RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 15-06-2018



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2018-06-15 01:00:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 5292, Տպվել է` 623, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՖՈՒՏԲՈԼ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Վոլգոգրադում, որտեղ հունիսի 18-ին Անգլիայի հավաքականը իր առաջին խաղն է անցկացնելու Թունիսի ազգային թիմի հետ, «Գրյատուշկա» բարը իր անգլիացի հաճախորդներին առաջարկում է նորաստեղծ «Նովիչոկ» կոկտեյլը: Սրամիտ, բայց ցինիկ առաջարկ, ավելի ճիշտՙ ծաղր վարչապետ Թերեզա Մեյի հասցեին, որը տարեսկզբին գլխավորել էր Ռուսաստանին եւ անձամբ Վլադիմիր Պուտինին մեղադրելու արեւմտյան շարժումը, որի հետեւանքով ավելի քան 150 ռուսաստանցի դիվանագետներ արտաքսվեցին Մեծ Բրիտանիայից, Մ. Նահանգներից, Լեհաստանից, Չեխիայից եւ արեւմտյան այլ երկրներից: Պայմանականորեն հենց այդպեսՙ «Նովիչոկ» էր կոչվում ռուս կրկնակի լրտես Սերգեյ Սկրիպալին եւ դստերը թունավորած ներվաքայքայիչ նյութը, որը այդ օրերին դարձավ պատրվակ Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների աննախադեպ սրման:

Ավելորդ է ասել, որ անգլիական մամուլը եւ վարչապետ Թերեզա Մեյը բնավ երջանիկ չեն ֆուտբոլի Աշխարհի գավաթի մրցումը Ռուսաստանում անցկացնելու փաստով, որը երեկ փառավոր հանդիսությամբ բացվեց Մոսկվայում: Սակայն հակընդդեմ քայլով` Բրիտանական կառավարության ուժը պատեց միայն թագավորական ընտանիքի եւ դիվանագիտական իր կորպուսի վրա. նրանց արգելված է ներկա գտնվել ռուսաստանյան 11 քաղաքների շքեղ մարզադաշտերում անցկացվող մրցումներին, սակայն Մեյը չհամարձակվեց արգելել ազգային հավաքականի մասնակցությունը Աշխարհի գավաթի մրցումներին-այդ պարագայում նա գործ կունենար ոչ միայն ՖԻՖԱ-ի, այլեւ շատ ավելի աններող եւ հուժկուՙ անգլիացի միլիոնավոր ֆուտբոլասերների հետ, որոնցից հազարավորներ արդեն Ռուսաստանում են, առաջին հերթին Վոլգոգրադում, որտեղ, վստահաբար, նրանցից շատերը հաճույքով վայելելու են «Նովիչոկ» կոկտեյլը: Թերեզա Մեյի համար, ինչպես ընդունված է ասելՙ վիրավորանքի վրա անարգանք գումարելու նման հնչեց Գերմանիայի իր պաշտոնակցուհու եւ Ֆրանսիայի նախագահի որոշումըՙ ներկա գտնվելու իրենց ազգային թիմերի վերջնագծային մրցումներին, անձամբ քաջալերելու իրենց ֆուտբոլիստներինՙ հենց Պուտինի Ռուսաստանում:

Ասացիՙ Պուտինի Ռուսաստան, սակայն վստահ չեմՙ անպուտին Ռուսաստանի նկատմամբ նույնը չէ՞ր լինելու անգլիացիների եւ մնացյալ անգլոսաքսոն երկրների դիրքը: Ռուսոֆոբիայի մեջ նրանք այնքան են առաջ գնացել, որ ֆուտբոլի Աշխարհի գավաթի ընթացիկ խաղերը նմանեցնում են 1936 թ.ի Բեռլինի Օլիմպիական խաղերին, երբ Հիտլերը, օգտվելով Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի շողոմ կեցվածքիցՙ իր ֆաշիստական հզորանքը ցուցադրեց ողջ աշխարհին: Բրիտանական նույնիսկ ամենալուրջ մամուլն է այս օրերին հիշեցնում եւ վերհիշեցնում Վլադիմիր Պուտինի բոլոր մեղքերըՙ նա սովետական ՊԱԿ-ի սպա է (ի դեպՙ բնավ չեմ հիշում արեւմտյան մամուլում հանդիպած լինել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի CIA-ի գլխավոր տնօրեն լինելու փաստի հիշատակումը), Ստալինից հետո Ռուսաստանում ամենաերկարը պաշտոնավարող պաշտոնյան է, նրա մատը խառն է ԱՄՆ նախագահական ընտրություններում, զավթել է Ղրիմը, Դոնբասում հազիվ քողարկված ռազմական միջամտություններ է կատարում, պաշտպանում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, թունավորել է իր երկրի նախկին լրտեսին ու նրա աղջկանը, եւլն: Իսկ ամենասարսափելինՙ նա 11 մլրդ դոլար է մսխել իր երկրի մարզադաշտերը վերանորոգելու եւ ենթակառուցվածքներ ստեղծելու համար, ու տակավինՙ հատուկ հսկողության տակ է վերցրել շուրջ 450 «ֆուտբոլային» խուլիգանների, որպեսզի Գավաթի մրցումների ժամանակ խանգարող որեւէ միջադեպ չպատահի:

Ես չեմ պատկերացնում մի երկիր, որի ղեկավարը ուզենար, որ իր երկրում միջազգային կարեւորագույն որեւէ միջոցառում խանգարվեր խուլիգանների կամ որեւէ այլ պատճառով: Ընդհակառակը. Պուտինի Ռուսաստանը ամենայն բծախնդրությամբ է նախապատրաստվել ֆուտբոլային մեծագույն միջոցառմանըՙ անշո՛ւշտ նաեւ քաղաքական նպատակներով. իր երկրի գրավչությունը ներկայացնելու, խաղաղասիրական նկրտումները շեշտելու, հզորությունը ի ցույց դնելու մտադրությամբ: Հատկապես այս պահին, երբ պատժամիջոցների ու Իրանի ապամիջուկայնացման խնդրի ներկա հոլովույթում, երբ սրվել են տարաձայնությունները եվրոպական պետությունների ու ԱՄՆ-ի միջեւ: Եվ վերջապեսՙ այն մթնոլորտում, երբ ողջ աշխարհը իր բոլոր ցամաքամասերով, բացի Հյուսիսային Ամերիկայից, գտնվում է ֆուտբոլային զմայլվածության ալիքի վրա:

Անշուշտ, իրատեսական չի լինի ակնկալելը, որ մեր ժամանակների պետական առաջնորդները լինեն այնքան իմաստունՙ որքան հին հույները, որոնք օլիմպիական խաղերի ողջ ընթացքում դադարեցնում էին բոլոր պատերազմները: Սակայն քաղաքակիրթ կոչված մեր աշխարհում պետական գործիչները պետք է մի պահ գոնե, ընդամենը մինչեւ հուլիսի 15-ը, ականջալուր լինեն իրենց միլիարդավոր համաքաղաքացիների խաղաղ ապրելու ցանկությանը, ֆուտբոլային տենդի հրաշալի դրսեւորումներին նրանց մասնակցությունը:

Վերջումՙ այդ հրաշալի դրսեւորումներից մեկի մասին տեղեկությունՙ Բլումբերգից. Աշխարհի գավաթի ընթացիկ մրցումներից օրեր առաջ ավելի քան 2,5 միլիոն մարդ տոմս է գնել ներկա գտնվելու 736 ֆուտբոլիստների միջեւ մարզական թեժ պայքարին. դրանց կեսըՙ արտասահմանից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 15-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ