RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018



Տեղադրվել է` 2018-05-18 00:58:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 5687, Տպվել է` 797, Ուղարկվել է էլ.փոստով` 0

3 ԿԳ, 700 ԳՐԱՄ, 52 ՍՄ

Հ. ԱՖՅԱՆ

Հայաստանում ամեն օր տեղի է ունենում հեղափոխություն: Ամերիկայում էլ, Ռուսաստանում ու Գերմանիայում էլ, Պորտուգալիայում ու Չադում էլ... Ամեն տեղ ամեն օր տեղի է ունենում հեղափոխություն, ընդ որումՙ ժամում մի քանի հատ: Յուրաքանչյուր ծնունդ հեղափոխություն է: Օրինակ երբ գյումրեցի Խաչիկյանները 10-րդ երեխան են ունեցել ու կանգ առնել չեն պատրաստվում, չնայած տնակում են ապրում, կամ քանի որ տնակում են ապրում, ուրեմն նրանք 10 անգամ հեղափոխություն են արել: Հեղափոխությունը նորի ծնունդն է, եւ 3 կիլոգրամ, 700 գրամ քաշով ու 52 սանտիմետր հասակով Սեդրակ Խաչիկյանը հեղափոխություն է, իսկ այս օրերին Հայաստանում տեղի ունեցածըՙ ոչ: Ամեն դեպքում առայժմ, քանի դեռ ուղիղ եթերներով ոչ միայն խոսում են, այլեւ աշխատում, քանի դեռ Սփյուռքի ջահել նախարարը ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է հուշում ուսապարկով քայլել, այլ սփյուռքահայերին է քայլեցնում դեպի տուն, թեկուզ ոչ ոտքով, թեկուզ առանց ուսապարկի: Այ, երբ դա անի, կլինի հեղափոխություն, երբ ԿԳ նախարարը ոչ թե մետրոյով աշխատանքի գնա, կամ Վերջին զանգի համար հավաքված փողերը վերադարձնի ծնողներին, այլ մարդուն Աստված չանվանող ու չհամարող սերունդ դաստիարակի, կլինի հեղափոխություն, երբ առողջապահության նախարարն ու կաթողիկոսը հավատան Աստծուն, կլինի հեղափոխություն, երբ բնապահպանության նախարարը բնապահպան լինի, կլինի հեղափոխություն, երբ պաշտպանության նախարարը բոլոր չծառայած նախարարներին... գոնե պատմի, թե նրանք ինչ են կորցրել, կլինի հեղափոխություն: Հիմա, առայժմ, սերժերին փոխարինել են նիկոլները, իսկ դա հեղափոխություն չէ, թեկուզ եթե առաջիններին ատում էինք, երկրորդների համար խենթանում, ընդ որումՙ նույն չափով, նույն թվով, նույն կրքով, նույն ապրուստով կամ դրա նույն բացակայությամբ:

Տարբերություն կա՞, թե ով է Պուտինի հետ հանդիպում, եթե բոլորիս կարծիքով առանց Ռուսաստան մեզ կսեղմեն արեւելքից ու արեւմուտքից, ու մենք կսառենք ձմռանն առանց գազ: Տարբերություն կա՞, թե ով է խոսելու Ալիեւի հետ, եթե բոլորիս կարծիքով ինքը բորենի է, իսկ մենքՙ արծիվ, տարբերություն կա՞, թե Թրամփը ում չի ընդունելու Սպիտակ տանը, եւ ում հետ է շարունակելու խորը եւ համապարփակ հարաբերությունները Եվրոպան:

Ժողովուրդը հիմա միասնակա՞ն է. է՛, բա ի՞նչ էր ժողովուրդը, երբ գործող խորհրդարանն էր ընտրում եւ կամ չէր բողոքումՙ իր ձայնը գողացված տեսնելիս: Առաջ կոռուպցիա կար, էլ չի՞ լինելու, իսկ դուք գիտե՞ք, թե ինչի համար են պաշտոնից հեռացվում «կոռուպցիայից մաքուր» Արեւմուտքումՙ կամ գողանալու, կամ բռնաբարելու: Պաշտոնյան այս երկուսից մեկը կամ երկուսն էլ պետք է անիՙ Ալյասկայից մինչեւ Նոր Զելանդիա, Տոկիոյիցՙ մինչեւ Բուենոս Այրես: Աշխարհում հեռացնում են մեզ մոտՙ ո՞չ, բայց մեզ մոտ էլ են հեռացնում, ոչ բոլորին, անշուշտ, ինչպես աշխարհում, ի դեպ:

Ուրեմն հույս չկա՞: Իհարկե կա, անունը Սեդրակ Խաչիկյան է, նոր է ծնվել: Մեզ համար գուցե ոչինչ չփոխվի, բայց խաչիկյանները հավանաբար տուն կստանան: Դուխով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ