RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2018-05-18 00:58:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 6107, Տպվել է` 800, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՈԲԵԼՅԱՆ ԴԱՓՆԵԿԻՐ ՉՈՒՆԻ, ԲԱՅՑ ՈՒՆԻ ԿԱՅՔԵՐ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մեր հարեւան տիկին Արուսը, որը Ռուբեն Հախվերդյանի համանուն երգի հետ ոչ մի կապ չունի, դատելով մեր մուտքում պարբերաբար տարածվող ախորժաբեր բույրից, հրաշալի տոլմա է պատրաստում: Ավելին, նա նաեւ հրաշալի ձայն ունի եւ շատ է սիրում Կոմիտասի «Կաքավիկ» երգը, հատկապես ուշ երեկոյան, կեսգիշերին մոտ:

Մեծ էր իմ զարմանքը, երբ մի անգամ նրանց տան մոտով անցնելիս, բաց դռնից կտավներ նկատեցի, ու երբ հարցրեցի, թե ումն են, պատասխանեցՙ որ ինքն է նկարել: Մի խոսքով, տիկին Արուսը, չնայած աշխարհի ամենալավ հոտով տոլման է պատրաստում, ամենալավն է երգում «Կաքավիկն» ու ամենագեղեցիկն է նկարում անտառի մեջտեղով հոսող գետակը, բայց ապրում է երջանիկ եւ վարձով, միջանցքի պահարան եւ ամուսին չունի, երեխաները մեծ են ու Ռուսաստանում, բացի այդՙ ոչ մեկը չգիտի, թե նա որքան տաղանդավոր է:

Հիշեցի տիկին Արուսինՙ կարդալով Մարիամ Ծառուկյանի բաց նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն ի դեպ մեծ ոգեւորությամբ հրապարակել են մեր կայքերը: Հա, Մարիամ Ծառուկյանը ոչ մի կապ չունի ԱԺ-ում Ծառուկյան խմբակցության եւ անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ: Մարիամը, շեշտելով, որ ինքը հպարտ հայ քաղաքացի է, ընդգծում է, որ ինքը հպարտ է ոչ միայն այն պատճառով, որ հայ է, կամ որ Նիկոլ Փաշինյանը դարձել է ՀՀ վարչապետ, այլ, ուշադրություն, քանի որ ինքը Նոբելյան մրցանակակրի աղջիկ է: Այսինքն Մարիամի հայրըՙ Մարտիրոս Ծառուկյանը, ինչպես դուստրն է պնդումՙ ՀՀ վարչապետին ուղղված իր նամակում, 2017-ին ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակը: Մարիամըՙ հայ լինելու պես հպարտ, նշում է, որ իր հայրը միջազգային էքսպերտ է, ամբողջ աշխարհում շատ ճանաչված եւ հարգված մասնագետ բնապահպանության ոլորտումՙ մասնավորապես գլոբալ տաքացման հիմնախնդրի հարցում: Աղջիկը նշում է, որ աշխարհում դժվար է գտնել մի տեղ, որտեղ իր հայրը գործուղման չի մեկնելՙ Ուգանդայից մինչեւ Մավրիկիա, Ավստրալիայիցՙ Կանադա: Մարիամը նշում է, որ չնայած հայրը կարող էր ընտանիքը տեղափոխել արտերկիր, բայց որոշել է մնալ հայրենիքում եւ իր երեք զավակներին մեծացնել հայեցի ու իր ներդրումն ունենալ Հայաստանում: Սակայն 2015-ին բնապահպանության նախարարությունում, ինչպես Մարիամն է գրում, անարդարությունների պատճառով Մարտիրոս Ծառուկյանը, որը, հիշեցնեմ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր է, բռի եւ անհարգալից վերաբերմունքի է արժանանում եւ ազատվում է մթնոլորտային օդի քաղաքականության բաժնի պետի պաշտոնիցՙ իր դիմումի համաձայն: Հիմա Մարտիրոս Ծառուկյանը (Նոբելյան Խաղաղության դափնեկիրը) Հայաստանում GG տաքսի է քշում: Մարիամը խնդրում է վարչապետ Փաշինյանին, որ իր հորըՙ Մարտիրոս Ծառուկյանին, նոր Հայաստանում համապատասխան աշխատանք տան, քանի որ եթե Նոբելյան Խաղաղության մրցանակ ստացած մարդը տաքսի է քշում, դա պետության խայտառակությունն է:

Վերջում Մարիամը շեշտում է, որ բացի հորն աշխատանքի տեղավորելուց նաեւ շատ կուզենար, որ վերջապես լուսաբանվեր այն փաստը, որ Հայաստանն ունի Նոբելյան մրցանակակիր, որովհետեւ շատերը չգիտեն այդ մասին: Նամակին կիցՙ Մարիամը ներկայացրել է հոր մրցանակի վկայականը, որտեղ պարզ անգլերենով գրված է, որ Մարտիրոս Ծառուկյանը Նոբելյան մրցանակ... չի ստացել:

Ցավոք սրտի վարչապետ Փաշինյանի աշխատակազմից Մարիամ Ծառուկյանին չեն պատասխանել, հուսանք կպատասխանեն, եւ Մարտիրոս Ծառուկյանը վերջապես համապատասխան աշխատանք կունենա: Բայց քանի որ Մարիամը նաեւ ուզում է, որ լուսաբանվի Հայաստանը Նոբելյան մրցանակակիր ունի, այն էլ Խաղաղության, փաստը, ու քանի որ լուսաբանումը վարչապետի հետ կապ չունի, իսկ նրա նամակը հրապարակած կայքերն ամենեւին էլ չեն լուսաբանել, լուսաբանենք:

2007-ի դեկտեմբերի 12-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցավ Նոբելյան Խաղաղության հերթական մրցանակաբաշխությունը: Բեմ բարձրացավ Ալբերտ Գորըՙ 1993-2001-ին ԱՄՆ փոխնախագահը: Հենց նա էլ արժանացավ այդ տարվա Խաղաղության մրցանակինՙ Մարդու գործունեության հետեւանքով գլոբալ կլիմայական փոփոխությունների հետեւանքների ուսումնասիրման եւ դրանց հնարավոր կանխարգելման միջոցների մշակման համար: Ճիշտ է, հայտնի օդերեւութաբան Ուիլյամ Գրեյը Գորինՙ Խաղաղության Նոբել տալն անվանեց ծիծաղաշարժ դիպված, բայց ամեն դեպքում 2007-ի Խաղաղության Նոբելը Գորինն է: Ինչպես Նոբելյան բոլոր դափնեկիրները, նա ստացավ նաեւ 1,5 միլիոն դոլար: Ավելինՙ Նոբելյան դափնեկիր դառնալուց հետո Գորին աշխարհի տարբեր երկրներից հրավիրում էին սեմինարների: Ամեն մեկ ժամի համար նա ստանում էր 100 հազար դոլար, եւ սա ոչ թե որովհետեւ նա Ալբերտ Գորն էր, այլ քանի որ նա Նոբելյան Խաղաղության դափնեկիր է:

Հիմա, եթե իրականում 2007-ին ոչ թե Գորն է Նոբելյան մրցանակը ստացել, այլ Մարտիրոս Ծառուկյանը, դե այսինքն մեզ մինչեւ հիմա խաբել են, Հայաստանը Նոբելյան դափնեկիր ունի, բայց ոչ մեկս չգիտենք, ապա որտե՞ղ է պարոն Ծառուկյանիՙ Նոբելյան հանձնաժողովից ստացած 1,5 միլիոն դոլարը, մանավանդ եթե մարդը որոշել է մնալ Հայաստանում, որպեսզի այստեղ ներդրումներ անի: Ինչպե՞ս կարող է 11 տարի առաջ 1,5 միլիոն դոլար ստացած շատ խելացի մարդը հիմա տաքսի քշել, եւ ինչո՞ւ է անհարմար տաքսի քշելը թեկուզ նոր Հայաստանում, որտեղ, ի դեպ, մեզ շարունակելու են պետք գալ տաքսիները: Ինչո՞ւ է խաբում Մարիամ Ծառուկյանը, ո՞ւմ է ձեռք առնումՙ ՀՀ վարչապետի՞ն, որին նամակ է գրել, թե՞ ՀՀ քաղաքացիներին, որոնք կարդում են, թե ինչպես են հայկական որոշ լրատվամիջոցներ հայտնումՙ Հայաստանն ունի Նոբելյան դափնեկիր, բայց նա տաքսի է քշում (իմիջիայլոց, Հայաստանի վարչապետըՙ նախքան վարչապետ դառնալը տաքսի էլ չէր քշում, ոտքով էր քայլում):

Լավ, ենթադրենք Մարիամն իրոք համոզված է, որ իր հայրը Նոբելյան դափնեկիր է, բայց նրա նամակը հրապարակած լրատվամիջոցները... Լրատվամիջո՞ց են: Հիմա, եթե նոր Հայաստանի մի հպարտ քաղաքացի Սոչիում արտագնա աշխատանքի մեջ, գործընկեր բանվոր ուզբեկին համոզված պնդի, որ Հայաստանը Նոբելյան դափնեկիր ունի, Մարիամ Ծառուկյա՞նն է մեղավոր, թե՞ հայկական կայքերը:

Հայաստանը դժբախտաբար Նոբելյան դափնեկիր չունի, ոչ մի ոլորտում... Առայժմ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ