RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2018-04-13 11:30:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 2933, Տպվել է` 399, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԻՐՈ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ՈՒԺԻ ՄԵՋ ԿԼԻՆԻ ՄԻՆՉԵՎ 2040 Թ.Ը

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երկար տարիներ պահանջվեցին, որպեսզի երկրում հասկանան, թե ինչպե՞ս են ծնվում մարդիկ: Առաջ, կարծելով, թե մարդկանց ծնվելու համար պետք է տնտեսությունը զարգացնել, ժողովրդավարություն հաստատել, մարդու իրավունքները հարգել, աշխատավարձերն ու նպաստները բարձրացնել, հենց այդպես էլ անում էին, սակայն չօգնեց. մարդիկ համառորեն չէին ծնվում, չնայած քաղաքում համբուրվող զույգերն ավելացել էին, ավելի ճիշտՙ քաղաքում այլեւս չէին թաքցնում, որ համբուրվում են: Հենց սա էլ հուշեց իշխանությանը նոր օրինագիծ մշակել, իսկ ավելի վաղ Գիտությունների ազգային ակադեմիան ու ստեղծագործական միությունները համատեղ հայտնաբերել էին, որ մարդիկ ծնվում են սիրուց: Օրինագիծն այդպես էլ կոչվեցՙ ՀՀ օրենքը սիրո մասին:

Օրենքը սկզբում զգուշավոր էր: Որոշվեց ամբողջ ժողովրդին չանհանգստացնել դեռՙ սեր պարտադրելով: Սահմանվեց, որ բոլոր երգիչները, նկարիչները, դերասանները,... որոնք ժողովրդական կամ վաստակավորի կոչում չունեն, պետք է անմիջապես դադարեն երգելը, նկարելը, դերասանությունը եւ սիրով զբաղվեն, օրականՙ երկու ժամ պարտադիր: Ընդ որում, պետությունը պարտավորվում էր հոգալ տվյալ արվեստագետի սիրային վերապատրաստումըՙ կազմակերպելով սեմինարներՙ Ծաղկաձորում եւ Դիլիջանում: Տեսնելով, որ օրենքը զգալիորեն նպաստեց ծնելիության զարգացմանը եւ, ինչը պակաս կարեւոր չէՙ արվեստը մաքրեց անտաղանդներից, օրինագծի հեղինակները որոշեցին այլ խմբեր եւս ընգրկելՙ «Պարտադիր սեր, բարձր ծնելիություն» պետական ռազմավարական ծրագրում: Այսպես ամեն մեկն այլեւս չէր գրումՙ կապ չունի հոդված, թե վեպ: Պոեզիան վերջապես սկսեց շունչ քաշել, քաղաքում այլեւս անճոռնի արձաններ չէին հայտնվում... Մի խոսքով մշակույթի բնագավառում մնացին միայն ժողովրդականներն ու վաստակավորները, մյուսներին օրենքով պարտադրվեց սիրել: Կոչումավորները հպարտորեն հայտարարում էին, որ մշակույթը վերջապես մաքրվեց, վտարվածները ժամանակ անգամ չունեին մտածելու մշակույթի մասին, քանի որ ամբողջ օրը սիրում էին:

Անցան այլ ոլորտների: Օրենքը սահմանեց, որ բոլոր փոքր խանութներ ունեցողները պետք է փակեն իրենց խանութները ու գնան սիրով զբաղվելու: Այս առումով մի գյումրեցի անգամ անեկդոտ հորինեցՙ ասելով, թե «Ծո, ես սաղ կյանքս խանութս բացել եմՙ նոր եմ սեր արել, ի՞նչխ կեղնի, որ փակեմՙ նոր անեմ»... Հետո անցան առհասարակ մանր ու միջին բիզնեսին: Պետությունը նրանց հարցում էլ քթածակ դրսեւորեց ու սահմանեց պարգեւատրում. ով տեսանյութով կապացուցի, որ ինքը օրը երեք անգամ սիրով է զբաղվել, կստանա 20 հազար դրամ, 2 անգամըՙ տասը հազար, մեկ անգամըՙ 5 հազար, իսկ 3 անգամից շատ, ով զբաղվում էր, պարգեւատրում էին պետական շքանշանով եւ նրա համար սահմանվում էր ամսական թոշակ: Ողջ ընթացքում միայն մեկ անգամՙ 76-ամյա մի ծերունի, ներկայացրեց ապացույց, որ ինքը օրական տասն անգամ սիրով է զբաղվում, ընդ որումՙ միայն 2-ըՙ իր պառավի հետ: Միանգամից սիրո հերոսի կոչում տվեցին:

Անցան քաղաքականությանը. այսուհետ յուրաքանչյուր պատգամավոր իր առանձնասենյակին կից պետք է ունենար նաեւ հանգստի սենյակ, ընդ որում օրենքը պարտադրում էր, որ պատգամավորները պետք է օրվա մեջ ավելի շատ հանգստանան, քան աշխատեն: Խորհրդարանի շենք մուտք գործելու իրավունք բացի պատգամավորներից ու լրագրողներից ստացան նաեւ մարմնավաճառները, իսկ պառլամենտի աշխատանքային ժամերը սահմանվեցինՙ ամեն օր ժամը 9:00-ից, մինչեւՙ ով որքան կդիմանա: Պատահում էր, որ լուսադեմին պատգամավորներ էին դուրս գալիս ԱԺ-ի շենքից: Սահմանվեց նոր հաստիքՙ ԱԺ պատգամավորի հանգստի ապահովիչ: Սեռը կապ չուներ. կարեւորը պատգամավորի նախասիրություններն էին, որոնք, ի դեպ, հաճախ փոխվում էին, լինում էր, որը օրվա մեջ մի քանի անգամ:

Մինչեւ 2040-ը մնացել էր 10 տարի, բայց բնակչության թիվը ոչ միայն չէր մոտենում 4 միլիոնին, այլեւ հազիվ հասնում էր պետական վիճակագրության ներկայացրած թվերին: Խորհրդարանում հրավիրվեց արտակարգ խորհրդակցություն: Մեծամասնությունը դուրս էր եկել հանգստի սենյակներից, դրա համար էլ խորհրդակցությունը թույլատրվեց առանց փողկապների եւ ծխելով: Մի քանի շիշ սառը հանքային ջուր եւ երկու արկղ սիգարետ դատարկելուց հետոՙ խորհրդարանը որոշեցՙ փոփոխություններ մտցնել Սիրո մասին ՀՀ օրենքում, որպեսզի այն վերաբերի ոչ թե բնակչության առանձին խավերին, այլ ամբողջ ազգին:

Օրենքը սահմանում էր, որ այսուհետ յուրաքանչյուր կին եւ տղամարդ միասին որեւէ փակ վայրում 1 ժամից ավել առանձին գտնվելու պարագայում պարտավոր են սիրով զբաղվել: Այդ դրույթն, ի դեպ, լուրջ տարաձայնություններ առաջացրեց, քանի որ ոմանք պնդեցին, թե ի՞նչ կարեւոր է շեշտելըՙ կին եւ տղամարդ, բայց հետո նրանց բացատրեցին, որ մարդիկ ծնվում են բացառապես կնոջ եւ տղամարդու միջեւ սիրուց, ասենք երկու տղամարդու սիրուց չի ծնվում, երկու կնոջ սիրուց չի ծնվումՙ տղամարդ-հայրենիք, կամ կին-պոեզիա սիրուց չի ծնվում, մի խոսքով...Ավելի ուշ օրենքը փոփոխվեց: Տվյալ դրույթից հանվեց «փակ» բառը, ու այն ստացավ հետեւյալ տեսքըՙ Յուրաքանչյուր կին եւ տղամարդ միասին որեւէ վայրում մեկ ժամից ավել գտնվելու պարագայում պարտավոր են սիրով զբաղվել:

Երկրում բոլորը սկսեցին ժամացույց կրել: Օրենքը գեղեցկացրեց քաղաքը. հղիները շատացան: Հաջորդ դրույթով սահմանվում էր, որ եթե կինը հղիացել է ոչ իր ամուսնուց, ապա պարտավոր է ունենալ երեխային ու իր ցանկությամբՙ պահել կամ հանձնել «Ծովից ծով հայեր» պետական-ազգային հիմնադրամին, որն էլ Հանրապետության ողջ տարածքում բացել էր մանկատներ, որտեղ, ըստ օրենքիՙ երեխաները պարտավոր էին ժպտալ, երբեք չլացել, մեծանալ հայրենասեր, աշխատասեր, լսող եւ առողջ:

2040-ը մոտենում էր, բայց ազգը ոչ մի կերպ բնակչության կտրուկ աճ չէր ապահովում: Որոշեցին օրենքում այլ փոփոխություններ մտցնել: Եթե առաջ սահմանվում էր, որ յուրաքանչյուր կին եւ տղամարդ միասին որեւէ վայրում 1 ժամից ավել առանձին գտնվելու պարագայում պարտավոր են սիրով զբաղվել, ապա փոփոխությունից հետո այս տողը դարձավ այսպեսՙ Յուրաքանչյուր կին եւ տղամարդ միասին որեւէ վայրում 1 ժամից ավել գտնվելու պարագայում պարտավոր են սիրով զբաղվել: «Առանձին» բառն էլ հանվեց:

Ամբողջ երկիրը հիասքանչ դարձավ. կանգառներում, թատրոններում, այգիներում, փողոցներում տղամարդիկ եւ կանայք ցուցաբերում էին բացառիկ-աննախադեպ օրինապաշտություն: Միջազգային բոլոր պարբերականները Հայաստանը ճանաչեցին աշխարհի ամենասեքսուալ երկիրը, սփյուռքահայերը վերջապես զգալով, որ Հայաստան ամեն բան կարգին է, տուն էին գալիս, տասնյակ հազարավոր օտարերկրացիներ գալիս էին Հայաստան, կանայքՙ հղիանումՙ մնում, տղամարդիկՙ քաղաքացիություն ստանում, որ մնան: 2040-ին մնացել էր դեռ մեկ տարի, բայց երկրում, եթե բնակչության մեծ մասը փողոցում էր, կանգնելու տեղ չկար, մարդիկ այնքան քիփ էին իրար կանգնած, որ առանց օրենքի էլ համբուրվում էին: Հայաստան ու սեր բառերը համարվեցին հոմանիշներ, աշխարհում յուրաքանչյուր երկրորդ մարդը գոնե մեկ անգամ առնվազն երազում եղել էր Հայաստանում...2039-ի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետությունը դիմեց ՄԱԿՙ ասելով. «Միավորված ազգերի հարգելի կազմակերպություն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում կանգնելու տեղ չի մնացել, խնդրում ենք կազմակերպությանը ընդայնել մեր պետության տարածքըՙ մարդկանց տեղավորելու համար»: Նույն օրը Թուրքիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունըՙ վերադարձնելով Արեւմտյան Հայաստանը, Ադրբեջանըՙ Արցախի անկախությունը, որին կցվեցին նաեւ Շահումյանի ու Դաշքեսանի շրջանները: Աշխարհում չկար մի հայ, որը ՀՀ քաղաքացի չլիներ, աշխարհում չկար մի մարդ, որը չուզենար ՀՀ քաղաքացի լինել:

2040-ին անցկացված մարդահամարի տվյալներով Հայաստանի Հանրապետության բնակչությունը կազմեց 76 միլիոն 257 հազար 841ՙ չհաշված այն հանգամանքը, որ երկրում 4 միլիոն կին հղի էր ու հենց 2040-ին պետք է երեխա ունենար:

Բայց մի վատ բան տեղի ունեցավ: Հաջորդ տարիՙ 2041-ին, իշխանությունը հայտարարեց, որ իրականում ոչ թե լավ է, որ աշխարհի միակ երկիրն ենք, որը սիրո մասին օրենք ունի, այլ ամոթ է, քանի որ սիրելը չի կարելի պարտադրել: Օրենքը չեղարկվեց: Սիրելը դարձավ նորից կամավոր: Առաջինը Հայաստանը լքեցին սփյուռքից վերադարձածները, հետոՙ Հայաստանում դիմացածները, վերջումՙսիրո խաթեր ՀՀ քաղաքացի դարձած օտարները...Մնաց լեռներով, գետերով, լճով, անտառներով մի տարածք, որը ՄԱԿ-ի որոշմամբՙ ցանկապատվեց 4 կողմից ու հայտնվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկումՙ որպես մի վայր, որտեղ մարդիկ սիրել են միայնՙ երբ սիրելը նրանց պարտադրվել է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ