RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018



Տեղադրվել է` 2018-05-19 09:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1364, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԱԼԲԵՐՏ ՂՈՒԼՅԱՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահություն

2018թ. մայիսի 2-ին լրացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալբերտ Գարեգինի Ղուլյանի 80-ամյակը:

Ալբերտ Գարեգինի Ղուլյանը ծնվել է Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղում, ուսուցիչների ընտանիքում:

1960թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը` ստանալով աստղաֆիզիկոսի որակավորում:

Աշխատանքային մկրտությունն Ա. Գ. Ղուլյանը ստացել է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Բյուրականի աստղադիտարանի ռադիոաստղագիտության բաժնում` աշխատանքի անցնելով որպես լաբորանտ: Նույն թվականին տեղափոխվում է ռադիոաստղագիտության բաժնի հենքի վրա ստեղծված ՀՍՍՀ ԳԱ Ռադիոֆիզիկայի եւ Էլեկտրոնիկայի ինստիտուտ` որտեղ եւ աշխատում է մինչ օրս:

Ա.Գ.Ղուլյանի գիտական հետազոտությունները կապված են անտենաների բնութագրերի ուսումնասիրության ճշգրիտ մեթոդների մշակման հետ` հիմնված հաճախությունների լայն տիրույթում տիեզերական աղբյուրների աղմկային ռադիոճառագայթման ընդունման սահմանային զգայնությամբ ընդունիչ սարքերի եւ համակարգերի նախագծման եւ իրականացման վրա: Այս բնագավառում կատարած հիմնարար եւ կիրառական հետազոտությունների արդյունքների հիման վրա Ա.Գ.Ղուլյանը 1975թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1990թ.` դոկտորական թեզեր:

Որպես գիտնականիՙ Ա.Գ.Ղուլյանի կայացման գործընթացում նշանակալի է եղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Է.Հ.Միրզաբեկյանի եւ Ռ.Մ.Մարտիրոսյանի, Ռուսաստանի ԳԱ Ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Ա.Ե.Սալոմոնովիչի, Ռադիոֆիզիկական գիտահետազոտական ինստիտուտի պրոֆեսոր, ակադեմիկոս Տրոիցկու, Ռադիոտեխնիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի պրոֆեսոր Բ. Գ. Կուտուզայի դերն ու գիտական ղեկավարությունը:

1978թ.-ից մինչ այժմ Ա. Գ. Ղուլյանը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ Էլեկտրոնիկայի ինստիտուտի կիրառական ռադիոֆիզիկայի լաբորատորիան: Նրա ղեկավարությամբ լաբորատորիայում մշակվել են անտենաների բնութագրերի չափման մեծ ճշտություններ ապահովող նոր մեթոդներ, ստեղծվել` բարձր զգայնությամբ, աշխարհի խոշորագույն կենտրոնների լավագույն նմուշներին չզիջող, շահագործման հարմարավետությամբ ավելի նախընտրելի ընդունիչ համակարգեր: Կիրառական ռադիոֆիզիկայի լաբորատորիայի արգասաբեր գործունեության արդյունքը Ա. Գ. Ղուլյանի գիտական ղեկավարությամբ առաջատար գիտական ամսագրերում հրատարակված ավելի քան 250 աշխատանքները եւ 30 գյուտերի հեղինակային վկայագրերն են:

Նախկին Խորհրդային Միության կառավարական հատուկ որոշումների համաձայն, Ռադիոֆիզիկայի եւ Էլեկտրոնիկայի ինստիտուտը, մասնավորապես կիրառական ռադիոֆիզիկայի լաբորատորիան, ԽՍՀՄ-ի խոշորագույն գիտական կենտրոնների, այդ թվում ԽՍՀՄ ԳԱ Տիեզերական հետազոտությունների, Ռադիոտեխնիկայի եւ էլեկտրոնիկայի, Լեբեդեւի անվան Ֆիզիկայի ինստիտուտների, ինչպես նաեւ Բնական ռեսուրսների ուսումնասիրման պետական կենտրոնի, Տիեզերական սարքաշինության գիտատեխնիկական միավորման ճյուղային ինստիտուտների հետ համատեղ մասնակցել է «Վեգա», «Ֆոբոս», «Կոսմոս», «Պրիրոդա», «Օկեան» եւ այլ միջազգային գիտատեխնիկական ծրագրերին` իր ծանրակշիռ ներդրմամբ նպաստելով այդ ծրագրերի կատարմանը:

Ա.Գ.Ղուլյանի ղեկավարությամբ կիրառական ռադիոֆիզիկայի լաբորատորիայում ստեղծված նոր, ռադիոաստղագիտական մեթոդների եւ զգայուն ընդունիչ սարքերի միջոցով մեծ ճշտությամբ չափվել են նախկին Խորհրդային Միության տիեզերական կապի նպատակով ստեղծված բոլոր անտենաների բնութագրերը:

Հիմնվելով իր ղեկավարած լաբորատորիայում ստացված գիտական արդյունքների վրաՙ Ա. Գ. Ղուլյանը արժանացել է երկու երկարաժամկետ դրամաշնորհի (Սորոս, ՄԳՏԿ), ինչը զգալիորեն նպաստել է դժվարին տնտեսական շրջանում լաբորատորիայի գիտական ներուժի եւ գիտական հետազոտությունների դրական դինամիկայի պահպանմանը:

Ա.Գ.Ղուլյանը որպես գիտնական հայտնի է ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Նա ՀՍՍՀ Պետական մրցանակի դափնեկիր է գիտության եւ տեխնիկայի ասպարեզում, ինչպես նաեւ մի շարք գիտական խորհուրդների անդամ: Հաշվի առնելով ռադիոֆիզիկայի հիմնարար պրոբլեմներից մեկի` գերբարձր հաճախային տիրույթում ընդունիչ համակարգերի նոր կառուցվածքների նախագծման, ստեղծման, անտենաների բնութագրերի ուսումնասիրության ռադիոաստղագիտական նոր մեթոդների մշակման ասպարեզում Ա.Գ.Ղուլյանի մեծ ավանդը եւ նրա գիտակազմակերպական լայնածավալ գործունեությունը` 2000թ.-ին նա ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 2010թ. պարգեւատրվել Անանիա Շիրակացու մեդալով, 2014թ.-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

Հանրապետության սահմանների պահպանության տեխնիկական վերազինմանը միտված Ա. Գ. Ղուլյանի ղեկավարած գիտական խմբի կատարած աշխատանքների շարքն արժանացել է 2011թ. հանրապետության նախագահի մրցանակին:

Գիտական գործունեությանը զուգընթաց, Ա. Գ. Ղուլյանը զգալի ավանդ է ունեցել երիտասարդ կադրերի պատրաստման եւ հետազոտական աշխատանքներում նրանց ներգրավման գործում: 1975թ.-ից նա անընդմեջ դասախոսել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ռադիոսարքավորումներ» ամբիոնում, որի պրոֆեսոր է 1992թ.-ից եւ մինչ օրս այդ մասնագիտացման պետական քննական հանձնաժողովի նախագահն է: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 8 թեկնածուական եւ 2 դոկտորական թեզ:

Ա.Գ.Ղուլյանը սիրող ամուսին է, գորովագութ հայր եւ իր 4 թոռնիկներին անսահմանորեն նվիրված պապիկ, որոնցից երկուսը ապրում են իր հոգածության ներքո:

Շնորհավորելով ճանաչված գիտնականինՙ ցանկանում ենք քաջառողջություն, երկար տարիների բեղմնավոր ստեղծագործական կյանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ