RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2018-05-18 00:58:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 4809, Տպվել է` 222, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԺԻՇԿԸ ՈՏՔԻ ՏԱԿ ԳՑԵՑ ՀԻՊՈԿՐԱՏԻ ԵՐԴՈՒՄՆ ՈՒ ՄԵՐԺԵՑ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸՙ ՄԱՐԴԿԱՅԻՆԸ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

«Մեր հին ադաթից ընկել ենք, զըրկվել,

Նորն էլ չըգիտենք, թե ինչ է եկել:»

Թումանյան

Դեռեւս մ.թ.ա. Հին Եգիպտոսում բժիշկն իր գործունեությունն սկսելուց առաջ երդում էր տալիսՙ հավատարիմ մնալ ընդունված բժշկական նորմերին: Ավելի ուշ շրջանում բժկության հայր համարվող հույն Հիպոկրատը հստակեցրեց այդ արարողակարգն ու ստեղծեց բժշկի երդման հստակ տեքստը, որը հայտնի է «Հիպոկրատի երդում» անվամբ: Ինչպես գիտենք հայ բժիշկները նույնպես տալիս են «Հիպոկրատի երդում»: Վերջիններս վաղ անցյալում փայլել են իրենց ազնվությամբ, գթասրտությամբ ու սրտացավությամբ: Սկսած Մխիթար Հերացուց մինչեւ մեր օրերը, այդ ամենն օր օրի ավելի բարձր մակարդակի վրա է բերվել: Արցախյան ազատամարտի տարիներին քիչ չեն եղել դեպքերը, երբ հայ բժիշկն ստույգ մահից փրկել է թշնամու վիրավոր զինվորին: Այո, թշնամու վիրավոր զինվորին եւս պետք է բուժել, եթե անգամ դրանից հետո նա պետք է մահապատժի ենթարկվի, քանի որ յուրաքանչյուր մարդ, ով հագնում է բժշկի համազգեստը, դադարում է որեւէ ազգության կրողը լինելուց, նա բժիշկ է, մարդ, հետո միայնՙ էթնոս: Հպարտությամբ պետք է նշեմ, որ հայ բժիշկները մինչ օրս շարունակում են այս ավանդույթը: Ճիշտ է, միշտ էլ եղել են դեպքեր, երբ այս կամ այն բժիշկը պատշաճ չի կատարել իր պարտականությունները, ինչպես ասում ենՙ գյուղ չկա, որ շուն չլինի, մանավանդ երբ այդ բժիշկը պատժվել է, ներողություն է խնդրել, կամ այդ ամենն այսպես ասածՙ «թաքուն է արել»:

Բայց բոլորովին վերջերս, ցավոք սրտի, տեղի ունեցավ մի դեպք, որն իսկական խայտառակություն էր հայ բժշկության պատմության մեջ: Հայաստանում ծավալված իշխանափոխության ժամանակ, երբ բոլորը պայքարում էին իշխող վարչակարգի դեմ, որոնք ծեծելով բժիշկ էին սպանում ու հասարակությանն սպառնում բռնաբարությամբ, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական հիվանդանոցի բժիշկ, Հայաստանի հակացավային եւ Պալիատիվ օգնության ասոցիացիայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Հրանտ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում ամենայն հպարտությամբ ու մեսրոպատառՙ բայց սխալաշատ հայերենով արեց հետեւյալ գրառումը (տեքստըՙ առանց խմբագրման).

«Հաշվի առնելով Հայաստանում ստեղցված իրավիճակը, սատար կանգնելով իմ հաղթանակած ժողովրդին, ես հրաժարվում եմ բուժ. սպասարկում մատուցել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներին, քանի որ իրենք մարդ չեն, ես էլ անասնաբուժ չեմ:

Իմ հայ ժողովուրդ Ձեր ցավը տանեմ Հայաստանի հակացավային եւ Պալիատիվ օգնության ասոցիացիայի նախագահՙ բ.գ.թ. Հրանտ Կարապետյան:

Առաջարկում եմ կոլեգաներիս միանալ ակցիային»:

Ահա այսպես, սիրո ու բաց ձեռքերի հեղափոխության «հետեւորդը», «գաղափարակիցն ու կրողը», մոռանալով որ ինքը բժիշկ է, (որի պարտքն է բուժել ոչ թե հայ, ադրբեջանցի, կանադացի, բրազիլացի մարդուն, այլՙ ուղղակի մարդուն) հայտարարում է մասնագիտական դասալքության մասին, այդպիսով բացահայտ հայտարարություն տարածելով ծանր հետեւանքներով հղի հանցագործության մասին: Այս մարդը հպարտությամբ նշում է, որ ինքը բժիշկ է, իսկ իր բժիշկ լինելու լավագույն ապացույցը հավանաբար համարում է իր պահարանում բժշկի խալաթի առկայությունն ու այստեղ-այնտեղ բ.գ.թ. գրելը:

Հին վարչակազմի մերժումով ա՞յս տեսակ սեր էինք ուզում, ա՞յս տեսակ հանդուրժողականություն, եւ ընդհանրապեսՙ սա ի՞նչ է:

Կարծում եմ, որ նոր առողջապահության նախարարը եւ իրենքՙ երկրի նախագահն ու վարչապետը, պետք է հետեւողականորեն մոտենան այս հարցին եւ անձամբ պատռելով բժշկական խալաթը, պատասխանատվության ենթարկեն նրան, միաժամանակ հրո բաժին դարձնելով բժկիՙ նրա որակավորումը, որը պատահաբար հայտնվել է մսագործի մոտ: Սա ամենաճիշտ քայլը կլինի, քանի որ նա հանցագործ է, ամենավտանգավորըՙ հանցագործների մեջ: Որովհետեւ նա պատրաստ է քաղաքական հայացքների պատճառով չկատարել իր պարտականությունը, որ էՙ բուժել ու բարելավել մարդ արարածի առողջական վիճակը: Նման բժիշկների գոյությունը, թերեւս, նաեւ նախկին վարչակազմի քաղաքական փորլուծությունից է գալիս, բայց ամեն ինչ պետք է փոխվի, հիմնովին, ներսի՛ց, եւ հարկ եմ համարում հիշեցնել, որ ամեն մարդ իր ներսում մերժելիք մի բան ունի, ու քանի չի մերժվել այդ մի բանը, թռուցիկ ու սին են բոլոր տեսակ մերժումները: Ինչպես հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանն էր ասում. «Ներսից է լինելու հաստատ փրկությունը, քանի որ ներսից ենք փչացած»:

Հ.Գ. Ի փաստարկումն տողերիս, կից ներկայացնում եմ նաեւ Հրանտ Կարապետյանի գրառման լուսապատճենը, քանի որ վերջինս այդ գրառումն արդեն ջնջել է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ