RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018



ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2018-05-19 09:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1261, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՅՖՈՐԻԱՅԻՑ ՀԵՏՈ

ՆԱԻՐ ՅԱՆ

Համաժողովրդական ինքնորոշման ու պայքարի վրա հենված Նիկոլ Փաշինյանի հետ հասարակության գրեթե բոլոր շերտերը հույսեր են կապում: Ու շատ շուտով պարզ հարցեր են հնչելուՙ ե՞րբ է թոշակն ու աշխատավարձը բարձրանալու, ե՞րբ են աշխատատեղեր ստեղծվելու, ե՞րբ ենք մեր մաշկի վրա զգալու բարեփոխված կյանքի շոշափելի նշանները: Այս օրերին օդում պտտվում են քաղաքական կանխատեսումների ու վարկածների տարբեր տրամաչափի փուչիկներՙ բա չե՞ք իմացելՙ ասում են Քոչարյանը հետ է գալու, կամ առաջին փոխվարչապետը Խաչատուր Սուքիասյանն է լինելու, Տարոն Մարգարյանն էլի քաղաքապետ է մնալու, Նիկոլը ստիպված է լինելու հենվել եղած ռեսուրսների վրա, վա՜յ, չէ, ի՞նչ եք ասում, Նիկոլը կտրուկ փոփոխությունների, կոշտ քայլերի է գնալու եւ այլն, եւ այլն: Իսկ այդ ընթացքում Փաշինյանն ապագա կառավարման մեթոդների մասին ընդհանուր ակնարկներ է արել միայնՙ վենդետտաներ չեն լինելու, կառավարության մեջ գործարարներ չեն լինելու, խաղի կանոնները փոխվելու են:

Պարզ տրամաբանությամբ բոլորն են հասկանում եւ ընդունում, որ ամենադժվար ժամանակները դեռ առջեւում են. կիսավեր երկրի կյանքը նոր էջից սկսելը բարդ գործընթաց է լինելու: Մտավախությունների հետ մեկտեղՙ անգամ փորձառու քաղաքագետներն ու փորձագետները համոզված են, որ նոր Հայաստան կառուցելն անհնար չէ:

Իսկ մտավախությունները պատճառներ ունեն, նախադեպըՙ 1988-ի արցախյան շարժումը, երբ նորանկախ Հայաստանի իշխանություններին ժողովուրդը բառացիորեն իր ուսերի վրա դրած բերեց: Եւ իշխանությունները հենց այդ ժամանակվանից ի գիտություն ընդունեցին, որ ժողովրդի ուսերը լավագույն դիրքն ու տեղն են իրենց համար: Նույն տեղն ու դիրքը շարունակեցին կիրառել նաեւ նրանց հաջորդները: Ինչո՞ւ ուսեր, որովհետեւ այնտեղից դեպի գլուխ բարձրանալը շատ հեշտ է: Նրանք դրժեցին բոլոր այն արժեքները, որոնց վրա հենվելովՙ քաղաքական ասպարեզ էին մտել: Լեւոն Տեր-Պետրոսյանին բախտ էր վիճակվել նոր, մաքուր էջի վրա գրել մեր երկրի պատմությունն ու կյանքը: Ու նա հենց սկզբից սխալ գրեց, նրան հաջորդողներն էլ ոչ թե սխալների ուղղում արեցին, այլ սխալները շարունակեցին, ամրագրեցին ու օրինաչափ դարձրին: Իշխանության եկած բոլոր այրերն իրենց թիմերով արհամարհեցին բոլոր արժեքները, իսկ որ ամենասարսափելին էՙ ոչնչացրին ժողովրդավարական արժեքները: Ժողովրդավարական առողջ շարժումներն ու արժեքները 30 տարվա ընթացքում բոլոր իշխանավորներն ու ընդդիմությունները անխտիր տանուլ են տվել ու մսխել, վիժեցրել են ու փչացրել ժողովրդական ազնիվ մղմումների բոլոր սերմերը: 1988-ի շարժումը Արցախն Ադրբեջանից ազատագրելու նպատակ ուներ: Այն հիրավի պատմական հեղափոխություն էր: Կարճ ժամանակ հետո շարժումը նոր թափ ստացավՙ պայքար հանուն անկախության, ինչը նշանակում էր, որ Հայաստանը մերժում է միակարծության, մենիշխանության վարչակարգը. կատարվեցին հասարակարգային փոփոխություններ: Դա քաղաքական, վարչակարգային, ազգային-ազատագրական, ազգային գիտակցության զարթոնքի շարժում էր:

30 տարի անց տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ըստ էության իր օրակարգում ներառում էր 30 տարի առաջ տեղի ունեցած համաժողովրդական շարժման գրեթե բոլոր դրույթներն ու դրդապատճառներըՙ բացի Արցախի ազատագրումից: Այն պայքար էր միակարծության ու մենիշխանության վարչակարգի դեմ, որն ըստ պայքարողներիՙ ժողովրդի նպատակներիՙ պետք է իր հետ բերի նաեւ հասարակարգային փոփոխություններ: Այլ խնդիր է, որ վերջին հարցում ժողովրդի նպատակները միգուցեեւ չհամընկնեն հեղափոխության լիդերի նպատակների նետ: Այս պայքարն իր կառուցվածքով ու նպատակներով ինքնին ապստամբություն էրՙ ընդդեմ բռնակալության: Ապստամբներին միավորում էր մի գաղափար, մի ցանկությունՙ ուղղված իշխանություններին ՙ ի սեր Աստծո, հեռացեք, խաղաղ, լուռ հեռացեք: Ոչ միայն վերջին 10 տարում, այլեւ 1990-ից ի վերՙ բոլոր իշխանավորների օրոք, բոլոր վարչակարգերում ոչ մի նախագահ չի համապատասխանել երկրի ղեկավարիՙ ժողովրդի պատկերացրած կերպարին, նրա վեհ գաղափարներին ու ձգտումներին: Մինչդեռ նրանցից յուրաքանչյուրի համար պետք է մեծ պատիվ լիներ այսպիսի ժողովրդին ու այսպիսի երկիր ղեկավարելը: Հայաստանի Հանրապետության ղեկավարի դիրքերում նրանք որդեգրել են նեղ, ցածր նպատակներ ու գայթակղություններ, անձնական շահՙ պետական շահի փոխարեն:

Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունը սկսեց քայլելով, բայց կարճ ժամանակ անց ժողովուրդը սովորույթի ուժով նրան նորից ուսերի վրա բարձրացրեց ու այդպես տարավ-դրեց վարչապետի աթոռինՙ հավատալով նրա ազնիվ մղումներին, հայամետ ու պետականամետ ձգտումներին: Ժողովուրդը չպետք է հապաղի, հենց այս օրերին պետք է իր ուսերին դրած ու մինչեւ վարչապետի աթոռ հասցրած Փաշինյանին ներկայացնի իր հստակ պահանջներն ու խնդիրները: Իսկ այդ պահանջները ներկայացնելու համար բազմաթիվ միջոցներ կան, օրինակՙ հասարակական, իրավական, սոցիալական, կրթական շահերը ներկայացնող բազմաթիվ կառույցներ ու հարթակներ: Հետո այնպես չլինի, որ Փաշինյանին անվերապահորեն վստահած ժողովրդին մատուցվի մոտավորապես այսպիսի իրողությունՙ դե ստացվեց այն, ինչ ստացվեց: Փաշինյանը վենդետտաներ կկիրառի, թե՞ ոչ, հանրապետականների հետ կհամագործակցի՞, Եվրասիական միության, թե՞ Եվրոմիության, ժողովրդի լայն զանգվածներին դա չի հուզելու եւ չի հետաքրքրելու: Նրանց հետաքրքրելու են հեղափոխության, ժողովրդի կողմից վստահված վարչապետի կառավարման դրական արդյունքները, որոնք, ի դեպ, չպետք է իրենց երկար սպասեցնել տան: Չէ՞որ ժողովուրդը մեկ վայրկյան անգամ չկասկածեց ու չհապաղեց, երբ մեկ մարդու պես կանգնել էր նրա կողքին եւ Նիկոլ Փաշինյանին հակառակ իր կամքի չի առաջարկել վարչապետիՙ երկրի գլխավոր ղեկավարի պաշտոնը:

Ոչ հոռետես կամ լավատես, այլ իրատես քաղաքագետներն ու փորձագետները չեն բացառում, որ կգա նաեւ հիասթափության ժամանակը: Անչափելի ոգեւությանն ու էնտուզիազմին սովորաբար այդ փուլն է հետեւում: Կասկածելի է, թե մեր երկրում շռնդալից իշխանափոխություն կլինի:

Այն թերացումները, որ մինչեւ հիմա եղել են երկրի կառավարման համակարգումՙ սկսած թանկացումներից մինչեւ ընտրակեղծիք ու արցախյան հարցի փակուղի, ժողովուրդը մինչեւ հիմա հնազանդ տարել է ու հանդուրժել: Ու այս պայքարը նաեւ ընդվզում ու բողոք էր հենց իր այդ կարգավիճակի դեմ: Այսուհետեւ մեր հասարակությունը պետք է փոխի իր վերաբերմունքն ու տրամադրվածությունը, պետք է վերջ դնի իներտությանը եւ հետեւողական լինի Նիկոլ Փաշինյանի ու նրա ձեւավորած իշխանության գործողությունների նկատմամբ: Մինչեւ հիմա ժողովրդին դեմ էին տալիս ղեկավարների, որոնց նա՛ չէր ընտրել: Միգուցե նախկին իշխանությունների բռնարարքների, կամայականությունների նկատմամբ ժողովրդի հանդուրժողականությունը, ցածրաձայն բողոքն իր ներսում, իր ընտանիքում սահմանափակելու կարգավիճակը հենց նրանից էր գալիս, որ ժողովուրդը երբեք չի ունեցել լեգիտիմ իշխանություններ. եթե այս մարդուն ես չեմ ընտրել, նրանից ի՞նչ պահանջեմ:

Իսկ այս դեպքում ժողովո՛ւրդն ընտրեց, ու հիմա երկրի ղեկավարի պաշտոնում ժողովրդի ընտրյալն է: Այդ ընտրյալի նկատմամբ համաժողովրդական վերաբերմունքն անգամ անձի պաշտամունքի վերածվելու վտանգավոր դրսեւորումներ ունեցավ: Ինչ-որ տեղ հասկանալի են այդ ծայրահեղ վերաբերմունքի պատճառները. ժողովուրդը երբեք չի ունեցել առաջնորդ, որին չէր կասկածի, ավելինՙ անվերապահ կվստահեր: Բայց շուտով անչափելի ոգեւորությունը կդառնա չափելի, հետո չափավոր, ու կգա սթափ դատելու ժամանակը: Եվ թող ոչ մեկը փափուկ բարձ չդնի իր գլխի տակ ու մտածի, թե այդ բարձից ժողովրդի գլխի տակ էլ է դնելու: Հիմա ժամանակն է, որ ժողովրդի կուտակած էներգիան, ինտելեկտը, արժանապատվորեն ապրելու, լավ երկիր կառուցելու պատրաստակամությունն ու ձգտումները ճիշտ ու արդյունավետ օգտագործվեն: Իսկ դրա համար կառավարման ճիշտ համակարգ, ուղղորդումներ եւ մեթոդներ են պետք: Ու շատ-շատ է պետք, որ Նիկոլ Փաշինյանն իր նախորդների պես հանկարծ չհեռանա ժողովրդից, միշտ լինի այն իրականության մեջ, որտեղ ժողովուրդն է ապրում:

Նախորդ անգամներին մենք շատ ենք տեսել, թե ինչպես նոր ղեկավարի ֆան-կլուբի անդամները, որ քարոզարշավների ընթացքում գոնե ցուցադրաբար պատրաստ են եղել սեփական շորերը պատռելՙ հանուն առաջնորդի, հոշոտել հակառակորդին, նաեւ ժողովրդին, հալած յուղի պես անցել են իշխանական պաշտոնների: Եվ նույն ագրեսիայով սկսել են ինքնադրսեւորվել ու ինքանհաստատվել արդեն ղեկավար պաշտոններում: Դրանք միակարծությունը դավանանքի տեղ ընդունած, մածունի միայն սեւը պատկերացնող, քաղաքական կարիերայի շարունակությունը յուղոտ բիզնեսի վերածող այն զրահապատ մեքենաներն են, որոնք հողին կհավասարեցնեն նրանց, ովքեր իրենց ճանապարհին թեկուզ պատահաբար կհայտնվեն: Սուտ կլինի, եթե ասենք, որ թավշյա հեղափոխության ժամանակ նման զրահապատների չտեսանք, ու չենք մտածում, թե նրանց նպատակն իշխանության կազմում հայտնվելը չէ: Երբ նպատակները դառնում են կիրք, կիրքը դառնում է վարքագիծ ու ագրեսիա: Պատմությունն ապացուցել է, մենք մեր մաշկի վրա էլ ենք զգացել, որ նման կրքոտ կարիերիստները հետո իսկական պատուհաս են դառնում ժողովրդի գլխին եւ նրանցից ավելի դժվար է լինում ազատվելը, քան իրենց ղեկավարից:

Ահավասիկ, վերջին ամենաթարմ ապացույցըՙ իշխանությունից հրաժարված Սերժ Սարգսյանն ու իշխանության փեշերից կառչած ՀՀԿ-ն:

Բոլոր օրինաչափություններից դուրս թավշյա հեղափոխություն իրականացրած իմ երկրում ամենայն հավանականությամբ կունենանք ընդդիմությունՙ ի դեմս ՀՀԿ-ի: Որպես կանոնՙ ընդդիմությունը միշտ լինում է իշխանությունների դեմ ու ժողովրդի կողմից: Երեւի մենք առաջին երկիրը կդառնանք, որտեղ ընդդիմությունը ժողովրդի դեմ է լինելու, ժողովուրդն էլՙ ընդդիմության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ