RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2018



ՀԻՄՆԱԴՐԱՄ

Տեղադրվել է` 2018-07-13 21:22:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 5330, Տպվել է` 560, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՆԴԵՊ ՍՓՅՈՒՌՔԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂՈՒՑՎԱՆԻՑ Է ԽԱՐԽԼՎԵԼ

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ, Գլենդել, ԱՄՆ

Բարեգործությունը կասկածելի մասնագիտություն է դարձել

Նոր Հայաստանում թափ առած աննախադեպ բացահայտումների տխուր շքերթը լույս աշխարհ է հանում իրողություններ, որ գերազանցում են անգամ ամենահոռետեսական պատկերացումները: Գեներալի տխրահռչակ «տուշոնկաներից» հետո «Հայաստան» հիմնադրամի հանդեպ համազգային վստահության սասանումը շոկային ապրում դարձավ նաեւ սփյուռքի հայ համայնքների համար: Ասենք, որ անկախ այս իրողությունից, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ սփյուռքում, օդի մեջ մշտապես թեւածել է հիմնադրամի գործունեության հանդեպ անվստահության ուրվականը: Արտացոլումըՙ հանգանակությունների տարեցտարի նվազող թվերը եւ բարեգործների առավել զուսպ դարձած վարքագիծն է:

Գլենդելի իմ ուսուցչուհի բարեկամուհին, որ տարիներ հայերեն է դասավանդել քաղաքի մի դպրոցում, Հայաստանի խնդիրներով ապրող հայրենասեր ու նախանձախնդիր կին է: Հատկապես վերջին տարիներին հաճախ էր կիսվում ինձ հետ հիմնադրամի գործունեության վերաբերյալ իր մտահոգություններով:

Ամեն տարի, «Հայաստան» հիմնադրամի գրասենյակը նվիրատուներ հրավիրելու նպատակով նամակներ է առաքում համայնքի բնակիչներինՙ հընթացս ծրարի մեջ տեղադրելով նախորդ տարվա ֆինանսական հատկացումների վերաբերյալ մանրատառ տեղեկատվություն: Բարեկամուհիս, որ նույնպես ստացել է տեղեկատվական այդ ծրարները, 2011 թվականից առայսօր յուրատեսակ փաստահավաք հետաքննական առաքելություն է իրականացրել «Հայաստան» հիմնադրամի գործունեության վերաբերյալ: Եվ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի շուրջն առաջացած աղմուկից հետո որոշել է հրապարակել իր դիտարկումների արդյունքները: Ներկայացնենք դրանցից ընդամենը մի քանիսը: Նախՙ Աշոցքի դպրոցի մասին:

Շիրակի այս գյուղում, ուր ընդամենը չորս հազար մարդ է ապրում, դպրոցական շենքի կառուցման համար 2011 թվականին համահայկականը 1մլն 790 հազար 469 դոլար է հատկացրել: Այս թիվը փոքր ինչ ուռճացած է թվացել ուսուցչուհուն: Հաջորդող երկուՙ 2012, 2013 թվականներին եւս զարմանքով ֆիքսել է ճիշտ նույն չափի գումարի հատկացումըՙ նույն դպրոցի կառուցման նպատակով: Ընդհանուր առմամբ, ըստ տեղեկատվության, երեք տարվա ընթացքում դպրոցի կառուցման վրա ծախսվել է 5 մլն 375 հազար դոլար:

Այդ ժամանակից էլ սկսել է բաղդատել մյուս նվիրատվությունների վերաբերյալ տվյալները եւ զարմանքով հայտնաբերել, որ համարյա 90 տոկոսով բոլոր հատկացումների տրամաբանությունն է այդպիսին:

Արցախի Մարտունիի շրջանի Սոս գյուղի ապագա մանկապարտեզին 2012-ին հատկացվել է 146 հազար դոլար: Տեղեկատու թերթիկում նշվում է, որ փողը հատկացվում է մանկապարտեզի հիմնադրման համար, եւ շինարարությունը նույն տարվա աշնանն էլ պիտի ավարտվի: Սակայն մինչ այդ, 2011-ին, ճիշտ այդ չափի հատկացումներ արդեն տրամադրվել են: 2013-ի համարՙ դարձյալ նշվում է նույն թիվը: Թվում է, տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներկայացնելու համար մեկը նստել է համակարգչի առաջ եւ ընդամենը նախորդ տարվա տվյալների copy/paste արել հաջորդ տարվա համար: 2014-ինՙ մանկապարտեզի անունը նշվում է մի փոքր ձեւափոխած տարբերակով եւ հատկացման չափն էլՙ արդեն 504 հազար է: Այսինքն, չորս տարում մանկապարտեզի շինարարությունը ոչ միայն չի ավարտվել, այլեւ չորրորդ տարում կրկին գումար է տրվել, այս անգամՙ կրկնակի գումար: Իսկ 2011 թվականի հատկացումների նպատակը անհասկանալի է մնում:

Նույն ուռճացված թվերը եւ նույն copy/paste-ի սկզբունքն է գործում Մարտունիի հիվանդանոցի վերաբերյալ, երբ երկհարկանի շենքի կառուցման համար ընդհանուր առմամբ ծախսվել է 5 մլն 516 հազար դոլար, ընդ որումՙ ամեն տարի տրամադրվել է 1մլն 838 հազար դոլար:

Ի դեպ, աչքի է զարնում նաեւ այն հանգամանքը, որ նվիրատվությունների առյուծի բաժինը մշտապես բաժին է ընկել Արցախին, իսկ Աղետի գոտուն նույն ընթացքում խղճուկ հատկացումներ են տրամադրվել:

Մարտունիի շրջանին, ուր ընդամենը 12 հազար մարդ է ապրում, միայն 2011 թվականին հատկացվել է 7 մլն դոլար, նույն ընթացքում ընդամենը 58 հազար դոլար է հատկացվել Գյումրիինՙ «Հույս» կազմակերպության կահույքի հայթայթման եւ լեզվի զարգացման մի այլ ծրագրի համար: Շուշիի, Հադրութի, Ստեփանակերտի, Արցախի մյուս շրջանների հանդեպ առատաձեռնության նույն սկզբունքն է գործել: Շարունակական նույն շրջանցումներն են եղել աղետի գոտունՙ Գյումրիին, Վանաձորին, Սպիտակին, որ քառորդ դար այդպես էլ շարունակեցին մնալ Աղետի գոտիՙ տարիներ դոմիկներում լուռ ու մունջ սպասող աղետյալներով: Ի դեպ, մի քանի տարի առաջ այս անարդար խտրականությունը համայնքում դժգոհության մեծ ալիք բարձրացրեց: Այս հանգամանքը դրդեց հիմնադրամին ձեռնարկելու տարվա ընթացքում երկրորդ թելեթոններըՙ հատուկ Գյումրիի տնակներում ապրող մարդկանց բնակարաններ նվիրելու համար: Ընդ որում, վերջին այս կարգի թելեթոնն անցկացվեց ընդամենը երկու շաբաթ առաջ: Հավաքվեց 560 հազար դոլար գումար:

Միայն 2012-ին հիմնադրամի ֆոնդից 535 հազար դոլարի նախագահական մրցանակներ են տրվել: Այդ տարվա մրցանակակիրները ընդամենը մոտ երկու տասնյակ անհատներ են եւ ցեղասպանության խնդիրներով զբաղված երկու ինստիտուտ:

Հիմնադրամի գործունեության վերաբերյալ անվստահության արտահայտությունները, արտաքուստ թեկուզ եւՙ ոչ այնքան խորքային, անգամ անզեն աչքով մշտապես տեսանելի են եղել: Օրինակ, տարօրինակ է այն հանգամանքը, որ ամենամյա թելեթոններին մասնակցելու համար Արցախից ու Հայաստանից մշտապես հրավիրվել է երգիչների, հաղորդավարների, հոգեւորականների ու թեմի առաջնորդների հսկայական պատվիրակություն, որոնց հյուրանոցի, ճանապարհածախսի, ուտելիքի վճարման խնդիրները, ենթադրվում է, որ պիտի հոգացվեին հանգանակված միջոցներից: Ամերիկյան սփյուռքը մեկի փոխարեն երկու թեմի առաջնորդ ունի, իսկ երգիչների ու հաղորդավարների պակաս, ինչպես Հայաստանում, այստեղ էլ չկա:

Տարին բոլոր Լոս-ում գործում է նաեւ հիմնադրամի տեղական գրասենյակը, որի գործունեության բնույթի մասին, թելեթոնի կազմակերպումից զատ, ուրիշ ոչինչ չի ենթադրվում: Հիմնադրամի գրասենյակի տեղական ղեկավարը հազվադեպ է հրամցնում տեղեկություններ թելեթոնից դուրս իրենց գործունեության մասին: Գոնե տարին մեկ-երկու անգամ կարելի էր նվիրատուներին տեղեկացնել հիմնադրամի ընթացիկ գործողությունների վերաբերյալ: Ի դեպ, «Հայաստան» հիմնադրամի տարեկան հաշվետվությունների մեջ ոչ մի խոսք չկա նաեւ այն մասին, թե հիմնադրամի հանգանակած միջոցներից տարեկան ինչքան է տրամադրվում եւ հայաստանյան, եւ Լոս-յան գրասենյակների պահպանման ու աշխատակազմերի վճարումների համար:

Այդուհանդերձ, ամեն չարիք նաեւ լավ հնարավորություն է բերում իր հետ: Հուսանք, որ համահայկականի գործադիր տնօրենի կողմից հիմնադրամի գումարների տնօրինման անթույլատրելի վարքագիծը կարեւոր ազդակ կդառնաՙ մանրակրկիտ հետաքննելու նաեւ հիմնադրամի քառորդդարյա գործունեությունը:

Բարեգործության հանդեպ սփյուռքի խարխլված ինքնավստահությունը, ցավոք, ոչ միայն համահայկականին է վերաբերում: Նույն անթափանց գործելակերպը, այս դեպքումՙ առավել մշուշոտ ու հանելուկային, բնորոշ է նաեւ փոքր ու ինքնակոչ հիմնադրամիկների, որոնք համայնքում քաոսային գործունեություն են ծավալում բարգործության անվան տակ: Ով ասես եւ ինչպես ասես, մտնում է ասպարեզ, հանգանակություններ անում եւ անվերահսկելի տնօրինում ու բաշխում արդյունքները: Բարեգործությունը կասկածելի մասնագիտություն է դարձել, փող աշխատելու ու փող լվանալու պղտոր աղբյուր: Բայց այդ մասինՙ մի ուրիշ անգամ:

Հիմնադրամի հանդեպ սփյուռքի վստահությունը տխուր փորձություն կրեց, եւ համահայկականը բարոյական ցավալի հարված ստացավ:

Նոր Հայաստանում «Հայաստան» հիմնադրամը եւս նորացման ու խելամիտ մաքրագործումների կարիք ունի, որ պիտի օգնեն վերակենդանացնել սփյուռքի տարիներ խարխլված վստահությունը: Եվ հենց այսօր պիտի մտածել այդ մասին: Ամենամյա թելեթոնը սարերի ետեւում չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ