RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 15-06-2018



Տեղադրվել է` 2018-06-15 01:00:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 7371, Տպվել է` 648, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՍՏՐԻԽՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՍՈՒՐԲԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Մաստրիխտ, Հոլանդիա

Երբ առցանց «Հայերն այսօր»-ում կարդացի, թե «2018-ի մայիսի 24-ից հունիսի 3-ը Մաստրիխտում մեծ շուքով պիտի նշվի ամենամյա «Սուրբ տաճարը բանալու փոխադրման երթի» 55-րդ արարողությունը, որին ըստ նախնական տեղեկությունների պիտի մասնակցեին ավելի քան հարյուր հազար ուխտավորներ», մտքովս էլ չանցավ, թե դրաՙ առավել տպավորիչ մասի ականատեսը կլինեմ: Ես ուխտավոր չեղա, տեղյակ էլ չէիՙ ուր եմ գնում: Անկեղծ ասածՙ հիմա էլ չեմ հասկանում, թե այսքան գունեղ, Եվրոպայի մի մեծ հատվածի, մի քաղաքի կյանքում այսպես դրոշմ ու կնիք դարձած հայրենակցիսՙ Սերովբե-Սերվաս-Սերվատիուսի հավիտենական ներկայության մասին ինչպե՞ս մինչեւ հիմա չեմ իմացել: Ինչո՞ւ մամուլն ու հեռուստատեսությունը այնպես չեն պատմել հայկական այս հետքի մասին, որ մեր ճանաչած հոլանդական Մաստրիխտը հայերիս համար էլ հիշողություն է դարձել իր համալսարանով եւ, որն առավել հայտնի է, Մաստրիխտյան պայմանագրով, որ 1992-ի փետրվարի 7-ին դարձավ ԵՄ հիմնաքարըՙ սկիզբ դնելով եվրոպական ինտեգրման: Այնինչ Նիդեռլանդների Լիմբուրգի նահանգի մայրաքաղաքը, որի Հին քաղաք անվանյալ թաղամասում հաստատվում է պատմական այն տեղեկությունը, թե Եվրոպայի հին քաղաքներից է, նույնքան հաստատուն, դարեր ի վեր դեպի իր կենտրոն է ձգում հազարավոր մարդկանց, որ հավատում են, թե Հայաստանից, ոմանց համոզմամբՙ Վանից, 4-րդ դարում Եվրոպայի այս ափեր հասած, Քրիստոսի ուսմունքն ու հավատը քարոզելու առաքելությունը ստանձնած հայ հոգեւորական Սերվատիուսն այնքան զորավոր սուրբ է, որ իրենց ցավերին այսօր էլ բալասան կլինի, եթե գերեզմանին հպվեն:

Հունիսի 2-ին Քյոլնից Մաստրիխտ ավտոբուսով մոտ մեկ ժամ տեւող ճանապարհին թվում էր մռայլ ամպերի կարը ուր որ է կքանդվի, ու անձրեւը չի խնայի նույնիսկ նրանց, որ մայիսյան արեւառատ օրերին էլ անձրեւանոցը չեն մոռանում, բայց ոչ ճանապարհին, ոչ էլ առավել եւս Մաստրիխտում ողջ օրն անձրեւ չեկավ: Երկինքը լույսի չափաբաժինն այնպես էր բաշխել, որ նշածս քաղաքի փողոցներում սուրբ Սերվատիուսի պատկերով դրոշակների առատությունն աննկատ չմնա: Մոխրագույն ու սպիտակ շենքերի, դրանց բակ-պարտեզներում նարդոսի բաց թանաքագույնի առատությամբ գծագրվող Մաստրիխտը մեկ շաբաթ շարունակՙ մայիսի 27-ից հունիսի 3-ը տոնում է սուրբ Սերվատիուսի հիշատակությունըՙ տարբեր երկրներից ուխտի եկած հավատացյալ քրիստոնյաներին հյուրընկալելով: Չորրորդ դարումՙ 354-ին, քրիստոնեության լույսը Հոլանդիա, որոշ տպագիր աղբյուրների պնդմամբՙ 384-ին նաեւ Բելգիա հասցրած հայ հոգեւորական Սրբատիոս-Սերովբեի կամ, ինչպես հոլանդացիներն են նրան անվանում, սինտ Սերվասի հիշատակության օրը մայիսին է, նշվում է ամեն տարի, իսկ 7 տարին մեկՙ այն վերածվում է մեծ տոնի, ուխտագնացության: Ըստ գրավոր աղբյուրների, 1496 թվականին, օրինակ, հայտնի է, թե 100 000 ուխտավոր է մասնակցել իր կենդանությունից ի վեր սիրելի դարձած 384 թվականի մայիսի 13-ին մահկանացուն կնքած սուրբի հիշատակության տոնին:

Մաստրիխտի զբոսաշրջային ուղեցույցներում երկու տեսարժան վայր հենց այս սրբի անունով են կոչվումՙ տաճարը եւ կամուրջը: Թեպետ Մաաս գետի երկու ափերն իրար կապող, հռոմեացիների կառուցած, Մաստրիխտի ամենագեղեցիկ քարե կամուրջը 13-րդ դարի թվագրումն ունի, սակայն սինտ Սերվասբրուգՙ սուրբ Սերվատիուսի կամուրջ անվանումը ստացել է 1930-ին: Քաղաքի խորհրդանիշ այցեքարտն է, զբոսաշրջային ուղեցույցներում այն համեմատվում է Փարիզում Էյֆելյան աշտարակի հետ: Քաղաքի բնակիչները համոզված են, որ այն Հոլանդիայի ամենահին կամուրջն է:

Սերվատիուսի գերեզմանի վրա Մաստրիխտում կառուցվել է Նիդեռլանդների թագավորության ամենահին եկեղեցին: Ավանդության համաձայնՙ Սերվատիուսն Մաստրիխտի առաջին եպիսկոպոսն է եղել, դեռ նրա կենդանության օրոք, 4-րդ դարում, քաղաքում քարե փոքր եկեղեցիներ են կառուցել, հավատացյալներ են խմբվել նրա շուրջ, իսկ սրբի մահվանից հետո նրա թաղման վայրում սկզբում մատուռ են կառուցել, այնուհետ աստիճանաբարՙ քար քարի վրա դնելով բարձրացրել են այսօրվա շքեղ ճարտարապետական կոթողը: Սուրբ Սերվատիուսի բազիլիկը բառերս է ճշտումՙ ռոմանական, գոթական, այլ ոճերի համադրությամբ այս հսկան բազմել է Մաստրիխտի կենտրոնում ու... ձգում է: Հենց աչքդ նկատեց այդ գեղեցկությունը, քարերի տաք գույնն էլ հանգիստ չի տալիս, փարվում է ներսիդ հետաքրքրասեր բջիջներին ու խոստանում խորհրդավոր մի բացահայտում: Մինչ տաճար մտնելը մի կանգառ այդուհանդերձ անում ես. 2016-ի մայիսին մեծ հանդիսավորությամբ եկեղեցու պատին հարող տարածքում բացվեց Սերվատիուսի հիշատակին նվիրված հայ-նիդեռլանդական բարեկամությունը խորհրդանշող խաչքարը: Զբոսաշրջիկ, թե ուխտավոր, տարբերություն չկաՙ բոլորը մի պահ կանգնում, կարդում են խաչքարի մակագրությունը, այնուհետ նկատելի երկյուղածությամբ մոտենում են տաճարի դռանը:

Մինչ այնտեղ հասնելը պատահական մի անցորդի ցույց եմ տալիս Սերվատիուսի բրոնզեՙ չափերով ոչ այնքան տպավորիչ արձանն ու հարցնումՙ «Ո՞վ է, ի՞նչ կասեք»: «Հայաստանից Հոլանդիա եկած հոգեւորական է, մեր սուրբն է, քրիստոնյա ենք դարձել նրա շնորհիվ», բացատրում է 50-ին մոտ մի տղամարդ ու հայացքն ուղղում դեպի տաճարըՙ «ներս մտեք, այսօր բացառիկ պատարագ է այնտեղ տրվելու»: Հրապարակում եկեղեցին շատ տպավորիչ է, իսկ մուտքը նույն բառով չես նկարագրի, ավելի ստույգՙ հրապարակից կտրող մի ծածկարան է, որի ներսում այնպիսի լռություն է, որ թվում էՙ կողքիդ խոսեն թե երգեն, միեւնույն է, լռության քղանցքը չի պատռվի: Յուրաքանչյուր քայլիդ հետ խորանում է այն միտքը, թե 21-րդ դարի հետ կապդ կտրվում է: Շատ խնամված տարածք է, հատակի սալերն էլ, նստարաններն էլ մաքուր բառից անդին են սահում, երբ փոշեհատիկներից սրբված կամՙ սուրբ բառի սահմանին մերձ ներդաշնակում են այն միջավայրին, որտեղ սուրբի մասունքներն են ի պահ դրված ոսկետուփ պահոցի մեջ: Այն անշարժ հսկում են 4 հոգեւորականներՙ մուգ կարմիր եկեղեցական շապիկի վրայից սեւ գոգնոցանման վերնահագուստն այնպես է թաքցրել յուրաքանչյուրիՙ թեւերն իրար ագուցած կանգնելաձեւը, որ թվում էՙ արմունկն 90 աստիճան ծալված ծնվել են: Պատարագը դեռ չի սկսվել:

Աստիճանները դեպի ներքեւ են ուղղորդում շատերին: Երկաթյա փակվող դռան փեղկը բաց է, մի կին հսկում է մուտքը: Աչքս քարե գետինն է գրավում ՙ երկու ոտնաչափ տարածք խոր փոս է ընկել, մաշվել է ուխտավորների ծնրադրումից: Երբ հսկիչը հաստատեց միտքս, համարձակություն ունեցա մի եզրահանգում էլ անելՙ պատին փակցված միակ իրըՙ երկնագույն-սպիտակ նախշազարդ գավազանը, որ իրականում ցուպ է ու Սերվատիուսի քայլը չափելուց ավելին նրա ձեռքի, մատների հպումն է սոսնձել վրան, սուրբից սովորական մահկանացուներիս տեսանելի միակ «առարկան», մասունքն է: Մյուս մասունքները, որ անթեղված են դրվագված ոսկե պահարանի մեջ, եւ հիշատակության օրերին, ինչպես հունիսի 2-ին տեսանք, առանձնակի արարողակարգ սահմանելով հայտնվում են տաճարի կենտրոնում, փակ են պահվում: Սովորական մեր տեսողությամբ անմեկնելի է ծանր ու հաստատուն գերեզմանաքարի տակ ննջող հոգեւորականի աճյունը տեսանելը: Հոգու աչքերով դիտելու կարող մարդկանց շարանն անմիջապես տարբերակվում էՙ հեռու են մոլեռանդությունիցՙ նրանց ծնրադրելու, հպվելու, գոհունակ ժպտալու բնական ընթացքը մոգական տպավորություն է թողնում: Նրանք 21-րդ դարում էլ դեռ հավատում են, որ Հայաստանից այս եզերքը եկած սուրբն իրականում լսում է իրենց աղոթքի լուռ ձայնը, իրենց շշունջը, նրա զորավոր բժշկելու հրաշքին սպասում են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 15-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ