RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 01-06-2018



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2018-06-05 16:46:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 3228, Տպվել է` 283, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԴՐԿՈՎԿԱՍԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Պ.Ք.

Ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան կարեւորվում

Գոյություն ունի միայն երեք երթուղի, որոնցով հնարավոր է Ասիայից Եվրոպա տեղափոխել էներգակիրներ եւ այլ ապրանքներ: Դրանք անցնում են Իրանով, Ռուսաստանով եւ Ադրբեջանով: Քանի որ Ռուսաստանի եւ Իրանի հետ Արեւմուտքի հարաբերությունները շատ վատ են, հարյուր միլիարդավոր դոլարանոց առեւտրի համար միակ ճանապարհը մնում է Ադրբեջանը, գրում է The Foreign Policy հրատարակությունը:

Վաշինգտոնը միայն կշահի, եթե Եվրոպան կարողանա նվազեցնել իր կախվածությունը ռուսական նավթից ու գազից: Դա հատկապես կարեւոր էՙ նկատի ունենալով «Հյուսիսային հոսք - 2» գազամուղը, որը Ռուսաստանից պետք է հասնի Գերմանիա: Այդ նախագիծը մեծացնում է ԵՄ էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից: Ներկայումս ռուսական գազից Եվրոպայի կախվածությունը կազմում է 40%: Ռուսաստանից դեպի Եվրոպա տարեկան արտահանվում է ընդհանուր առմամբ 200 մլրդ խմ գազ: Դրա ներմուծումը կապված է Եվրոպայում արտադրության կրճատման եւ պահանջարկի աճի հետ:

Ռուսաստանը կարողանում է էներգետիկ միջոցներն օգտագործել նախահարձակման նպատակով, այնպես որ Ադրբեջանից, Ղազախստանից եւ Թուրքմենստանից գնվող բնական գազի յուրաքանչյուր խորանարդ մետրը եւ նավթի ամեն մի բարելը նվազեցնում է Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից: Ներկայումս տարածաշրջանում կան Ռուսաստանը եւ Իրանը շրջանցող երեք խոշոր նավթամուղ ու գազամուղՙ Ադրբեջանում սկսվող Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը անցնում է Թուրքիայի տարածքով եւ ապա Միջերկրական ծովով, Բաքու-Սուփսա խողովակաշարը կասպիական նավթը Վրաստանով հասցնում է Սեւ ծով եւ ապա արտաքին աշխարհ, Հարավկովկասյան գազամուղը անցնում է Թուրքիայի տարածքով եւ շուտով պետք է միանա Հարավային գազային միջանցքին, որպեսզի գազը հասցնի Իտալիա ու եվրոպական այլ երկրներ:

Հարավային գազային միջանցքի շինարարության ավարտի ենթադրյալ ժամկետը 2018 թվականն է: Այդ խողովակաշարը Կասպիական տարաշրջանից կարեւոր էներգակիրներ կհասցնի Ադրբեջանի տարածքովՙ Գյանջա (Գանձակ) քաղաքով: Այդ մատակարարումները դրական ազդեցություն կգործեն Հարավարեւելյան Եվրոպայի վրա, որը ներկայումս գրեթե 100 տոկոսով կախման մեջ է ռուսական գազից: Եվրոպայում երկարությամբ երկրորդ ավտոմայրուղի E60-ը, որը սկսվում է Ֆրանսիայի արեւմուտում գտնվող Բրեստ քաղաքից, դեպի արեւելք է գնում Գյանջա քաղաքովՙ հասնելով Կիրգիզիայի եւ Չինաստանի սահմանային Իրկեշտամ քաղաք:

Աֆղանստանում շարունակվող ռազմական գործողությունները նույնպես ցույց տվեցին, թե որքան կարեւոր է Գյանջայի շրջանը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի մատակարարման համար: Աֆղանստանի պատերազմի ամենաթեժ պահին ԱՄՆ-ի ռազմական ոչ մահաբեր մատակարարումների մեկ երրորդը, ներառյալ հագուստ, սնունդ, վառելիք, փոխադրվել է Գյանջայի շրջանովՙ ցամաքային կամ օդային ճանապարհով:

Նախագահ Դոնալդ Թրամփի աֆղանական քաղաքականության կարեւոր տարրը ճնշումն է Պակիստանի վրա, որպեսզի այդ երկիրը դադարեցնի օգնությունը Աֆղանստանի թալիբներին եւ նրանց հետ կապված խմբերին: Նկատի ունենալով Իսլամաբադի հանդեպ մոտեցումը, կարելի է ենթադրել, որ Աֆղանստանում ամերիկյան զորքերի աջակցման նպատակով օգտագործվող ցամաքային եւ օդային ուղիները կարող են լիովին շրջափակվել:

Աֆղանստանը 2011 թվականին արդեն ութ ամսով շրջափակել էր հաղորդակցություններն այն բանից հետո, երբ ամերիկացիները Աֆղանստանի սահմանամերձ շրջանում սխալմամբ ոչնչացրել էին պակիստանցի 28 զինծառայողների: Գյանջայի շրջանի հաղորդակցական հնարավորությունների օգտագործումը Վաշինգտոնին թույլ կտա նվազեցնել կախումը Ռուսաստանից եւ Իսլամաբադից:

Ենթադրվում է, որ Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի Արեւմուտքին թույլ չտա օգտագործելու Գյանջայի շրջանը: Այդ նպատակով կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Կասպից ծովից դեպի արեւմուտք էներգակիրների ճանապարհն անցնում է հակամարտության գոտուց ոչ հեռու: Մոսկվային հայտնի է, որ յուրաքանչյուր խոշոր բռնկում կարող է սպառնալ խողովակաշարերի անվտանգությանը: Ինչպես գրում է «Ռեգնում» գործակալությունը, նկատի ունենալով Հայաստանի վրա Մոսկվայի ազդեցությունը, շատ ժամանակ չի պահանջվի հակամարտող կողմերի միջեւ նոր բախում հրահրելու համար:

Հայաստանի վրա Արեւմուտքի ազդեցության լծակները խիստ սահմանափակ են: Իշխանությունն իր ձեռքին պահելու Սերժ Սարգսյանի փորձերը այս տարվա ապրիլին առաջացրին զանգվածային հուզումներ, որոնց արդյունքում վարչապետ դարձավ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Այդուհանդերձ, Հայաստանի տնտեսությունը եւ անվտանգությունը դեռեւս մնում են Ռուսաստանի ազդեցության տակ:

Փաշինյանը հաստատել է Երեւանի հավատարմությունը Մոսկվայի հետ ամուր դաշինքին: Թեեւ Ռուսաստանը զենք է վաճառում ԼՂ հակամարտության երկու կողմերին, Մոսկվայի համակրանքը Երեւանի կողմն է, կարծում է ռուս փորձագետ Ալեքսանդր Բելովը , ուստի չպետք է ակնկալել Հայաստանի կտրուկ տեղաշարժ Արեւմուտքի կողմը:

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերտը օրերս հայտարարեց, որ իր երկիրը սկսում է պետությունների լայն կոալիցիա ստեղծել ընդդեմ Իրանի: Կոալիցիայում պետք է ընդգրկվեն ԱՄՆ-ի դաշնակիցները, հավանաբարՙ Իսրայելը, Սաուդյան Արաբիան եւ Պարսից ծոցի նավթային այլ տերություններ: Սակայն ամերիկացիներին դա ակնհայտորեն չի բավարարի: Հարկ կլինի ընդհանուր դրոշի ներքո համախմբել նաեւ Անդրկովկասի հանրապետություններին, որտեղից, Նաուերտի խոսքերով, հնարավոր կլինի վերաձեւել Իրանի քաղաքականությունը:

Այստեղից էլՙ ամերիկացիների հետաքրքրության աճը տարածաշրջանի երկրների նկատմամբ: Ադրբեջանի Հանրապետության ստեղծման 100-ամյակի առթիվ նախագահ Դոնալդ Թրամփը ողջույնի հեռագիր է հղել իր պաշտոնակից Իլհամ Ալիեւին : Հեռագրում նա հայտարարել է. «Առաջիկա ամիսները հնարավորություններ կստեղծեն ԼՂ հակամարտության կարգավորման համար, ինչը ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունների բարելավման առիթ կդառնա»: Բաքվեցի փորձագգետ Էլհան Շահինօղլին վերոհիշյալ ուղերձը համեմատում է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության օրվա առթիվ ավելի վաղ Ալիեւին Թրամփի հղած ուղերձի հետ, որտեղ միայն մեկ նախադասություն կար Արցախի Հանրապետության մասինՙ «ԱՄՆ-ը վճռականորեն պաշտպանում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը»:

Բաքվի վարչակազմի որոշ ներկայացուցիչների կարծիքով, ԱՄՆ-ը հույսեր է կապում Հայաստանում իշխանության գլուխ անցած նոր վարչակազմի հետ, որին նախագահ Թրամփը թերեւս կկարողանա բանակացությունների դրդել ադրբեջանական կողմի հետ: ԱՄՆ-ը մտադիր է Արցախի հարցում առաջարկել ինչ-որ սեփական նախագիծ եւ դրանով իսկ նվազեցնել տարածաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրներիՙ Ֆրանսիայի ու Ռուսաստանի ազդեցությունը:

«Ռեգնում» գործակալության տվյալներով, Վաշինգտոնը կփորձի Բաքվին եւ Երեւանին առաջարկել հակամարտության էության վերաիմաստավորում, ինչը կհամապատասխանի ամերիկացիների աշխարհաքաղաքական շահերին եւ կնպաստի Ռուսաստանը շրջանցելով Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների տեղափոխմանը: Դրա նպատակն է Մոսկվային զրկել տարածաշրջանի վրա ներգործելու լծակներից:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը վերջերս իր տանը հյուրընկալելով Գեորգի Կվիրիկաշվիլուն հայտարարեց, որ Թբիլիսիին հատուկ դեր է հատկացված տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ: Իսկ Իրանի միջուկային բազմակողմ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ տարածաշրջանում մեծանում է Ադրբեջանի գլոբալ դերը: Այնպես որ Թբիլիսին եւ Բաքուն դաշինքի մեջ միավորելը Վաշինգտոնի համար առանձնակի դժվարություն չի ներկայացնում:

Սակայն ներկայումս ուրիշ խնդիր է առաջադրվում, այն էՙ Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի ազդեցության ոլորտից: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Մոսկվան ընդունի Վաշինգտոնի առաջարկած եւ Երեւանի ու Բաքվի հավանությանն արժանացած ԼՂ հակամարտության կարգավորման ծրագիրը:

Այժմ ակնհայտ է դառնում, որ տվյալ ծրագիրը ենթադրում է Իրանի համատեքստում միավորել Մերձավոր Արեւելքն ու Անդրկովկասը: Այստեղից էլ պարզ է դառնում, թե ինչպես է իրականացվելու սցենարը: Այսպիսով, Անդրկովկասում ԱՄՆ-ի կեցվածքը կպայմանավորվի ամբողջ Մերձավոր Արեւելքում նրա քաղաքականությամբ: Այլ հարց է, թե ԱՄՆ-ը կհամարձակվի՞ արդյոք պատերազմ սանձազերծել Իրանի դեմ: 2000-ականներին մշակվել էին Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների տարբեր սցենարներ, բայց դրանց իրականացման համար պատրվակ էր հարկավոր:

Թեհրանի կողմից միջուկային բազմակողմ համաձայնագրի պայմանների անվերապահ կատարումը առայժմ որեւէ պատրվակ չի ընձեռում պատերազմի հրձիգներին: Ամենայն հավանականությամբ, Վաշինգտոնը կփորձի լարվածության մեջ պահել ամբողջ Մերձավոր Արեւելքը եւ տարածաշրջանին բնորոշ անկայունությունը փոխանցել Իրանին, որպեսզի, ինչպես ասել է պետքարտուղար Մայք Պոմպեոն «Ամերիկայի ձայնի» պարսկական ծառայությանը, ստեղծի պայմաններ, երբ Իրանի ղեկավարները կգործեն որպես «պետությանը պատշաճ կառավարություն»: Սակայն չի բացառվում Իրանի դեմ երկրորդ ճակատի բացումը Անդրկովկասում:

Չնայած տարաձայնություններին, Ադրբեջանի հետ Արեւմուտքի հարաբերությունները 1990-ականներից ի վեր բարելավվել են էներգետիկայի եւ հակաահաբեկչական պայքարի ոլորտներում: Խնդրահարույց հարցերից մեկը մարդու իրավունքներն են: Արեւմուտքը մտահոգված է Ադրբեջանում մի շարք լրագրողների աղմկալի ձերբակալությունների կապակցությամբ: Այդուհանդերձ, Վաշինգտոնը չի կարող միակողմանի քաղաքականություն վարել Բաքվի նկատմամբ, ինչը կթուլացներ ԱՄՆ-ի դիրքերը տարածաշրջանում:

Թրամփի վարչակազմի ազգային անվտանգության ռազմավարությունը պահանջում է հարաբերությունների զարգացում կայուն դաշնակիցների հետ: Դա հատկապես կարեւոր է Հարավային Կովկասում: Տարածաշրջանի լարվածության թուլացումը կարող է նպաստել կենսականորեն կարեւոր հաղորդակցությունների, էներգետիկ եւ առեւտրական միջանցնքների անվտանգության ապահովմանը: Այսօր ամեն մի խոշոր ռազմավարություն պետք է հաշվի առնի Գյանջայի փոքրիկ շրջանի կարեւորությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 01-06-2018

AZG Daily #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ