RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-06-2018



Տեղադրվել է` 2018-06-08 11:50:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 4603, Տպվել է` 614, Ուղարկվել է էլ.փոստով` 0

666

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Չեմ հիշում, թե ով է ասել, բայց մի տեղ կարդացել եմ, որ Աստծուն հավատացող կաթողիկոսից ավելի լավ բան միայն մշտապես աղոթող քահանան է: Եթե կաթողիկոսը հավատում է Աստծուն, քահանան մշտապես կաղոթի, չնայած, եթե քահանան մշտապես աղոթի, կաթողիկոսը կսկսի հավատալ Աստծուն: Ինչեւէ, սեր` միմյանց եւ հավատ` առ Աստված եմ մաղթում մեր եկեղեցուն եւ հոգեւոր հայրերին, որոնց մի փոքր մասը այս օրերին ամենեւին էլ չի աղոթում: Ինչպես ասում են քաղաքական գործիչները` «երկրում իրավիճակ է փոխվել», դե այսինքն, եթե առաջ դատավորը սպասում էր Բաղրամյան 26-ի հրահանգներին, ապա հիմա ստիպված պետք է բացի քրեական օրենսգիրքն ու դատական օրենսդրությունը, կամ եթե առաջ քահանան, թեկուզ մեկ քահանա, աղոթում էր եւ միայն Աստծուն պատմում իր ներքին տագնապների ու ցավերի մասին, ապա հիմա կարող է բողոքի ակցիա կազմակերպել ու պահանջել... Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը:

Մի քանի քահանաներ հենց դա էլ անում են. ստեղծվել է «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը, որն իրեն կոչում է ազգային-եկեղեցական եւ մարդիկ պահանջում են Գարեգին Երկրորդ Հայրապետի հրաժարականը, առանց բացատրելու, մանրամասնելու, թե ինչպե՞ս է կաթողիկոսը հրաժարական տալիս, ի՞նչ ընթացակարգով... Ավելին, շարժման ներկայացուցիչները նշում են, որ իրենք, չնայած պահանջում են նոր հայրապետ, բայց թեկնածու չունեն: «Աստված կորոշի», ասում են: Այսի՞նք, իսկ Աստված, օրինակ, ուզո՞ւմ է, որ Գարեգին Երկրորդը հրաժարական տա, ինքը նույնպե՞ս «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման ներկայացուցիչ է եւ աներեւույթ կանգնած է բողոքի ակցիաների անցկացման վայրում: Լավ, այս շարժման ներկայացուցիչ քահանաները անձնապես կապ ունե՞ն Աստծու հետ, եթե չունեն, ապա ինչպե՞ս պետք է Աստված հայտնի նրանց իր ոոշումը, թե ով պետք է լինի նոր հայրապետը, եթե Գարեգին Բ-ն հրաժարվի կաթողիկոսական գահից:

Բայց ինչի՞ համար են պահանջում կաթողիկոսի հրաժարականը, թե այսինքն ի՞նչ է արել Գարեգին Բ-ն, կամ նրա գահակալության օրոք Հայ առաքելական եկեղեցին: Բողոքավորներից օրինակ Գայանե վանքի վանահայր Տեր Կորյուն աբեղա Առաքելյանը հայտնել է. «Վերջին շրջանում Սարդարապատում մեր վարչապետը սեր ու հարգանք էր ստանում, բայց Հայրապետը խղճուկ կարգավիճակում էր, լքված, որեւէ մեկը ժողովրդից չմոտեցավ, որ օրհնություն խնդրեր: Մեծ ցավ էր, իմ մեջ Աստված դրեց այն ուժը, որ դուրս գանք ու պահանջենք հայրապետից խաղաղորեն թողնել ու հեռանալ»:

Թողնենք Տեր Կորյուն աբեղա Առաքելյանին տանջող մեծ ցավը, բայց կարելի՞ է իմանալ, թե բացի ուժից Աստված էլ ի՞նչ է դրել աբեղայի ներսում, որ նա պահանջում է Հայրապետից խաղաղորեն հեռանալ: Ասենք խանդ դրե՞լ է, այլոց հետ Հայրապետին համեմատելու գայթակղություն դրե՞լ է: Եթե ոչ, ապա ինչո՞ւ է աբեղա Առաքելյանը համեմատում ՀՀ վարչապետին, որը ժողովրդի կամոք դարձավ վարչապետ եւ Հայրապետին, ով Աստծո կամոք դարձավ հայրապետ:

Բացի այս` հրաժարականի պահանջի կետերից մեկում կարդում եմ` Հայ առաքելական եկեղեցին տարօրինակ «եղբայրության» մեջ է գտնվել պետական իշխանության հետ: Լավ, ենթադրենք իշխանություն-եկեղեցի «եղբայրությունը» տարօրինակ է, իսկ եկեղեցի-ընդդիմություն «քույրությունը» տարօրինակ չէ՞ր լինի: Չէ, ես հասկանում եմ, որ մարդիկ պահանջում են, որ եկեղեցին եղբայրանա ժողովրդի հետ, բայց եկեղեցին պե՞տք է եղբայրանա ժողովրդի հետ, ասենք որտե՞ղ եք տեսել հովիվ, որն իր հոտից ինչ-որ մեկի եղբայրն է... Այնուամենայնիվ 3471 մարդ նման հովիվ տեսել է. հենց այդքան մարդ մասնակցել է Ֆեյսբուքում` «Կո՞ղմ եք Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հեռացվի հայ առաքելական եկեղեցուց» հարցմանը եւ պատասխանել է` «այո»: Ֆեյսբուքում, Ամենայն հայոց կաթողիկոսի հեռացմանըՙ 3471 հոգի...

Ի դեպ, թվերի մասին: «Պահանջում ենք Գարեգին Երկրորդի հրաժարականը» կարգախոսով առաջին ցույցը տեղի ունեցավ հունիսի 6-ին, հիշեք այս թիվը: Հունիսը տարվա 6-րդ ամիսն է, այս թիվն էլ հիշեք, եւ գիտե՞ք, թե ժամը քանիսին էր մեկնարկել բողոքի ակցիան այդ օրը` երեկոյան ճիշտ 6-ին: 6. 6. 6... Չէ, ես գերբնական բաներ չեմ փնտրում այնտեղ, որտեղ այն չկա, իսկ գերբնական բաներ ոչ հայոց հին եկեղեցում կա, ոչ նոր կառավարությունում: Միայն տեղեկացնեմ, որ հինգշաբթի Մայր Աթոռը բողոքական, ներողությունՙ բողոքավոր քահանաներին հրավիրել է Ս. Էջմիածին` Ամենայն հայոց Հայրապետի հետ հանդիպման եւ քննարկման: Բողոքավորներն էլ գնացել են ու ներկայացրել իրենց պահանջները, Մայր Աթոռն էլՙ իր առարկությունները կամ արդարացումները... Սեղանի շուրջ ոչ ոք չի աղոթել, Աստված գիտի, թե ինչու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-06-2018

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ