RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 06-07-2018



ՄԵՐ ՁԱԽՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տեղադրվել է` 2018-07-06 11:21:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 3579, Տպվել է` 340, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՈՒ ՀՐԵԱՆԵՐԻ ՄՈՏ ՇԱՏ ԲԱՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՍՏԱՑՎՈՒՄ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Բնական է, երբ ռուս-հրեական հակասական ու իրարամերժ փոխհարաբերությունների մասին շատ ավելի անողոք է գրում ռուս նացիոնալիստական մամուլը: Լիբերալ լրատվամիջոցներում հակահրեական բնույթի նյութերի գրեթե չես հանդիպի, գուցե նաեւ այն պատճառով, որ դրանք հիմնականում վերահսկվում են հենց հրեաների կողմից: Ահա եւ, Իսրայելի պետության ստեղծման եւ դրան առնչված բազում «անարդարությունների» մասին, այդ թվում նաեւ Պաղեստինի արաբ ժողովրդի հանդեպ, հերթական հոդվածաշարն էր հրապարակել «Զավտրա» թերթը:

Առհասարակ նման հրապարակումները, հակառակ դրանց հեղինակների նպատակադրույթներին, շատ կողմերով կարող են ուսանելի լինել հայերիս համար: Մեկ անգամ չի բնավ էլ ոչ հռետորական հարց առաջադրվելՙ այդ ինչպե՞ս հազարամյակներ հետո վերստեղծելով Իսրայելը, հրեաները ընդամենը յոթ տասնամյակում այն դարձրին աշխարհի ամենահզոր պետություններից մեկըՙ ատոմային զենքով: Մի կողմ դնենք, որ տվյալ դեպքում ռուս մի հրապարակախոս այն կարող է անվանել արհեստական-կեղծ-մտացածին (): Սուրբ չեն եղել նրա ղեկավարներից եւ ոչ մեկը, սակայն նրանք բոլորն էլՙ Դավիդ Բեն-Գուրիոնից մինչեւ ներկայիս Բենիամին Նեթանյահուն, առաջնորդվել են մեկ ընդհանուր սկզբունքովՙ անմնացորդ հայրենասիրությամբՙ մոլեռանդ հրեասիրությամբ: Հայաստանում որեւէ քաղաքագետ, պատմաբան, մեկնաբան կարո՞ղ է նշել, թե պետական գործունեության ո՞ր բնագավառում է, ասենք, Սերժ Սարգսյանը առաջընթաց արձանագրել Հայաստանում, հենց Հայաստանում: Ըստ նորահայտնություններիՙ սողունատիպ մարդկանցով իրեն շրջապատած անձը ընդունա՞կ էր հայրենասիրության: Շարքային չինովնիկից մինչեւ պետության ղեկավար վերընթաց հրեշավոր կոտուպցիոն համակարգ ստեղծած ու վայելած անձը կարո՞ղ էր մտածել պետության, ազգի ու մարդկանց շահերի մասին:

Սակայն այս վերջինՙ վերոնշյալ հոդվածաշարում հերթական անգամ հատկապես մեզ համար ակնբախ է դառնում մի պարագա, որը, ինքնին հասկանալի է, հակահրեական հրապարակման գլխավոր նպատակն էլ չէ: Իսրայելը վերածնել ու այն ներկա մակարդակին է բարձրացրել հրեական սփյուռքը: Ըստ էության բրիտանական Պաղեստինում շատ քիչ հրեա էր ապրում ազատագրական պատերազմներ մղելու, աշխարհի գերհզորների հետ լեզու գտնելու եւ նրանց հօգուտ իրենց օգտագործելու համար: Այս բոլոր, այսպես ասած, պատմական գործառույթները իր վրա է վերցրել հենց հրեական սփյուռքը: Եվ իհարկե ապշեցնում է Իսրայել-սփյուռք փոխգործակցության գերարդյունավետությունը: Բերենք առաջին հոդվածում նշված ընդամենը մեկ փաստ, որի նման անթիվ-անհամար շատ այլ փաստերի հանրագումարն էլ դարձել է հրեական պետության վերահառնման հիմնաքարը:

1948 թվականին Իսրայելի ճանաչման հարցում ԱՄՆ-ի նախագահ Հարրի Տրումենը մի շարք պահանջներ էր առաջադրումՙ մասնավորապես առնչված սահմաններին: Իսկ ինչ էր նորընծա հրեական պետությունը այն տարիներինՙ իրենց իսկՙ հրեաների ներկայացմամբՙ ցեղասպանություն ապրած, թշնամական պետություններով շրջապատված, բնական, նյութական, ինտելեկտուալ ռեսուրսներից զուրկ, քաղաքանականապես անփորձ ազգային մի հանրություն: Եվ Բեն-Գուրիոնը իր պետական գործունեության հենց սկզբից գերկարեւորում է հրեական սփյուռքի դերը:

ԱՄՆ-ի ղեկավարության վրա հսկայական ճնշում են սկսում գործադրել ամենատարբեր ասպարեզների ու ամենատարբեր մակարդակների հրեական կազմակերպություններն ու մասնավոր անձինք: Ի վերջո մայիսի 14-ին նախագահ Տրումենը պաշտոնապես հայտարարում է Իսրայելի պետության ճանաչման մասին: Եվ այստեղ «արտառոց» մի շտրիխ: Պարզվում է, որ նյույորքցի հայտնի բիզնեսմեն, լոբբիստ, բարերար Աբրահամ Ֆայնբերգը, որը լայն կապեր ուներ ԱՄՆ-ի քաղաքական վերնախավում, հասցրել էր... երկու միլիոն դոլար կաշառք տալ Տրումենինՙ հարյուրդոլարանոցներով (սա էլ է հատուկ ընդգծվում): Այս իրողությունը հետագայում հաստատվել է նաեւ ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյի գաղտնազերծված փաստաթղթերով: Փաստն արձանագրվում է ոչ այն բանի համար, թե հենց կաշառքը փափկացրեց հզորագույն պետության ղեկավարի սիրտը, այլ ցույց տալու համար, որ հայրենիքի վերստեղծման համար հրեական սփյուռքը գործի է դրել իր բոլոր հնարավորություններըՙ լավ թե վատ, նշանակություն չուներ: Գլխավորը արդյունավետությունն էր:

Ավելին, նկատի ունենալով Ֆայնբերգի իսրայելանպաստ գործունեության հենց այդ մեծ արդյունավետությունը, Բեն-Գուրիոնը ստեղծում է հատուկ մասնավոր ֆոնդՙ ղեկավար նշանակելով այդ հաջողակ կաշառատուին: Բանն այն է, որ Իսրայելի առաջին վարչապետի խորին համոզմամբ, նորաստեղծ հրեական պետությունը հատկապես աշխարհաշրջանի վերոնշյալ թշնամական շրջապատի առկայության պայմաններում պարտավոր էր ստեղծել ատոմային զենք որպես ամենազոր փաստարկ արտաքին քաղաքական հակամարտություններում ու վեճերում: Հրեական սփյուռքը շատ արագ այդ ֆոնդի համար հավաքեց մոտ 40 միլիոն դոլար: Հնարավորություն ստեղծվեց, բնականաբար, «Մոսսադի» ներգրավմամբ, յուրացնել ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներ եւ ուրանՙ սեփական ատոմային զենք ստեղծելու համար (նույն «Զավտրան» վերջերս հանգամանորեն անդրադարձել էր այդ թեմային):

Ահա եւ, ասվածի ֆոնի վրա դառնություն չի՞ ապրի հայությունը Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունների նվազ արդյունավետության կապակցությամբ: Ինչու է հրեաների մոտ լավ ստացվում, մեզանումՙ ոչ այնքան: Հետեւությունը մեկն էՙ գերազանացապես անկախ Հայաստանի ղեկավարների մեղքով: Կարո՞ղ էր սփյուռքահայությունը սիրով ու հավատով պարուրվեր այն նախագահի հանդեպ, որի նկատմամբ ակնհայտ էր հայաստանցիների ատելությունը: Չի վստահել սփյուռքը, հատկապես նրա գործարար հատվածը, Հայաստանի ղեկավարությանը: Ի վերջո, մեղքի բաժին ունի՞ սփյուռքը մեր աչքի առաջ մերկացված-թալանված հայրենիքի համար: Հայաստանում նույնիսկ կհայտնվեն սրախոսներ, որոնք կասենՙ բա չի ամաչել նախագահ Տրումենը, որ ընդամենը երկու միլիոն դոլարի կաշառք է վերցրել: Սա հեչ փող է նույնիսկ Սերժ Սարգսյանի անվտանգության պահպանության նախկին շեֆի համար: Էլ չենք խոսում որոշ «գեներալների» մասին: Չէի՞ն ապշի բովանդակ հայ ժողովուրդն ու սփյուռքը, եթե որոշ դոլարային միլիարդատեր ղեկավարներ գոնե 40 միլիոն դոլար հատկացնեին Հայաստանում... ատոմային ռումբ ստեղծելու նախնական աշխատանքների համար:

Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունների հիմքը իրապես սփյուռքի վստահությունն է հայրենյաց իշխանությունների հանդեպ: Սա պարզ աքսիոմա է: Ռուսաստանի «պասիվ» հայ համայնքը, գործարարներն էլ պարբերաբար հավաքվում են ու քննարկում հայրենիքին օգտակար լինելու իրենց ծրագրերն ու մտահղացումները: Առկա է վստահությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա ջահելՙ չարատավորված թիմակիցների հանդեպ:

Ինձ թվում է, որ Հայաստանում արժանվույնս չգնահատեցին սոցապ նախարար Մանե Թանդիլյանի հրաժարական քայլը: Կին արարածը եզակի ազնվությամբ ցույց տվեց, որ նախարարի պաշտոնը ինքը չի դիտում որպես... եկամտի աղբյուրՙ ի հակակշիռ բազում բարձրաստիճան տղամարդ չինովնիկների: Աննախադեպ ավանդավրեպ երեւույթ նորանկախ Հայաստանում: Եվ վարչապետի հետ Թանդիլյանը փոխզիջման գնաց միայն այն միտումով, որ այնուամենայնիվ կշարունակի իր մեջ «կուտակել» եւ իրականացնել ազգի սոցիալական ապահովության սեփական սկզբունքային մոտեցումներն ու պահանջները:

Ժամանակին Իսրայելի կին վարչապետ Գոլդա Մեիրը դարձավ «ազգի մայր»: Սերժ Սարգսյանն էլ ձգտում էր դառնալ «ազգի հայր»...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 06-07-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ