RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018



Տեղադրվել է` 2018-05-19 09:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1539, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՐԴԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մայիսի 8-ին, փաստորեն սկիզբ դրվեց Հայաստանի չորրորդ հանրպետությանը, երբ խորհրդարանում 59 կողմով վարչապետ ընտրվեց ժողովրդի մարդը` Նիկոլ Փաշինյանը: Ասեմ, որ ՀՀԿ-ի պահվածքը, որքան էլ այնտեղ ընկերներ ունեմ, բոլորովին դուր չեկավ հանրությանը: Հասկանալի կլիներ, եթե ՀՀԿ-ն ասեր, որ դեմ է Փաշինյանի անձին, բայց երկիրը ճգնաժամից դուրս բերելու քաղաքական որոշում է կայացրել, իսկ քաղաքական որոշման մեջ հասկացվում է քաղաքական թեւի քվեարկությունը: Մինչդեռ խմբակցության կազմում եղած օլիգարխների քվեարկությունը (թվով 13 կողմ քվեարկողների մեծ մասը օլիգարխներն էին) նետելը ժողովրդի թեկնածուին ցույց է տալիս, որ ՀՀԿ-ում մինչեւ հիմա ամենեւին էլ չեն հասկացել իրավիճակը, եւ այդ քվեարկությամբ նույնիսկ փորձել են դնել առաջին ականը Նիկոլի վարչապետության ճանապարհին: Դեմ ես օլիգարխներին` ստացիր նրանց քվեարկությունը: Մինչդեռ վերջիններս, անկախ իրենց քվեարկությունից, ստիպված են լինելու ընդունել նոր խաղի կանոները, քանի որ ստվերում աշխատելը կտանի նրանց ունեզրկմանը հենց օրենսդրությամբ: Համենայնդեպս լուրը, որ Սամվել Ալեքսանյանի մատակարար ընկերություններն արդեն ապրանք մատակակարելիս տալիս են նաեւ հարկային հաշիվ-ապրանքագիրը` վկայություն է, որ գործարարները գոնե հասկանում են իրավիճակը:

Անցած շաբաթ եւ այժմ իրադարձություններն այնպես արագ էին զարգանում, որ անգամ դժվար էր դրանց հետեւելը, ուր մնաց արձագանքելը: Մենք բոլորս դարձել ենք մեր կողքին գրվող պատմության մասնակիցը պարզապես , սկիզբ է առել ժողովրդի լայն զանգվածների լեգիտիմությամբ օժտված նոր վարչապետի կառավարման շրջանը, որը շուտով ժամանակավոր կառավարության կազմ կներկայացնի եւ ձեռնամուխ կլինի նախորդ կառավարության թողած ահռելի խնդիրների քայլ առ քայլ լուծմանը:

Ինտերակտիվ այս հեղափոխության` համացանցով արագ արձագանքման ու ինքնակազմակերպման դրական գործոնն այս պահին վերածվել է Նիկոլ Փաշինյանին ներկայացվող զանգվածային առաջարկների հեղեղի, մարդիկ, ովքեր մասնակից էին հեղափոխությանը, հիմա էլ փորձում են համացանցում կառավարություն կազմել, Նիկոլի քայլերը ուղղորդել, ճիշտ ու սխալ որոշել: Սա հատուկ է հետհեղափոխական բոլոր ժամանակներին: Կուզեինք, որ խորհրդատուները մի փոքր զերծ մնային զանգվածային նամակագրությունից ու հայտարարաթյունների տարածումից` սպասելով նոր կառավարության առաջին քայլերին: Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերներով փորձում է պահել կապը հազարավոր աջակիցների հետ, վերացնել տասնամյակներով կառուցված պատնեշները ժողովրդի եւ իշխանության միջեւ, այդ ընթացքում երբեմն էլ անտեսում է մի շարք անվտանգային կանոններ, օրինակ` զինված ուժերի գլխավոր հրամանատարն Արցախից վերադառնալիս ուղղաթիռից ուղիղ եթերով պատմում է իր գտնվելու վայրի մասին, տեղանք ցուցադրում, սա հուսով ենք, հետագայում կբացառվի: Բացի այդ` շուտով Նիկոլն իսկի քիթ սրբելու ժամանակ չի ունենա, այնպես որ, վստահ ենք, միգուցե բավարար լինեն շաբաթը մեկ արվածի ամփոփում-ուղիղ եթերները, որոնք միգուցե հենց հեռուստաընկերությունները ուղիղ կցուցադրեն նաեւ: Համենայնդեպս այսօր կայանալիք կառավարության նիստը լրագրողների համար բաց է լինելու, նրանցից ոմանք գուցե հենց ուղիղ եթեր կապահովեն, այսպիսով թույլ չտալով հեղափոխության աջակիցներին օտարվել իրենց առաջնորդի ամենօրյա աշխատանքներից:

Ասենք, որ վարչապետի պաշտոնում Փաշինյանի առաջին շփումները հօգուտ նրա են աշխատել: Անբռնազբոս, արարողակարգերով դեռեւս չփչացած զույգի` Նիկոլ Փաշինյանի եւ նրա տիկնոջ` Աննա Հակոբյանի անկեղծ պահվածքը, առանց հուշարարների եւ տանելի հայերենով նրանց կողմից տեսակետների արտահայտումը պարզապես ակնահաճո եւ հուսադրող են: Իհարկե, ժամանակի հետ դրանք կսրբագրվեն. քսան տարի առաջ Նիկոլ Փաշխինյանին ճանաչողները կարող են արձանագրել, թե տարիների քաղաքական փորձառությունն ինչպես աճեցրեց նրան ու դարձրեց զանգվածներին կառավարող քաղաքական գործիչ, իսկ նրա մեջ դրված անվերջ աճելու ու նորն ընկալելու մոտորը, վստահ ենք, նրան կամաց- կամաց կօժտի նաեւ գործադիրի կառավարման հմտություններով, համենայնդեպս` հուսով ենք: Համացանցով նրա կապը հանրության հետ այդ իմաստով կարեւոր է` բանկային անվտանգության կոճակի նման մի բան, հենց մի հարց նա միայնակ չկարողանա լուծել, կամ նրան վտանգ սպառնա այս կամ այն կլանից, նա անմիջապես կարող է սեղմել այդ կոճակը եւ կանչել իր թիկունքին` ժողովրդին:

Իսկ Արցախում մայիսյան եռատոնի ժամանակ նրա հանդիպումները պարզապես ցրում էին այն բամբասանքները, թե Նիկոլը գլուխ չի հանում արտաքին քաղաքականությունից, Արցախի խնդրից: Փաստորեն հանում է, նրա ասուլիսը վկա` Արցախին բանակցային սեղանին վերադարձնելու առաջնահերթության մասին հայտարարությամբ, Բակո Սահակյանի հետ հանդիպման անբռնազբոսությամբ...

Միֆ էին նաեւ այն կեղծ մտահոգությունները, թե Ռուսաստանը նրա անձի հետ կապված խնդիր կտեսնի` ՌԴ նախագահն առաջիններից մեկը շնորհավորեց ու հեռախոսազրույց ունեցավ Փաշինյանի հետ: Առհասարակ` եվրողեկավարների,ԱՄՆ պետկառույցների ներկայացուցիչների, դեսպանների ջերմ շնորհավորանքներն ու հայտարարությունները կարծես բնական եզրափակումն էին քսան օրից ավելի չտեւած ու աշխարհում նախադեպը չունեցած հայկական անարյուն հեղափոխության, որը դեռ հեղափոխությունների պատմության մեջ իր արժանի տեղը կգրավի անշուշտ եւ... այլ երկրներում կրկնվելու միտում կդրսեւորի` Ռուսաստանում սկսված բողոքի միջոցառումները, «Ուզում ենք, ինչպես Հայաստանում» կարգախոսներով, ձեզ հավաստում:

Հայկական հեղափոխությանը հմայք հաղորդեց նաեւ աշարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանի ժամանումը եւ խորհրդարանի օթյակից Նիկոլ Փաշինյանի ընտրությանը հետեւելու նրա ժեստը:

Ո՞վ կլինի Նիկոլի կառավարությունում

Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում թերեւս ուրվագծում էր այն խնդիրները, որոնցով զբաղվելու են Նիկոլն ու իր կառավարությունը: Այս կառավարության (թեկուզ ժամանակավոր) հաջողելն արդեն հայ ժողովրդի հաջողելուն կհավասարվի, ոչ ավել, ոչ պակաս, ձախողելը կնշանակի արտագաղթի ու անհուսության նոր ալիք: Հուսով եմ` հանրությունը դա հասկանում է, եւ ինչպես հեղափոխության ժամանակ կանգնեց Փաշինյանի թիկունքին, հիմա էլ արդեն մի կողմ չի քաշվի ու քայլ առ քայլ ու հետեւողական մասնակից կլինի խնդիրների լուծմանը: Թեպետ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի անդամները հեղափոխության շարժիչ ուժն էին դարձել, ունի կառավարության իր ուրվագիծը, սակայն ինչպես Փաշինյանը հայտարարեց Ստեփանակերտում` «...քանի որ իրենք ձեւակերպել են այլ խնդիր, քան իշխանությունը վերցնելն է, այդ պատճառով կսկսենք բոլոր խորհրդարանական ուժերի հետ (նկատի ունի քննարկումները-Մ.Խ.), որոնց արդյունքում կձեւավորվի կառավարություն»: Այսինքն` խոսքը կարծես թե կոալիցիոն ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին է:

Արդեն իսկ արտահոսքեր կան, որ նրա երկու փոխվարչապետները կարող են լինել Վաչե Գաբրիելյանն ու Արարատ Միրզոյանը, չնայած վերջինիս մասին ասվում է , որ նա կարող է դառնալ «Ելք» խմբակցության ղեկավար: Կլուծարվի՞ առաջին փոխվարչապետի պաշտոնը` համապատասխան օրենսդրական փոփոխությամբ, թե այն կօգտագործվի բավարարելու համար ծառուկյանականների հավակնությունները, կամ միգուցե Կարեն Կարապետյանով զսպելու հանրապետականների սաբոտաժային տրամադրությունները, դեռ հայտնի չէ: Հավանաբար Փաշինյանին սատարող «Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ-ն կունենան չորսական եւ երեքական պորտֆելներ: Որոշ պորտֆելներ կարող են մնալ անցյալ կառավարության պրոֆեսիոնալներին, օրինակ, կարծիք կա, որ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը կարող է դառնալ պաշտպանության նախարար: Փաշինյանն արդեն դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին զբաղցրած հաստիքներից ազատելու առաջարկով: Ավանդաաբար այս կառույցներից Հայաստանում շատ բան է կախված` ե՛ւ իշխանության ամրությունը, ե՛ւ մարդկանց մոտ այս կառույցների հանդեպ վերաբերմունքը, ե՛ւ երկրի անվտանգությունը: Փաշինյանն իրեն վստահելի մարդկանց նշանակելով այս պաշտոններին` կարող է որոշ առումով հակակշռել խորհրդարանում առաջացած վիճակը, միաժամանակ վերահսկելով օրինականության հաստատումը Հայաստանում: Արծվիկ Մինասյանը , որ մեզ հետ զրույցում եռանդով պատմում էր բազմաթիվ սկսած իր ձեռնարկների մասին բնապահպանության նախարարությունում, ցանկություն ունի շարունակել պաշտոնավարումը, չնայած այս պաշտոնի համար նաեւ տրվում է Փաշինյանի կուսակից Լենա Նազարյանի անունը: Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը կվերադառնա, արտաքին գործերի նախարարի թեկնածուի անուններ դժվար են տրվում, անգամ մենք լսեցինք նախկինում Վարդան Օսկանյանի խորհրդական Սալբի Ղազարյանի անունը, սակայն դա հավանաբար ցանկալի արտահոսք է ոմանց համար: Ամեն դեպքում արտգործնախարարի խնդիրը լուրջ է, մենք օրինակ, ափսոսում ենք Վիգեն Սարգսյանի նման կադրի որոշումը` քաղաքական հարթակում գործունեություն ծավալելու, այն դեպքում, երբ նա երբեք էլ առանձնապես քաղաքականացված չի եղել: Իսկ արտաքին ոլորտն այսօր առավել, քան երբեւէ բարդ է, ներքին խնդիրներին հավասար բարդ, տարածաշրջանը եռում է, ԱՄՆ-ը դուրս է եկել Իրանի հետ միջուկային համաձայնագրից, ու ոչ ոք դեռ չգիտե, զարգացումներն այստեղ ինչ սցենարով կընթանան: Այնպես որ` ոլորտը մեծ պրոֆեսիոնալի կարիքն ունի:

Կառավարությունից սպասվող առաջին քայլերը պետք է վերաբերեն մենաշնորհները վերացնելուն, մաքսային եւ հարկային դաշտում տոտալ օրինականություն հաստատելուն, ստվերը հարկային դաշտ բերելուն, գործարար բոլոր հաստատություններում ստվերային աշխատողներին ի հայտ բերելուն եւ գրանցելուն, օրենսդրական փոփոխություններ պատրաստելուն` հետագայում արտահերթ ընտրությունների անցկացման համար: Այսինքն` սեւ-բանվորական ու տանջալից աշխատանք է սկսվելու, որին միգուցե համաձայն չլինեն փափուկին սովոր մեր ներկա պաշտոնյաներից շատերը: Գումարած նրան, որ Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն, դատելով իր վերահսկողության տակ գտնվող մամուլի հարձակումներից` առ Փաշինյանն ու նրա ձեռնարկած քայլերը, մտմտում է իր ռեվանշը: Փոխանակ ուրախ լինի եւ օգնի պետությունը ոտքի կանգնեցնելուն, այդպես հավաստելով քաղաքական կուսակցություն, եւ ոչ թե խմբիշխանություն լինելու իր բովանդակությունը:

Սկսել միանգամից

Փաշինյանը մի շարք հայտարարություններ ընտրվելուց հետո արդեն կրկնել է`բիզնես-քվոտաներ եւ արհեստական մենաշնորհներ չեն լինելու, ով ինչ ուզում է` կարող է ներկրել Հայաստան, մաքսազերծումը երկու-երեք անգամ ավելի արագ եւ անխոչընդոտ է լինելու:

Կարող են հետաքննություններ սկսվել անօրինական ունեցվածքի ծագումնաբանությունը ստուգելու ուղղությամբ, հանրությունը կողջունի այդպիսի քայլը, ներդրումները եւս կախված կլինեն գործարար տարածքի իրական ազատականացման եւ օրինականության հաստատման քայլերից: Համենայնդեպս` Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոն սկսել է ստուգել Լոս Անջելես արտահոսած հայկական ունեցվածքի եւ փողի ծագումնաբանությունը: Վենդետա չի լինելու, հայտարարել է Փաշինյանը, բայց դա ամենեւին չի նշանակում, որ անօրինական, պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ եւ արհեստական մենաշնորհներով «վաստակված» միլիարդները չեն մտնելու բյուջե: Շուտով կկայանան առաջին անաչառ դատավճիռները, աշխատանքից կհեռացվեն կամ լիազորություններից կզրկվեն կոռումպացված պաշտոնյաներն ու դատավորները, արդարադատության համակարգը կսկսի մաքրվել չարդարադատությունից, եւ այլն: Նոր վարչապետի առաջին քայլերին հանրությունը հետեւում է շունչը պահած:

Հեշտ չի լինելու

Փաշինյանի նախկին զինակից Լեւոն Տեր-Պետրոսյանը, կարծես տխրելով Փաշինյանի արձանագրած հաջողությունից, ոչ միայն չի շնորհավորում նրան, այլեւ մեկ անգամ եւս հիշեցնում է ակնհայտը` խորհրդրանական մեծամասնությունը միշտ կարող է վիժեցնել փոքրամասնության վարչապետի եւ կառավարության նախաձեռնությունները, իսկ հանրության աջակցության ռեսուրսն արդեն սպառված է: Ելքն արտահերթ ընտրություններն են, դրանք եւս բարդ են եւ օրենսդրության փոփոխության եւ անցկացման տեսակետից` խորհրդարանում ՀՀԿ-ի մեծամասնության պատճառով, որն իր քվեով անընդհատ վիժեցնելու կամ տապալելու է ամեն փոփոխություն: Սրանք, իհարկե, Փաշինյանը Տեր-Պետրոսյանից լավ է պատկերացնում: Մի տարբերությամբ` հանրության ակտիվ հատվածը, ի հեճուկս Տեր-Պետրոսյանի, դեռ երկար կլինի Փաշինյանի կողքին, լրագրողների մեծ մասը եւս` բացառությամբ ՀՀԿ-ից սնվող լրատվամիջոցների. սա շատ կարեւոր է: Բացի այդ առկա է հաղթողի սինդրոմը` Հայաստանի գլխավոր արծիվ Խաչիկ Ասրյանի` ՀՀԿ-ից դուրս գալու հայտը ձեզ օրինակ, ՀՀԿ-ական համայնքապետերի` ԲՀԿ-ի հետ ստվերային բանակցությունները եւս մի օրինակ, ՀՀԿ-ն շուտով այնքան կլղարանա պատեհապաշտներից, որ ՀՀԿ խորհրդարանական մեծամասնությունն անելիքն անգամ չի իմանա: Իսկ գործընթացների գլխավոր երաշխիքն այն անսահմանափակ լիազորությունների մեջ է, որոնք Սերժ Սարգսյանն անընդհատ կուտակում էր` միգուցե իր, միգուցե մեկ ուրիշի համար, բայց ճակատագրի հեգնանքով դրանք բաժին հասան Փաշինյանին ու նրա ժամանակավոր կառավարությանը: Այնպես որ Տեր-Պետրոսյանը հավատարիմ մնաց մինչեւ վերջ մութ ֆիգուր լինելու իր դերին:

Այժմ Փաշինյանի գլխավոր փորձությունը մոտակա օրերի ընթացքում կառավարության այնպիսի կազմ ներկայացնելն է, որը չի հիասթափեցնի հանրությանը, չի սնի Հայաստանում մինչեւ այժմ թագավորող թայֆայական մոտեցումների խրտվիլակը, չի լինի կլաններին կուլ գնալու ցուցիչ, չի անրջացնի կառավարման ինստիտուտը` արկածախնդիրներով եւ երեխաներով լցնելով գործադիրը: Դժվար, բայց ի վերջո հաղթահարելի փորձություն: Մյուս փորձությունն արտաքին հարթույթում է, որը կհավասարվի ոչ ավել, ոչ պակաս` Հայաստանը եւ նրա արտաքին գերակայությունները միջազգային ասպարեզում արժանապատիվ ներկայացնելու հայտի: Խոսքը մայիսի 14-ին Սոչիում կայանալիք ԵՏՄ վեհաժողովին Հայաստանի նոր վարչապետի մասնակցության մասին է, որը կարող է դառնալ միջազգային ասպարեզում վարչապետ Փաշինյանի առաջին պրեզենտը, որի որակը կախված կլինի միայն ու միայն նրանից: Նախատեսված է նաեւ Փաշինյան-Պուտին հանդիպում, իսկ ԵՏՄ անդամ երկրների հնաբնակ նախագահների ֆոնին Փաշինյանի հայտնությունը ԵՏՄ-ում տեսարժան կլինի, առավել եւս` նրա այն նախնական տեսակետների ֆոնին, թե անդամ երկրները բոլորը պետք է ջանան կառույցն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ