RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 15-06-2018



ՀԱՆԴԻՊՈՒՄ

Տեղադրվել է` 2018-06-15 01:00:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 8079, Տպվել է` 542, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՅՆ ՏԱՐԱԾՔՆ Է, ՈՐՏԵՂ ԱՄԵՆ ՕՐ ԼՈՒՅՍԸ ԲԱՑՎՈՒՄ Է ԱՐԱՐԱՏՈՎ». ՍԻՐԻԱՀԱՅ ԲԺԻՇԿ ԿԱՐԱՊԵՏ ՄԻՐԱԲՅԱՆ

Հարցազրույցըՙ ԿԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆԻ

«Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկ, օրթոպեդ-վնասվածքաբան Կարապետ Միրաբյանն այն սիրիահայերից է, ովքեր Հայրենիքում արմատներ են ձգել դեռեւս սիրիական պատերազմից շատ տարիներ առաջ: Կարապետը Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի (այն ժամանակՙ ինստիտուտ) շրջանավարտներից է. համալսարանն ավարտելուց հետո նա պետք է որոշում կայացներՙ վերադառնալ Սիրիա կամ մնալ Հայաստանում եւ...


- Բժի՛շկ Միրաբյան, շարունակեք, խնդրեմ...

Ես կսկսեմ սկզբից. 1989թ. ընդունվեցի Երեւանի համալսարանի նախապատրաստական բաժին, որտեղ սովորեցի հաղթահարել նաեւ արեւելահայերենի հետ ունեցած խնդիրներս: 1990-ին արդեն Բժշկական ինստիտուտի առաջին կուրսի ուսանող էի, 96-ին ավարտեցի եւ վերադարձա Սիրիա, ուր պետք է քննություն հանձնեի, որպեսզի վավերացվեր այստեղ ստացած դիպլոմս: Որոշեցի հետագայում օրդինատուրան շարունակել Սիրիայում, սակայն այնտեղ ռեանիմացիայի եւ անեսթեզիոլոգիայի բաժին կար միայն, եւ ես հարկադրված էի դա սովորել. այնտեղ նայում են, թե պետությունն ինչ մասնագետի կարիք ունի: Ես չցանկացա շարունակել վերը նշված մասնագիտացմամբ եւ 1997-ի մարտին վերադարձա Հայաստան, ընդունվեցի Բժշկականի տրավմատոլոգիայի եւ օրթոպեդիայի ամբիոնի կլինօրդինատուրա, հետոՙ ասպիրանտուրա: Ասեմ նաեւ, որ այդ ընթացքում ես աշխատում էի: Ընդհանրապես, սկսել եմ աշխատել դեռեւս 14 տարեկանից, քանի որ հայրս մահացել էր, եւ ընտանիքի հոգսը շատ էր: 1998-ի դեկտեմբերի 14-ից աշխատում էի Մալաթիայի հիվանդանոցում, այն ժամանակ դեռեւս չկար «Աստղիկ» բժշկական կենտրոնը: Աշխատելու տարիներին մեծ փորձ ձեռք բերեցի: Պատահել է, որ 21 օր շարունակ հերթապահել եմՙ առանց հանգստի: Կլինօրդինատուրայի վճարն ինձ համար դժվար էր տալ, ուստի դիմում գրեցի ինստիտուտի պրոռեկտոր Ռոմեն Բաբլոյանին, որի արդյունքում ուսմանս վարձը 50 տոկոսով զեղչեցին: Եվ, միեւնույն է, ես աշխատում էի Մալաթիայի հիվանդանոցում, 8-րդ հիվանդանոցում ու միաժամանակ սովորում էի: Ասպիրանտուրան ավարտելուց հետո կա՛մ պետք է մնայի Մալաթիայի հիվանդանոցում, կա՛մ էլՙ 8-րդ հիվանդանոցում, չէի կարող երկու տեղում էլ միաժամանակ աշխատել: Ես ընտրեցի Մալաթիայի հիվանդանոցը:

- Ինչպիսի՞ն էր այն ժամանակ շատ հայտնի այդ հիվանդանոցի տեխնիկական վիճակը:

Ասեմՙ շատ տխուր. հիվանդանոցն ասես հոգեվարքի մեջ լիներ: Այդ տարածքում գտնվող միակ հիվանդանոցը շատ այցելուներ ուներ, սակայն ցածր էր սպասարկման տեխնիկական որակը, լավ վիճակում չէին շենքային պայմանները: Երբ Սամվել Ալեքսանյանը գնեց այդ հիվանդանոցը, նա ամբողջովին վերակառուցեց, կառուցեց նոր մասնաշենք եւ վերազինեց բժշկական լավագույն սարքավորումներով, աշխատանքի հրավիրվեցին հանրապետության շատ ճանաչված մասնագետներ:

- Պարո՛ն Միրաբյան, Ձեր մասնագիտությամբ վերապատրաստումներ անցե՞լ եք:

Միշտ եղել եմ գործող բժիշկ, շատ ծանրաբեռնված իմ աշխատանքով, վերապատրաստումներ եմ անցել Բելգիայում, Հունաստանում, Հունգարիայում, Վրաստանում, Լեհաստանում: Այդ վերապատրաստումներից յուրաքանչյուրը մի մեծ ու շատ կարեւոր փորձառություն է, երբ դու քո կոլեգաներից սովորում ես նորը: Բժշկությունն աշխարհում ամեն օր է զարգանում, հասնում նորանոր նվաճումների. այդ գիտությունն անընդհատ առաջընթաց է ապրում թե՛ զուտ բժշկական գիտելիքների, թե՛ նորարարական տեխնոլոգիաների կիրառման առումով: Չմոռանամ ասել, որ դեռեւս ասպիրանտուրայում սովորելու տարիներին գյուտ եմ արել, որը գրանցված է իմ անունովՙ Արտաօջախային անշարժացնող ապարատ:

- Կոտրվածքներով ո՞ր տարիքի մարդիկ են ավելի շատ դիմում:

Կանայք ավելի շատ են դիմում. հետկլիմակտերիկ շրջանում ոսկրերն ավելի փխրուն են դառնում, իհարկե դրան նպաստում է նաեւ օրգանիզմում կալցիումի պակասը: Շատ է նաեւ երեխաների հոսքը. այս դեպքում պատճառն անզգուշությունն է, շատ ակտիվ վարքը, մեծերի վերահսկողությունից դուրս գտնվելը: Մենք երեխաներին ցուցաբերում ենք բժշկական առաջին շտապ օգնությունը եւ ուղղորդում մեր կենտրոնի մանկական բաժանմունք:

- Ունեցե՞լ եք վիրահատության անհաջող դեպք:

Չկա այնպիսի բժիշկ, ով իր մասնագիտական աշխատանքային երկարամյա կենսագրության ընթացքում ունեցած չլինի որեւէ բարդ կամ անհաջող դեպք, մանավանդՙ վիրահատող բժիշկը: Անշուշտ, եղել են բարդ դեպքեր, սակայն իմ եւ որեւէ բժշկի պարտքն է տքնաջանորեն պայքարել հիվանդի առողջացման համար, հասնել հնարավորինս դրական արդյունքների:

- Գրեթե 29-30 տարի է, ինչ հաստատվել եք Հայրենիքում. ի՞նչ գտաք այստեղ:

Ամեն ինչՙ աշխատանք, լավ ընկերներ, գործընկերներ, ապահովություն... Ես 18 տարեկանից Հայաստանում եմ եւ, թեեւ ծնվել եմ Կամիշլիում (Քամիշլի), ես ինձ հայաստանցի եմ զգում եւ դա արդենՙ շատ վաղուց:

- Երբեւէ մտածե՞լ եք վերադառնալ ծննդավայր:

Դա 1996-ին էր... բայց ես հասկացա, որ այդ երկիրն իմը չէ: Եղբայրս նույնպես Բժշկականն է ավարտել, դեղագետ է եւ այդ ժամանակ նա աշխատում էր Սիրիայում ու շարունակ համոզում էր ինձ վերադառնալ Սիրիա, սակայն ես չգնացի: Մայրս էլ եկավ Հայաստան, հետո գնաց Կանադա, ուր տեղափոխվել էր եղբայրս: Ես Հայաստանում եմ ընտանիքիսՙ կնոջս ու երկու տղաներիս հետ... Սակայն այդքան հեշտ չէ մոռանալ ծննդավայրը:

- Ձեր երկու զավակներից մեկնումեկը կընտրի՞ արդյոք Ձեր մասնագիտությունը:

Արդեն ընտրել է. մեծ տղաս 14 տարեկան է եւ հաստատակամ է բժիշկ դառնալու իր որոշման մեջ:

- Ի՞նչն է Ձեզ մտահոգումՙ կապված բժշկի մասնագիտության հետ:

Շատ կարեւոր հարց է. ինձ մտահոգում է թոշակի անցնող բժշկի վիճակը: Տխուր է այլեւս չգործող բժշկի կյանքը: Նախՙ բժշկի թոշակն ուժային կառույցներում աշխատող մասնագետների թոշակի պես բարձր չէ, բացի այդ, կարծում եմ, որ թոշակի տարիքում եւ դեռ ավելի առաջացած տարիքում շատ փորձառու եւ հայտնի բժիշկները պետք է շարունակեն աշխատել երիտասարդների կողքին եւ իրենց փորձը փոխանցել նրանց:

- Եվ վերջին հարցսՙ ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը:

Հայրենիքն այն տարածքն է, որտեղ ամուր ես կանգնում ոտքերի վրա, որտեղ շուրջբոլորդ հայերեն են խոսում, որտեղ ամեն օր լույսը բացվում է Արարատով, որտեղ քո զավակների ապագան է: Հույս ունեմ, որ այս նոր քաղաքական անցուդարձն իր հետ թարմություն կբերի բոլոր ոլորտներում, որ, ի վերջո, բոլոր հայերը կհավաքվեն Հայաստանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 15-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ