RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018



Տեղադրվել է` 2018-05-19 09:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1347, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇԱՏ ՍԻՐԵԼՈՒՑ ՇԱՏ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իտալացի պատմաբան, դիվանագետ, զինվոր եւ գրող Բաղդասարե Կաստիլիոնեն, ում մասին հայտնի է այն, որ նա եղել է Նովիլարայի կոմսը, մի առիթով ասել էՙ «Ով ուժգին է սիրում, քիչ է խոսում»: Իհարկե կոմս Կաստիլիոնեն սա ասել է 16-րդ դարումՙ մեր սիրո հեղափոխությունից 5 դար առաջ, բայց ամեն դեպքում, նման բան, նույնիսկ 16-րդ դարում ասելու համար, պետք էր դուխով լինել...

Եթե երկու ամիս առաջ որեւէ մեկն ասեր, որ երկու ամիս անց Նիկոլ Փաշինյանը դառնալու է Հայաստանի վարչապետ, ապա կարելի էր հանգիստ պատասխանելՙ «Իյա, իրո՞ք»: Դարձավ, Հայաստանի Ազգային ժողովն իր Հանրապետական մեծամասնությամբ Փաշինյանին ընտրեց վարչապետ ու հիմա նաՙ կուզի Բաղրամյան 26-ում կնստի, կուզիՙ Հանրապետության հրապարակումՙ Կառավարության շենքում, կուզի վենդետա կանի, կուզիՙ չի անի, կուզի քաղբանտարկյալներին կազատի, կուզիՙ ոչ բոլորին, կուզիՙ կշարունակի սիրել, կուզիՙ կշարունակի ատել... Մի խոսքով, այն ինչ կարող էր անել Սերժ Սարգսյանըՙ վերջին տասը տարիների ընթացքում, հիմա կարող է անել Նիկոլ Փաշինյանը: Ավելին, Փաշինյանն ի տարբերություն Սերժ Սարգսյանի կարող է մի բան էլ անել. օրինակ նա կարող է ուղերձով դիմել ժողովրդին, թե բաՙ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, առաջիկա կիրակի օրը, հաշվի առնելով տաք եղանակը, գնում ենք Արագածի լանջերըՙ երգելու: Եթե նման բան ասեր Սերժ Սարգսյանը, որեւէ մեկը տեղից չէր շարժվի, Փաշինյանի ասելու դեպքում ժողովուրդը կհագնի իրՙ «Դուխով» շապիկները եւ եթե պետք է նույնիսկ ոտքով կհասնի Արագածի լանջերին, եթե կարիք կաՙ նույնիսկ գագաթին, եթե երգելուց բացի նաեւ պետք չէ, ու եթե Նիկոլն ասի, նույնիսկ կպարի...Սա լավ է, մարդիկ ուրախ են, նրանք նշում են, որ վերջապես Հայաստանն ունեցավ մի ղեկավար, որին ամբողջ ժողովուրդը սիրում է, բայց սերը քծնանքից տարբերվում է նրանով, որ առաջինը մասսայական զբաղմունք չէ, լինում են իհարկե դեպքեր, բայց հենց այդ դեպքերից հետո էլ առաջացել է քծնանք բառը: Իմիջիայլոց, այս օրերին հանկարծ հայտնի դարձավ, որ Հայաստանում օճառի արտադրության ծավալներն ավելացել են...

Նախքան վարչապետ դառնալը Փաշինյանն արեց մի խիստ ուշագրավ հայտարարություն. Մայիսի 7-ինՙ Հանրապետության հրապարակում, Սերժի, բայց Թանկյան կողքին կանգնած, նա հայտարարեց, որ վաղըՙ այսինքն մայիսի 8-ինՙ իր վարչապետ ընտրվելու օրը, հայտարարում ենք ոչ աշխատանքային օր: Մեր աշխատասեր ժողովուրդն ուրախությունից բացականչեց ու սա շատ կարեւոր է: Բանն այն է, որ մայիսի 8-ը այսուհետ կարող է համարվել այս շարժման դե յուրե հաղթանակի օր եւ ամեն տարի նշվել որպես տոն: Այսինքն մենք բոլորս ամեն տարվա մայիսի 8-ին հագնենք մեր սպիտակ վերնաշապիկները, դուրս գանք հրապարակ ու փուչիկներով եւ ծաղիկներով նշենքՙ պայմանականորեն ՀՀ հպարտ քաղաքացու, իսկ իրականումՙ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու օրը: Մոտավորապես Ադրբեջանի պես, որտեղ ժողովուրդը Հեյդար Ալիեւի ծնունդն է ազգովին նշում, որին ի դեպ ադրբեջանցի ժողովուրդը պաշտում է, համարյա այնպես, ինչպես մենքՙ Նիկոլին:

Բայց անցած լինի, նկատի ունեմՙ հեղափոխությունը: Վստահեցնում եմ, որ հեղափոխությունները Հայաստանում անցած փուլ հայտարարելը հենց առաջին հերթին Փաշինյանի ցանկությունն է, այնպես որ եթե նա մի օր ասիՙ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, հեղափոխությունների էջը Հայաստանում համարում ենք փակված, ու եթե նա սա ասի ավելի վաղ քան կխոսի մենաշնորհների, օլիգարխիայի, քաղաքական, տնտեսական հետապնդումների էջերը փակելուց առաջ, չհիասթափվեք. հեղափոխությամբ եկածը հեղափոխության ամենամեծ թշնամին է դառնում, առաջի՛ն հերթին հեղափոխության:

Ու հիմա մենք որքան էլ հաղթել ենք, չնայած ես հաղթանակ բառը չէի շռայլի, մանավանդ մայիս ամսին, բայց վտանգավոր իրավիճակում ենք: Խնդիրն այն է, որ չափազանց սիրելը չափազանց ատելու պես վտանգավոր է, գուցե ավելի: Քանի որ չափազանց ատելուցՙ մարդիկ, ինչպես համոզվեցինք, դուրս են գալիս հրապարակ, փակում են փողոցները, մերժում են անարդարությունը, բռնությունը, վախը, կոռուպցիան, ապա չափազանց սիրելուց մարդիկ... Չէ, էլի դուրս են գալիս փողոց, բայց կուրացած:

Վարչապետ Փաշինյանը պետք է նախ եւ առաջ այս կուրացման հարցը լուծի, եթե իհարկե այս շարժումը ժողովրդի հաղթանակն է, ոչ թե անձամբ իր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ