RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018



Տեղադրվել է` 2018-05-18 00:58:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 3792, Տպվել է` 165, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԿԱՐԱՆ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ

Պ.Ք.

Փոփոխություննե՞ր դիրքորոշման մեջ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախ կատարած այցելության ժամանակ հայտարարեց, որ Երեւանը պատրաստ է Անկարայի հետ հարաբերություները կարգավորել առանց նախապայմանների, բայց ակնկալում է, որ վերջինս իր հերթին հանդես կգա առանց նախապայմանների: Ի պատասխանՙ սկզբում Թուրքիայի նախագահի անանուն ներկայացուցիչը հայտարարեց, թե առանց ադրբեջանական տարածքների ազատման խոսք լինել չի կարող թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման մասին: Բայց շուտով հաջորդեց վարչապետ Բինալի Յըլդրըմի հայտարարությունը: Թուրքական Hurriyet թերթի հաղորդման համաձայն, վարչապետն ասել է հետեւյալը.

«Եթե Հայաստանը հրաժարվի մեր երկրի տարածքային ամբողջականության եւ սահմանների վերաբերյալ սխալ դիրքերից, եթե ուզում է նոր էջ բացել, ապա մենք կպատասխանենք փոխադարձությամբ: Թուրքիան չի ուզում թշնամանք դրսեւորել որեւէ մեկի, եւ մանավանդ հարեւանների հանդեպ: Այնպես որ, եթե Հայաստանի դիրքորոշման մեջ մեղմացում լինի, մեր երկրի շահերից ելնելով մենք դա կգնահատենք»:

Ինչպես տեսնում ենք, Յըլդրըմը երկկողմ հարաբերությունների կարգավորումը չի շաղկապում Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Երկրորդ, նա խոսում է տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության հարցում Հայաստանի ինչ-որ սխալ դիրքորոշման մասին: Սակայն հայտնի չէ Հայաստանի որեւէ պաշտոնական փաստաթուղթ, որտեղ Երեւանը տարածքային պահանջներ կներկայացներ Անկարային: Իհարկե, կան հայ պատմաբանների եւ քաղաքագետների բազմաթիվ հոդվածներ, որոնցում արծարծվում է սահմանների հարցը: Սակայն դրանք կարելի է համարել լոկ հրապարակախոսության դրսեւորումներ:

Գոյություն ունի մեկ ուրիշ բան. 2018 թ. մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը չեղարկեց հայ-թուրքական Ցյուրիխյան արձանագրությունները, որոնց վավերացումն Անկարան տեւականորեն ձգձգել էր Թուրքիայի խորհրդարանում:

Այդ փաստաթղթերը նախատեսում էին երկկողմ հարաբերությունների կարգավորում, ընդհուպ սահմանների բացում, Հայոց ցեղասպանության հարցը այդ փաստաթղթերում տեղափոխված էր գիտական հետազոտությունների ոլորտ: Դրանք երկու երկրների միջեւ ստորագրված առաջին փաստաթղթերն էին 1921 թ. Կարսի պայմանագրից ի վեր: Սակայն, Ադրբեջանի ճնշմամբ, Թուրքիան որոշեց թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը կապել Արցախի խնդրի հետ: Այժմ, Յըլդրըմի արած հայտարարությունից հետո, պարզ է դառնում, որ թուրքական նախապայմանների գլխավոր ուղղությունը չեղյալ է համարվում:

Ռուս պատմաբան Ստանիսլավ Տարասովի կարծիքով, այստեղ առկա է որոշակի առեղծված, քանի որ թուրք փորձագետների գնահատման համաձայն, 2018 թ. մարտին Թուրքիայում դեռ գոյություն չեն ունեցել Ցյուրիխյան արձանագրությունների վավերացմանը նպաստող պայմաններ: Իսկ ի՞նչ է փոխվել այժմ, եթե մի կողմ թողնենք Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը:

Դժվար է վստահություն տածել թուրք վարչապետի հայտարարությանը: Եթե Թուրքիայում ուրիշ պաշտոնական անձինք չհրաժարվեն վարչապետի խոսքերից, ապա հնարավոր կլինի ասել, որ տարածաշրջանում սպասվում են կարեւոր աշխարհաքաղաքական փոփոխություներ, որոնք կառնչվեն նաեւ այնտեղ հետաքրքրություններ ունեցող համաշխարհային կենտրոններին:

Այլ կերպ ասած, ինչպես գրում է Hurriyet թերթը, ի հայտ են գալիս նշաններ, որ Անկարան սկսում է թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը եւ Արցախի հարցը դիտարկել որպես զուգահեռ գործընթացներ, այլ ոչ թե միասնական խնդիր, որոնք պետք է լուծվեն երկու կողմերի օժանդակությամբ: Ինչո՞ւ: Թուրք փորձագետները նշում են որոշ պատճառներ, որոնք իրենք համարում են վճռորոշ:

Առաջին, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը ձգտելովՙ Թուրքիան փորձում է ուժեղացնել իր ոչ այնքան ուժեղ համարվող ազդեցությունն Անդրկովկասում: Երկրորդ, Երեւանի հետ հարաբերությունների կարգավորումը Անկարայում դիտարկվել է ընդհանուր ժողովրդավարացման հունի մեջՙ իր տարածքում ապրող քուրդ եւ այլազգի քաղաքացիների հետ պատմական ու հասարակական համաձայնության հասնելու համատեքստում: Ներկայումս Թուրքիան փորձում է ամրապնդվել այս ուղղությամբ:

Տվյալ դեպքում կարելի է նկատի ունենալ նաեւ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությունն ակտիվացնելու Անկարայի փորձերը, միություն, որի լիիրավ անդամն է Հայաստանը: Այս կապակցությամբ չի կարելի բացառել, որ մոտ ժամանակներս Անկարայի ու Երեւանի միջեւ կսկսվեն բացահայտ կամ գաղտնի շփումներ, որպեսզի օրակարգ վերադարձվեն Ցյուրիխյան արձանագրությունները: Hurriyet-ի կարծիքով, նոր փաստաթղթեր մշակելիս դժվար կլինի հասնել այն առավելություներին, որոնք առկա էին Ցյուրիխյան արձանագրություններում:

Ինչ վերաբերում է Մոսկվային, այն բանից հետո, երբ Հայաստանը չեղարկեց Թուրքիայի հետ ստորագրված արձանագրությունները, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց. «Մենք գնահատական տվեցինք անմիջականորեն այդ պայմանագրին, քանի որ, ինչպես հասկանում եք, Ռուսաստանի պատվիրակությունը գտնվում էր Ցյուրիխում եւ ակտիվորեն մասնակցում էր գործընթացին: Գնահատականներ տրվեցին. ռուսական կողմը ելնում է այդ երկրների հարաբերությունների կարգավորման կարեւորությունիցՙ նկատի ունենալով երկու երկրների շահերը»: Հատնի չէ, անփոփոխ կմնա՞ արդյոք այդ գնահատականը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ