RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 15-06-2018



ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2018-06-15 01:00:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 5732, Տպվել է` 641, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆՆ Է TANAP

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ., միջազգային անվտանգության եւ էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ

Ինչպես արդեն հայտնել ենք, հունիսի 12-ին Թուրքիայում կայացավ ադրբեջանական TANAP (տրանսանատոլիական) գազամուղի շահագործման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին Ադրբեջանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Սերբիայի եւ «Հյուսիսային Կիպրոսի» չճանաչված թուրքական հանրապետության նախագահները: Նշենք, որ սա այս գազամուղի 2-րդ պաշտոնական բացման արարողությունն է, առաջինը կայացել էր մայիսի 29-ին Բաքվում:

Դեռ քանի՞ բացման արարողություններ կկայանանՙ պարզ չէ, սակայն տարածաշրջանի մի շարք պետություններ կարեւորում են այս նախագիծը իրենց էներգետիկ անվտանգության տեսակետից: Այստեղ թերեւս զարմանալի է, որ Հունաստանի ներկայացուցիչները չէին մասնակցում այդ արարողությանը: Մինչդեռ հայտնի է, որ գազամուղը Թուրքիա-Հունաստան սահմանից արդեն TAP (տրանսադրիատիկ) անվամբ շարունակվելու է Հունաստանով եւ Ադրիատիկ ծովով դեպի Իտալիա:

Գազամուղի ընդհանուր հզորությունը կազմելու է 16 մլրդ. խ/մ տարեկան, որից 6 մլրդ. խ/մ-ը սպառվելու է Թուրքիայում, որի գազի պահանջարկը անընդհատ աճում է, իսկ մնացածըՙ 10մլրդ. խ/մ, TAP գազամուղով տեղափոխվելու է Իտալիա: Հաշվի առնելով, որ Եվրոմիության գազի պահանջարկը կազմում է մոտ 400 մլրդ.խ/մ, այս նախագիծը (10մլրդ.խ/մ տարեկան) տնտեսական առումով չի կարող կարեւոր նշանակություն ունենալ ոչ միայն Եվրոպայի, այլեւ Թուրքիայի համար, որի տարեկան պահանջարկը կազմում է 53 մլրդ.խ/մ:

Ներկայումս կառուցվում է Ռուսաստան-Թուրքիաՙ «Թուրքական հոսք» գազամուղը, որը բաղկացած է լինելու երկու ճյուղից, ամեն մեկը 15 մլրդ խ/մ հզորությամբ: Այդ գազամուղի մի ճյուղը սպասարկելու է Թուրքիայի պահանջարկը, իսկ երկրորդը հոսելու է դեպի արեւմուտքՙ Եվրոպա: Սա Ուկրաինան շրջանցելու Ռուսաստանի ռազմավարական ծրագրերից մեկն է, որը պաշտոնական Մոսկվան իրականացնում է Թուրքիայի միջոցով:

Ինչեւէ: Այսպիսով տարածաշրջանում ձեւավորվում է գազամուղային մի նոր դիմակայություն, որը առանձին ու մանրակրկիտ հետազոտության եւ վերլուծության կարիք ունի, քանի որ այն ազդում է անվտանգային միջավայրի վրա` դրան նոր էներգետիկ երանգ հաղորդելով: Այս ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի պաշտոնական Բաքվի համար, քանի որ վերջինս իր ֆինանսական ողջ հզորությունը ներդրել է մի ծրագրի իրականացման համար, որը տնտեսական առումով շատ կասկածելի է, բայց քաղաքական առումով Ադրբեջանին հույս է ներշնչում, որ կկարողանա օգտագործել իր գազամուղային առավելությունը տարածաշրջանում դիրքերի ամրապնդման համար:

TANAP գազամուղը տարածաշրջանում կառուցված բոլոր գազամուղներից տարբերվում է առաջին հերթին նրանով, որ այն մաքուր ադրբեջանական էՙ հիմնական փայատերերն են SOCAR ընկերությունըՙ 58%, թուրքական BOTAS-ը` 30% եւ ապա Բրիտանական British Petroleum-ը` 12%: Նախորդ բոլոր խողովակաշարերըՙ Բաքու-Ջեյհան նավթամուղը եւ Բաքու-Էրզրում գազամուղը, կառուցվել են միջազգային կոնսորցիումների կողմից եւ հանդիսացել են փաստորեն ներդրումային ծրագրեր Ադրբեջանի եւ տարածաշրջանի մյուս պետությունների համար: Սակայն, ի տարբերություն վերջիններիս, TANAP-ը իրականացվում է Ադրբեջանի սեփական միջոցներովՙ հիմնականում Ադրբեջանի նավթային հիմնադրամի եւ պետության կողմից վերցրած վարկերի միջոցով:

Նմանատիպ ծրագրերը բավականին ռիսկային են, քանի որ դրանք բախվում են մի շարք խնդիրների, որոնցից թերեւս արժե նշել հետեւյալները` նախ գազը, ի տարբերություն նավթի, բորսային ապրանք չէ եւ աչքի է ընկում ծախսատարությամբ ու ցածր եկամտաբերությամբ: Այսինքն, որպեսզի այս ծրագիրըՙ TANAP+TAP-ը աշխատի եւ սկսի եկամուտ բերել, պետք է նախ եւ առաջ հետ բերի այն ներդրումները (խոսքը մոտ 42 մլրդ. դոլարի մասին է), որը ծախսվել է եւ հետո միայն սկսի աշխատել հօգուտ ներդրողների:

Այն, որ ծրագրի եկամտաբերությունը ու ռուսական գազի հետ նրա մրցակցելու կարողությունը շատ ցածր է, պարզ դարձավ այն փաստից հետո, երբ ծրագրից մեկը մյուսի հետեւից դուրս եկան միջազգային այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են ֆրանսիական TOTAL-ը եւ նորվեգական StatOil-ը: Վերջիններս կասկածի տակ են դնում դրա եկամտաբերությունը, իսկ ինչպես հայտնի է այդ ընկերությունները, ի տարբերություն British Petroleum (BP)-ի, չեն մասնակցում քաղաքական ծրագրերի:

BP-ն համաձայնեց մնալ ծրագրում միայն այն բանից հետո, երբ ստիպեց Ադրբեջանին իր հետ կնքել պայմանագիր, որով Բաքու-Էրզրում գազամուղով գազի ավելացման պայմաններումՙ ներկա 8 մլրդ խ/մ-ից մինչեւ 16 մլրդ խ/մ, այդ տարբերությունը կշարունակի օգտագործել են եւս 10 տարի ներդրումները հետ բերելու համար: Ադրբեջանը ստիպված էր, փաստորեն կամավոր կերպով, հրաժարվել 8 մլրդ. խ/մ գազի եկամուտից, քանի որ BP-հեռացումը վերջնականապես կտապալեր ծրագիրը ու այն նաեւ կխախտեր դեպի ԵՄ գազի առաքման մասն «Էներգետիկ 3-րդ պակետ» կոչվող օրենսդրությունը:

Սակայն TANAP-ի խնդիրները ԵՄ էներգետիկ օրենսդրության հետ կապվածՙ այդպիսով չեն ավարտվում: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունըՙ SOCAR-ը, լինելով այս գազամուղի հիմնական փայատերը, խախտում է «Էներգետիկ 3-րդ պակետի» այն դրույթը, որը բացառում է, որ միեւնույն ընկերությունը արդյունահանի, արտահանի եւ վաճառի գազը Եվրոպայի տարածքում: Իսկ TANAP+TAP նախագիծը իրականացվում է եվրոպական օրենքների կոպիտ խախտումներով:

Իզուր չէ, որ Բրյուսելի պաշտոնական ներկայացուցիչները չեն մասնակցում այս գազամուղի բազմաթիվ պաշտոնական բացման արարողություններին, այն համարելով Բաքվի PR, որին հասկանալի կերպով չեն ցանկանում մաս կազմել: Սակայն այդ շոուներին մաս են կազմում այն պետությունները, որոնք հույս ունեն, որ դրա միջոցով կկարողանան նվազեցնել իրենց կախվածությունը ռուսական գազից: Իզուր չէ, որ ըստ ռուս շատ վերլուծաբանների, գազամուղը ընդգծված հակառուսական շահեր է ենթադրում եւ նպատակ է հետապնդում նվազեցել Ռուսաստանի գազային ազդեցությունը Եվրոպայում:

Պաշտոնական Բաքվի համար TANAP-ը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այդպիսով նա մաս է կազմում ԵՄ-ին գազ մատակարարող պետությունների «պատվավոր» ակումբին եւ հույս ունի, որ այդ փաստը կարող է օգտագործել Հայաստանի հետ ընթացող տարածաշրջանային մրցակցությունումՙ ծրագրի շուրջ համախմբելով մի շարք պետությունների: Չնայած ծրագրի տնտեսական օգուտները շատ կասկածելի են, սակայն Ադրբեջանը չդադարեց այն ֆինանսավորել նույնիսկ այն ժամանակ, երբ գտնվում էր տնտեսական լրջագույն ճգնաժամի մեջ:

Այս ծրագիրը շատ թանկ է արժեցել պաշտոնական Բաքվին ու, ինչպես նշեցի, մեծ ռիսկեր է պարունակում, եւ եթե այն չաշխատի ամբողջ հզորությամբ եւ չսկսի օգուտ բերել գոնե մի տաս տարի հետո, ապա Ադրբեջանի ներկա ղեկավարությունը կհայտնվի տնտեսական ու քաղաքական կոլապսի առջեւ: Իսկ նման սցենարը շատ հնարավոր է, պայմանավորված նախ այն հանգամանքով, որ Ադրբեջանը, գոնե այս պահին, չունի համապատասխան հզորություններ այդ գազամուղը ամբողջությամբ լցնելու համար, ապա նաեւ այն հանգամանքով: Բացի այդ այն անցնում է Արցախից ոչ շատ հեռու եւ հակամարտության կրկնման դեպքում օրինական թիրախ կդառնա ՊԲ ցորքերի համար: Ադրբեջանի համար վատագույն սցենար կլինի, եթե ինչ-որ մեկը Եվրոպական դատարանի միջոցով պահանջի դադարեցնել այդ նախագծով գազի մատակարարումը, քանի որ այն խախտում է ԵՄ էներգետիկ օրենսդրությունը, եւ ապա այն սնուցում է Ադրբեջանի բռնատիրությանը, որ հարյուրավոր մարդկանց է հետապնդում ու ձերբակալումՙ նրանց քաղաքական ու կրոնական հայացքների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 15-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ