RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 15-06-2018



Տեղադրվել է` 2018-06-15 01:00:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 5033, Տպվել է` 612, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՄ ՀԵՏԵՎԻՑ ՔԱՅԼՈՎ ՄԱ՛ՐՇ

Հ. ԱՖՅԱՆ

Անցնող շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւանում էին: Այցն, ի դեպ, տարածաշրջանային չէր եւ առաջինն էր Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութունից հետո: Ինչպես Մինսկի խմբի համանախագահներն էին իրենց հայտարարության տեքստում պարզ նշել, այցի նպատակը Հայաստանի նոր իշխանությունների հետ հանդիպումն էր, ԼՂ հարցում իրենց մոտեցումների եւ փորձի ներկայացումը... Մի խոսքովՙ ծանոթություն եւ ուրիշ ոչ մի ինտիմ բան:

Համանախագահներին Երեւանում ընդունեց նախ ԱԳ նախարար Մնացականյանը, ապա ՊՆ ղեկավար Տոնոյանը, վերջում էլ, Մոսկվա մեկնելուց ժամեր առաջ, վարչապետ Փաշինյանը, որն, իմիջիայլոց, Ռուսաստան էր շտապում, որպեսզի վերջին 1 ամսում երկրորդ անգամ հանդիպի Վլադիմիր Պուտինին (սա շատ կարեւոր է), բացի այդ մասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանն ու առաջին` Ռուսաստան-Սաուդյան Արաբիա խաղին (սա շատ կարեւոր չէ):

Եւ չնայած որ այս հանդիպումների ընթացքում ոչ մի արտառոց-նոր բան չգրանցվեց, բայց մի ուշագրավ նրբություն չառանձնացնել չեմ կարող: Ե՛ւ ՀՀ վարչապետը, ե՛ւ ԱԳՆ ու ՊՆ ղեկավարները Մինսկի համանախագահ եռյակին (գումարած Անջեյ Կասպրչիկին), վստահեցրեցին, որ Հայաստանը պատրաստ է շարունակել ԼՂ հարցով բացառապես խաղաղ բանակցությունները միայն ու միայն Մինսկի խմբի ձեւաչափով եւ, որ Հայաստանը վերահաստատում է իր դիրքորոշումը` անցյալում ձեռք բերված պայմանավորվածությունների առումով: Սա նշանակում է, որ Հայաստանի նոր իշխանությունները ստորագրում են ԼՂ հարցով նախկին իշխանությունների բոլոր պայմանավորվածությունների (հնարավոր է պարտավորությունների) տակ` դրանք համարելով Հայաստանի կամ հայկական կողմի շահերից բխող: Ինչպես ասում են` հենց դա էլ պահանջվում էր ապացուցել: Եւ ուրեմն, կոնկրետ ԼՂ հարցով նախկին իշխանությունները չեն արել մի բան, ինչի համար նորերը հիմա ամոթից կամ զայրույթից ուզում են գետինը մտնել, կամ գետինը պատռել, ավելինՙ նախորդ իշխանությունները ԼՂ հարցով ամեն բան ճիշտ են արել:

Եւ ոչ միայն ԼՂ հարցով: Եթե հիշում եք կոնկրետ Ելք-ից բազմիցս մեղադրում էին նախկիններին` Ռուսաստան կատարած հաճախակի այցերի համար: Ընդդիմադիր պատգամավորներից մեկը մի անգամ նույնիսկ հաշվել էր, որ Սերժ Սարգսյանը տարվա ընթացքում քանի անգամ է այցելել Պուտինին: Հիմա, ինչպես տեսնում ենք, վարչապետ Փաշինյանը 1 ամսվա մեջ արդեն 2 անգամ է սեղմում Պուտինի ձեռքը, ընդ որումՙ երկուսն էլ Ռուսաստանում, այսինքն ինքն է գնացել Պուտինի մոտ: Ստացվում է, որ Ռուսաստան հաճախ այցելելու, Ռուսաստանի հետ հնարավոր բոլոր ուղղություններով հարաբերությունները խորացնելու նախորդ իշխանությունների քաղաքականությունը եւս ճիշտ էր, հակառակ դեպքում նորերն այն չէին շարունակի, եւ վարչապետ Փաշինյանը մեկ ամսվա մեջ 2 անգամ ՌԴ այցելելու փոխարեն, ԱԺ-ում անձամբ կներկայացներ բյուջեի կատարողականը:

Ժամանակին, օրինակ, երբ վարչապետը Կարեն Կարապետյանն էր ու ինքը եւս անձամբ բյուջեի կատարողականը ԱԺ չէր ներկայացրել, նույն Նիկոլ Փաշինյանը, այսինքն ոչ թե նույն, այլ առանց մորուքի Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե վարչապետը, աշխարհի ծայրում էլ եթե անգամ լինի, պարտավոր է անձամբ ներկայացնել բյուջեն խորհրդարանին: Հիմա վարչապետը Փաշինյանն է, իսկ Մոսկվան ամենեւին էլ աշխարհի ծայրը չէ, բայց սա` իմիջիայլոց: Իրականում Փաշինյանի կաբինետը վստահեցնում է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը ճիշտ էր, ավելինՙ ԱԳ նախարարն ասում է, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի զարգացման հնարավորությունն է, նույնը ասում էր Սերժ Սարգսյանի իշխանությունը: Վերջինս պնդում էր, որ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը ճիշտ է, հիմա նույնը կրկնում է Փաշինյանի կաբինետը, որը բոլորովին էլ չի չեղարկում ՊՆ-ի` «Ես եմ», «Պատիվ ունեմ», «Դիտակետ» ծրագրերը: Ավելինՙ պաշտպանության նոր նախարար Տոնոյանը հայտարարում է, որ «Զինծառայողների ապահովության հիմնադրամը» կամ «1000 դրամների» օրենքը չեղարկելու որեւէ հիմք չկա: Ստացվում է, որ նախորդ իշխանության քաղաքական կարեւորագույն ուղղությունները, ծրագրերը եղել են անհրաժեշտ, եւ նոր իշխանությունը դրանք շարունակում է: Նույնիսկ Սփյուռքի նախարարության «Արի տունն» է շարունակվում, ճիշտ էՙ «Ամառային դպրոց» ծրագրին միավորվելով եւ անվանափոխվելով. հիմա «Արի տուն», «Ամառային դպրոցը» միասին կոչվում է «Քայլ արա դեպի հայրենիք». իմաստը նույնն է:

Ամեն դեպքում` ես չեմ պնդում, որ Հայաստանում ոչինչ չի փոխվել: Առաջ, օրինակ, Ժիրայր Սեֆիլյանը բանտում էր, հիմա ազատության մեջ է, Ժիրայր Սեֆիլյանը կամ Գեւորգ Սաֆարյանը, Գեւորգ Սաֆարյանը կամ Սեդրակ Նազարյանը, որն, ի դեպ, ՊՊԾ գնդի գրավման օրերին լրագրողներին ասում էր` «Կամերան շպրտեք մի յան, հելեք փողոց, հելեք ջարդեք, վառեք, ջհուդ չեք, ձեր քաղաքացիական պարտքը կատարեք»:

Հա, մեկ էլ խոշոր եղջերավոր անասունների կյանքում է բան փոխվել. եթե առաջ դրանք արտահանելու համար պետք էր ունենալ նախագահի եղբոր «դաբռոն», ապա հիմա խոշոր եղջերավոր անասունները կարող են արտահանվել միայն ու միայն սիրուն աչքերի համար, նույնիսկ այն ժամերին, երբ վարչապետը live է մտնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 15-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ