RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018



Տեղադրվել է` 2018-05-19 09:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1296, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԻ՛ՇՏ ՊԻՏԻ ԳՈՐԾՈՆ ԼԻՆԻ

ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր

Մի ժամանակ ֆրանսիացիներն ասում էին. «Ամենաիմաստունը Վոլտերն է, սակայն Վոլտերից ավելի իմաստուն է ժողովուրդը»:

Այո՛, չկա ժողովրդից ավելի իմաստունը, ուստիեւ, մեծ հաշվով, միշտ էլ ճշմարիտ եւ արդարացի է ժողովուրդը (չշփոթել ամբոխի եւ ոչ էլ քոչվոր-բարբարոս ցեղախմբերի հետ): Եվ եթե ոտքի է կանգնում ժողովուրդը արտաքին կամ ներքին բռնության դեմՙ պաշտպանելու իր անվտանգությունը, գոյությունը, ինքնությունը եւ ազատությունը, ապա թե՛ դրսի եւ թե՛ ներսի ուժերն անհրաժեշտաբար պիտի հաշվի նստեն նրա կամարտահայտության հետ, անսան նրա ձայնին:

Մեր ժողովուրդն իր բազմահազարամյա թե՛ ողբերգական եւ թե՛ փառապանծ պատմության մեջ արձանագրել է նաեւ բազում ժողովրդական շարժումներ: Անհրաժեշտ է, որ մենք միշտ հիշենք դրանքՙ մեր այսօրվա եւ ապագայի քայլերն ավելի ճիշտ ու անշեղ կատարելու համար, քանի որ, ինչպես ասել է Հեգելը, պատմության դասերը անցյալի սխալները չկրկնելու համար են: Իսկ այդ դասերն ուսուցանում են, որ երբ ոտքի է կանգնում ժողովուրդըՙ դրդված ազգապահպանման ազդակներից, ապա անհրաժեշտ է, որ բոլորըՙ անկախ դիրքից եւ հայացքներից, կանգնեն նրա կողքին:

Նշենք նաեւ մի կարեւոր հանգամանք: Իրական ժողովրդական շարժումները (տարաբնույթ ապստամբություններ, հեղափոխություններ, քաղաքացիական անհնազանդություններ եւ այլն) հաճախ ավարտվում են նաեւ պարտությամբ կամ անհաջողությամբ, սակայն միշտ էլ դրանք անհետք չեն մնում. ունենում են այս կամ այն չափի դրական արդյունքներ եւ նախապատրաստում են ժողովրդական հաջորդ շարժումները: Անցյալի մեր խոշոր համաժողովրդական ընդվզումները հարատեւ ազդակ են հանդիսացել մեր հետագա բոլոր մեծ թե փոքր ժողովրդական շարժումների համարՙ սկսած Վարդանանց ազատագրական պայքարից մինչեւ փառապանծ Սարդարապատ, մինչեւ 1965-ի ազգային զարթոնքը եւ, անշուշտ, ղարաբաղյան եւ անկախության համազգային հզոր շարժումը...

Արեւմտյան քաղաքակրթական տիպին պատկանող բոլոր երկրները որդեգրել են դեռեւս Հին Հունաստանում ծնունդ առած պետական կառավարման դեմոկրատական-ժողովրդավարական մոդելը: Հայությունը եւս, որպես արեւմտյան-եվրոպական քաղաքակրթական տիպին պատկանող ժողովուրդ, իր նոր անկախ պետականությունը ստեղծելովՙ նույնպես որդեգրեց ժողովրդավարությունը, այն էՙ սահմանադրորեն հաստատագրեց ժողովրդին որպես հանրապետության լիիրավ տեր: Սակայն, ցավոք, մեզանում ժողովրդավարությունը երկար չտեւեց եւ ժողովրդից զավթվեց-ուզուրպացվեց նրա օրինական իշխանությունը: Դա նախապատրաստվեց եւ փաստացիորեն տեղի ունեցավ 1999-ի տխրահռչակ եւ ողբերգական հոկտեմբերի 27-ին, եւ Հայաստանի հանրապետությունը 21-րդ դար մտավ որպես ոչ ժողովրդավար պետություն:

Այդուհետեւ յոթ տարուց ավելի ժողովուրդը ստիպված իրացրեց ընդդիմադիրի իր սահմանափակ իրավունքները: Սակայն դրանք եւս բռնի ուժով զավթվեցին նրանից, ինչը կատարվեց 2008 թվականի նույնպես տխրահռչակ եւ ողբերգական մարտի 1-ին: Այսուհանդերձ, իր իշխանությունից եւ հանրային կյանքում բոլոր լծակներից զրկված ժողովուրդը շարունակեց գործելՙ ապացուցելով, որ չի վերածվել «ոչխարի հոտի» եւ, թեկուզ իրավազրկված, բայց մնացել է գործոն, որի հետ պիտի հաշվի նստել: Դրա ապացույցն էին տարբեր քաղաքական ուժերի եւ ասպարեզ իջած նոր երիտասարդության կազմակերպած տարաբնույթ մեծ եւ փոքր ընդվզումները, որոնց հետ, ցավոք, հաշվի չնստեց ուզուրպացիոն իշխանությունը եւ այս կամ այն ձեւով խեղդեց դրանք...

Սակայն, ինչպես նշեցինք, ոչ մի շարժում անհետեւանք չի մնում, ուստիեւ անակնկալորեն, բայց ոչ պատահական, պայթեց ապրիլյան հզոր համաժողովրդական շարժումըՙ որպես թավշյա հեղափոխություն: Հայ ժողովուրդն իր հայրենիքում եւ ի սփյուռս աշխարհի ոտքի կանգնեց եւ ի լուր աշխարհի հնչեցրեց իր իմաստուն ձայնը: Այդ շարժումը բացառապես ներքին ազգային բնույթի էր, լիովին հասունացած ներքին դրդապատճառներով եւ միտված էր ժողովրդից զավթված իշխանությունը վերադարձնել իր օրինական տիրոջը: Հատկանշելի է, որ այդ գործը հիմնականում ստանձնեց ազգի լավագույն գենետիկական արժանիքները ժառանգած երիտասարդությունը, որ զերծ է խորհրդային եւ հետխորհրդային ժամանակների բարդույթներից, ուստիեւ նա փառապանծ հաղթանակ տարավ:

Դիմելով համաժողովրդական շարժման շնորհիվ կայացող ու կազմակերպվող մեր նոր կառավարությանը եւ, առհասարակ, գալիք բոլոր իշխանություններին, հորդորում եմ մշտապես ականջալուր լինել իրենց գերիշխանիՙ ժողովրդի բոլոր պահանջներինՙ հիշեցնելով, որ ժողովուրդը յուրաքանչյուրիցս իմաստուն է:

Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա նա միշտ պիտի լինի գործուն, որ միշտ մնա գործոն, որպեսզի այլեւս երբեք ու երբեք իրեն պատկանող իշխանությունը ստիպված չլինի զիջել ու կորցնելՙ վտանգելով իր ինքնությունն ու ազատությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ