RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018



Տեղադրվել է` 2018-05-18 00:58:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 7417, Տպվել է` 836, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՎԱԶՔԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Երեկ, երբ կրպակ գնացի նույն օրը լույս տեսած «Դի ցայթ» շաբաթաթերթը գնելու, հաճելի մի զգացում ունեիՙ մեր երկրի օրը դեռ նյութ է տալիս: Ով կարդացել, ճանաչում է այս բարձրորակ թերթը, կհամաձայնի ասածիս հետՙ քաղաքականության, տնտեսության, գիտության կամՙ իմացության եւ մշակույթի մասին 80 էջանոց այս պարբերականը Գերմանիայի մտավոր հարստություններից է, լրագրության ու հրապարակախոսության սով ու երաշտ չի տեսել, իսկ հիմաՙ մայիսի 16-ին առցանց տարբերակում մեր մասին ներկայացրած հոդվածը նախապատվություն է տվել հրատարակել նաեւ թերթի տպագիր օրինակումՙ 6-րդ էջում: «Եվրոպայում ավտոկրատ քաղաքական գործիչներն են առաջ մղվում, Հայաստանում նրանց հաղթում են: Ռոքի հնչյունների տակ տատիկները պարում են, թոռները տոնում են նոր հանրապետության ծնունդը»: Ալիս Բոթայի եւ Զիլվիա Շթյոբերի հեղինակած «Սցենար ապստամբության համար» հոդվածը, որի նախաբանն էինք ներկայացրել վերեւում, իհարկե միակը չէ այս լրատվատամայրցամաքում, առցանց «Ցայթը», գերմանական մյուս ԶԼՄ-ների հետ մեր հեղափոխական քայլերն արձանագրել է մեծ եռանդով, շքեղ բառապաշարով, զարմացած:

Եթե մեր շաբաթաթերթն էլ «Դի ցայթ»-ի էջերի գոնե կեսն ունենար, դրանց մի մասը կնվիրեր մեր երկրի փոփոխություններն արձանագրող գերմանական լրատվադաշտի հմուտ, ուսանելի, ոգեշնչող հայացքներին: Կգա ժամանակ, եւ լրագրության պատմությամբ զբաղվող հետազոտողը տողերիս իրավացիությունը կփաստիՙ Հայաստանն այսքան հետեւողական լուսաբանման, այսքան դրական հերոս չի եղել գերմանալեզու մեդիադաշտում: «Հզոր ապստամբության հաջողության մասին» գրող գերմանացի մեր գործընկերները, նշում են, թե «դրա ժամանակ մի ապակի էլ չի կոտվել», արձանագրում ենՙ «ավտորիտար վարչապետի դեմ իրենց խաղաղ, բայց նաեւ ազդու բողոքի գործողություններով Հայաստանում քաղաքական նոր ազգ ծնվեց, եւ երկրորդՙ այն, ինչ այստեղ եղավ, կարող է աշխարհի համար մոդել լինել. հեղափոխություն առանց բռնության, «սիրո եւ համերաշխության» բողոքի գործողությունՙ առանց մահերի ու վիրավորների»:

Հայկական հեղափոխության խաղաղ բաղադրատոմսը ներկայացնելիս «Դի Ցայթ»-ը հիշատակում է, թե 2008-ին նախագահական ընտրությունների ժամանակ ցույցի ընթացքում բռնություն կիրառվել է, հանգեցրել 10 հոգու մահվան:

Միայն գերմանական այս աղբյուրը չէ, մյուսներն էլ հեղափոխության առաջնորդի մասին գրում են, թե նա 2008-ից ի վեր աճ է ապրել, լուսանցքային գործչից վերածվել խարիզմատիկ լիդերի, խելացի է, նրա խոսքին ժողովուրդն ականջալուր է լինում: Հեղինակավոր «Շպիգել» շաբաթահանդեսն էլ նույն կերպ է բնութագրում Նիկոլ Փաշինյանինՙ վերջինՙ մայիսի 12-ին հրատարակված իր համարում նրա մասին հոդվածը վերնագրելովՙ «Խելացի ապստամբը»: Նիկոլից ակնկալիքները մեծ են, գրում է Քրիստիան Էշը , եւ հիշատակում Միքայել Զոլյանիՙ Եվրոպայի ձախ պոպուլիստների հետ Փաշինյանի համեմատությունը: Վարչապետի ընտրությանը ԱԺ-ում նպաստել է օլիգարխ Ծառուկյանի կուսակցությունը, որն ինքնին լավ չէ օլիգարխիայի դեմ պայքարի առումով: Բայց այս կարգի դժվար հարցերին դեռ պատասխան չի պահանջում երեւանցին: Փաշինյանն ասես խոր, երկարատեւ դեպրեսիայից հանել է երկիրը, գրում է «Շպիգելը» եւ անդրադառնում վարչապետի նստավայրիցՙ Փաշինյանի ուղիղ եթերին: Ենթատեքստըՙ Սարգսյանի ուժային կենտրոնը հասարակությանն ի տես դարձնելով ուժազրկելն է, իշխանությունը աստծո տված պարգեւ չէ, հասարակությունն է իրենցից մեկին օժտում այդ իշխանությամբ: 1 միլիոն դիտում է արձանագրել տեսանյութը, 3 միլիոն բնակիչ ունեցող երկրում վատ թիվ չէ, գրում է «Շպիգելը»: Իշխանափոխությունը հաջողվեց, հետո ի՞նչ է լինելու: Միգուցե հայկական հեղափոխությունն էլ ավարտվի, ինչպես սովորաբար լինում էՙ օլիգարխների, կոռուպտ համակարգի հաղթանակով, հարց է տալիս «Դի ցայթ» -ը ու շարունակումՙ բայց այս դեպքում միգուցե օլիգարխներն էլ ըմբռնեն, որ ինչ-որ բան փոխվել է: Թերթը մեջբերում Է մեր գործընկեր հրապարակախոս Լուսինե Հովհաննիսյանի խոսքըՙ «Մենք չգիտենք ինչ կլինի, բայց այս պահին մենք ապրում ենք մեր ուզած վիճակը. մեր դժգոհությանն անմիջապես արձագանքում են»:

ԵՄ երկրների մասին խոսելիս գերմանացի քաղաքական գործիչները մի արտահայտություն են անումՙ տարբեր արագությունների Եվրոպա: Հայաստանի քայլն իրականում վազք է, նա այլեւս ուրիշ լիգայում էՙ ըստ գերմանացիների, Ռուսաստանից էլ, Վրաստանից էլ, Ուկրաինայից էլ առաջ է անցել: Մեր վազքի սահմաններն անսահման են... Առողջ թոքերով, ճիշտ շնչառությամբ է պայմանավորված լինելու երիտասարդ մեր պետության վազքը: Հայրենի բնությունն իր օրհնանքն արդեն առաքում էՙ անձրեւն ու ծիածանը համբուրում են ճամփա ելածներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ