RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-06-2018



ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Տեղադրվել է` 2018-06-08 11:50:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 6947, Տպվել է` 641, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԳԱԽՈՍԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՇԽԱՏԵԼ»

Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ

Երկու ամիս առաջ «Ազգ» թերթում հարցազրույց էինք տպագրել Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական խմբի քարտուղար Սարգիս Շահինյանի հետ («Նոր հայ է ստեղծվելու, ուզեք թե չուզեք», 09.03.2018), Հայաստան-Սփյուռք հարաբերություններում նոր որակի ստեղծման անհրաժեշտության մասին: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը կարծես թե տվել է նոր որակի հարաբերություններ ստեղծելու հնարավորությունը:

- Պարոն Շահինյան, մեր նախորդ հարցազրույցում դուք կարծես կանխատեսել էիք նաեւ այն հնարավոր զարգացումերը, որին մենք ականատես եղանք, եւ նշել էիք ձեր ակնկալիքները, հատկապես հայի նոր տեսակի ծնունդի մասին, երբ վստահություն էիք հայտնել, որ այն այնուամենայնիվ կկայանա, ու ահա երկու ամիս անցած ձեր ասածը կարծես թե կատարվեց: Որքանով էին այս արագ փոփոխությունները սպասելի ձեզ համար եւ ինչպիսին էր Սփյուռքի ներգրավվածությունը այս գործընթացում:

- Որքան էլ ակնկալիքներ ունենայինք, այնուամենայնիվ անակնկալ իրականություն էր: Ինչ վերաբերում է նոր հայի ծնվելու մասին իմ մոտեցմանըՙ մի կողմից ակնկալում էի, զգում էի հատկապես անցած տարի իմ կատարած դիտորդական առաքելության ընթացքում, երբ ես երիտասարդության հետ էի գործում ու զգում էի մարդկանց մշակույթը, տեսլականը, ակնկալիքները, եւ դա ունեցավ իր վերարտադրությունը մի շարժման մեջ, որը ներշնչում է հույս, եւ այդ հույսը կապվեց այս սպասողական վիճակի հետ:

Հիմա ուզում եմ շատ հստակորեն խնդիրները տարանջատելՙ հեղափոխությունը կատարեց Հայաստանի երիտասարդությունը, հուսալով Նիկոլ Փաշինյանի կերպարին, այսինքն ինքը փորձեց իրեն ներկայացնել որպես անձ, որը մարմնացնում էր գաղափար: Այդ փշալարերի պատմությունը, դա կարեւոր պահ էր, Օսիպյանի եւ Փաշինյանի դեպքը, երբ մեկը քաղաքակիրթ ձեւով, մյուսը համարձակորեն, անհնազանդ, սակայն ոչ բռնի առաջ գնալու վճռականությունը հանգեցրեց մի իրողության, որը մինչ այդ չկար: Ու եթե սկզբում հավաքվում էին հազիվ չորս կամ ութ հազար, ապա հետո շարժումը սկսեց թափ առնել եւ հասավ տասնյակ հազարների, քանի որ իրապես տեսան, որ ճար չկա:

Հիմա գանք Սփյուռքին, այն սկսվեց շարժվել ոչ ապրիլի 13-ին, այդքան էլ ծավալային շարժումներ չեղան, կային որոշ ստորագրահավաքներ, որոնք, ի դեպ, ավելի տկար էին նույնիսկ, քան նախկիում են եղել: Գիտակցությունը ուրիշ էր, տեսնելով թե ինչի հետեւից է այստեղի երիտասարդությունը գնում, ինչ տեսակ կարգախոսի հետեւից են գնում, ու հայաստանակենտրոնության գաղափարախոսությունը, որը մինչ օրս Սփյուռքում տկար էր, այսօր սկսեց ստանալ նոր որակ, որովհետեւ Սփյուռքում տեսան, որ կա ժողովուրդ, որը երկրի տերն է եւ տեսան, որ ժողովուրդը ուժ ստացավ:

Սակայն չմոռանանք, որ Սփյուռքը տարատեսակ է, օրինակ ես, որ դասական Սփյուռքի ներկայացուցիչ եմՙ ծնված ու մեծացած Սփյուռքում: Դասական Սփյուռքի ներկայացուցիչները, որոնք հնարավորություն ունեցանՙ մտավոր գետնի վրա, գիտական, գործնական գետնի վրա շփվելու Հայաստանի իրենց գործընկերների հետ, այսինքն ճանաչելու մի ինքնություն, որը իրենցը չէր, այսինքն ինքնաճանաչողությանՙ հայկական ինքնության ճանաչման, որը ինքը սփյուռքահայը չունի, իսկ հայաստանցին ունի: Ոչ մեկը Հայաստանում կարիք չի զգում ցեղասպանության ճանաչման, որպեսզի իրեն հայ զգա, Ցեղասպանության ճանաչման կարիքը չկա, որ ժպտա կամ լա հայերենով, որ կռիվ տա հայերենով, ապրի, որ սիրի հայերենով եւ այլն: Այսօր Սփյուռքը սկսեց զգալ իրեն, զգալ մասը մի իրողության, որը մինչ այսօր իրենը չէր:

- Այսինքն այս շարժումը նպաստեց Սփյուռքի ինքնագիտակցության, ինքնաճանաչման փոփոխությանը, այսինքն նոր տիպի հայի ձեւավորմանը: Վերադառնալով նախորդ մեր հարցազրույցին, հայաստանակենտրոնության գաղափարին, այս շարժումը նպաստո՞ւմ է դրան:

- Լիովին, քանի որ տալիս է այլ որակի ազգի հասկացողություն, ժողովրդի հասկացողություն: Շատ կարեւոր է, որ նոր Սփյուռքի նախարարը կարողանա այս ներուժը եւ ռեսուրսները այնպես որակավորել, այն տեսակ ակնոց հանգնի, որ կարողանա պետք եղած ռեսուրսները մաղի, զտի, տեսնի թե ինչ է պետք իրենց: Իսկ Սփյուռքը ունի հսկայական չօգտագործված ներուժ, որը սարսափելի մեծ նշանակություն ունի:

Սակայն պետք չէ մոռանալ, որ կա նաեւ ոչ դասական Սփյուռք. մեկ միլիոնից ավելի հայության մասին է խոսքը: Սերժ Սարգսյանը ասում էր, որ կարճ ժամանակում պետք է մինչեւ 4 միլիոնի հասցնել բնակչությունը Հայաստանում: Հիշո՞ւմ եք, ես ասում էիՙ գոնե հիսուն հազարի մասին խոսենք, սկսելով առաջին տաս հազարից: Պետք է հնարավորությունները ստեղծես, որպեսզի այդ վերադարձը, այդ հույսի վերստեղծումը կարողանա ունենալ իր իսկական թարգմանությունը, այսինքն դու պետք է գործես այդ գետնի վրա, որ այդ հույսը կարողանաս մարմնավորել: Առաջին քայլերը, որ Նիկոլ Փաշինյանը արել էՙ իրավադատական գետնի վրա, շատ հուսալի են, ու նույն բանը պետք է արվի ֆինանսատնտեսական, առեւտրական գետնի վրա: Բայց միանգամից պարադիգման փոխելը կնշանակի նաեւ, որ դու պետք է ունենաս ռեսուրսները, որպեսզի այդ ազատությունը, հոսքերը, որ ստեղծվում են, իմանաս թե ինչին են նպաստում: Եթե այդ ազատությունը պիտի տան մի ուղղությամբ, ապա պիտի հասկանալ, թե դա ինչի է հանգեցնում, դա կնպաստի՞ փոքր եւ միջին նախաձեռնությունների կայացմանը, նաեւ հարստացմանը, հարկային նորմալ քաղաքականության իրականացմանն ու կիրառմանը, ու այսպես շարունակ: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընկալի, որ ինքն է, որ պետք է ստեղծի ազգային անվտանգության հիմքըՙ իր անձը, իր գիտելիքը, աշխատանքը եւ իր դրամը: Անձը պետք է հասկանա իր դերը ինչ է որպես անհատ: Սակայն պետք է հասկանա նաեւ, թե կոլեկտիվն ինչ դեր ունի այդ ամենի մեջ: Դրա համար էի ասում, որ նոր հայը պետք է ստեղծվի, քանի որ պրոցեսն սկսվել էր, բայց եզրահանգում չէր հասել, մինչդեռ հիմա պոռթկաց, բացվեց:

- Սփյուռքի ներգրավումը Հայաստանի ներքաղաքական գործընթացներում. հիմա այս քննարկումներն ընթանում են, նույնիսկ խոսվում է խորհրդարանի երկու պալատների ստեղծման մասին: Կա նաեւ հակառակ կարծիքը: Այնուամենայնիվ ինչ կարող ենք անել, որ Սփյուռքում կուտակված փորձը կարողանանք բերել Հայաստան:

- Ես հանդիպում ունեցա Սփյուռքի նախարարի հետՙ ցանկանալով հասկանալ նրա պատկերացումը երկրորդ պալատի ստեղծման մասին: Ինքը հստակ պատկերացում չտվեց, այլ միայն խնդիրներ դրեց: Ես ասացի, որ իրականում որակն է կարեւոր, այսինքն Սփյուռքի այն ոգեւորությունը, որը կա հայրենիքի համար, ահա սա է, որ պետք է հզորացնենք: Սփյուռքահայերը պետք է գան եւ հասկանան, թե իրենց ինչ է պետք եւ ինչ կարող են տալ որպեսզի կարողանան հզոր երկիր ստեղծել. բայց դա երկրորդ պալատի սկզբունքով չի կարող լինել: Եթե խորհուրդ է պետք խելացի անձերի, ապա եկեք խորհուրդ կազմենք, առանց ավելորդ ժամանակ, դրամ ծախսելու: Մենք պետք է ունենանք եւ տեսնենք ղեկավարի մեջ, թե այդ անձը մեզանից ինչ է ուզում, մենք պետք է ասենք, որ ես սա կարող եմ անել, սա եմ արել, հաջողել եմ այստեղ, եթե իմ գիտելիքը պետք է, ապա խորհրդականի կարգավիճակով գամ եւ խորհուրդ տամ, համոզեմ եւ քննադատական կերպով մոտենամ, իսկ եթե դու այլ որոշում ունես, եթե ավելի կարեւոր մոտեցում ունեսՙ խնդրեմ: Այսինքն սա խորհրդականների գործ է:

- Այնուամենայնիվ չե՞ք կարծում, որ ինչ-որ խորհրդատվական հարթակ պետք է, որ Սփյուռք-Հայաստան համակարգը գործիՙ լինի ակտիվ, գործնական երկխոսություն: Կարծում եմ, որ երկրորդ պալատի համակարգը ճիշտ չէ:

- Դա սխալ է, խնդիրը դնելու տեսակետից արդեն սխալ է դրանով պայման կստեղծվի երկու սխալ գործելուՙ մեկը, որ կարծիք է ստեղծում սփյուռքահայու մեջ, թե ինքը կարող է լեգալ մարնի մաս կազմել, ինչն իրականում տրամաբանությունից դուրս է: Ուզո՞ւմ ես լեգալ մարնի մաս կազմել, դարձիր ՀՀ քաղաքացի, իհարկե այս առումով սահմանադրությունը պետք է ավելի խելացի, ավելի մոդեռն, դեպի առաջ նայող լինիՙ հնարավորություն տա այստեղ քվեարկելու իրավունք ձեռք բերել: Սակայն ես չեմ հավատում, որ Հայաստանն ինքը պետք է ստեղծի, կազմի Սփյուռքի ներկայացուցչական գործընթացը: Դա մի բան է, որը Սփյուռքը ինքը պետք է սովորի անել, Հայաստանը չի կարող անել դա: Եթե մենք չենք կարողանում դա անել, ապա մենք խնդիրներ ունենք, ապա իմ առաջնորդությունը, իմ կողքինի առաջնորդությունը ընդունելը դա իմ խնդիրն է, դա Հայաստանի խնդիրը չէ: Բայց սխալ կլինի, եթե ՀՀ-ն միջամտի սփյուռքյան պրոցեսի մեջ, մանավանդ երկրորդ պառլամենտի գաղափարը. այն կարող է միայն խորհրդակցական մարմին լինել, ոչ ավել, որի անդամներն էլ պետք է ամեն տարի կամ երկու տարին մեկ փոխվեն: Դա պետք է լինի նոր արյուն, նոր գաղափարներ, նոր էներգիա ի նպաստ Հայաստանի:

- Պարոն Շահինյան, նոր պայմաններում թավշյա հեղափոխությունը ցույց տվեց նաեւ, որ մենք մեծ թվով խնդիրներ ունենքՙ մամուլի բնագավառում, դատական համակարգում, պետական կառավարման համակարգում եւ այլն: Հիմա ունենք ազատություն, բայց կարծես չկա պատասխանատվության զգացում: Այս ամենը ի՞նչպես համատեղել, դրսում ապրող մեր ընկերները ի՞նչպես կարող են օգնել խորհրդի կարգով, փորձի փոխանակման ձեւով:

- Սրա պատճառն այն էր, որ ՀՀ-ն մի կացության մեջ էր, երբ ամեն իշխան կարծում էր, որ ինքը իշխան է իր չորս քառակուսի մետր ջրի տարածքի մեջ, եւ երբ նրան բաց թողեցին ծով, պարզվեց, որ նա իշխան չէ, եւ նոր իրողությունների պայմաններում նա իրավունք չունի անտեսելու իր չորս քառակուսի մետրից այն կողմ եղած իրականությունը:

Ինչ վերաբերում է քաղաքացիական մշակույթին, ապա մենք պետք է այն ստեղծենք, այդ մշակույթը կարող է հաջորդ ընտրություններում շատ խոհեմ ու խելացի ձեւով ի հայտ գալ, բայց ոչ վերջին պահին: Մենք չենք կարող հայտարարել, որ մենք ազատություն ենք հայտնաբերել, ճիշտ կլինի, որ այդ հարաբերությունը, երկխոսությունըՙ նոր էլիտայի եւ լավ պատրաստված, քննադատող լրագրողի միջեւ լինի, որպեսզի ժողովուրդը կարողանա սնվել այդ բանավեճից եւ նույնիսկ մարդիկ կարողանան գրավոր, սոցցանցերով մասակցել դրան:

Բոլորը իրավունք ունեն աճելու` լրագրողը, քաղաքացին: Իրենք պարտավորություն ունեն աճելու, բոլորն ունեն այդ պարտավորությունը, սկսելով զինուժից, շարունակելով տնտեսության եւ վերջացրած մշակույթով: Դրանք փակ ոլորտեր չեն, դրանք դինամիկ, այսօրվա իրականության հետ աճող ոլորտներ են: Այդ երիտասարդությունը, որը մեջտեղ է եկել եւ որը էս նոր ազատությունը պահաջում է եւ մերժում է կուրությունը, որը դժբախտաբար մեզ տարավ ու հանգեցրեց նախորդ ընտրությունների արդյունքներին: Այդ երիտասարդությունը ոչ միայն հզոր ներուժ, այլեւ լայն գիտելիքներ ունի: Վստահեցնում եմ ձեզ, որ ոչ մի բանով չենք զիջում այլ պետություններին: Պարզապես հնարավորություն չենք ունեցել եւ առիթ չենք տվել այս նոր մտավոր դասակարգին հայրենիքում հզորանալու: Պետք չկա գնալու ԱՄՆ, Եվրոպա աճելու համար, այլ հնարավորություն ունենք այստե՛ղ աճելու: Մենք հնարավորությունը ունենք դասախոսներ բերելու, բարձրացնելու ընդհանուր մակարդակըՙ մտավոր, գիտական, ի վերջո հասարակական բնագավառներում:

Անհրաժեշտ է ութ ու կես ժամ աշխատանքըՙ ամեն օր, ոչ առավոտյան 10-ին գալ ու չորսին գնալ: Նոր Հայաստանի կարգախոսը պետք է լինի ԱՇԽԱՏԵԼ: Իսկ դրա ձեւի ու փիլիսոփայության պատասխանատուն պետք է լինի կառավարությունը, իսկ տանող ուժը պետք է լինի խորհրդարանը, որովհետեւ նա է ժողովուրդը, ազգը ներկայացնում: Միայն խելացի, տեւական, երկարաշունչ աշխատանքով կարող ենք հասնել մեր նպատակին:

Նկար 1. Լուսանկարի հեղինակ` Ալեքսանդր Էգգեր

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-06-2018

AZG Daily #34, 14-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ