RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 01-06-2018



ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2018-06-05 16:46:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 2882, Տպվել է` 77, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԻՆԻՙ ԻՆՉ Է ԱՅՆ. ՎԱՅԵԼՔԻ, ԹԵ՞ ՎԱՅ ԵԼՔԻ ՄԻՋՈՑ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հայաստանցիներիս պարագայում կարելի է անվարան ասել ու պնդել, որ մեզանում, ինչպես 1-2 այլ արտադրանքի դեպքում, գինու պաշտամունք կա: Դպրոցական տարիքից լսում ենք, որ Հայաստանը համարվում է խաղողագործության հնագույն երկրներից մեկը, որպիսի մշակաբույսից է հիմնականում ստացվում աստվածների խմիչք որակվող այս անմահական ըմպելիքը: Վկայություններ կան այն մասին, թե մեր բնօրրանում գինեգործության բարձր մակարդակն արձանագրել են Հերոդոտն ու Քսենոփոնը, այն հաստատում են նաեւ հայ պատմիչները, դրանց շուրջ հիշատակումներ կան մեր վաղեմի շինությունների վրա, ամենատարբեր արձանագրություններում: Կարճ ասածՙ գինին մեր պատմության բաղկացուցիչն է, այն շարունակելըՙ մեր խնդիրն ու ապագայի գործը: Այնպես որ հարկավոր է գյյուղատնտեսությունում զարգացնել խաղողագործությունը, հնարավորինս նոր այգիներ հիմնել, գինի ու թունդ ալկոհոլային խմիչքներ արտադրել, իսկ քանի որ տարբեր պատճառներով հայաստանաբնակներիս հիմնական մասը դրանք չի օգտագործում, արտահանել, այսկերպ մեր կյանքն ու կենցաղը կազմակերպել:

Այս նշանաբանով է առաջնորդվում հայաստանյան հանրությունը, մեր տնտեսավարումն ու տնտեսագիտությունը, այստեղ ու այսկերպ է տեսնում Հայաստանի Հանրապետության կայացումը: ՀՀ կառավարություններից մեկի հաստատած ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի համաձայն 2005-2015 թվականներին խաղողի այգիների տարածքը 14,9 հազար հեկտարից կազմելու էր 26,4 հազար հեկտար, ստացվող բերքըՙ 149 հազար տոննայից 264 հազար տոննա: Նկատենք, որ թվերի պարզից-պարզագույն տարօրինակ համընկնում է արձանագրվել. 1 հեկտարից 10 տոննա բերքատվություն ամբողջ 10-ամյակի առումով, որն առավել քան անհասկանալի է, քանզի որեւէ ծրագրավորում որոշակի աճ է նախատեսում: Իսկ քանի որ մեզանում բոլոր կարգի ծրագրերը կազմվում են աշխատանքի տպավորություն ստեղծելու նպատակով, այս մեկն էլ ՀՀ գործադիրի բարձրագույն մարմնում որեւէ ուշադրության չի արժանացել եւ դարձել է ռազմավարակա՜ն փաստաթուղթ:

Ինչո՞ւ է ցանկություն առաջանում այսկերպ մոտենալ ու գնահատել ՀՀ իշխանության գործունեությունը, որը կարծես թե մերն է, հայաստանցիներինս ու նաեւ ողջ հայությանը, քանզի մեզ այդպես է թվում, ցանկանում ենք որ այդպես լինի: Իրականում բարձրագույն օղակներում բոլորովին այլ կերպ են մտածում ու գործում, նրանց հետաքրքրողը մի քանի վերամշակողների շահերի սպասարկումն է, նրանց պահանջների բավարարումը, տվյալ դեպքումՙ խոշոր գինեգործարանների տերերի ցանկությունների կատարումը: Գործընթացի շարժառիթը պարզ է ու հասարակ. առաջնահերթը վարկերի տեսքով ֆինանսներ տրամադրելով խաղողագործներին կապել իրենց հետ, հնարավորինս բարձր բերքի ակնկալիքի պայմաններում մթերման իրենց հարմար գին առաջարկել, պայմանագրային վճարումները խախտել, անել ինչ իրենց է ձեռնտու, գերշահույթ է երաշխավորում: Իսկ եթե տարերային աղետներ արձանագրվեն եւ խաղողագործները տուժեն, խնդիր չեն տեսնում, իրենց կառավարությունը կօգնի, ոչինչ որ ՀՀ բյուջեն աղքատիկ է:

Այսկերպ շարունակվում է երրորդ տասնամյակն ավարտվելու պայմաններում, երբ հայաստանյան տնտեսվարական միտքն անքննելի է համարում խաղողագործության հետագա աճն ու զարգացումը, խաղողի նոր այգիների հիմնումը դիտում անհրաժեշտություն, իսկ բերքի վերամշակումը դիտարկում արտահանմանն ուղղված գերակա ոլորտ: Որ այս ընթացքում տասնյակ հազարավոր խաղողագործներին այդպես էլ չի հաջողվում նվազագույնից-տեսանելի աստիճանով բարելավել իրենց տնտեսական վիճակը, վերանորոգել տան տանիքն ու ցանկապատը, չխոսելով վերցրած վարկերը փակելու ցանկությունից, որ բազմաթիվ են խաղողի այգիները վերացնելու փաստերը, մարդկանց այլեւայլ դժվարություններն ու դժբախտությունները, դա ՀՀ տնտեսվարական ու տնտեսագիտական մտքին ոչ անհանգստացնում է, ոչ մտահոգում. խաղողագործությունը պետք է զարգացնել եւ վերջ: Ոչինչ, որ հայաստանաբնակների բացարձակ մեծամասնությունը հայրենական արտադրության գինի չի խմում, որ մեր առեւտրային ցանցում վաճառվող չամիչն ամբողջությամբ ներկրվող է, իսպառ բացակայում է խաղողի հյութի արտադրությունն ու երբեմնի ժամանակների մասսայական օգտագործումը, հայաստանցիները տարվա 365 օրերից հազիվ 65-ում են խաղող համտեսում եւ նման բաներ: Սրանք մտահոգություններ չեն, այլ ընդամենը հարցեր, որոնք ժամանակի հետ կլուծվեն:

Իսկ մինչ այդ խաղողագործը թող իր դժվարինից-տանջալից աշխատանքը կատարի, գարնան գալուստի հետ այլոց համար անհասկանալի խաղողաբացն անի, այդ ընթացքում վնասված թփերը բուժի մի քանի կիլոգրամ լրացուցիչ բերք ստանալու ակնկալիքով, այգին ջրելու համար կռիվ տա, այլեւայլ վնասատուների դեմ պայքարի, մթերման կետերում նվաստացուցիչ հերթերի կանգնի, հետո էլ հանձնած բերքի գումարն ստանալու մտահոգությանը տրվի ու աշնանը խաղողաթաղը կազմակերպի: Խնդիրների մի ամբողջ շարք, որից պրծում չկա, քանզի կաՙ ոչ մեծ թվով վերամշակողների շահը, որն էՙ արտահանումների նպատակով գինու ու առավել թունդ ալկոհոլային խմիչքների արտադրությունն ու արտահանումը, նրանց դոլարային հետաքրքրությունները: Իսկ ո՞ւր մնաց նորանկախ Հայաստանի բոլոր ժամանակների կառավարությունների մանր ու միջին գործարար միջավայրի կայացման ու զարգացման վերաբերյալ գրեթե ամենօրյա խոստումներն ու պարտավորությունները: Ավարտին մոտեցող 30-ամյակում քանի՞ խաղողագործ է կարողացել իր, ասենք 1 հեկտարի բերքը վերամշակել ու գինու վերածել, տնական օղին թորել, խաղողի տերեւը պահածոյացնել, չամիչ պատրաստել, քացախ ստանալ, դրանք շուկա հանել, ամենօրյա եկամուտ ստանալ: Չէ որ երկրները հիմնականում տնտեսապես այսկերպ են կայանում, այլ ոչՙ 1 կգ-ը 140 դրամով մթերված խաղողից ստացած 700 գրամ հեղուկը շշալցումից հետո նվազագույնը 1400 դրամով վաճառելով, չխոսելով 4000 դրամից: Դե եկ ու հայաստանցի, անգամ համեստ աշխատավարձ ունեցող, գինի վայելելու փորձ արա, այն հյուրասիրելու ցանկություն ցուցաբերիր: Չէ, չի ստացվում, ոչ միայն գինի վայելելու հանդեպ ակնածանք ունեցող տողերիս հեղինակի, այլեւ շրջապատիս հարյուրավոր ներկայացուցիչների մոտ: Նրանցից 1-2-ը, մայրաքաղաքի պայմաններում բազմաբնակարան շենքերի իրենց բնակարաններում են նախընտրում թող որ սիրողական մակարդակով գինեգործությամբ զբաղվել, ինչ է թե համեստ պահանջները բավարարեն, ծանոթ-բարեկամներին հյուրասիրեն: Ճարահատյալ վիճակ, քանզի ՀՀ առեւտրային շուկայում ու ցանցում մանր ու միջին գործարար գինեգործներ գոյություն չունեն, որոնք կարող են արդյունաբերականի համեմատ առավել որակյալ ու մատչելի գինիներ առաջարկել, նպաստել գինի վայելելու մշակույթի իրական ներդրմանն ու տարածմանը, նաեւՙ զբոսաշրջության խթանմանը: Ահա եւ մեզ քաղաքակիրթ որակվող հանրությունների մասին հիշելու առիթ:

Դիտարկենք Կենտրոնական Եվրոպայի Ավստրիա երկրի օրինակը: Հնագույն պետություն է, ինչպես մենք, հարուստ ընդերք չունիՙ ինչպես մենք, համաշխարհային ջրերից հեռու էՙ ինչպես մենք, բայց արի ու տես մեզնից էապես տարբերվող բարվոք վիճակում է գտնվում, մարդիկ պարզապես լավ են ապրում, նաեւՙ ուզած ժամին ու ցանկացած ճաշկերույթի գինի վայելելու արդյունքում: 8 մլն բնակչության չափահաս մասի կողմից օգտագործվող գինիները հիմնականում Ավստրիայում են արտադրվել, Իտալիային հարակից Շտիրիա մարզի խաղողագործների մշակածն են: Մոտ 45 հազար հեկտար են խաղողի այգիները, բերքը 500 հազար տոննա: Այն ստացվում է հազարավոր խաղողագործների աշխատանքով, որն իրականացվում է սերնդե-սերունդ, մեր օրերում արդեն կայացած, գինու հսկայական մառաններ ունեցող մարդկանց ջանքերով: Նրանք արդեն հաստատված, մեր պատկերացմամբ մեծահարուստներ են, քանզի ունեն տասնյակ հազարավոր լիտրեր տակառներում ամբարած ու շշալցրած գինիներՙ սեղանի ու թնդեցրած, կիսաքաղցր ու աղանդերային, անապակ ու կուպաժային: Այս ամենըՙ մշակած սեփական ուժերով, շատ հաճախ 3-4 հեկտար այգիների բերքից, որը վերամշակում են բացառապես ընտանիքի անդամների ջանքերով: Այգիների մշակումը ինչ-որ առումով տարբերվում է մերոնց արածից, խաղողի ծաղկման տոնը շքեղ արարողություններով նշում են այգիների ծաղկման օրերին, աշնանը հիմնականում զբաղվում բերքահավաքը լավագույնս կազմակերպելու հարցերով: Գինի պատրաստելն ու վերջնական արդյունք ստանալը ընտանեկան առօրյայի ու յուրօրինակ արարողակարգի սովորական բաղկացուցիչներ են եւ երբեւէ միտք չի ծագում հիշել աշխատանք չունենալու մասին, քանզի նրանց ոչ մի վայրկյան չի լքում արտադրածը վաճառելու մտահոգությունը: Այն շատ հաճախ իրականացնում են կոոպերացիաների օգնությամբ, որը ՀՀ գյուղնախարարներից մեկը դիտարկում էր որպես գյուղարտադրանք ստեղծելու միջոց: Իսկ ահա համաշխարհային այսօրինակ գործընթացները հաստատում են, որ արտադրելը խնդիր չէ, ամենուր այն լուծված է, հոգս է իրացումը: Ապացույցըՙ Հայաստան ներկրվող այն ամենը, ինչ սպառում ենք. ծառերի ու թփերի մրգեր ու հատապտուղներ, դաշտերում աճեցրած սոխ ու սխտոր, ֆերմաներում պահված տավարի, խոզի ու թռչնի միս, օվկիանոսային ջրերի ձկնատեսակներ, ՌԴ-ից ներկրված բանան, չխոսելով պարզ ու հասարակ ցորենից ու գարուց, հատիկաընդեղենից, համեմունքներից ու սերմերից:

Ինչու ենք այսչափ անզորի ու անօգնականի վիճակում հայտնվել. հասարակ մի պատճառովՙ գերխնդիր ենք հռչակել 1-2 միրգ-բանջարեղենով աշխարհին ներկայանալը: Հասել ենք նրան, որ մրգի անունով կուսակցություն ենք կոչել, միրգ, որն ընդամենը օրերի ընթացքում հասունանալու եւ սպառվելու ժամկետ ունի, իսկ տարվա հիմնական մասում քաղցր հուշի է վերածվում: Այդպիսի երկրներն ընդունված է բանանային, սրճային ու թեյային որակել, ինչպես ասենքՙ թեյի համաշխարհային հայտնիներից Շրի Լանկան է: Որոշ առումներով տեղյակ եմ այս երկրի տնտեսության վիճակից, որպիսին Հայաստանը տեսնել չէի ցանկանա: Համաշխարհային տնտեսվարական միտքը այս երկրի տնտեսությունը փակուղի է մտցրել, համոզել, որ իրենց թեյը մշտապես սպառում է ունենալու, արտադրեք ինչքան կարող եք, մարդիկ էլ տրվել են այս յուրօրինակ տնտեսվարական խաբկանքին, թեյարտադրությամբ են տարվել, երբ իրենց սննդակարգի առավել կարեւոր բաղադրիչները ներկրվում են: Ծանոթանանք այլ մոտեցմամբ շարժվող մեր տարածքն ունեցող Դանիայի եւ գերհզոր Չինաստանի վիճակագրությանը: Գերզարգացած առաջինում մսատեսակների արտադրությունը շուրջ 2 մլն տոննա է, երկրորդումՙ 76 մլն տոննա: Դանիայում 1 բնակչի հաշվով մսի արտադրությունը մոտենում է 400 կգ-ի, Չինաստանումՙ 60 կգ-ի: ՀՀ ԱՎԾ-ի հրապարակումների համաձայն 2016-ին մսի արտադրությունը կազմել է 106 հազար տոննա, 1 բնակչի հաշվով 35 կգ: Անգամ այս ցածր ցուցանիշը վստահություն չի ներշնչում: Ասենք, 18 հազար տոննա խոզի մսի ստացման նպատակով հարկ է սպանդի ենթարկել միջին 80 կգ կենդանի քաշ ունեցող 225 հազար խոզ, երբ հիշյալ անասնագլխաքանակը նախորդ տարում չի գերազանցել 150 հազարը: Համանման վիճակ է տավարի ու թռչնի մսի առումներով: ՀՀ անգամ 20 տոկոս համեմատաբար գնողունակ բնակչության պահանջները չբավարարելն էր պատճառը, որ 2017-ին տեղական արտադրության մսի գների զգալի աճ արձանագրվեց:

Ասվածն ընդամենը մեր կյանքն ու կենցաղը խոչընդոտող հետեւանքներ են, որոնց առաջացնող պատճառները մեզանում խորապես հաստատված տնտեսության ընտրանքային ոլորտներին նախապատվություն տալն է, որոնցից փորձեցինք դիտարկել խաղողագործությունն ու այն վերամշակող ոլորտը, գինու հանդեպ մեր վերաբերմունքը: Հետաքրքրական մի փաստ. Երեւանի փողոցներում տեղադրված հսկայածավալ գովազդային վահանակներից մեկում գրված է. «... գինու գործարան»: Իսկ ահա նկարում ցուցադրվածը 7 տեսակի օղիներ են, աչք շոյող ձեւավոր շշեր եւ ոչ մի ակնարկ գինու մասին: Ահա մեր ցցուն վերաբերմունքը գինու հանդեպ, որի հայաստանցիներիս կողմից աննշան օգտագործումը ոմանց մոտ տարակուսանք է առաջացնում: Ֆրանսացիները գինին վայելում են պանիրների հետ, իսպանացիներըՙ խամոնի, գերմանացիներըՙ խոզի տապակայի, իսկ ահա հայաստանցիներսՙ հանրահայտ երգի մի թասը լավ է, երկուսը բավ է, երրորդը ցավ է խոսքերը վերհիշելով: Կշարունակվի՞ արդյոք հայերիս ոչ բնորոշ հայաստանյան առօրյայի մաս կազմող այս վիճակը, ցույց կտան ժամանակն ու ծավալվող իրադարձությունները, այժմ նորակազմ կառավարության գործելաոճը:

Ասվածն ու արվածը մտահոգություններ են առաջացնում, որոնց լուծումներով են պայմանավորված նորոգ ՀՀ կառավարության հաջողելը, գինու փողոցային տոները, նաեւ հայաստանաբնակներիս տներում տեսնելը: Խոսում ենք 4-5 մլն հայաստանյան բնակչությունից, երազում 8-10 միլիոնից, միլիոնների հասնող զբոսաշրջիկներից, իսկ քայլերը նրանց պարենային ապահովության, երկրի պարենանվտանգության ուղղությամբ պարզորոշ չեն: Նորանշանակ վարչապետը երկրի առաջնահերթությունների թվում խոսեց այս մասին, որին հաջորդեց գյուղոլորտի կադրային, հանրային որոշակի շրջանակների կողմից տարօրինակ ընկալված որոշումը: Այսուհանդերձ լավատեսության տրվենք եւ հույս տածենք, որ ՀՀ գյուղոլորտում գործերն արմատապես կվերափոխվեն, մեր մարդկանց հույսերը կարդարանան:

Աստված մեզ հետ:

15.05.2018

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 01-06-2018

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ