RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018



Տեղադրվել է` 2018-05-19 09:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1299, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԵՌԼԻՆԸ ԴԵՌ ՉԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ. ՍՊԱՍՈՒ՞Մ Է ՓԱՇԻՆՅԱՆ-ՊՈՒՏԻՆ ԱՌԵՐԵՍ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Երեկ ուշ երեկոյանՙ մինչ թերթը տպարան գնալու պահը Բեռլինը լռում էր. Այսօր ուրախությամբ սրբագրում ենքՙ մայիսի 11-ի առավոտյան ԳԴՀ կանցլեր Մերկելը շնորհավորական ջերմ ուղերձ հղեց իր պաշտոնակցինՙ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:


«Ուրախ եմ Հայաստանի համար: Ձեզանից սովորելու բան ունենք», համերգի ընդմիջմանն ասաց Գերմանիայում բնակվող ուկրաինուհի բարեկամուհիս, որ գերմանացի ամուսնու եւ 2 երեխաների հետ 2 անգամ արդեն եղել է Հայաստանում, ճանաչում է մեզ, իսկ մի քանի օրից հայրենիք է մեկնումՙ մի բաղձանքովՙ յուրացրած տեսնել Հայաստանիՙ սիրո, ամենակարեւորըՙ աշխարհաքաղաքական կողմ չդառնալու դասերը:

Գերմանական առաջին ալիքի եթերում մի հեռուստասերիալ կա, որի մեջ ռուս, ուկրաինացի երկրորդական կերպարներն այդպես էլ գլխավոր չդարձան, գերմանական ռեալպոլիտիկը ծանրութեթեւ արեց, «կրակի» վրա շագանակ չբովեց եւ վերջերս սերիալ ներմուծեց ուսումնատենչ վրացուհու մի կերպար: Մեզ ծանոթ հաշտեցման գիծն էլ կաՙ Էթերիի հայրը վրացի է, մայրըՙ ռուս, դրանով անշուշտ գողությամբ զբաղվող, ԳԴՀ- ում ապօրինություններ կատարող վրացիներին հակակշռող կերպար ստեղծվեց: Մերՙ հեղափոխության կամ իշխանափոխության թեման առայժմ սերիալ չի մտել, ընդդիմադիր պատգամավորից հեղափոխական Նիկոլի կերպարը, որ հրաշալի կերտեցին նաեւ գերմանացի մեր գործընկերներն իրենց ռեպորտաժներում, կդառնա՞ գրականության կամ նեղ մասնագիտականՙ պատմության ձեռնարկում օրինակ, կհետեւենք, կիրազեկենք, բայց այսօր կարող ենք փաստել, որ նույն գերմանական մեդիան նրա ու մեր ժողովրդի տարբեր շերտերի մասին ահռելի նյութ է ամբարելՙ առաջին անգամ տեղում աշխատելով, գրավոր ու տեսա- լսաժապավենին արձանագրելով մեր պատմության վերջինՙ անարյուն այս անկյունադարձը:

Ուկրաինան ու Վրաստանն այժմ գերմանական մեդիա դաշտում դրական, առաջնորդող կերպար էլ չեն, իսկ ադրբեջանական քարոզչամեքենանՙ «Ազերթաջը», որի գերմաներեն տարբերակն էլ շատ արագ էր սովորաբարՙ զեփյուռից փոթորիկ փչելու հարցում, պապանձվել է: Նույնիսկ մայիսի 9- ին Արցախ այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանիՙ Ալիեւին ուղղված կոչին լայնորեն չի արձագանքում... այսպիսի ուժեղ հարվածին դեռ չեն կողմնորոշվելՙ ինչպես պատասխանել, իսկ միջազգային հանրության առջեւ մի եվրոարդարացում ունենՙ արտոնել են օտարերկրյա ԶԼՄ-ներին տեղում լուսաբանել այդ ասուլիսը: Լյուքսեմբուրգի երկրորդ մեծ օրաթերթը «Թագեբլաթը» մայիսի 9-ի համարում, հղում անելով գերմանական DPA-ին, որն էլ հենվում է տեղական լրատվամիջոցներին, փոխանցում է, որ վարչապետությունը ստանձնած Փաշինյանն առաջինը Ղարաբաղ այցելելով, հարեւան Ադրբեջանին խաղաղ բանակցությունների կոչ է ուղղել, որին ուղիղ մասնակցելու է նաեւ ԼՂ ղեկավարը: Թերթը շեշտադրում էՙ կոռուպցիան քննադատած, բարեփոխումների ջատագով Փաշինյանը Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հարցում կամենում է իր նախորդների կոշտ գիծը շարունակել:

Պաշտոնական Բեռլինը դեռ չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին: Զգույշ են: Վրաստանի, Ուկրաինայի պարագայում հակառուսական տրամադրությունը այժմ նորՙ վերաձեւակերպվող օրակարգ ունի: Իրանին սահմանակից երկրում իշխանափոխության մասին դեռ չեն շտապում իրենց վերաբերմունքը հաղորդել, առաջնային համարելով Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ ԱՄՆ-Եվրոպա առճակատման մասին Ռուսաստանի վստահությունը ստանալը, այդ երկրից հնչող տեսակետներով պայմանավորվածՙ Հայաստանի քայլերին հետեւելու են Սոչիում: Արտգործնախարար Մաասը մայիսի 10-ին Մոսկվա մեկնելուց առաջ գրառել էրՙ Սիրիայից մինչ Արեւելյան Ուկրաինաՙ մեր ժամանակների մեծ ճգնաժամերի լուծման համար չենք կարող միջոց գտնել առանց Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսության: Մաասն ուրախությամբ արձանագրել էր, թե միջազգային, ռուս- գերմանական հարցերի օրակարգով հանդիպելու է պաշտոնակից Սերգեյ Լավրովին:

Գերմանական «Հանդելսբլաթը», որ վերջինՙ մայիսի 9- ի համարում իրՙ մեր մասին նյութը ստացել է Մոսկվայից, անդրադառնալով Փաշինյանի ԱԺ ամբիոնից հնչեցրած ելույթին եւ արտոնյալների, կոռուպցիայի, այլ մերժելի երեւույթների հանդեպ հնչեցրած վերջնագրին, մեկնաբանում էՙ վերջ ասելն անել չէ դեռ: Առաջին տեսանելի փոփոխությունները հավանաբար ընտրական օրենքում կլինեն, գրում է թերթը ներկայացնելով, թե ընտրողներն ապագայում պետք է գրանցվեն մատնահետքերով, որ խուսափեն զեղծարարությունից, ինչը մի քանի ամսվա ընթացքում կազմակերպվելիք ընտրություններում հեռանկար կունենա, բայց սրանք տեխնիկական մանրամասներ են, ավելի բարդ կլինի փոխել վարքագծի կանոններըՙ Կովկասում կլանային կառույցները երկար պատմություն ունեն, դժվարլուծելի: Հիշատակելով ԼՂ հարցը եւ Ադրբեջանի հետ հակամարտությունը, թերթը նշում է, թե ոստիկանության, բանակի կառույցների վերակերտումը, անձնակազմի վերակազմավորումը դժվար է լինելու Հայաստանի անվտանգության պայթունավտանգ լինելու պատճառով: Բայց նորընտիր վարչապետն ուշադրության առանցքում պիտի պահի նաեւ արտաքին քաղաքական կուրսը: Մինչ այժմ Մոսկվան Երեւանի ամենահզոր դաշնակիցն էր: Կրեմլը Կիեւի հետ իր դառը փորձառությունից դաս է քաղել, Պուտինն ու Մեդվեդեւը շնորհավորել են, գրել է թերթը եւ նշելՙ բայց հազիվ թե Ռուսաստանի ղեկավարությանը դուր գա փողոցից իշխանության ղեկին նրա հայտնվելը, նրա երբեմնի լոզունգները: Փաշինյանը բազմիցս Մոսկվային հանդարտեցրել է, թե Ռուսաստանը մնում է Հայաստանի կարեւորագույն գործընկերը: Մայիսի 14- ին Փաշինյանը Սոչի կմեկնի Պուտինի հետ հանդիպելու: Ինչպե՞ս են երեք օր մորուքը չսափրած Revoluzzer - ը եւ վարչարարության տասնամյակների փորձառությամբ KGB- ի նախկին գործակալն իրար հետ անձնապես շփվել- հասկացվելու, վճռորոշ կլինի նաեւ երկու երկրների հարաբերությունների համար, եզրակացնում է «Հանդելսբլաթը»: Տնտեսությունն արդիականացնելու համար Փաշինյանն արեւմուտքի սատարման կարիքն ունի, նա ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման մասին ակնարկեց իր ելույթում: Հավասարակշռություն պահելը այսՙ լարված հարաբերություններ ունեցող կետերիՙ Ռուսաստան-Արեւմուտքի միջեւ դժվար է լինելու: Փաշինյանը 3 ճակատում է պայքար մղելուՙ ներքաղաքական, արտաքին քաղաքական եւ ԼՂ հիմնահարց, գրում է գերմանական թերթըՙ նորընտիր վարչապետի դժվար աշխատանքը նկարագրելով: ԼՂ-ի հարցինՙ աչառու հայացքՙ հանկարծ նորից ռազմական տաք կետ չդառնա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ