RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2018-05-19 09:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1344, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԿ ՏԱՐԻ ՀԵՏՈ ԳՈՎԵՆՔ...

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Հայաստանում տեղի ունեցածը եւ մանավանդՙ դրա ընթացքը մեր մասով հիշեցրին 19-րդ դարի գերմանացի գործարար եւ հնագետ, անտիկ Տրոյայի ուսումնասիրող Հենրիխ Շլիմանի հայտնի միտքը. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, եւ ոչ Հայաստանը»: Մենք, որ մեր հատկապես նոր պատմության ընթացքում տարբեր անգամներ աշխարհի ուշադրությունը գրավել ենք, ցավոք, մեզ պատուհասած որեւէ դժբախտության առիթով, այս անգամ աշխարհի զարմացած հայացքի ներքո նրան խաղաղ ու քաղաքակիրթ ժողովրդական շարժման գեղեցիկ օրինակ ու դաս տվեցինքՙ թե՛ շարժման մասնակիցների, թե՛ գործող իշխանության ցուցաբերած հնարավոր զուսպ պահվածքով:

Հայ ազգը, մեր հավատավոր ժողովուրդն իր պատմության ընթացքում տարբեր անգամներ հավատացել է ում ասես ու երեւի միշտ հուսախաբ է եղել: Այս անգամ նա, ավելի ստույգՙ մեր երիտասարդությունը, հավատաց ինքն իրեն, իր ուժին ու կարողացավ հասնել նրան, ինչը մեկ ամիս առաջ անհավատալի կարող էր թվալ: Այն, ինչ մեր երկրում բոլոր անցած տարիներին չէր կարողացել փոխել իրարահաջորդ աղմկած ու անցած որեւէ ընդդիմություն կամ նրանց որեւէ միավորում, զարմանալիորեն կարողացավ անել մեկ մարդՙ ոտքի հանելով եւ առաջնորդելով այսօրվա ավագ ու միջին սերնդից շատ ավելի ազատ եւ հոգեբանական որոշակի կապանքներից զերծ երիտասարդներինՙ երկրիս մոտիկ ապագայի տերերին: Հավանաբար նաեւ պահը հասել էր, ու հենցՙ երկրում իշխող քաղաքական ուժի ամենագործուն «օգնությամբ», որի իշխանության դեմ էլ շարժումն ուղղված էր:

Բոլոր այս տարիներին անկախ Հայաստանի իշխանական համակարգի մասին մտածելիս իմ կամքից անկախ միշտ պատկերացրել եմ Վրթանես Փափազյանի «Լուր-դա-լուրը»: Հիշո՞ւմ եք, տմարդի աղայի դրած պայմանին հլու, բայց նրա դավին անտեղյակ երիտասարդ սիրահար հովիվը սարի բարձունքում նստածՙ նվագում է իր սրինգը, որի հնչյուններից դյութված նրա հոտը աղայի մարդկանց դրած սանուղքով քայլում, մղվում է դեպի բարձունքը, բայց սանդուղքի մի աստիճանի գաղտնի կոտրված լինելու պատճառով կենդանիները հերթով գահավիժում են դեպի անդունդը... Այդպես խորհրդային իշխանության մայրամուտին հզոր ազգային շարժման ալիքի վրա Հայաստանում իշխանության եկած խումբը, որի ծոցից է ելել նաեւ սրանից դեռ օրեր առաջ իշխող ՀՀԿ վերնախավը, իր ետեւից տարավ ու միանգամից աղքատության, անօրինականության, անհուսության խոր փոսի մեջ գցեց հայրենի ժողովրդինՙ ինքը ցատկ կատարելով փոսի վրայով ու հետզհետե ամեն ինչով ավելի հեռանալով, կտրվելով ժողովրդից, մեր ցավ ու հոգսերից:

Ժամանակին միակուսակցական կառավարումը փլուզեց անգամ ԽՍՀՄ-ի նման մեծ ու հզոր տերությունը: Որեւէ քաղաքական ուժի երկարատեւ անմրցակից իշխանությունը նրան լճացնում է, զրկում իրականության զգացողությունիցՙ երկրի համար դրանից բխող բոլոր տխուր հետեւանքներով: Այս տարիների ընթացքում մեր ժողովրդի համբերության բաժակը կաթ-կաթ լցվել էր, իսկ ընտրությունների միջոցով իշխանություն փոխելն արդեն կարծես թե անհնար էր դարձել: Եվ տեղի ունեցավ խաղաղ ժողովրդական ապստամբություն ՀՀԿ իշխանության դեմ ու հանուն մեր երազած Հայաստանի: Եվ ծնվեց ՀՈՒՅՍԸ...

Ծնվեց անկախ Հայաստանի Քաղաքացին: Ու նախկին շատ ժխտողների համար էլ երկիրս երկիր դարձավ: Նաեւ նորովի կարեւորվեցին մեր սահմանադրությունը, դրոշը...

Ծնվեց կամ գուցե բացահայտվեց մի նոր Նիկոլ Փաշինյան, որին հարգեցինք ու սկսեցինք հավատալ նախկինում նրա քաղաքական համակիրը չեղած երեւի շատերս: Եվ երկրի ղեկավար նրա դառնալն էլ եղավ օրինականության ու ընդհանուր համաձայնության պայմաններում: Նաեւՙ ասես նախախնամության բարի ձեռքով հենց այս օրերի համար ասպարեզ եկած նոր Նախագահ Արմեն Սարգսյանի դրական մասնակցությամբ:

Այս ամենը, իհարկե, շատ գեղեցիկ է: Բայց հիմա հեղափոխական ռոմանտիզմին հաջորդելու է դժվարին իրականությունը: Անցումային այս փուլի կառավարությունը կազմավորելիս կարեւոր է չկրկնել նախկինում թույլ տրված մի էական սխալ: Պաշտոնը պարգեւ չէ եւ այդպիսին չպետք է լինի ո՛չ շարժման ժամանակ Նիկոլի կողքին ու հարթակում լինելու, ո՛չ շարժմանն ակտիվ մասնակցելու եւ ո՛չ նույնիսկ երկրին մատուցած որեւէ ծառայության համար: Իրական փոփոխությունների համար այսօր կարիք կա լավագույն պրոֆեսիոնալի ու նվիրյալի հատկությունները համատեղող բարձրակարգ կադրերի ընդգրկման, անկախ կուսակցական պատկանելությունից ու համակրանքներից:

...Ղարսա Բասենի շրջանից գաղթած, Աշոցքի Թորոս գյուղում ապրած Շահանենց տոհմի շառավիղ իմ խնկահիշատակ Տիգրան պապը մի անգամ հարսանքավոր է լինում, հարսի ու փեսայի կենացն ասելիս բոլորը հարսին շռայլ գովում են, ինքը կենացը խմում ու նստում է, չի գովում: Հարսանքավորներից մեկը, լավ իմանալով պապիս բնույթը, հարցնում է. «Տիգրան ապեր, ինչո՞ւ հարսին չգովեցիր»: «Ես մի տարի հետո էս վախտ կգովեմ»,- լինում է պապիս իմաստուն պատասխանը... Բոլորիս ու նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուզում եմ մաղթել, որ իրեն մենք մեկ տարի հետո էլի գովենք:

Եվ այո, Աստված մեզ, մեր երկրին պահապան:

10.05.2018

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ