RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-06-2018



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2018-06-08 11:50:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 4703, Տպվել է` 620, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐ ԵՎ ՕՐԵՆՍԴԻՐ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Կարծեմ 1993-ին էր: Տերյան փողոցի վրա բացվել էր Երեւանի առաջին նպարեղենի մինի-մարկետը, որը այդ օրերին հատուկ սեղանիկային առեւտրի տխուր ֆոնինՙ քաղաքակիրթ կյանքի հիշողություններ էր արթնացնում: Ոգեւորվածՙ մի օր մոտեցա տնօրենին եւ առաջարկեցի մեր թերթի համար նյութ պատրաստել այդ նոր երեւույթը ներկայացնող, անվճար: Մարդը թթվեցրեց դեմքը եւ ասացՙ «Ախպեր, հերիք չի՞ էստեղի թաղայինը, հիմի ուզում ես մյուս թաղերի՞ց էլ գան, փող պոկեն»...

Հիմա արդեն վաղուց չկա այդ խանութը. թաղայինները, ոստիկանները, հարկավաքներն ու պետական մյուս մակաբույծները հավանաբար խժռեցին այդ խանութը, ինչպես այն մյուս խանութները, որոնք «տանիք» չունեին իրենց գլխին: Թաղային խանութներՙ որոնք ծլել էին սեղանիկների ու «բուտկաների» փոխարեն, գրեթե բոլոր թաղերում ու փողոցներում:

Հետո եկան նոր ժամանակներ, նորՙ արտաքին տեսքով, բայց հինՙ «կապիկային բիզնեսի» (monkey business) բոլոր հատկանիշներով: Շուտով դրանք, ավելի ճիշտՙ դրանց տերերը երեւացին ոչ միայն շուկաներում, այլեւ... խորհրդարանում, 1995-ի ընտրությունների արդյունքում: Եթե Առաջին գումարման խորհրդարանը (Գերագույն խորհուրդ) առավելաբար բաղկացած էր մտավորականներից եւ Կոմկուսի նախկին ֆունկցիոներներից, ապա երկրորդը լիքն էր այսպես կոչված «օֆիս ունեցող» գործարարներով եւ խանութ ունեցող առեւտրականներով:

Հետագա ընտրություններում ուռճացավ վերջինների թիվն ու կշիռը խորհրդարանում, ուժեղացավ նրանց ազդեցությունը պետական բոլոր ինստիտուտների վրա, նույնիսկ բանակում: Փող շինելը վարակիչ էր բոլորի համար, վարակիչ եւ հարմարՙ անգամ բարձրագույն իշխանավորների համար: Հարմարՙ թե՛ սեփական գրպանները լցնելու, թե՛ կառավարելիության տեսակետից: Քանզի մեր առեւտրականները որքան խոշոր, այդքան եւ ավելի խոցելի են սովորաբար, նրանց հեշտ է ձեռնածության ենթարկելը, բայց նաեւ նրանց միջոցով ուրիշներին ենթարկեցնելը:

Մեր առեւտրական օրենսդիրները խորհրդարանն օգտագործել են ոչ միայն որպես տանիք, այլեւ որպես վերահսկման միջոց առեւտրի եւ ընդհանրապես գործարարության ասպարեզում օրենքների արդիականացման, ժողովրդավարացման դեմ, բնականաբար միշտ ի շահ իրենց եւ իրենց վերին պաշտպանների:

Վերցնենք, օրինակ, սուպերմարկետների պարագան: 1930-ական թթ.ից ի վեր ողջ աշխարհում զարգացող եւ հետզհետե կատարելագործվող առեւտրի այդ ձեւը տարբեր երկրներում ու քաղաքներում օրենսդրական բազմաթիվ կանոնակարգումների է ենթարկվել, միշտ նկատի ունենալով լայն հասարակության շահերը, տրանսպորտի, բնապահպանական եւ, ամենակարեւորը, գնային քաղաքականության, նաեւՙ հակամրցակցային եւ մենաշնորհային ոտնձգությունների խնդիրները: Մինչդեռ մեր երկրում, որտեղ ազգաբնակչության մեծագույն մասի օրախնդիրը լայն սպառման ապրանքների, գլխավորաբար սննդի ապահովման խնդիրն է, սուպերմարկետները դարձել են անհամաչափ տիրապետող ոչ միայն ապրանքի գների, այլեւ դրանց որակի, տեսակի ու մատուցման հարցերում թելադրող: Էլ չենք խոսում դրանց վճարած հարկերի եւ տուրքերի ճղճիմության մասին: (Օրինակՙ «Ազգ» թերթը գործում է ավելացված հարկի 20 տոկոսանոց դաշտում, մինչդեռ «Երեւան Սիթին»ՙ շրջանառության հարկի 2 տոկոսանոց ձորում):

Մեր մայրաքաղաքում գործող սուպերմարկետների մեծ մասը, ի տարբերություն արտասահմանյան քաղաքների, որտեղ դրանք տեղակայված են քաղաքամերձ լայն տարածքներում, խցկված են քաղաքային ամենախճողված հատվածներում, մեծամասամբ զուրկ ավտոմեքենաների կայանատեղիներից, պահեստային ներքին տարածքներից, ապրանքաբեռների տեղափոխման ճանապարհներից եւ ներքին հարմարավետ անցուղիներից: Այլ խոսքով, սուպերմարկետ ստեղծելը մեր քաղաքներում դարձել է համեմատաբար էժան եւ խիստ մատչելի նրանց տերերի համար:

Եվ հենց դա է պատճառներից մեկը, որ սուպերմարկետների տերերին հաջողվեց եւ շարունակում է հաջողվել թաղային բազմաթիվ խանութպանների վերջը տալ, ճնշել-սնանկացնել նրանց- սկսած վերեւում նշված մինի-մարկետից-, ովքեր կարող էին իրենց փոքր կամ միջին շրջանառությամբ առեւտուրը շարունակել, ընտանիք պահել եւ չարտագաղթել:

Հենց երեկ, հանրապետության նոր վարչապետը Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս պնդում էր, որ հոռի բազմաթիվ երեւույթների շարքին Հայաստանում վերացել է (այդ ե՞րբ, ո՞նց) արտոնյալությունը: Այդ պնդումը ես ընդունում եմ որպես խոստում, եւ ո՛չ թե իրողություն: Արտոնյալ լինելը վաղուց ամրագրված է մեր օրենքում, ավելի ճիշտՙ օրենքի չգոյության մեջ:

Պետք է օրե՛նքը փոխել, կամ նոր օրենքներ ընդունել: Բայց ո՞ւմ միջոցով. առեւտրականացած օրենսդիրների՞, թե՞ օրենսդիր առեւտրականների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-06-2018

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ