RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-06-2018



ՃԱՐԱՀԱՏ

Տեղադրվել է` 2018-06-08 11:50:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 4407, Տպվել է` 618, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՊԱՍՈՂ ԳՅՈՒՄՐԻ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

88-ի դեկտեմբերյան երկրաշարժի համարյա 30-ամյա տխուր խորհրդանիշՙ «Շիրակ» հյուրանոցի կիսաքանդ ավերակն այլեւս չկա: Երեւի մի երկու ամիս ընդմիջումից հետո օրերս քայլքով հասնելով քաղաքիս ինձ հարազատ Ազնավուրի հրապարակ, մի տեսակ անակնկալի եկա, հետո իմացա, որ շինությունը բոլորովին վերջերս է քանդվել-«մաքրվել»: Այնպես անսովոր էր...

Բազմահարկ «Շիրակ» հյուրանոցը նախաերկրաշարժյան Լենինականը դիմորոշող կառույցներից մեկն էր: Շենքը երկրաշարժից նույնիսկ չխարխլվեց, բայց անտերության ու թալանի մատնվելու պատճառով տարեցտարի քայքայվեց, դարձավ քանդման ենթակա: Իսկ ամուր կառուցված լինելու պատճառով նույնիսկ քանդման տարբեր տարիների փորձերն ավարտի չէին հասցվում, այդ ընթացքում եղան նաեւ մարդկային զոհեր: Վերջին տարիներին կանգուն էր մնում շենքի ստորին երեք-չորս հարկերի մաշված-քայքայված երկաթբետոնե հիմնակմախքը: Ի վերջո, կառավարության անցյալ տարվա նոյեմբերի 9-ի որոշմամբ նախատեսվեց այդ շինության զբաղեցրած եւ դրա սպասարկման համար նախատեսված մոտ 0,38 հեկտար տարածքը համապատասխան ընթացակարգով հատկացնել քաղաքում մեծախանութների ցանց ունեցող «Բասենի գովք» ՍՊԸ-ինՙ ապամոնտաժումից հետո այդ տարածքում հյուրանոցա-առեւտրային կենտրոն կառուցելու համար: Եվ ահա առաջին քայլն արված էՙ ապագա շինարարության համար տեղն ազատված է:

Ընկերության կողմից առաջարկված ներդրումային ծրագրով կառուցվելիք քառահարկ շինության առաջին հարկում լինելու է առեւտրի կենտրոն, երկրորդումՙ հասարակական սննդի օբյեկտներՙ իրենց խոհանոցային տնտեսություններով, իսկ երրորդ եւ չորրորդ հարկերումՙ հյուրանոց: Կառույցի ստորգետնյա հատվածը նախատեսված է հաճախորդների ավտոմեքենաների կայանատեղիի, պահեստային եւ օժանդակ տարածքների համար: Ընկերությունը պարտավորվել է պահպանել (ինչը արել է) եւ վերականգնել նախկին կառույցի մուտքի հատվածի թեմատիկ քանդակները (քանդակագործՙ Ֆերդինանդ Առաքելյան), երեք տարվա ընթացքում ավարտել ներդրումային ծրագիրըՙ դրա իրականացման համար ներդնելով 1 մլրդ դրամ, ստեղծել 100-150 նոր աշխատատեղ:

Անցած երեք տասնամյակի ընթացքում «Շիրակ» հյուրանոցի կառույցի հետագա ճակատագրի հետ կապված տարբեր առաջարկություններ, ծրագրեր էլի են եղել, բայց այդպես էլ իրականություն չեն դարձել: Հուսանք, որ այսօր մեր երկրում նաեւ գործարարների համար ստեղծված նոր իրավիճակում այս ծրագիրն էլ չի արժանանա նախորդների բախտին: Պայմանագրով նախատեսված է նաեւ, որ տրված ժամկետում այն չավարտելու դեպքում տարածքը կվերադարձվի պետությանը:

«Շիրակ» հյուրանոցի դիմաց էր գտնվում նախկինում թաղամասի ու քաղաքի բնակիչների հանգստի սիրված վայր եղած Բարեկամության այգին, որն աղետից հետո վերածվելով տնակային թաղամասի, հիմա ավելի շատՙ անհասկանալի ինչ-որ մացառուտի է վերածված: Վերջերս խոսակցություններ կան, որ այն եւս կարող է վերականգնվել եւ դրա համար ներդրումներ անելու պատրաստակամություն է հայտնել ռուսաստանահայ մեծահարուստ գործարարը: Անգամ ասվում է, թե միայն ատրակցիոնները, որ բերվելու են, 4 մլն դոլար կարժենան: Իրականություն դառնալու դեպքում այս ձեռնարկն իրոք արժեքավոր նվեր կլինի այնքան հոգս տեսած քաղաքին:

Անցյալ տարի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնած եւ Գյումրիում զբոսաշրջությունը խթանելուն միտված ծրագրով քաղաքի կենտրոնի Ռուսթավելի փողոցի հիմնավոր նորոգումից հետո այս տարի նման աշխատանքների ծավալուն նախապատրաստություն է իրականացվում Շիրազի եւ այլ փողոցներում ու դրանք իրար կապող հատվածներում, նորոգման արդեն մեկնարկող աշխատանքներն իրականացվելու են հիմնականում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի վարկային ծրագրով:

Բայց Գյումրու հայացքն այսօր ավելի շատ ուղղված է երկրի նոր կառավարության քայլերին, սպասումըՙ քաղաքի հիմնարար խնդիրների վերջնական լուծման գոնե տեսլականի ձեւավորմանը: Երկրաշարժից տակավին անօթեւան մնացող որոշ թվով ընտանիքների բնակարանային խնդրի լուծման հնարավոր ուղիների մասին խոսակցություն եղավ դեռ գործադիրի հունիսի 1-ի նիստում, իսկ կառավարության ծրագրի նախագծում, «Աղքատության հաղթահարում, սոցիալական աջակցություն» կետի վերջին պարբերությունում երկրաշարժի գոտու մասին գրված է. «2018 թ.-ին լրանում է 1988 թ.-ի երկրաշարժի 30-րդ տարելիցը, եւ մինչեւ այժմ մի քանի հազար ընտանիքների տնակներում բնակվելը մեր ամոթալի իրողություններից է: Կառավարությունն սկսելու է ծրագիրՙ պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շնորհիվ առավելագույնս սեղմ ժամկետներում բնակարաններով ապահովելով երկրաշարժի հետեւանքով բնակարանային կարիք ունեցող ընտանիքներին»: Գյումրին սպասում է հնարավոր մոտ ապագայում քաղաքի կուտակված խնդիրների համալիր լուծմանն ու այդ շարքում ամենից առաջՙ իր կենսապահովման գլխավոր կռվանիՙ տնտեսության զարգացմանն ուղղված քայլերի: Կյանքը ցույց տվեց, որ մնացած ամեն ինչը դրան ածանցյալ է:

Օրերս Գյումրի եկավ Շիրակի երիտասարդ նոր մարզպետը: «Եկել եմ ծառայելու»,- ասաց...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-06-2018

AZG Daily #34, 14-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ