 5 տարի, որը բավարար էր այս մսատեսակի արտադրությունը միջին հայաստանցու հաշվով տարեկան գոնե 10 կգ-ի հասցնելու համար, որը մրցակցային միջավայր կապահովեր ոլորտում, կկանխեր գների աննախադեպ աճը, արտագաղթի պատրաստվողների մի մասին էլ թերեւս լավատեսության հույս ներշնչեր: Այս պայմաններում նվազագույնը տարօրինակ է հայ գյուղի խնդիրները մի կողմ թողած մեր որոշ գործընկերների այն պահվածքը, որում փորձ է արվում մեր բնությունը շահարկելով հայ գյուղն այնպիսի պատկերներով ուրվագծել, որոնք գյուղաբնակներն անգամ իրենց ամենավառ երազներում չեն տեսնում: Չէ որ մեկնողներից բոլորը չէ, որ անարդարությունից ու կամայականությունից են փախչում, այլ որակյալ ու մատչելի սննդի պակասից, որտեղ ներկայացվող թեման առաջնահերթությունների շարքում է:

Տեսեք ինչ գներ են առաջարկում հայաստանցուս շաբաթներ առաջ հյուրընկալած Ավստրիայի սուպերմարկետներում, որպիսի լուսանկարը վերցրել ենք «Պեննի» առեւտրացանցի գովազդային թերթիկից: Նկատենք, որ ներկայացվող գնի մոտ 45 տոկոսը զանազան հարկերն են, ասել է թե մսարտադրողն այն վաճառել է 1կգ.-ը մոտ 1 եվրոյով, ՀՀ արժույթովՙ 600 դրամով: ՀՀ-ում խոզի միս արտադրողներն այն վաճառում են եռապատիկ թանկ եւ միաժամանակ դժգոհում ցածր գնից: ՀՀ տնտեսվարա-գիտական միտքը, որն այս պարագայում կենտրոնացած է ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման, տնտեսական զարգացման, միջազգային ինտեգրման նախարարություններում, ագրարային ակադեմիայում, այլ կառույցներում, որեւէ բացատրություն պարզապես չունի. տարօրինակից էլ անդին վիճակ:

Թե ինչու է ՀՀ իշխանությունն այսչափ անփույթ ու անպատասխանատու իր երկրի քաղաքացիների առօրյայի պարզ ու հասարակ հարցերի հանդեպ, քանզի մարդկանց ամենօրյա գործերի ու սննդակարգի լավագույնս կազմակերպումը աշխարհի հիմնական պետություններում վաղուց լուծված խնդիր է, հարց է մնում: Անշուշտ այստեղ ուրվագծվում է իշխանություն-ներմուծող օլիգարխիա կապը, որը համաշխարհային գործընթացներում եզակի երեւույթ չէ: Այլոց գործողությունները դիտարկելով կարելի է համոզվել, որ յուրաքանչյուր ոլորտ կառավարելով կարելի է արդյունքներ ապահովել, երբ թե օլիգարխիան շահաբաժնից չի զրկվի, թե բազմամիլիոն սպառողներն իրենց բավարարված կզգան: Իշխանական կառույցներին հայտնի այս պայմաններում է հնարավոր լինում պետություն-հանրություն հարաբերություններում բարերար միջավայր հաստատել, երկիրն աշխատեցնել, կայացնել ու զարգացնել, որը մեզանում առայժմ փոխարինվում է անիմաստ ու անհասցե համակարգային փոփոխություններ եւ մերն ուրիշ է արտահայտություններով:

Այսպես էլ ապրում ենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 23-03-2018

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ