RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-06-2018



ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ

Տեղադրվել է` 2018-06-08 11:50:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 5218, Տպվել է` 616, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԿՐԿՆԵ՞Ն ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՍԽԱԼԸ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

«Ազգում» նորերս մտահոգություն էր արտահայտվել այն կապակցությամբ, որ տեղի օլիգարխների նկատմամբ հարկադրական միջոցներ ձեռնարկելու դեպքում կարող է կապիտալի արտահոսք նկատվել, եւ որ պետք է պայմաններ ստեղծել ու առիթ տալ գործարարներին կամովին պետբյուջե վերադարձնելու ազգային հարստությունից իրենց գողացած կամ վերեւիններին տված միջոցները:

Եթե առաջին մտքի հետ կարելի է համաձայնել, ապա երկրորդի հետ կապված տարակուսանքները մեծ են: Դժվար է հավատալ, որ օլիգարխ կոչվածը կարող է «կամովին» վերադարձնել իր ապօրինի գործունեության արդյունքները: Նա միշտ կարդարանա, որ գործել է «վերեւինների» ու ամենավերեւինի թելադրած պայմաններով ու թող նրանք էլ պատասխան տան: Կամ, ի վերջո հնարավո՞ր է պատկերացնել, որ, ասենք, ամենավերեւինը պետբյուջեն համալրի օլիգարխներից գրպանած միջոցներով: Ու՞մ համար է գաղտնիք, որ, ինչպես ժողովուրդն է ասում, օլիգարխները սոսկ «կթի կով» են եղել հենց վերեւինների համար:

Եվ հետո, կա՞ վստահություն, որ նախկին ամենավերեւինը իր թիմակից օլիգարխների հետ դյուրությամբ կհաշտվի ներկա իրավիճակի հետ եւ միասնաբար չեն փորձի ձեռնարկել որոշակի ընդվզումներ իրենց «գերեզմանափորի» դեմ: Գուցե գների թանկացումը դրա առաջին փո՞րձն էր:

Ներհայաստանյան ներկա իրադրությունը ինչ-որ տեղ հիշեցնում է ռուսաց երկրի հետելցինյան շրջանը, երբ Վլադիմիր Պուտինը նոր-նոր ստանձնել էր պետության ղեկավարի պաշտոնը: Երբ նա առաջին հերթին բախվեց եւ կենաց ու մահու գոտեմարտի մեջ մտավ նույն օլիգարխիական համակարգի ու նրա առավել ագրեսիվ խմբավորմանՙ այսպես կոչված սեմիբանկիրշչինայի կամ սեմիբոյարշչինայի հետ: Նոր իշխանության ու օլիգարխների դաժան հակամարտության մեջ բացարձակ խնդիր էր դրվածՙ ո՞վ-ո՞ւմ: Զավեշտ կլիներ խոսել ինչ-որ բան «կամովին» վերադարձնելու մասին: Գուցե մեր օլիգարխներն ու նրանց պարագլուխները ավելի ազնիվ, հայրենասեր ու ազգասե՞ր են: Կասկածելի է: Գուցե ավելի թո՞ւյլ ենՙ հնարավոր է:

Ճիշտ է, չմոռանանք նշել երկու օլիգարխիական համակարգների որոշակի տարբերությունները: Ռուսաստանցի մեծահարուստները Ելցինի ժամանակ իրապես տնօրինում էին հենց իշխանությունը, իրենք էին մարմնավորում այն, հարբեցող Ելցինը ընդամենը խորհրդանշական դեմք էր, ոչ ավել: Սեմիբանկիրշչինան իր ձեռքն էր հավաքել նաեւ Ռուսաստանի անբավ բնական հարստությունները: Հայաստանում թող մեկը հակառակվեր Սերժ Սարգսյանին:

Ահա եւ, ռուսաստանցի օլիգարխները իսկական պատերազմ հայտարարեցին նոր ղեկավարիՙ Պուտինի դեմ: Սոցցանցերում այսօր էլ կարելի է տեսնել Բերեզովսկունՙ ցուցատախտակով, ինչի վրա մահավճիռ կարգախոս էր դրոշմվածՙ «Ես քեզ ծնել եմ, ես էլ քեզ կոչնչացնեմ»: Անշուշտ հայաստանցի օլիգարխները շատ ավելի «զուսպ» են ու հաշվենկատ:

Կրեմլյան ճակատամարտն այնուամենայնիվ տեղի ունեցավ եւ Վլադիմիր Պուտինը փայլուն հաղթանակ տարավՙ բառի բուն իմաստով ջախջախելով հակառակորդներինՙ ոմանց զրկեց հարստությունից եւ արտաքսեց երկրից, ոմանք էլ հայտնվեցին հայտնի վայրերում: Մնացյալները «հաշտվեցին» իրողության հետ եւ սրտի ցավով ընդունեցին նոր իշխանության պահանջներն ու ենթարկվեցին նրան: Ցանկալի կլիներ, որ հայ օլիգարխները ընտրեին այս երկրորդ տարբերակըՙ ներքին խմորումներից խուսափելու դրդմամբ:

Եվս մի էականՙ եզակի տարբերություն ռուսաստանցի եւ հայաստանցի օլիգարխների միջեւ, ինչը բոլորովին բնորոշ չէ վերջիններիս: Հակաելցինական 7 գլխավոր օլիգարխներից 6-ը հրեա էին, ասել է թե Պուտինի դեմ էր ուղղված մարդկային նշյալ ցեղին բնորոշ էթնիկական համերաշխության ոգին: Հայ օլիգարխներին միավորող միակ «ոգին» թերեւս շահախնդրությունն է: Գուցեեւ փոքր-ինչ հեռանում ենք հիմնական թեմայից, սակայն անգամ հետաքրքրության նկատառումով վերհիշենք հետեւյալը: Հայտնի օլիգարխՙ նույնպես հրեա Պյոտր Ավենը իր մի գրքում վերհիշելով այն տարիները, պատմում է հետեւյալը. «Ես եկա «ԼոգոՎԱԶ» (Բերեզովսկու այն ժամանակվա որջը. Ռ.Հ.): Ինձ ուղեկցեցին ճաշարան: Նստում եմ, եւ ներս է մտնում «մեծն քառյակը»ՙ Բորյան (Բերեզովսկին), Բադրին (Պատարկացաշվիլին), Գուսինսկին եւ Նեւզլինը: Գուսինսկին սեղանի վրայով ձգեց պիջակիս կոճակը եւ ֆշշացող ձայնով ասացՙ քո մեջ կա հրեական արյուն, դու դա հասկանու՞մ ես: Դու կա՛մ մեզ հետ ես, կա՛մ էլ մենք քեզ կխժռենք»:

Անկախ ամեն ինչից այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ազատագրեց Սերժ Սարգսյանից ու նրա կլանիցՙ պետք է համարել պատմական մեծ ծառայություն: Այսօր արդեն հրապարակավ, փաստերով հավաստվում է, որ սարգսյանական կառավարման ամենակոռումպացված բնագավառներից մեկը եղել է... կրթական համակարգը: Սա հրեշավոր փաստ է: Ասել է թե ձեւավորվում էր նոր սերունդ այլասերվածության մթնոլորտում:

Ընդունենք որպես կոնստրուկտիվ քննադատություն,երբ «Ազգը» Փաշինյանին զգուշացնում է չհրապուրվել «անձնիշխանությամբ»: Նման սթափեցնումներից պետության նոր ղեկավարը կարող է միայն շահել: Թե ինչ օրի էր հասել Հայաստանը նախորդ «անձնիշխանի» ժամանակ, այն բուռն օրերին զգուշացնում էր նույնիսկ ռուսական «Զավտրա» թերթը. «Սարգսյանին հսկայական քանակությամբ արդարացի պահանջներ են ներկայացվում... Հասարակ հայերին խիստ վրդովեցնում է Սաշիկ Սարգսյանիՙ Սերժ Ազատովիչի հարազատ եղբոր գործունեությունը, որն ավտոբուսի կիսագրագետ վարորդից վերաորակավորվել էր խորշելի օլիգարխիՙ անսանձ քրեականի եւ ստվերային էկոնոմիկայի զգալի հատվածի տիրակալի համբավով»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-06-2018

AZG Daily #34, 14-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ