RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 01-06-2018



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2018-06-05 16:46:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 5199, Տպվել է` 614, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՈՒՄԵՐԱՆԳ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Որեւէ վերլուծաբանի համար դժվար է համատարած ինքնասիրահարվածության, ինքնիրավչության, ինքնադատաստանի ներկա մթնոլորտում գտնել-բռնել-քաշել ներքաղաքական խճճված կծիկի թելերը, մատնանշել հանգուցալուծման ուղիները, կռահել դեպքերի հետագա զարգացման ընթացքը: Ժողովրդային մակարդակի վրա տիրապետողը անձի պաշտամունքն է, որի պոռթկմանը ականատես եղանք մայիսի 28-ին Սարդարապատում, պետականության 100-ամյակի տոնակատարության ժամանակ: Այդ օրը, այնտեղ, եթե ինչ-որ հրաշքով հայտնվեին գեներալ Մովսես Սիլիկյանը, Արամ Մանուկյանը կամ Հովհաննես Քաջազնունին, ոչ ոք ուշադրություն չէր դարձնելու նրանց վրա, քանի այնտեղ կար ինքըՙ ժողովրդի պաշտամունքի առարկան: Իսկ պետական մակարդակի վրա տիրապետողը փնթիությունն էր, այնպիսինՙ որ նույնիսկ «խորհրդարանական» կոչվող մեր հանրապետության գլխավոր խորհրդարանականին էին մոռացել հրավիրելու...

Նոր իշխանությունը թերեւս իրավունք ունի սխալվելու, բայցՙ խիստ սահմանափակ իրավունքՙ թե՛ ժամանակի, թե՛ բովանդակության, թե՛ հնարավորությունների իմաստով: Սակայն բնա՛վ իրավունք չունի երկիրը անձնիշխանության ժամանակներին վերադարձնելու, պոպուլիստական քայլերով այդ թափուր աթոռը գրավելու: Մեր երկիրը շատ է տառապել կառավարման նման համակարգից եւ, թվում էր, համաժողովրդական պոռթկումը ուղղված էր հենց ա՛յդ անոմալիայի դեմ, շտկելու, վերացնելու կառավարման հենց ա՛յդ համակարգը: Մինչդեռ հիմա առաջացել է մի վիճակ, երբ բոլոր լուծումները, վճիռներն ու, անգամ, դատավճիռները ակնկալվում են նույն եւ միակ մարդուցՙ վարչապետից:

Նայենք շուրջներս: Պատժողական համատարած ստուգումներ տնտեսավորղ սուբյեկտներում եւ օբյեկտներում: Դա ամենակարճ ճանապարհն է երկրից ֆինանսական մեծ միջոցներ արտաքսելու: Այնինչ ընդամենը պետք էր կարճ պայմանաժամ ու առիթ տալ գործարարներին եւ առեւտրականներին կամովին պետբյուջե վերադարձնելու ազգային հարստությունից իրենց գողացած կամ վերեւիններին տված միջոցները եւ ստվերից դուրսՙ օրինականության դաշտ բերելու իրենց բիզնեսները ու վերջապես անձամբ դուրս գալու նախկին հովանավորչություններից, ինչը գլխավոր պատճառն է եղել նրանց ստվերում գործելուն:

Հայացքներս ուղղենք դեպի Պետհամալսարան: Ուսանողությունը բողոքելու, որակյալ կրթություն եւ պայմանների բարելավում պահանջելու անժխտելի իրավունքներ ունի: Սակայն չունի՛ իրավասություն ռեկտորի հրաժարականը պահանջելու, նրա կոկորդին նստելու, ելքի դուռը դեմքին փակելու, հաշիվ պահանջելու, երբ կա, թվում է, համապատասխան պետական պաշտոնյանՙ նախարարը, որը կոչված է բոլոր արդար պահանջները ուսումնասիրելու, օրինական կարգով ֆինանսատնտեսական խախտումները համապատասխան մարմիններին հանձնելու:

Կամ նայենք դեպի դատարան, ուր «Սասնա ծռերի» պաշտպանների խումբը, իրեն վերագրելով ե՛ւ դատախազի, ե՛ւ դատավորի իրավասությունՙ ճնշմամբ փորձում է այդ զինված գործողության մասնակիցներին որպես քաղաքական բանտարկյալների կալանքից ազատել: Զինվա՛ծ քաղբանտարկյալնե՞ր...

Նայենք դեպի հոգեւոր-եկեղեցական ոլորտ, ավելի շուտՙ սոցցանցեր եւ մամուլ, որտեղ տոն տվողները կարգալույծ եղած նախկին եկեղեցականներ են, աղանդավորներ, աթեիստներ, տգետ եւ բամբասկոտ մարդիկ, որոնք պահանջում են Ամենայն հայոց հայրապետի հրաժարականը, քանի որ նա շվեյցարական բանկում իր հաշվի վրա 1,1 միլիոն դոլար ունի (այդքան քի՞չ), ապօրինի բազում երեխաներ (որոնց տատմերը երեւի իրենք են) եւ FBI-ի հետաքննության ենթակա շա՜տ լուրջ գործեր: Եվ ոչ ոք չի բացատրում այդ մարդկանց, որ Ամենայն հայոց հայրապետը Հայաստանի կաթողիկոսը չէ միայն, այլՙ ամենայն հայերի, որոնց 430-ից ավելի պատվիրակներն են նրան ընտրել Ազգային-եկեղեցական ժողովում եւ միայն այդ ժողովը կարող է տնօրինումներ անել: Ոչ ոք չի բացատրում այդ մարդկանց, որ Հայ եկեղեցու առաջնորդի համար ամոթ է նման ճղճիմ գումար ունենալ իր հաշվի վրա, երբ իր նախորդը ունեցել է շուրջ 8 միլիոն, իսկ նրա նախորդըՙ 7,5 միլիոն, եւ այդ գումարները նրանց հանձնվել է ի տնօրինումն եկեղեցու պետքերի:

Եվ հիմա, ո՞վ կարող է վերջ տալ հեղինակությունների այս սպանությանը (character assasination), օրենքը շրջանցելուն, անիշխանականությանը: Իհարկե վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Առայժմ: Դա երկար չի՛ կարող տեւել: Համաժողովրդականության կապիտալը, ինչպես բոլոր կապիտալները, տեւական չեն: Հիշենք. նախորդների անձնիշխանությունը բումերանգի պես վերադարձավ հետ` նախորդներինՙ համաժողովրդական ընդվզման տեսքով, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ: Ներկայի անձնիշխանությունն ու անիշխանականությունը շարունակվելու դեպքում կարող է բումերանգի պես վերադառնալ մեկ ուրիշի տեսքով, այն էլՙ սուպերվարչապետի լիազորություններով:

Գրել էիՙ պետք է բոլորս հոգ տանենք ներկա կառավարությանը: Այդ հոգատարությունը այս ընթացքով հետզհետե ավելի դժվար է դառնալու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 01-06-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ