RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2018-05-19 09:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2731, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ., ՌԱԿ կենտրոնական վարչության անդամ

Վերջին շաբաթների ընթացքում համաշխարհային լրատվամիջոցների խորագրերին նաեւ Հայաստանն էր եւ այն ամենըՙ ինչը տեղի էր ունենում մեր երկրում: Համոզված կարելի է պնդել, որ Հայաստանին նվիրված այսքան հոդվածներ եւ վերլուծություններ նախկինում երբեք չէին եղել եւ պատճառը, ինչպես հասկանում ենք, տեղի ունեցած եւ արդեն «թավշյա հեղափոխություն» անունը ստացած իրադարձություններն էին, որոնք մայիսի 8-ին ավարտվեցին վարչապետի պաշտոնում ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ընտրությամբ:

Թե իրականում ինչ տեղի ունեցավ վերջին մեկ ամսվա ընթացքում, դեռեւս մանրակրկիտ ուսումնասիրության եւ եզրահանգման կարիք ունի, սակայն այսօր իսկ պարզ էր, որ այս իրադրաձությունները պատմության մեջ կմտնեն որպես հայկական ֆենոմեն: Նման ձեւակերպումը պայմանավորված է ոչ միայն տեղի ունեցածի բացառիկությամբՙ դրա խաղաղ բնույթով, այլեւ կիրառված նոր տեխնոլոգիաներով, որոնք օգտագործվեցին եւ որոնց մի մասը զուտ հայկական ստեղծագործական մտքի արդյունք էին եւ նախկինում, այլ երկրներում, երբեք չէին կիրառվել:

Ընդդիմության ղեկավար Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի կողմից նախաձեռնած քայլարշավը դա ոչ թե անհուսության նշան էր, ինչպես գրում էր մամուլը այդ իրադարձության առաջին օրերին, այլ լավ մտածված քաղտեխնոլոգիա, որի նպատակ էր բնակչությանը ցույց տալ, որ միայն ակտիվ գործողությամբ է հնարավոր կանխել Սերժ Սարգսյաի կողմից իր իշխանության արհեստական երկարացման փորձը: Հենց ակտիվ գործողությունը, այլ ոչ թե պասիվ պայքարի ձեւն էր, որ գրավեց երիտասարդության ուշադրությունը, եւ նրանք միացան այդ քայլարշավին:

Ակտիվ պայքարի սկզբունքըՙ փողոցներ փակելը, Երեւանի փողոցներով անընդհատ շարժվելը, մեկ տեղում չկենտրոնանալը, սրանք այն գործողություներն էին, որոնք դժվարացնում էին ոստիկանության աշխատանքը եւ հեշտացնում ցուցարար երիտասարդների գործողությունները: Եվ իհարկե, այս ամեը հնարավոր չէր լինի առանց կապի ժամանակակից միջոցներիՙ սմարտֆոնների ու սոցցանցերի, որոնք ակտիվ կերպով «աջակցում» էին երիտասարդությանըՙ գործողությունները համակարգելու ու համատեղելու հնարավորություն տալիս:

Ժամանակի ընթացքում պայքարի այս մեթոդները եւ երիտասարդության ակտիվությունը հնարավորություն տվեց բողոքի գործողությունների աշխարհագրությունը մեծացել Երեւանից բացի ընդգրկելով նաեւ մյուս մարզերը եւ քաղաքները: Կարելի է ասելՙ կիրառվեց բողոքի գործողությունների կառավարման ցանցային համակարգ, որը հնարավորություն էր տալիս ոչ միայն դրանք համակարգել եւ սինխրոնացնել, այլեւ շարունակաբար տարածել ե՛ւ Հայաստանում ե՛ւ Սփյուռքում:

Սփյուռքի ակտիվությունը նույնպես իր ձեւի մեջ աննախադեպ էր: Նախկինում եւս հայտնի էին փաստեր, երբ Սփյուռքյան մի շարք գաղութներում բողոքի գործողություններ էին տեղի ունենում ընդդեմ Հայաստանի Հանրապետության իշխանությունների, սակայն նմանատիպ տարածում եւ զանգվածայնություն այն երբեք չէր ունեցել: Այս գործողությունների արդյունքում, կարելի է ասել, զարթնեցին նույնիսկ հայկական այն համայնքները, որոնք թվում էր թե անտարբեր են հայաստանյան իրականության հանդեպ:

Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության 20-ամյա իշխանության դեմ սկսված բողոքի անախադեպ գործողությունները, կարելի է ասել ի վերջո ավարտվեցին բողոքարարաներիՙ ընդդիմության հաղթանակով եւ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, որը թեեւ չունի քաղաքական մեծամասնությունը խորհրդարանում, սակայն ունի բնակչության լայն աջակցությունը, ինչն էլ առանձնահատուկ է դարձնում այս իրավիճակը Հայաստանում: Նկատենք, որ սա աննախադեպ է նաեւ համաշխարհային քաղաքական պատմության տեսակետից, երբ բնակչության հսկայական զանգվածի ճնշման պայմաններում, խորհրդարանական մեծամասնությունը ընդունում է որոշում, որը հակասում է նրա քաղաքական կամքին:

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությամբ կայունանում է քաղաքական իրավիճակը երկրումՙ դադարում են դասադուլները, գործադուլները եւ բողոքի մյուս ակցիաները եւ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ընդդիմության ղեկավարը օրինական կերպով ընտրվում է պետության փաստացի ղեկավար: Գաղտնիք չէ, որ խորհրդարանական կառավարման պայմաններում հենց վարչապետն է հանդիսանում պետության թիվ մեկ քաղաքական գործիչը, որն իր ձեռքն է կենտրոնացնում պետության ողջ ղեկավարությունը:

Սակայն մյուս կողմից էլ, մասնագիտական շրջանակների համար հասկանալի է, որ վարչապետի ընտրությամբ խնդիրները չեն լուծվում, այլ միայն նոր են սկսվում: Հասկանալի է, որ սպասումները նոր վարչապետից շատ ավելի են, քան եթե վարչապետ լիներ Սերժ Սարգսյանը: Վերջինիս հեռացմամբ եւ Փաշինյանի ընտրությամբ բնակչությունը ակնկալում է, որ իսկապես կսկսվեն իրական բարեփոխումներ, ինչը կազդի ոչ միայն պետության, այլեւ ամեն մի քաղաքացու կյանքի որակի վրա:

Տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը նոր էներգիա եւ նոր հույս է արթնացրել բնակչության ու հատկապես երիտասարդության շրջանում, այն ոգեւորել է սփյուռքահայությանը ու ապացուցել, որը Հայաստանում հնարավոր են փոփոխություններ ու դրանք կարող են լինել խորքային: Այս ոգեւորությունն է, որ հնարավորություն է ստեղծում սկսել տնտեսական ու քաղաքական բարեփոխումներ իրականացնել ու բարելավել կյանքը Հայաստանում: Այս պայմաններում կարծում եմ յուրաքանչյուր հայ, անկախ նրանից, թե նա ինչպես է վերաբերվում քաղաքական այս կամ այն ուժին կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պետք է օգնի պետության հզորացմանը:

Պետք է ընդունենք, որը տեղի ուեցածը իր ձեւի մեջ շատ նման է 88-ին սկսված Ղարաբաղյան շարժմանը, ինչի հետեւանքով իշխանության եկավ ընդդիմությունը ներկայացնող ՀՀՇ-ն, հանձին նրա ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի, սակայն իշխանության գալուց հետո վերջինս այդպես էլ չդարձավ նույն այդ շարժման գաղափարաբանության շարունակողը, խորը հիասթափություն առաջացնելով այդ շարժման կողմնակիցների շրջանում: Նիկոլ Փաշինյանի հնարավոր ձախողումը, ինչի մասին արդեն իսկ խոսում են իրենց ինտելեկտուալ համարող շրջանակները, չի բխում Հայաստանի շահերից: Հետեւաբար ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ, պետք է իրականացնի հնարավորը այս հեղափոխության ստեղծած էներգիան ճիշտ օգտագործելու ու Հայաստանին տնտեսապես եւ քաղաքականապես օգնելու համար:

Թավշյա հեղափոխությունը իրականում նոր է սկսվում եւ պետք է նպաստել, որ այսուհետ, սկսված բողոքի ակցիաներից հետո տեղի ունեցած իշխանափոխությունը ու նոր վարչակազմի կառավարումը լինի նույնքան կրեատիվ ու ստեղծագործ, ինչպիսին բողոքի ակցիաներն էին Երեւանում եւ Հայաստանի մյուս մարզերում: Հեղափոխություն կայանում է, երբ այն վերածվում է նոր գաղափարների ու նորարարություների, որոնք կիրառվում են պետության կառավարման գործում: Այս առումով Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին մեծ աշխատանք է սպասվում եւ վերջիններս պետք է ապացուցեն, որ իրենց նպատակը ուղղակի իշխանափոխությունը չէր, այլ քաղաքական նոր իրականության ստեղծումը, որը հնարավորություն կտա առավել ազատ ու անկաշկանդ պայմաններում ստեղծագործ աշխատանքով կերտել նոր Հայաստան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ